Վարդարան՝

Ներքին Ուղին

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

Հավատո Հանգանակ

Հավատում եմ Միասնական Աստծուն՝

Երկնքի ու Երկրի Արարչին,

որ ներկա է համայն Կյանքում:

Հավատում եմ Նրա Օրենքի արդարությանը,

և հնազանդորեն ենթարկվում եմ

Նրա Օրենքի Իմաստությանը:

Հավատում եմ Երկնքի Արքայությանը՝

ինչպես Երկրի վրա, այնպես էլ Երկնքում:

Հավատում եմ Աստծո Միասնությանը՝

Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

Հայր մեր

Հայր մեր, որ Երկնքում ես,

սուրբ լինի Քո Անունը.

Քո Թագավորությունը գա.

Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.

մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,

և ներիր մեր մեղքերը,

ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.

և մի տանիր մեզ փորձության,

այլ փրկիր մեզ չարից,

քանզի Քոնն է արքայությունը

և զորությունը և փառքը հավիտենական.

Ամեն

 

Աստվածամայր

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Ամբողջ Աստվածային գիտելիքն ու

կատարելությունը ձեր ներսում է գտնվում

 

Հայր մեր

1. Ձեզնից դուրս չկա ոչինչ, ինչի կարիքն ունենաք: Ամբողջ Աստվածային գիտելիքն ու կատարելությունը ձեր ներսում է գտնվում: Փնտրե՛ք այդ գանձը ձեր սրտում, փնտրե՛ք դեպի ձեր մեջ եղած անհաշիվ հարստությունները տանող մուտքը:

Աստվածամայր

2. Դուք ձեր ներսում պետք է ունենաք կամերտոնային ճշտությամբ հնչող ձայն, որը համահունչ է ձեր Բարձրագույն Ես-ի հետ՝ ձեր ներսի Աստծո հետ: Եվ այդ ճշգրիտ նոտայի միջոցով դուք կկարողանաք ֆիզիկական ոլորտում համագործակիցներ գտնել, հասկանալ տվյալ պահի Աստվածային պլանը և սկսել գործել՝ ձեր շրջապատի աշխարհին տալով ձեզ նմանվելու և ձեզնով կողնորոշվելու ճշմարիտ օրինակ:

Աստվածամայր

3. Դուք այլևս ձեր և Աստծո միջև ոչ մի միջնորդի կարիք չունեք: Ձեր և Համբարձյալ դասերի միջև միջնորդի կարիք չունեք: Ձեր Բարձրագույն Ես-ն ու ձեր Պահապան Հրեշտակը մշտապես գիտեն ձեր կենսահոսքի Աստվածային պլանը: Եվ հարկ չկա գնալու դեսպանորդների, պայծառատեսների, էքստրասենսների և պաշտամունքի սպասավորների մոտ, որպեսզի իմանաք ձեր կենսահոսքի Աստծային պլանը: Ամեն ինչ գրառված է ձեր սրտում:

Աստվածամայր

4. Ասացե՛ք խնդրեմ, ձեզնից շատե՞րն են արդյոք վերջերս զրուցել իրենց սրտերի հետ: Շատե՞րն են արդյոք փորձել հասկանալ, թե ինչ է ասում իրենց սիրտը: Դուք ձեր կյանքում այնքա՜ն եք զբաղված, որ չեք կարող գոնե հինգ րոպե առանձնանալ ձեր ներսի անդորրության մեջ, ունայնությունից հեռու:

Աստվածամայր

5. Ձեր սիրտն անընդհատ ուզում է զրուցել ձեզ հետ: Բայց դուք նրան չեք լսում: Դուք գերադասում եք լսել ձեր ընկերներին, ծանոթներին, դիտել հեռուստացույց, լսել ձեր ահավոր երաժշտությունը, կամ փորձում եք գիտելիքներ քաղել թերթերից, գրքերից, ամսագրերից:

Աստվածամայր

6. Պաշտելինե'րս, ձեր աշխարհում չկա որևէ տեղեկատվության աղբյուր, որ հաղորդեր ձեզ ձեր կյանքի պլանը՝ այն մասին, թե ինչու եք մարմնավորվել, և թե այժմ ու մոտ ապագայում ձեզ ինչ է վիճակված անելու: Դուք չեք կարող այդ մասին լսել ռադիոյից, չեք կարող այդ մասին իմանալ հեռուստատեսային ծրագրերից: Այդ մասին չեք կարդա որևէ գրքում: Ձեր սիրտն իր մեջ պահում է ձեզ համար այնքա՜ն անհրաժեշտ, գաղտնախորհուրդ տեղեկատվությունը և վառվում է այդ տեղեկատվությունը ձեզ հետ կիսելու ցանկությամբ:

Աստվածամայր

7. Ո՛չ բոլորին է հաջողվում իր բարձր մասի հետ հաղորդակցվելու փորձառություն ստանալ: Միաժամանակ՝ դա այնքան բնական պրոցես է, որ մատչելի է ներկայումս Երկրի վրա ապրող անհատականություններից մեծ մասի համար:

Աստվածամայր

8. Ապրելով խաբուսիկ աշխարհում՝ հնարավորություն ունենալ հայացք նետելու շղարշից այն կողմ, ճեղքել-անցնել ֆիզիկական աշխարհի հոծության միջով՝ դա է այն նպատակը, որն այժմ ելնում է առաջին պլան: Մենք աշխարհների միջև հաղորդակցության հնարավորություն ենք ստանում նոր շնորհի միջոցով: Եվ այդ հաղորդակցմանը կարող է տիրապետել յուրաքանչյուր ոք, ով ձգտում է դրան՝ ձգտում է անկեղծ, այլ ոչ թե շինծու:

Աստվածամայր

9. Այն ամենն, ինչ ձեզ անհրաժեշտ է՝ պարզապես ընտրություն կատարել և քայլել դեպի անսահմանություն՝ հրաժարվելով երեկվա տոնական զարդարանքներից, քայլ կատարել դեպի իրականություն: Սկզբում՝ մեկ քայլ, հետո՝ երկրորդը: Եվ առանց կանգ առնելու գնալ դեպի ձեր իրական Գոյը՝ դեպի այն, ինչ դուք իրականում կաք:

Աստվածամայր

10. Ձեր սահմաններից դուրս չկա ոչինչ, որ ետ պահի ձեզ դեպի բարձր իրականաթյուն ձեր ընթացքից: Միայն ինքնե՛րդ եք ետ պահում ձեզ:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Նախազգուշացումներ Ուղու վրա

 

Հայր մեր 

1. Այժմ շատ մարդիկ են փորձեր ձեռնարկում իրենց Բարձրագույն մասի հետ հաղորդակցվելու համար: Եվ դա շատ ուրախալի է և ողջունվում է Համբարձյալ Դասերի կողմից: Սակայն դուք միշտ պետք է հիշեք, որ այդ ուղու վրա ձեզ շատ վտանգներ են սպասվում՝ ճիշտ այնպես, ինչպես Երկիր մոլորակի վրայի ցանկացած գործունեության դեպքում, որը կրում է երկդիմի բնույթ:

Աստվածամայր

2. Այն դեպքում, երբ ձեր շարժառիթն այնքան էլ մաքուր չէ, և ձեր չորս ստորին մարմինների մաքրությունը բավարար աստիճանի  չէ, իսկ նուրբ ոլորտի հետ կապի մեջ մտնելու ձեր ցանկությունը հսկայական է, ապա հնարավոր է, որ դուք հաղորդակցության մեջ մտնեք ոչ թե ձեր Բարձրագույն մասի հետ, այլ աստեղային ոլորտում գտնվող այնպիսի էակների հետ, որոնք լավագույն դեպքում կարող են ձեզ հետ կատակ խաղալ, իսկ վատագույն դեպքում՝ ստրկացնել ձեզ և օգտագործել իրենց նպատակներով:

Աստվածամայր

3. Ըստ այդմ, ձեր Բարձրագույն Ես-ի հետ կապի մեջ մտեք փորձառու դաստիարակի ուղեկցությամբ և մշտապես, նախքան ձեր մեդիտացիան սկսելը, կանչով և խնդրանքով դիմեք Միքայել Հրեշտակապետին, որպեսզի պաշտպանի ձեզ նուրբ ոլորտի ցանկացած բացասական ազդեցությունից, ինչպես նաև այլազան էակների, դևերի և ապամարմնավորված ոգիների ազդեցությունից: Անտես մի՛ արեք այդ կոչը՝ ձեր ամեն մի մեդիտացիայի և Բարձրագույն Ես-ի հետ հաղորդակցվելու ամեն մի փորձից առաջ:

Աստվածամայր

4. Հիշե՛ք, որ ոչ ոք չի կարող ձեզ արգելել փորձարարություն անել նուրբ ոլորտում հաղորդակցվելու բնագավառում, բայց ինքնե՛րդ եք լիակատար կարմայական պատասխանատվություն կրում, երբ փոխազդեցության մեջ եք մտնում խավարի ուժերի հետ, որոնք գտնվում են աստեղային ոլորտում և գործում են հիմնականում այդ ոլորտի միջոցով: Իսկ ձեր մեդիտացիայի ընթացքում դուք միշտ շփվում եք աստեղային ոլորտի հետ, համենայն դեպս՝ այնքան ժամանակ, քանի դեռ չեք սովորել ակնթարթորեն՝ արագընթաց վերելակի պես, վեր խոյանալ մինչև Լույսի Բարձրագույն օկտավաները:

Աստվածամայր

5. Ձեր մեդիտատիվ վարժությունների ընթացքում ինչու՞ է անհրաժեշտ, որպեսզի ձեր կողքին ունենաք հմուտ դաստիարակ կամ ուսուցիչ: Դուք գիտեք, որ անտեսանելի աշխարհն օժտված է թրթռանքի տարբեր հաճախականություններով: Այն շերտավոր թխվածքի նման բաժանված է շերտերի: Եվ վտանգն այն է, որ դուք կարող եք ընկնել ո՛չ շատ բարձր էներգիաների ազդեցության տակ և կապի մեջ մտնել ո՛չ բարյացակամ էակների հետ: Իսկ այդ էակները կարող են ձեզ ուսուցանել ո՛չ ամենալավ բաները և սնուցել ձեզ ո՛չ լավագույն էներգիաներով: Ամեն ինչ կախված է սկզբնական, արդեն նվաճված գիտակցության մակարդակից:

Աստվածամայր

6. Եթե դուք մեդիտացիա եք սկսում շատ լավ, հավասարակշիռ վիճակով՝ լի Աստվածայինով և համալարված Աստվածային տոնայնության հետ, ապա ամենայն հավանականությամբ կընկնեք բարձրագույն թրթիռների և մաքուր էներգիաների ազդեցության ոլորտը: Իսկ եթե ձեռնամուխ լինեք մեդիտացիայի՝ լցված էգոիստական ցանկություններով ու հակումներով, ապա ամենայն հավանականությամբ մեդիտացիայի ընթացքում միայն ձեր բացասական գծերի ուժեղացումը կստանաք:

Աստվածամայր

7. Վերջին հաշվով՝ ամեն ինչ որոշում է այն, թե որքանով եք դուք ունակ մեդիտացիայից առաջ հաղթահարելու և հնազանդ դարձնելու ձեր էգոն: Ըստ այդմ, ցանկացած մեդիտատիվ գործառություն, ինչպես և ձեր աշխարհում ամեն ինչ, կրում է երկդիմի բնույթ, և ձեր ստացած արդյունքն ամբողջովին որոշվում է ձեր շարժառիթներով ու ձեր ներքին մղումներով:

Աստվածամայր

8. Եթե դուք ձեռնամուխ լինեք մեդիտացիայի, որպեսզի տիրապետեք այն հնարքներին, որոնք թույլ են տալիս վերահսկելու մարդկանց, կամ որպեսզի ձեռք բերեք այնպիսի ունակություններ, որոնք թույլ կտան ձեզ արտոնյալ դիրք գրավելու ձեր աշխարհում, ապա ձեր մեդիտացիայի ընթացքում կարմա կստեղծեք: Քանզի կօգտագործեք Աստվածային էներգիան ձեր էգոյի փառաբանման համար:

Աստվածամայր

9. Ցանկացած մեդիտատիվ գործառության պետք է ձեռնամուխ լինել միայն Աստծո Կամքին լիովին հնազանդվելու և Նրա զորության նկատմամբ ակնածալից վիճակով: Միայն այն դեպքում, երբ մաքուր են ձեր շարժառիթներն ու ցանկությունները, դուք կկարողանաք վեր հանել ձեր գիտակցությունն այնպիսի բարձր թրթիռների աստիճանի, որ ձեզ համար մատչելի կդառնան այն կատարյալ Աստվածային էներգիաները, որոնք ձեզ կվերակերտեն որպես նոր, իր էությամբ Աստվածային մարդ: Եվ այդ դեպքում որքան երկար գտնվեք մեդիտացիայի մեջ, այնքան ձեր թրթիռներն ավելի ու ավելի շատ կմերձենան կատարյալ Աստվածային նմուշներին:

Աստվածամայր

10. Կա միայն մեկ ճշմարիտ շարժառիթ, որով հարկ է ձեռնամուխ լինել ցանկացած հոգևոր ուղեցույցի կիրառմանը կամ ցանկացած հոգևոր գործառույթին. դա սեփական էգոյից ազատվելն ու Աստծուն մոտենալն է, Աստծուն և բոլոր կենդանի էակներին ծառայելը: Եթե դուք ձեռնամուխ եք լինում հոգևոր գործառության՝ ցանկացած ուրիշ նպատակով, ապա կարմա եք ստեղծում:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Դուք ինքնե՛րդ եք ընտրություն կատարում

ձեր աշխարհի ամեն ինչի

և ձեր ներսի մեղմ ներքին ձայնը

լսելու հնարավորության միջև

 

Հայր մեր

1. Ուղին, որը մենք ուսուցանում ենք, միստիկների ուղին է՝ այն ուղին, որը տանում է ձեզ դեպի ձեր սկզբնաղբյուրը: Սակայն, որպեսզի ընթանաք այդ ուղով, ձեզ հարկ կլինի հրաժարվել ձեր աշխարհի հետ ունեցած կապվածություններից և բոլոր այն նպատակներին ձգտելուց, որոնք պատկանում են ձեր աշխարհին: Իսկ դա շատ դժվար գործ է: Քանզի մեր հետ և ձե՛ր իսկ Բարձրագույն մասի հետ ներքին կապին հասնելու համար ձեզ անհրաժեշտ է ունենալ պայմանականություններից զուրկ ու անվերապահ Հավատ:

Աստվածամայր

2. Դեպի Աստված տանող ուղին մշտապես ձեր ներսում է գտնվում՝ ձեր սրտերում: Եվ Աստծո ձայնը դուք կարող եք լսել ձեր սրտի անդորրության մեջ: Ուստի ձեր հիմնական խնդիրը  ձեր սրտին ունկնդիր լինելն է: Սովորեցե՛ք լսել ինքներդ ձեզ՝ ձե՛ր իսկ Բարձրագույն մասին և աստիճանաբար հրաժարվել այն ամենից, ինչը ծանրաբեռնում է ձեզ և խանգարում այդ կապի հաստատմանը:

Աստվածամայր

3. Դուք ինքնե՛րդ եք ընտրություն կատարում ձեր աշխարհի ամեն ինչի և ձեր ներսի մեղմ ներքին ձայնը լսելու հնարավորության միջև:

Աստվածամայր

4. Անկե՛ղծ եղեք ինքներդ ձեզ հետ: Անկեղծորեն հարցրե՛ք ինքներդ ձեզ՝ պատրա՞ստ եք արդյոք հրաժարվելու ձեզ շրջապատող աշխարհի ամեն ինչի հետ ձեր ունեցած կապվածությունից՝ ընտանիքից, աշխատանքից, կարողությունից, ձեր սովորություններից՝ ներառյալ հեռուստադիտումը, ռադիոհաղորդումների ունկնդրումը, ծխելը, ընկերների ու ծանոթների հետ դատարկաբանելը: Պատրա՞ստ եք արդյոք հրաժարվել այդ ամենի հետ ունեցած կապվածությունից, որպեսզի փոխարենը ստանաք մի բան՝ կապ ձե՛ր իսկ իրական մասի հետ: Մի՛ խաբեք ինքներդ ձեզ:

Աստվածամայր

5. Եթե ձեզնից դուրս կա ինչ-որ բան, որը ձեզ համար ավելի նշանակալից է, քան ձե՛ր իսկ Բարձրագույն մասի հետ կապը, ապա ձեր ժամանակը դեռ չի հասել: Գուցե արժե՞ այնուամենայնիվ մի փոքր մի կողմ հրել ձե՛ր իսկ այն մասը, որը չի ուզում կանգնել Լույսի ներքո և խոչընդոտում է ձեր զարգացմանն ու հոգևոր աճին:

Աստվածամայր

6. Եթե ինքներդ ձեր նախաձեռնությամբ չսկսեք ձերբազատվել ձեր այդ անիրական մասից, ապա, միևնույնն է՝ արտաքին պայմանները ձեզ կստիպեն հրաժարվելու ձեր էգոյից: Եվ որքան շատ դիմադրեք, այնքան ավելի դրամատիկ զարգացում կունենան ձեր կյանքի իրադարձությունները, որպեսզի վերջապես կանգնեք հոգևոր զարգացման ուղու վրա:

Աստվածամայր

7. Պահանջվում են շատ մեծ սահմանափակումներ, որոնք դուք պետք է դնեք ձեզ վրա, որպեսզի հասնեք Համբարձյալ Դասերի հետ կապին: Եվ, նախ և առաջ, դա վերաբերում է մարդկանց հետ ունեցած կապին և տեղեկատվական զանգվածային միջոցների ցանկացած ազդեցության բացառմանը:

Աստվածամայր

8. Եվ որքան մոտ գտնվեք բնությանը, այնքան ձեզ համար ավելի հեշտ կլինի այդ կապի հաստատումը: Մեր աշխարհների տարբերությունը թրթռանքների մակարդակի տարբերության մեջ է: Ուստի, բարձրացնելով ձեր թրթիռները, դուք ինքնաբերաբար, համարյա անխուսափելիորեն, մեր աշխարհի հետ հաղորդակցվելու ունակություն եք ձեռք բերում:

Աստվածամայր

9. Ըստ էության, ներկայումս մարմնավորման մեջ գտնվող յուրաքանչյուր մարդ իր պոտենցիալով ունակ է կապ հաստատելու Համբարձյալ Դասերի հետ: Բայց, որպեսզի մեր հաղորդակցությունը կայանա, ձեզ անհրաժեշտ է շատ բան զոհաբերել այն ամենից, ինչը  ձեր աշխարհին է պատկանում:

Աստվածամայր

10. Ձեզ անհրաժեշտ է մեծ ուշադրություն հատկացնել ձեր շփումների շրջանակին, ձեր բոլոր կապերին: Ձեզ անհրաժեշտ է բացառել այն ամենն, ինչը կարող է ազդել ձեզ վրա և ինչը պատկանում է ձեր աշխարհի զանգվածային մշակույթին:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Բարձրագույն Ես-ի ձայնի զանազանումը

 

Հայր մեր

1. Որսացե՛ք անդորրության այն պահը, երբ հանգիստ եք, և ձեր ներսում ամեն ինչ գտնվում է կատարյալ ներդաշնակ վիճակում: Շատ հազվադեպ են լինում այդպիսի րոպեները, բայց դրանք լինում են յուրաքանչյուր մարդու կյանքում: Աստված տալիս է այդ ներքին անդորրության ակնթարթները, որպեսզի դուք գիտակցորեն կարողանաք մղվել դեպի այդպիսի վիճակների վերակրկնությունը, երբ ձեր ներսում ամեն ինչ գտնվում է հանգստի ու հավասարակշռության մեջ: Հատկապես այդպիսի ակնթարթների ժամանակ է, որ ձեզ համար ավելի հեշտ է լսել ձեր Բարձրագույն Ես-ի ձայնը՝ ձեր սրտի անդորրության մեջ հնչող մեղմ ներքին ձայնը: Եվ երբեմն ձեզ համար դժվար է լինում այդ ձայնը տարբերել ձեր ներքին մտորումներից, որոնք վարում է ձեր մտածողությունը: Պետք է ձգտեք, որ կարողանաք դրանք իրարից զանազանել:

Աստվածամայր

2. Այդ ձայնն աչքի է ընկնում ձեր նկատմամբ բացառիկ հարգանքով, այն շատ փաղաքուշ է և տարբերվում է իր պարզությամբ, անպաճույճությամբ, անկեղծությամբ ու սիրով: Դուք չեք կարող չզգալ ձեր ամենօրյա մենախոսությունների հետ եղած տարբերությունը, որոնք վարում եք ինքներդ ձեզ հետ: Ձեզ անհրաժեշտ է ականջ դնել: Դա ձեր Բարձրագույն Ես-ի ձայնն է: Ձեզ այնքան էլ հաճախ չի վիճակվում լսել այդ ձայնը: Բայց եթե դուք ձեր արտաքին գիտակցությամբ սպասում եք այդ ձայնը լսելուն, ապա միշտ կկարողանաք զանազանել այդ քնքույշ ձայնը հարյուրավոր ու հազարավոր այլ ձայներից, որոնք պատկանում են աստեղային ոլորտին:

Աստվածամայր

3. Դուք պետք է սովորեք կողմնորոշվել ձեր ներքին տարածքում: Պետք է ձգտեք հասնել ներքին անդորրության ու հանգստի, քանզի այն ունայնության մեջ, որում ապրում եք, չեք կարողանա լսել ձեր Բարձրագույն Ես-ին: Իսկ Բարձրագույն Ես-ին լսելը ձեզ համար անհրաժեշտություն է, որովհետև այն խորհուրդներն ու գիտելիքները, որոնք ստանում եք ձեր ներսից, դուք չեք կարող կարդալ ոչ մի հանրագիտարանում կամ գրքում, չեք տեսնի ոչ մի հեռուստահաղորդման մեջ:

Աստվածամայր

4. Ես ձեզ խրատ կտամ, որը ձեզ կօգնի ականջալուր լինել ձեր ներքին ձայնին: Եվ այդ խրատը վերաբերում է ձեր կենսակերպը փոխելուն: Դուք պետք է մեկուսանաք, որպեսզի լսեք ձեր Բարձրագույն Ես-ին: Նա ձեզ չի մերձենա, եթե չափից դուրս շատ եք անհանգստացած այն ամենով, ինչը գտնվում է ձեզ շրջապատող ֆիզիկական աշխարհում:

Աստվածամայր

5. Պատկերացրեք երեխայի, որը մուտք է գործել ձեր աշխարհ՝ հենց նոր ծնվել է: Ձեզ շրջապատող կյանքի ամեն ինչն այդ նորածնի համար ցնցում է առաջացնում. այն ամենն, ինչը ձեզ համար սովորական է, նրա համար ահավոր է ու չտեսնված: Մեքենաների աղմուկը, կոպիտ երաժշտությունը, ձեր աշխարհի բոլոր ձայները ձեր աշխարհ մուտք գործած հոգու համար անսովոր են և հարմարվելու համար որոշակի ժամանակ են պահանջում:

Աստվածամայր

6. Ձեր Բարձրագույն Ես-ը նման է երեխայի, որը ձեր միջոցով մուտք է գործում ձեր աշխարհ: Իսկ այն իրադրությունը, որում գտնվում եք, երբեմն այնքան ահավոր է լինում, որ ձեր Բարձրագույն Ես-ն անմիջապես հեռու է փախչում ձեր աշխարհից, որպեսզի երկար տասնամյակներով սպասի ավելի բարենպաստ հնարավորության և նորից փորձի գալ ձեր ներքին տարածքը, որպեսզի զրուցի ձեզ հետ:

Աստվածամայր

7. Ուստի  միայն ձեզնից է կախված, թե կկարողանա՞ք արդյոք ձեր Բարձրագույն Ես-ի համար ապահովել զրույցի բարենպաստ պայմաններ: Ձեր ֆիզիկական աշխարհն այնքան է տարբերվում Աստվածային աշխարհից, որ ո՛չ միայն ձեր Բարձրագույն Ես-ի, այլ նաև ավելի նուրբ ոլորտներում գտնվող Համբարձյալ Տիրակալների համար դժվար է ներկա գտնվել այդտեղ, երբեմն էլ՝ պարզապես անհնար: Ուստի նախապես  պետք է ձեր աշխարհում պայմաններ ստեղծեք, որպեսզի մենք և ձեր Բարձրագույն Ես-ը կարողանանք հյուր գալ և զրուցել ձեզ հետ:

Աստվածամայր

8. Միանգամայն հասկանալի է, որ դուք չեք կարող ակնթարթորեն փոխել ձեր կյանքի պայմանները, վերաբնակվել խաղաղ, մեկուսի վայրում, թողնել ձեր սովորական աշխատանքն ու ընտանիքը: Ո՛չ, այդ բոլորը ձեզնից չի պահանջվում, բայց դուք պետք է մղվեք դեպի ճիշտ վարվելակերպի նմուշները, դեպի մեղմ ու հմայիչ երաժշտությունը, խոտերի սոսափյունը, թռչունների ծլվլոցն ու ջրի մեղմ խոխոջյունը:

Աստվածամայր

9. Այն դեպքում, երբ ձեր գիտակցությունն ու ձեր մերձակա շրջապատը կլցվեն երաժշտության, ֆիլմերի, նկարների և ընդհանրապես ձեզ շրջապատող ամեն ինչի ավելի ճիշտ նմուշօրինակներով, դուք աստիճանաբար կկարողանաք հաղթահարել ձեր աշխարհի բացասական ազդեցությունը և անցում կատարել դեպի մի այլ, ավելի նուրբ աշխարհ: Դեպի նուրբ աշխարհ ձեր անցումը կիրականանա միայն այն դեպքում, երբ կկարողանաք ապահովել նուրբ աշխարհի առկայությունը ձեր ներքին տարածքում և ձեր արտաքին տարածքում: Այնժամ ձեզ կկարողանան հյուր գալ հրեշտակներն ու էլեմենտալները, իսկ դուք ունակ կլինեք նրանց տեսնել ձեր սովորական մարդկային աչքերով:

Աստվածամայր

10. Ամեն ինչ ձեր իշխանության սահմաններում է, և ամեն ինչ հասանելի է ձեր գիտակցության փոփոխությամբ: Աստիճանաբար, քայլ առ քայլ: Բայց ձեր բոլոր քայլերը պետք է ճիշտ ողղվածություն ունենան: Հենց դա՛ է դժվար: Քանզի ձեզնից շատերը հենց հաջորդ օրը մոռանում են իրենց բոլոր այն բարի մտադրություններն ու պլանները, որոնք իրենց գլխում կառուցում են Տիրակալների թելադրությունները կարդալու ընթացքում: Ուստի՝ ձեր ներսում առաջին հերթին պետք է մշակվի ձեր մղումների կայունության հատկությունը:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Վերացրե՛ք ձեր գիտակցության

բոլոր արգելապատնեշները

 

Հայր մեր

1. Ձեր մարմնական խելքին թույլ մի՛ տվեք, որ շեղի ձեզ և համոզի, որ առջևում դեռ շատ ժամանակ կա, և կարող եք ձեզ թույլ տալ այն մանրմունր անմեղ թուլությունները, որոնց այդքան սովոր եք:

Աստվածամայր

2. Զգացե՛ք նուրբ աշխարհի եզրագիծը և ձեր գիտակցությունից հեռացրեք այն ամենն, ինչը խանգարում է, որպեսզի հատեք այդ եզրագիծը: Հեռացրե՛ք ձեր գիտակցությունից բոլոր սխալ նմուշօրինակներն ու դրսևորումները՝ այն ամենն, ինչը ստիպում է ձեզ խորասուզվելու մատերիականության մեջ ու կապվելու դրա հետ:

Աստվածամայր

3. Անհրաժեշտ է ունենալ ճիշտ տրամադրվածություն: Ձեր փոխարեն ոչ ոք չի կարող հաղթահարել ձեր թերություններն ու կապվածությունները: Երկնոլորտների օգնությունը չի հապաղի, սակայն ինքնե'րդ պետք է գիտակցեք ձեր թերությունները և ուզենաք դրանցից ձերբազատվել: Երբեմն շատ փոքր կապվածությունն ամենօրյա շատ ջանքեր է պահանջում, որպեսզի դրանից հնարավոր լինի ազատվել: Միևնույն ժամանակ՝ եթե ձեր մղումը հաստատուն է, ապա ձեր ամեն մի հաջորդ կապվածությունն ավելի ու ավելի քիչ ժամանակ ու ջանքեր կպահանջի, որպեսզի ձերբազատվեք դրանից:

Աստվածամայր

4. Ձեր գիտակցության մեջ պահպանեք ճիշտ կողմնորոշիչներ: Եվ այն դեպքերի համար, երբ կյանքը ձեզ հանում է հանգստի ու հավասարակշռության վիճակից, ձեզնից դուրս ունեցեք անցյալի ձեր նվաճումների վկայությունները: Դրանք կարող են լինել լուսանկարներ, ֆիլմեր, օրագրային գրառումներ, որոնցում դուք պահպանել եք ձեր գիտակցության վերամբարձ վիճակները: Դա կարող է լինել նաև ձեր սրտին մոտ Տիրակալի նկարը կամ դիմապատկերը: Ոչ մի բան աչքաթող մի՛ արեք, որով հնարավոր է նորից վեր հանել ձեր թրթռումներն ու վերադառնալ ներդաշնակության և նուրբ աշխարհի հետ միասնության վիճակին:

Աստվածամայր

5. Որքան ավելի բարձր են ձեր մարմինների թրթիռները, այնքան նուրբ աշխարհի ավելի բարձր շերտերն են հասանելի դառնում ձեր գիտակցությանը: Դուք անցում եք կատարում նուրբ աշխարհ ձեր գիտակցության ներսում՝ ինքներդ փոխելով ձեր մարմնի թրթիռները: Ձեր խնդիրն է՝ պատկերացում ունենալ թրթիռների տարբերության մասին և մղվել դեպի ավելի բարձր թրթիռները, կիրառել այն ամենն, ինչը հնարավորություն է տալիս ավելի երկար մնալ բարձր թրթիռների վիճակում: Որոշների համար դա կարող է երաժշտությունը լինել, որոշների համար՝ նկարները, որոշների համար՝ աղոթքները, որոշների համար՝ մեդիտացիաները:

Աստվածամայր

6. Օգտագործե՛ք ձեզ մատչելի միջոցների ամբողջ զինանոցը, որպեսզի մշտապես լինեք բարձր գիտակցության վիճակում՝ հեռու մութ մտքերից ու զգացմունքներից: Եվ այնժամ կտեսնեք, թե ինչպես է ձեր կյանքում ամեն ինչ փոխվում: Կփոխվի ձեր շրջապատը, աշխատանքը:

Աստվածամայր

 7. Ձեզ կվիճակվի վարժվել այն բանին, որ ձեր թրթիռների փոխվելուն զուգընթաց ձեր շուրջն ամեն ինչ փոխվում է: Ձեր շրջապատն ու այն ամենն, ինչը չի համընկնի ձեր թրթռանքի հետ, դուրս կմղվի ձեր կյանքից, կամ էլ ինքնե՛րդ կհեռանաք այն ամենից, ինչն արգելակում է ձեր հոգևոր աճին:

Աստվածամայր

8. Հարկ է, որ  կարողանաք շատ լավ զանազանել ձեր էգոյի բոլոր քմայքները՝ դեպի այն նուրբ ու վսեմ աշխարհն ունեցած ձեր մղումից, որը կանխավ առկա է ձեր մեջ: Նրբորեն պետք է կարողանաք զանազանել բոլոր այն կարմայական պահերը, որոնք ձեր կողմից դեռևս հաղթահարված չեն և հարկադրում ու ստիպում են ձեզ, որպեսզի գտնվեք ձեզ համար ոչ հարմարավետ պայմաններում: Ի՜նչ արած, այն, ինչ ստեղծել ենք ինքներս, ինքներս էլ պետք է հաղթահարենք՝ որքան էլ դա մեզ համար ծանր ու տհաճ լինի:

Աստվածամայր

9. Այնուամենայնիվ՝ զանազանման բոլոր այդ նուրբ պահերը լիովին գտնվում են ձեր Բարձրագույն Ես-ի հսկողության տակ: Եվ դուք միշտ կարող եք ձեր Բարձրագույն Ես-ից ստանալ բոլոր անհրաժեշտ խորհրդատվությունները:

Աստվածամայր

10. Մենք շատ բաների մասին խոսեցինք: Այդ ամենը ձեզ անհրաժեշտ է: Քանզի որքան ավելի առաջ է գնում մարդկության զարգացումը, այնքան պատրանքի ավելի ու ավելի նուրբ եզրագծեր են ձեզ հադիպում: Եվ դուք պետք է պատրաստ լինեք անելու ձեր ընտրությունը՝ անկախ բոլոր ներքին ու արտաքին հանգամանքներից:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ