Վարդարանների ընթերցման

հանձնարարականներ

Սանատ Կումարա

28 նոյեմբերի, 2005 թիվ

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: Ես եկա, որ հանձնարարականներ տամ, որոնք վերաբերում են իմ տված Վարդարանների ընթերցմանը:

Չկա՛ն ինչ-որ հատուկ հանձնարարականներ, և չկա՛ն ինչ-որ հատուկ պահանջներ՝ կապված այդ Վարդարանների ընթերցման հետ: Դուք դրանք կարող եք կարդալ բոլորն իրար հետ խառը կամ հաջորդաբար: Դուք կարող եք առաջին շաբաթում կարդալ առաջին Վարդարանը, երկրորդում՝ երկրորդը և երրորդում՝ երրորդը, որից հետո կարող եք շրջանաձև կրկնել դրանց ընթերցումը:

Ի վերջո, դուք կարող եք ինքնուրույն որոշում կայացնել և հետևել այն հանձնարարականներին, որոնք դուք կստանաք ձեր Բարձրագույն Ես-ից:

Միևնույն ժամանակ  կա մի շատ կարևոր պահ, որի մասին ես պետք է ձեզ հիշեցնեմ, և որը դուք երբեք չպետք է մոռանաք: Եվ այդ հիշեցումը վերաբերում է այն բանին, որ դուք պետք է մշտապես պահպանեք գիտակցության ակնածալից վիճակը Վարդարանների ընթերցման ժամանակ, նմանապես նաև ձեր ցանկացած այլ հոգևոր աշխատանքի ընթացքում: Աշխատեցեք ձեր մտքերը կենտրոնացած պահել Բարձրագույն Իրականության վրա: Երբեք մի՛ մոռացեք, որ Վարդարանների ընթերցման պահին հաղորդակցվում եք Աստծո հետ: Եվ մշտապես պետք է ակնածալից սարսուռ զգաք ու սանձեք ձեր բոլոր մարմնավոր մտքերն ու զգացմունքները: Եթե տհաճ խոսակցությունից կամ վեճից հետո գտնվում եք գրգռված վիճակում, ապա հետաձգե՛ք Վարդարանի ընթերցումը: Սկզբում ներդաշնակվեք բնության գրկում զբոսնելով կամ ունկնդրեք հանդարտ երաժշտություն, կամ էլ մտասևեռվեք լռության մեջ: Բայց երբեք գրգռված կամ որևէ այլ անհավասարակշիռ վիճակում ձեռնամուխ մի՛ եղեք հոգևոր աշխատանքի:

Միշտ հիշեք, որ դուք զարդարում եք ձեր գործողությունները ձե՛ր իսկ ներքին վիճակով: Եվ երբ անհավասարակշիռ վիճակում գտնվելով սկսում եք ընթերցել Վարդարանները, ապա դուք, փոխանակ էներգիա առաքելու դեպի Բարձրագույն ոլորտներ՝ Աստվածային էներգիան նստեցնում եք ձեր ֆիզիկական աշխարհում և, հետևաբար, նպաստում եք պատրանքների բազմապատկմանը:

Ըստ այդմ, Վարդարանները սկսեք կարդալ միայն գիտակցության ներդաշնակ վիճակում, և որքան անշահախնդիր լինի ձեր ծառայությունը, այնքան ավելի մեծ հոգևոր աշխատանք կկարողանաք իրականացնել:

Այն ամենն, ինչ ուղարկում եք աշխարհին, վերադառնում է ձեզ: Ուստի տվե՛ք առատորեն՝ չխնայելով ո՛չ ձեզ, ո՛չ էլ Վարդարաններ կարդալու ձեր ժամանակը: Ամբողջ այն էներգիան, որն անշահախնդրորեն տալիս եք Աստծուն, կվերադառնա ձեզ:

Եվ ամեն ինչ տեղի կունենա լավագույն ձևով:

Աստված սիրում է ձեզ և միշտ ձեզ հնարավորություն է տալիս կյանքում ընթանալու լավագույն Ուղով:

Ես տվեցի ձեզ այն հանձնարարականները, որոնք հարկ էի համարում տալ: Սակայն ավելի մանրամասն ցուցումներ դուք կարող եք ստանալ ձեր Բարձրագույն Ես-ից: Բավական է միայն ուզենաք, ձգտում ցուցաբերեք և ունկնդրեք սեփական սրտին:

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան՝ ձեր նկատմամբ Սիրով լեցուն:

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ