Վարդարան՝

Ընթացքն Ուղով

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

Հավատո Հանգանակ

Հավատում եմ Միասնական Աստծուն՝

Երկնքի ու Երկրի Արարչին,

որ ներկա է համայն Կյանքում:

Հավատում եմ Նրա Օրենքի արդարությանը,

և հնազանդորեն ենթարկվում եմ

Նրա Օրենքի Իմաստությանը:

Հավատում եմ Երկնքի Արքայությանը՝

ինչպես Երկրի վրա, այնպես էլ Երկնքում:

Հավատում եմ Աստծո Միասնությանը՝

Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

Հայր մեր

Հայր մեր, որ Երկնքում ես,

սուրբ լինի Քո Անունը.

Քո Թագավորությունը գա.

Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.

մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,

և ներիր մեր մեղքերը,

ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.

և մի տանիր մեզ փորձության,

այլ փրկիր մեզ չարից,

քանզի Քոնն է արքայությունը

և զորությունը և փառքը հավիտենական.

Ամեն

 

Աստվածամայր

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը որովայնիդ,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Արտաքին կազմակերպության

կազմավորման սկզբունքները

 

Հայր մեր

1. ԵՍ ԵՄ, որ եկել եմ խոսելու մեր շարժման ուղիների զարգացման մասին՝ արտաքին կազմակերպության ա՛յն հատվածի զարգացման ուղիների մասին, որը հայտնի է ձեզ որպես Լույսի Հիերարխիա կամ Մեծ Սպիտակ Եղբայրություն:

Դուք տեղյակ եք մեր գործողությունների հստակ կազմակերպվածությանը, և գիտեք մեր կառույցի հիերարխիկության մասին:

Երբ մեր մարդիկ խոսում են դեմոկրատական սկզբունքներից, որոնք իբր պետք է հաստատվեն մեր արտաքին կազմակերպություններում, ապա դա միայն մեր ժպիտն է շարժում:

Ո՜չ, գոյություն ունի ստորինի խիստ ենթակայություն վերինին: Եվ ենթակայության այդ սկզբունքը քննարկման ենթակա չէ: Դուք կարող եք զբաղվել դեմոկրատական սկզբունքների վրա հիմնված ցանկացած կազմակերպության ստեղծմամբ ու դրա զարգացմամբ: Բայց այդ կազմակերպությունը ոչ մի առնչություն չի ունենա մեր Հիերարխիայի հետ:

Աստվածամայր

2. Մեր կազմակերպությունները միշտ հիմնված են եղել նրանց անդամների՝ այս տիեզերքի բարձրագույն Օրենքին ամբողջովին ենթարկվելու սկզբունքի վրա: Իսկ այս տիեզերքի Օրենքը ենթադրում է զարգացման ավելի ցածր մակարդակի վրա գտնվողի ենթակայություն բարձրի վրա գտնվողին:

Աստվածամայր

3. Ձեզ կարող է թվալ, թե իմ պատգամի այս դրույթը հակասության մեջ է մտնում նախկինում տրված ուսմունքի հետ, ուր խոսվում էր այս տիեզերքում բարձրագույնի կողմից ցածրագույնին ծառայելու մասին:

Պաշտելինե՛րս, դա թվացյալ հակասություն է:

Սկզբում դուք կամավոր կերպով հրաժարվում եք ձեր էգոյից, վերցնում եք ձեր վրա որոշակի պարտավորություններ, որոնք վերաբերում են ձեր ծառայությանը, և հետո ստանում եք ամբողջ անհրաժեշտ օգնությունը: Օգնություն, որն առնչվում է ձեր ծառայությանը, այլ ոչ թե ձեր այն պատկերացրածին, ինչը դուք ակնկալում եք ստանալ ձեր ծառայության դիմաց: Եթե ձեզ մոտ մտքեր են ծագում ծառայության ընթացքում ցանկացած նյութական կամ իշխանական առավելություններ ձեռք բերելու մասին, ապա ավելի լավ է հեռու մնաք մեր արտաքին կազմակերպություններից:

Աստվածամայր

4. Չարժե՛ խաղալ մեզ հետ ձեր կանոններով: Ժամանակի ընթացքում բոլոր նմանատիպ խաղացողները գիտակցում են կարմայի այն ամբողջ ծանրությունը, որը նրանք ստեղծում են՝ խաղալով դեսպանորդի դեր, խաղալով Հիերարխիային, Աստծուն ծառայողի դեր: Նրանք, ովքեր իրենց ծառայության մեջ անկեղծ են ու անշահախնդիր, Աստծո Կամքին համահունչ իրենց բոլոր նախաձեռնություններում և ձգտումներում ստանում են մեր օգնությունն ու օժանդակությունը: Իսկ նա, ով ձգտում է որևէ առավելություն ստանալ հատկապես իր անձի համար, կդրվի այնպիսի խիստ պայմանների մեջ, որոնցում ստիպված կլինի վերջնական ընտրություն կատարել, թե ում է ծառայելու: Մտադի՞ր է արդյոք ծառայել Աստծուն, թե՞ դեռևս շարունակելու է ծառայել իր էգոյին:

Աստվածամայր

5. Եվ այն գործառնությունները, որոնք տեսնում եք այն կազմակերպություններում, որոնք իրենց հռչակել են որպես մեր արտաքին կազմակերպություններ, իրականում հատիկը որոմից ջոկելու գործընթացներ են՝ ինչպես կազմակերպության ներսում, այնպես էլ այն անհատականությունների սրտերում, որոնցից կազմված է տվյալ կազմակերպությունը:

Եթե դուք ուզում եք Աստծուն ստիպել խաղալու ձեր կանոններով, ապա ի՞նչ արած, կստանաք լրիվ պատրանք, թե դա ձեզ հաջողվել է: Դուք կստանաք այն ամբողջ արտաքին էֆեկտը, որը ձեզ և ձեզ օժանդակող մարդկանց կապացուցի, թե դուք մեծ նվաճումների եք հասել ձեր ճանապարհին: Սակայն՝ մեծ են տարբերությունները արտաքին և ներքին նվաճումների միջև:

Աստվածամայր

6. Եվ ինչպիսի կոչումներ էլ որ ինքներդ ձեզ շնորհեք, ինչպիսի ճոխ հագուստներ էլ որ կրեք, ինչպիսի մանր-մունր զարդերով էլ պճնեք ինքներդ ձեզ ու ոսկե հորթին պաշտելու ձեր վայրը, դրանք որևէ կերպ չեն անդրադառնա ձեր նվաճումների մակարդակի վրա: Իսկ ճշմարիտ Քրիստոսը՝ ոտաբոբիկ ու հասարակ շապիկը հագին, կունենա իր նվաճումները, որոնք, սակայն, նկատելի կլինեն միայն նրանց, ում աչքերը բաց են, և ում ականջները պատրաստ են Ճշմարտությունը լսելու:

Երբեք մի՛ փնտրեք մեր ուսմունքի ճշմարտացիության մասին արտաքին, տպավորիչ հավաստիացումներ: Ես ձեզ ավելին կասեմ. մարդկության զարգացման մակարդակը ներկայումս այնպիսին է, որ այնտեղ որտեղ կենտրոնացված են հավատացյալների մեծ զանգվածներ ու մեծ հարստություններ, որոնք ձեր տեսանկյունից հանդիսանում են տվյալ կրոնի կամ հավատի ճշմարտացիության ու հենց Աստծո կողմից օժանդակված լինելու անհերքելի ապացույցներ, իրականում ամենանվազ կերպով է արտահայտված Աստվածային Ճշմարտությունը, և ամենանվազ կերպով է ներառում իր մեջ Աստվածային սկիզբը:

Աստվածամայր

7. Քրիստոսը դրսևորում է իրեն հանդարտ զրույցով՝ սակավաթիվ և անկեղծ աշակերտների շրջապատում:

Մարդկային ամբոխը հավաքվում է կա՛մ մեսիային տեսնելու, կա՛մ նրան խաչելու համար: Եվ մարդկանց մեծ մասի համար էական նշանակություն չունի՝ ճշմարիտ Քրիստոս-մեսիայի՞ն են տեսնում, թե՞ հանրահայտ էստրադային աստղին:

Աստվածամայր

8. Շա՜տ տխուր բան է զանգվածային գիտակցությանը ենթարկված մարդկային անհատներին հետևելը: Եվ մարդկանց մեծ մասի գիտակցությունն այնքան հեռու է Աստվածայինից, որ ավելի լավ է հեռու մնաք մարդկային ամբոխներից: Ես իմ սրտում ունեմ Նոր Դարաշրջանի մտահղացումը: Ես տեսնում եմ հիասքանչ բացվող ծաղիկներ մեր այն մարդկանց սրտերում, որոնք հասել են Քրիստոսի գիտակցության մակարդակին: Ես տեսնում եմ այդ բացվող ծաղիկները մոլորակի տարբեր վայրերում:

Յուրաքանչյուր այդպիսի Քրիստոս-գիտակցություն կարող է և պետք է դառնա այն սկզբնական բյուրեղ-սաղմը, որի շուրջ կհավաքվեն նորանոր աշխատակիցներ, և ֆիզիկական ոլորտում ի հայտ կգա հիասքանչ բյուրեղ՝ Սուրբ Հոգու համայնք, կազմված  մեր նվիրյալ աշխատակիցներից, որոնք այլ նպատակ չունեն, բացի Աստծուն և Եղբայրությանը ծառայելուց:

Աստվածամայր

9. Դուք կարող եք կառուցել ձեր համայնքներն արտաքին դեմոկրատական սկզբունքներով, բայց այդ համայնքներում գլխավորողն ու կառավարողը թող լինի Քրիստոսը:

Վրա է հասել համագործակցության նոր փուլ, և Քրիստոս-էակները ֆիզիկական ոլորտում պետք է նախապես համախմբվեն փոքր կազմակերպություններում ու խմբերում, որոնք կծառայեն որպես սաղմեր ու մատրիցաներ, որպես ապագա հասարակական կառույցի նախատիպեր:

Աստվածամայր

10. Դուք չեք կարող փոխել Երկրի վրա եղած բոլոր կառավարությունների և բոլոր մարդկանց գիտակցությունը: Բայց դուք կարող եք այնքան փոխել ձե՛ր իսկ գիտակցությունը, որ կարողանաք Սուրբ Հոգու Համայնքում միավորվել ձեզ նման Քրիստոս-էակների հետ:

Ահա ասու՛մ եմ ձեզ՝ դա՛ է, որ այժմ ելնում է առաջին պլան: Ցանե՛ք ձեր սրտերում այն կազմակերպության մտահղացումը, որի կազմում ոչ թե միլիոններ ու հազարներ են, այլ սակավաթիվ Քրիստոս-էակներ, որոնք իրենց կյանքը նվիրել են Աստծո Կամքի կատարմանը և Հիերարխիայի՝ ֆիզիկական օկտավայի համար նախատեսված պլանների իրականացմանը:

Յուրաքանչյուր այդպիսի Քրիստոս-էակ ներքին կապ կունենա Եղբայրության հետ: Եվ դուք կարող եք ձեր արտաքին գործունեության մեջ առաջնորդվել այն սկզբունքներով ու պատգամներով, որոնք կստանաք ձեր մեդիտացիաների և մեզ հետ ունեցած ներքին շփման ընթացքում:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Եղեք որպես կետ աշխարհների միջև

 

Հայր մեր

1. Հավատացեք, որ միայն  ձեր էգոն և ստորին չորս մարմինների, աուրայի, չակրաների անբավարար մաքրությունն են խանգարում մեզ, որ իրականացնենք այս պահի համար նախատեսված մեր պլանները: Դուք կարող եք փոխել ձեզ շրջապատող իրականությունը Աստվածային օրինակին համապատասխան: Բայց դրա համար դուք պետք է փոխվեք ինքներդ և համահունչ դառնաք Եղբայրության հետ: Ձեր ներսում պետք է ունենաք կամերտոնային ճշտությամբ հնչող ձայն, որ համահունչ լինի ձեր Բարձրագույն Ես-ի հետ՝ ձեր ներսի Աստծո հետ: Եվ այդ ճշգրիտ նոտայի միջոցով դուք կկարողանաք ֆիզիկական ոլորտում համագործակիցներ գտնել, հասկանալ տվյալ պահի Աստվածային պլանը և գործել՝ ձեր շրջապատի աշխարհին տալով ձեզ նմանվելու և ձեզնով կողնորոշվելու ճշմարիտ օրինակ:

Աստվածամայր

2. Պետք է սկսե՛ք. մի՛ սպասեք դրսից եկող որևէ հրամանի: Բոլոր ուղեցույցներն ու ցուցումներն այն մասին, թե ինչն ինչպես անել, դուք կստանաք ներսից՝ ձեր սրտից:

Հենց միայն սկսեք գործել և հավատացած եղեք, որ բոլոր Համբարձյալ Դասերը պատրաստ կլինեն ձեր պլանների և մտահղացումների իրականացման գործերում օգնելու ձեզ:

Աստվածամայր

3. Մենք սկսում ենք մեր շարժման նոր փուլը: Եվ այն սկսվում է այնտեղ, ուր դուք այժմ գտնվում եք, և ժամանակի այն պահից, երբ ձեր սրտում կարտաբերեք. Ես պատրաստ եմ, Տե՛ր: Վերցրո՛ւ ինձ, Տե՛ր, վերցրո՛ւ իմ գիտելիքները, իմ ունակությունները: Օգտագործի՛ր ինձ, Տե՛ր, Քո պլանների իրականացման համար: Ահա՛ իմ Ես-ը, Տե՛ր: Ես հնազանդվում եմ Քո Կամքին և Քո Օրենքին: Չկա՛ այլևս իմ մեջ ոչինչ, որ Աստծուց չլինի: Չկա՛ ոչինչ, որ մեզ բաժանի: Մենք միասնական ենք:

Աստվածամայր

4. Դուք կսխալվեք, անկում կապրեք, բայց պետք է շարունակեք ընթանալ: Եվ դեպի Ճշմարտություն ձեր ընթացքն այնքան ավելի հաջող կլինի, որքան ավելի մաքուր ու անկեղծ կլինի ձեր այդ ընթացքի շարժառիթը:

Դուք միայնակ եք մինչև այն պահը միայն, քանի դեռ ձեր ներսում չեք զգացել միասնությունն Աստծո հետ, իսկ այդ միասնության միջոցով միասնական եք դառնում նաև յուրաքանչյուրի հետ, ում թրթիռները համահունչ են ձեր թրթիռներին:

Աստվածամայր

5. Այո, սիրելինե՛րս, դուք քիչ եք, բայց մարմնավորված եք բավարար քանակով, որպեսզի սկսեք գործել և Սուրբ Հոգու համայնքներ ստեղծեք հենց այնտեղ, որտեղ այս պահին գտնվում եք: Համախմբման այս խթանը ես առաքում եմ ձեզ իմ սրտից:

Եվ համբերությամբ սպասում եմ, թե երբ ձեզնից յուրաքանչյուրը պատրաստ կլինի միանալու Լույսի Հիերարխիային և դառնալու առաջապահն այնտեղ, որտեղ ինքը հենց հիմա գտնվում է:

Աստվածամայր

6. Մեր նպատակն է՝ ստանալ աշխարհների միջև գտնվող Լույսի կետ: Եվ այդ կետը մեզ համար ձեռք է բերում անվերապահ կարևորություն: Դրանով հանդերձ մենք հաստատում ենք մեր ներկայությունը ձեր աշխարհում և հնարավորություն ենք տալիս մարմնավորված դեսպանորդին հասնելու մեր օկտավային:

Աստվածամայր

7. Եվ այն, ինչ ի զորու է անելու մեկը, վաղ թե ուշ ի զորու կլինեն անելու բոլորը: Լինել և գտնվել աշխարհների միջև կետում՝ ահա այն, ինչին դուք պետք է հասնեք՝ եթե ոչ այս մարմնավորման, ապա ձեր հաջորդ որևէ մարմնավորման ընթացքում:

Աստվածամայր

8. Դեսպանորդի պաշտոնը չի ենթադրում երկրպագություն կամ պաշտում. դեսպանորդի պաշտոնը՝ նրա պատմուճանը, ընդամենը հնարավորություն են ընձեռնում իր կրողին ավելի որակյալ ձևով իրականացնելու ծառայությունը հանուն Աստծո:

Դեսպանորդի պատմուճանը թույլ է տալիս փոխելու տարածության թրթռումները, և մենք հնարավորություն ենք ունենում ներկա գտնվելու և տալու մեր ուղերձներն այն կետում, ուր միանում են աշխարհները:

Աստվածամայր

9. Խորհե՛ք այն մասին, որ ձեզնից յուրաքանչյուրը կարող է դառնալ այդ կետը: Եվ իրականում դա ընդամենը ձեր ընտրության, ձեր ցանկության և ձեր ձգտումների առկայության հարցն է: Շատ բաներ հարկ կլինի զոհաբերել դեսպանորդի պատմուճան վաստակելու համար: Հարկ կլինի հրաժարվել այն ամենից, ինչը կապում է ձեզ ձեր աշխարհի հետ: Եվ եթե ձեզնից որևէ մեկը ցանկանում է կանգնել դեսպանորդության ուղու վրա, ապա անձամբ ի՛նքս կզբաղվեմ նրա ուսուցմամբ՝ կամ անմիջականորեն, կամ էլ ներկա դեսպանորդի միջոցով:

Աստվածամայր

10. Ժամանակն է հրաժեշտ տալու ձեր աշխարհի հերթական առասպելին, որ դեսպանորդն առանձնահատուկ անձ է: Իրոք, կան ձեր անցյալի կարմայի հետ կապված որոշակի սահմանափակումներ, որոնք կարող են ձեզ արգելակել, որ դառնաք մեր դեսպանորդը: Բայց դրանք չեն կարող խանգարել ձեզ ավելի սահմանափակ տեսքով իրագործելու ձեր ծառայությունը, որն, այնուամենայնիվ, իր որակով առավելագույնս մոտ լինի դեսպանորդի ծառայությանը:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Ճշմարիտ և կեղծ դեսպանորդները

 

Հայր մեր

1. Կուզենայի այսօր բացատրություններ տալ մի հարցի շուրջ, որը ձեր աշխարհում լայնորեն քննարկվում է: Դա կեղծ դեսպանորդության, կեղծ ուսուցչի և կեղծ ուղու հարցն է:

Մտադիր եմ այսօր ձեզ համար վերջնականապես լուսաբանել այդ հարցը: Ինչպես դեսպանորդության, այնպես էլ ձեր աշխարհին վերաբերող ցանկացած հարցում, առկա է երկակիություն. դա հատուկ է ձեր աշխարհին: Իրոք, կան դեսպանորդներ, որոնք ներկայացնում են Լույսի Ուժերը, Լույսի Ուժերի Հիերարխիան, և կան դեսպանորդներ, որոնք թեև ասում են, որ ներկայացնում են լույսի ուժերի հիերարխիան, բայց իրականում լավագույն դեպքում ներկայացնում են իրենք իրենց, իսկ վատագույն դեպքում՝ իրենց դրել են այն ուժերի տրամադրության տակ, որոնց կարելի է անվանել խավարի ուժեր: Ես կգերադասեի դրանց անվանել պատրանք բազմապատկող ուժեր, այսինքն՝ ուժեր, որոնք տվյալ պահին իրենց հակադրում են Աստծո՝ այս տիեզերքի էվոլյուցիայի տվյալ փուլի համար նախատեսված պլաններին:

Աստվածամայր

2. Որ՞ն է տարբերությունը կեղծ և ճշմարիտ դեսպանորդների միջև: Ինչո՞վ պետք է առաջնորդվեք ձեր ընտրության մեջ: Այս հարցը շատ կարևոր է: Որովհետև ձեր ընտրությունից, թե ո՞ր դեսպանորդին հետևել, կախված է, թե ո՞ր կողմում դուք կհայտնվեք հատիկը որոմից զատելու այս պահին: Դուք կարող եք ձևացնել, թե ձեզ պետք չէ որևէ ընտրություն կատարել, և պետք չէ առավելություն տալ որևէ դեսպանորդի, և որ դուք վստահում եք միայն ձեր ներսում գտնվող Աստծուն ու ձեր Ես-Քրիստոսին: Սակայն մարդկանց մեծամասնությունն այնուամենայնիվ չունի այդ կապը և, հետևաբար, ստիպված է այս կամ այն կերպ առաջնորդվելու տեղեկատվությամբ, որը նրան է հասնում դրսից՝ մարդկանցից, որոնք հռչակում են իրենց որպես մեր դեսպանորդներ և ուսուցիչներ:

Ո՞րն է չափանիշը, և ո՞րն տարբերակումը:

Աստվածամայր

3. Նախ և առաջ՝ ճշմարիտ դեսպանորդը երբեք չի ստիպի հետևել կամ չհետևել իրեն: Դեսպանորդի խնդիրն է՝ պարզապես տեղեկատվություն հասցնել ֆիզիկական պլան և ծառայել որպես կողմնորոշիչ տարբեր կրոնական հոսանքների և ուսմունքների ծովում: Նա չունի ձեր օժանդակության և ձեր կարիքը՝ որպես իր հետևորդների: Դուք ինքնե՛րդ եք ձեր ազատ կամքով որոշում կայացնում՝ տվյալ դեսպանորդի միջոցով ձեզ հասած տեղեկատվությունն ընդունե՞լ որպես կյանքի ուղեցույց, թե՞ ոչ:

Պարտադիր են այնպիսի հատկություններն, ինչպիսիք են անշահախնդրությունն ու անուն վաստակելու կամ հռչակ ձեռք բերելու ցանկության բացակայությունը: Միակ խնդիրը, որ մենք ողջունում ենք, և որը պետք է իրագործի դեսպանորդը, դա բոլոր մատչելի միջոցներով Ուսմունքի հնարավորինս լայն տարածումն է:

Աստվածամայր

4. Եթե անցնենք այն դեսպանորդների տարատեսակների քննարկմանը, որոնք նվիրաբերվել են մեզ ընդդիմադիր ուժերին ծառայելուն, ապա այստեղ առկա է հակառակ ձգտումը՝ շրջապատվել հետևորդներով ու աշակերտներով և օգտագործել այդ հետևորդներին՝ սեփական իշխանությունը բազմապատկելու, ֆիզիկական աշխարհում սեփական բարեկեցությունը վերահսկելու և մեծացնելու համար: Քանի որ մեզ ընդդիմադիր ուժերը չունեն իրենց էներգիայի աղբյուրը (նրանք գերադասել են իրենք իրենց կտրել այս տիեզերքի միակ էներգիայի աղբյուրից՝ Աստվածային Էներգիայից), ապա իրենց գոյությունը պաշտպանելու համար նրանց անհրաժեշտ է ձեր էներգիան՝ ձեր ճանաչման, ձեր պաշտման, ձեր նվերների և ձեր տասանորդի տեսքով: Նման մարդիկ կօգտագործեն իրենց ողջ ազդեցությունը, որպեսզի դուք ինքնուրույնաբար Լույսի Ուժերի հետ շփվելու հնարավորություն չստանաք: Իսկ այդ շփմանը ձեզ սովորեցնել նրանք չեն կարող, որովհետև հենց իրենք զուրկ են դրանից: Նրանք միայն կարող են ձեզ կցել իրենց էգրեգորին, որը ձևավորվել է հետևորդների էներգիայով՝ այն հետևորդների, որոնք նվիրում են իրենց էներգիան կեղծ դեսպանորդներին ու կեղծ ուսուցիչներին:

Աստվածամայր

5. Ձեզ համար դժվար կլինի զանազանելը, որովհետև արտաքնապես բոլորը նույն կերպ են երևում: Դուք լսում եք ճիշտ խոսքեր. տեսնում եք ճիշտ կատարվող գործողություններ. կարող եք նույնիսկ ապրել կրոնական էքստազի վիճակ: Բայց ձեր հոգևոր առաջընթացը կեղծ ուսուցիչների ղեկավարությամբ հնարավոր չէ: Լավագույն դեպքում դուք տեղում կդոփեք, իսկ վատագույն դեպքում կկորցնեք ձեր նվաճումների ամբողջ պաշարը:

Աստվածամայր

6. Պաշտելինե՛րս, եթե դուք ընտրել եք ճշմարիտ ուսուցիչ և առաջնորդվում եք մեր դեսպանորդի միջոցով ձեզ հասած խոսքերով, ապա ձեր ճիշտ ընտրության հետևանքներն ի հայտ կգան ո՛չ տաս տարի անց և ո՛չ հաջորդ կյանքում: Դուք ներքին փոփոխություններ կզգաք արդեն մոտակա մի քանի ամսվա ընթացքում: Այո՛, հնարավոր են թեստեր, հնարավոր է հետընթաց, և՛ պայքար, և՛ վեճ ձեր իսկ էգոյի հետ, որը ձեր անիրական մասն է: Եվ այդ վեճերը, այդ թեստերը, այդ պայքարը կարող են լինել բավականին ցավագին: Բայց դուք պետք է հասկանաք, որ առանց այդ պայքարի ձեր անիրական մասը չի կարող լքել ձեզ, և դուք չեք կարողանա հաղթանակ տոնել ձեր անիրական մասի նկատմամբ, եթե մշտապես հագուրդ տաք ձեր էգոյին ու ձեր ցանկություններին:

Աստվածամայր

7. Որպեսզի թարախը դուրս հոսի, երբեմն անհրաժեշտ է լինում կտրվածք անել, իսկ դա կարող է լինել ցավոտ ու բավականին տհաճ: Բայց եթե չազատվեք թարախից, որն առկա է ձեր օրգանիզմում, ապա բորբոքումը կարող է տարածվել ձեր ողջ մարմնում և ձեզ կորստյան մատնել:

Երկակիության ձեր աշխարհում ո՛չ միշտ է, որ այն ինչ տհաճ է՝ վնասակար է, և ո՛չ միշտ է, որ այն ինչ հաճելի է՝ օգտակար է:

Դրա համար էլ, սիրելինե՛րս, զանազանելու կարողությունը  այն հատկությունն է, որը ձեզ համար պետք է խնդրեք որպես առաջնահերթ ողորմածություն ու շնորհ:

Աստվածամայր

8. Պետք է անդրադառնամ ևս մի կարևոր պահի: Դեսպանորդը մարդ է, ով կանգնած է սարի գագաթին: Եվ բոլոր կայծակները, բոլոր մրրիկներն առաջին հերթին նրան են խփում:

Այդ պատճառով շատ քիչ են այն մարդիկ, որոնք, գտնվելով ձեր աշխարհում, ունակ են դիմանալու Աստվածային գիտակցության գագաթին: Եվ շատ մարդիկ, որոնք անցել են մեր թեստերը և վաստակել դեսպանորդի իրենց պատմուճանը, հետագայում չեն կարողացել պահել իրենց գիտակցությունը հարկ եղած մակարդակի վրա և զրկվել են մեր պատմուճանից:

Աստվածամայր

9. Դրա համար էլ, սիրելինե՛րս, ես շատ լավ եմ հասկանում ձեր դժվարությունները, որոնք կապված են ձեր աշխարհի երկակիության հետ, նաև այն, որ երբեմն անհնար է լինում ճշգրիտ պատկերացում ստանալ այս կամ այն մարդու, իրադարձությունների և իրերի էության մասին:

Կարող եմ ասել, որ ձեր Բարձրագույն Ես-ը գիտե Ճշմարտությունը: Եվ, ըստ այդմ, դուք պետք է վստահեք միայն ձեր Բարձրագույն Ես-ին, այլ ոչ թե արտաքին տպավորություններին, բառերին և նույնիսկ այն մարդկանց նախաձեռնած գործունեությանը, որոնք իրենց հռչակել են որպես մեր դեսպանորդներ ու ձեր ուսուցիչներ: Կեղծ դեսպանորդներն ու կեղծ ուսուցիչները սնվում են ձեր էներգիայով: Եվ այն ամենը, ինչ նրանք կարող են ձեզ սովորեցնել, ուղղված կլինի ձեր էգոն աճեցնելուն: Ցավոք՝ մարդը, որի էգոն շատ մեծ է, չի կարող ճանաչել ո՛չ մեր թրթիռները, ո՛չ էլ մեր իսկական դեսպանորդին:

Աստվածամայր

10. Բայց մեզ հայտնի է, որ կյանքի փորձություններն ու իրադրությունները վաղ թե ուշ նրան կբերեն մեր դեսպանորդի մոտ: Եվ բոլոր իրենց բաժին հասած փորձություններից հետո նրանք շնորհակալ կլինեն այն հնարավորության համար, որ պարզապես նստեն Գուրուի ոտքերի մոտ և լսեն Ճշմարտության խոսքերը: Եվ տառապանքներով կոփված նրանց սրտերն արդեն չեն խաբվի ոչ Գուրուի արտաքին տեսքով, ոչ էլ նրանով, որ այս աշխարհի ուժեղները չեն ընդունում իրենց Գուրուին:

Աղաչեցե'ք զանազանելու շնորհի համար, և ձեր խնդրածը կստանաք:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Բարձրագույն Ես-ի հետ կապը և Սուրբ Հոգու Համայնքը

 

Հայր մեր

1. Յուրաքանչյուր պահի, երբ գտնվում եք ձեր աշխարհում, միաժամանակ կարող եք լինել նաև մեր աշխարհում: Եվ գոյություն ունի ձեր մի մասը, որը մշտապես գտնվում է Բարձրագույն աշխարհներում: Ձեր այդ մասը ֆիզիկական օկտավայում մարմնավորված լինելու ամբողջ ժամանակահատվածի ընթացքում պահպանում է կապն ու փոխազդեցությունը Բարձրագույն իրականության հետ:

Աստվածամայր

2. Վրա է հասնում տիեզերական ժամկետը, և ձեր Բարձրագույն մասը, զգեստավորվելով ավելի հոծ մարմիններով՝ սուզվում է մատերիայի մեջ: Շրջակա աշխարհի խտացմանը զուգընթաց՝ ձեր Բարձրագույն և ստորագույն մասերի միջև կապն աստիճանաբար խախտվում է. սկզբում դառնում է հազիվ նշմարելի, ապա լրիվ անհետանում է: Իսկ երբ ձեր աշխարհի մատերիականությունը հասնում է իր առավելագույն կետին, դուք կորցնում եք կապը ձե՛ր իսկ Բարձրագույն մասի հետ:

Աստվածամայր

3. Ուստի, բոլոր ճշմարիտ հոգևոր ուղեցույցները, որոնք գոյություն ունեն ձեր աշխարհում, ուղղված են այդ ներքին կապի վերականգնմանը: Հենց որ հիշում եք, թե ով եք դուք իրականում, հենց որ հնարավորություն եք ստանում շփվելու ձե՛ր իսկ Բարձրագույն մասի հետ, դուք ունակ եք դառնում  ըստ ձեր ցանկության փոփոխելու ձեր թրթիռները: Դուք շարունակում եք գտնվել ձեր ֆիզիկական աշխարհում, բայց միևնույն ժամանակ ձեր գիտակցությունն այնքան է բարձրանում, որ որոշակի պահերի ունակ եք դառնում տեղեկատվություն և գիտելիք ստանալու մեր աշխարհից:

Աստվածամայր

4. Բոլոր ժամանակներում եղել են կարկառուն շատ գործիչներ, որոնք կարողացել են ինքնակամ կերպով, ակամա բարձրացնել իրենց թրթիռները և իրենց արթուն գիտակցության վիճակում հայտնվել վերին, եթերային օկտավաներում: Հենց այդտեղից են նրանք քաղել հիմա էլ շարունակում են քաղել) իրենց ոգեշնչումը, արվեստի, ստեղծագործության իրենց նմուշները, գիտական իմացություններն ու գյուտերը: Ցանկացած հայտնագործություն միշտ արվել է այնպիսի մարդկանց կողմից, որոնք այս կամ այլ կերպ կարողացել են մուտք գործել մեր իրականություն: Եվ այժմ աշխարհների փոխներթափանցման և ձեր գիտակցության կողմից մեր աշխարհը թափանցելու ունակությունները բազմակի կուժեղացվեն:

Աստվածամայր

5. Դուք կստանաք Սուրբ Հոգու շնորհները և ձեռք կբերեք, հիրավի, կախարդական ունակություններ: Այդ ամենը ձեզ է սպասվում մոտ ապագայում: Միակ բանը, որ ձեզ արգելակում է, ձեր կապվածությունն է ֆիզիկական աշխարհի հետ, ինչպես նաև՝ ձեր թերությունները: Դուք պետք է ունակ դառնաք տարբերելու ձեր մեջ այն բաները, որոնք Աստծուց չեն և հրաժարվեք դրանցից: Սկզբում դուք կկարողանաք շփվել մեզ հետ և ձեր Բարձրագույն մասի հետ՝ վարելով լրիվ մեկուսացված կյանք և հրաժարվելով ինչպես զանգվածային մշակույթի, այնպես էլ այդ մշակույթի մեջ խրված մարդկանց ազդեցությունից:

Աստվածամայր

6. Դա նման է ուղի հարթելուն: Ուղի հարթողները մագլցում են Աստվածային գիտակցության մերկ ժայռերը: Նրանց ջանքերն ու աշխատանքը հիրավի տիտանական են և պահանջում են բոլոր ուժերի, Աստծո կողմից տրված բոլոր կարողությունների ներդրում: Ձեր ժամանակներում քչերին է հաջողվում բարձրանալ Աստվածային գիտակցության գագաթը: Եվ ուղին այնքան դժվարին է, որ պոկվելն ու հասած բարձրության վրա չմնալը հնարավոր է ամեն մի ակնթարթի:

Աստվածամայր

7. Սակայն նրանց համար, ովքեր հետևում են ուղի հարթողներին, անհամեմատ ավելի հեշտ կլինի: Ես արդեն կանխատեսում եմ մոտակա ժամանակներում Երկրի տարբեր անկյուններում համայնքների առաջացում, որոնք կազմված կլինեն Քրիստոսի գիտակցության որոշակի մակարդակի հասած մարդկանցից:

Աստվածամայր

8. Այդ համայնքներն ապագա բնակավայրերի և մարդկային հասարակության ապագա կառույցների համար կհանդիսանան որպես նախատիպեր և մատրիցաներ: Համակցելով իրենց մեջ արտադրական պարտավորություններն ու հոգևոր ծառայությունը՝ այդ համայնքները լրիվ ինքնուրույն ու անկախ կլինեն շրջապատող աշխարհից:

Աստվածամայր

9. Ես կանխատեսում եմ, որ Սուրբ Հոգու այդպիսի համայնքների ձևավորման վայրերում կհաստատվեն պետական, աշխարհիկ կառույցների բոլորովին նոր սկզբունքներ: Եվ այն տեղերում, որտեղ կգերակշռեն նմանատիպ համայնքները, պայմաններ կստեղծվեն Ոսկե Դարի գալստյան համար:

Աստվածամայր

10. Ես հուսով եմ, որ նմանատիպ համայնքներ կստեղծվեն նախ և առաջ Ռուսաստանի տարածքում: Որովհետև այդ երկիրն իր պատմական ավանդույթներով միշտ հակված է եղել դեպի համայնական տնտեսավարումը: Բարդությունն այն է եղել, որ որոշ ուժեր միշտ հմտորեն կարողացել են օգտվել այդ ազգային առանձնահատկությունից և նենգափոխել համայնական աշխատանքի նկատմամբ մարդկանց հակումն իրենց շահատենչ նպատակների համար: Ես ուզում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ համայնքը չի կարող իդեալական լինել, քանի դեռ համայնական հասարակության ամեն մի անդամ չի հասնի Քրիստոսի կեցության որոշակի մակարդակի և չի դադարի օգտագործել համայնական աշխատանքի ու արարման պտուղներն իր շահադիտական ու էգոիստական նպատակների համար:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Տուն տանող Ուղին

 

Հայր մեր

1. Ահա նորից ձեզնից յուրաքանչյուրի առջև առաջին պլանում հառնում է Աստծո մեջ կատարելագործվելու ձեր անձնական ձգտման հարցը՝ հրաժարվել սեփական էգոյից և հոգ տանել չորս ստորին մարմինների մաքրության մասին:

Կա կարևոր մի պահ, որի վրա ուզում եմ սևեռել ձեր ուշադրությունը: Իրականում կան երկու ուղիներ, որոնք տանում են դեպի Աստծո մեջ կատարելագործում: Առաջինը կապված է առանձնացման ու աղոթքի հետ, և այն ավելի հեշտ է: Կա և երկրորդ ուղին, երբ դուք աշխատում եք ինքներդ ձեզ վրա՝ առանց հեռանալու սովորական կյանքից:

Աստվածամայր

2. Ուղիներից յուրաքանչյուրն ունի և' իր դրական, և' բացասական կողմերը: Եվ եթե ձեզ համար միակ արգելքը, որ սկսեք լրջորեն ձեզ վրա աշխատել, հանդիսանում է ձեր շրջապատը, որտեղ ձեր Ուղու ներկա փուլում գտնվում եք, և դուք ինքնաբերաբար հետ եք կանգնում լուրջ զբաղմունքից՝ պատճառաբանելով, որ արտաքին պայմանները թույլ չեն տալիս դա անել, ապա պետք է ձեզ հիշեցնեմ, որ այն պայմանները, որոնցում գտնվում եք, համապատասխանում են ձեր գիտակցության մակարդակին և ձեր կարմայի դրական ու բացասական մասերի հարաբերակցությանը: Ուստիև՝ յուրաքանչյուրիդ ստարտային պայմանները տարբեր կլինեն իրարից:

Աստվածամայր

3. Դուք ստիպված կլինեք հաղթահարելու ձեր արտաքին պայմանների ու կարմայական հանգամանքների ստեղծած անհարմարությունները: Սակայն պետք է գիտակցեք, որ այս և նախորդ կյանքերում կատարած ձեր նախընտրանքներով ինքներդ եք վաստակել այն հանգամանքները, որոնցով ներկայումս շրջապատված եք: Եվ ոչ-համահունչ շրջապատի մասին ձեր տրտնջոցը պարզապես ձեր էգոյի արդարացումն է, որպեսզի ոչինչ չանեք: Իսկ շատերն իրենց արտաքին կյանքի հանգամանքների համար պարզապես իջնում են մինչև Աստծուն ու Տիրակալներին ուղղակի մեղադրելու մակարդակին:

Աստվածամայր

4. Ըստ այդմ, ձեր Ուղու առաջին քայլն այն կլինի, որ հնազանդվեք այն հանգամանքներին, որոնցում սկսում եք ձեր Ուղին, ապա որոշում կայացնեք ընթանալու այդ Ուղով, որը հետադարձ ճանապարհով ձեզ տանում է դեպի Աստծված՝ անկախ կյանքի արտաքին բոլոր հանգամանքներից:

Հավատացե՛ք ինձ, եթե ձեր Ուղու ընթացքում դրսևորեք նպատակամղվածություն և վճռականություն, ապա կստանաք ամբողջ անհրաժեշտ օգնությունը: Եվ ժամանակի ընթացքում, կարմայի ցանկացած՝ նույնիսկ շատ ծանր, սահմանափակումները ձեր կյանքի հանգամանքներում ավելի մեղմորեն կարտահայտվեն: Եվ ձեր գիտակցության փոփոխությանը զուգընթաց դուք կստանաք այն ամենը, ինչն անհրաժեշտ է ձեր հոգևոր առաջընթացի և Աստծո մեջ կատարելագործվելու համար:

Աստվածամայր

5. Բոլոր արգելքներն ու սահմանափակումները ձեր մեջ են: Բոլոր սահմանափակումները կապված են ձեր չորս ստորին մարմիններում բացասական էներգիայի կուտակման հետ:

Պատկերացրեք ձեր ստորին չորս մարմինները որպես մի ձեղնահարկ, որտեղ մի քանի հարյուրամյակի ընթացքում կուտակվել են ոչ-պետքական իրեր: Ժամանակի ընթացքում այդ ձեղնահարկն այնքան է խառնշտորվել ու փոշեկոլոլ դարձել, որ պարզապես անհնար է դարձել այնտեղ մուտք գործելը: Մարդկանց մեծամասնության համար ստորին չորս մարմիններն այլ բան չեն, քան հենց այդպիսի ձեղնահարկեր:

Աստվածամայր

6. Ուստիև ձեզ անհրաժեշտ է մի գեղեցիկ օր որոշում կայացնել և ցաք ու ցրիվ անել ձեր ձեղնահարկի կարմայական կուտակները:

Իհարկե, դա ձեզ չի հաջողվի անել մեկ օրում, հնարավոր է՝ նույնիսկ մի քանի տարում: Բայց որքան շուտ որոշում կայացնեք և սկսեք գործել, այնքան ավելի շուտ կվերջացնեք հիմնարար մաքրման կեղտոտ ու հոգնեցուցիչ աշխատանքը ձեր գիտակցության ու ենթագիտակցության մեջ, որտեղ նախանձելի համառությամբ խցկել եք ձեր բոլոր հոգեբանական խնդիրները Երկրի վրա մարմնավորված լինելու ամբողջ ընթացքում:

Աստվածամայր

7. Եվ, բնականաբար, երբ ձեր ենթագիտակցությունից մեկը մյուսի հետևից դուրս կլողան ձեր հին խնդիրները, ապա ստիպված կլինեք նշանակալից ջանքեր գործադրել, որպեսզի հաղթահարեք և ընդմիշտ հրաժեշտ տաք դրանց: Ճիշտ այնպես, ինչպես հին իրեր եք հանում ձեղնահարկից, և դրանք հիշողություններ են արթնացնում ձեր մեջ՝ երբեմն անասելի ցավ պատճառելով: Սակայն դուք լցվում եք վճռականությամբ և դեն եք նետում անպետք իրերը՝ դրա հետ մեկտեղ ազատվելով բացասական էներգիայի ևս մի բաժնեմասից, որն առկա է ձեր մեջ:

Աստվածամայր

8. Ուստի կուզենայի նախապես զգուշացնել նրանց, ովքեր դեպի Տուն տանող Ուղու վրա պատրաստվում են հաճելի ժամանցի: Չակնկալե՜ք հեշտ ճանապարհ: Պատրաստ եղեք ցանկացած անակնկալի: Երբեք չեք կարող իմանալ, թե ինչ էներգիա վեր կբարձրանա ձեր կարմայի կուտակներից: Դուք կկատարեք արարքներ, որոնց համար տրամաբանական բացատրություն չեք գտնի: Կբախվեք մարդկանց, որոնց նկատմամբ կտածեք բուռն, ոչնչով չպատճառաբանված զգացմունքներ: Ձեզ հետ շատ տարօրինակ բաներ կկատարվեն, և դուք պետք է պատրաստ լինեք այդ ամենին:

Աստվածամայր

9. Ձեր գիտակցության մեջ մշտապես պետք է հիշեք Աստծո մոտ վերադառնալու ձեր որոշման մասին և բարձրացնեք ձեր գիտակցությունը մինչև Բարձրագույն աշխարհների ըմբռնման աստիճանին: Նաև միշտ պետք է հիշեք, որ միայնակ չեք: Մենք ուշադիր հետևում ենք յուրաքանչյուրին, ով խիզախել է մագլցել Աստվածային գիտակցության ժայռի վրա, և, ծայրահեղ դեպքում՝ կրիտիկական իրադրության պահին, մենք միշտ ձեռք կմեկնենք: Եթե ձեր դիտավորությունները մաքուր են, ապա վախենալու ոչինչ չունեք:

Աստվածամայր

10. Ձեր ձգտումների մաքրությունը պարուրում է ձեզ Լույսի անխոցելի պաշտպանությամբ: Մեզնից յուրաքանչյուրը Երկրի վրա լինելու ընթացքում անցել է այդ նույն Ուղով: Ուղին փորձված է: Ուրեմն՝ պատրաստվեցե՛ք և քաջաբար ընթացե՛ք Ուղով:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն