Վարդարան

Ապաքինման մասին

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

Հավատո Հանգանակ

Հավատում եմ Միասնական Աստծուն՝

Երկնքի ու Երկրի Արարչին,

որ ներկա է համայն Կյանքում:

Հավատում եմ Նրա Օրենքի արդարությանը,

և հնազանդորեն ենթարկվում եմ

Նրա Օրենքի Իմաստությանը:

Հավատում եմ Երկնքի Արքայությանը՝

ինչպես Երկրի վրա, այնպես էլ Երկնքում:

Հավատում եմ Աստծո Միասնությանը՝

Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

Հայր մեր

Հայր մեր, որ Երկնքում ես,

սուրբ լինի Քո Անունը.

Քո Թագավորությունը գա.

Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.

մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,

և ներիր մեր մեղքերը,

ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.

և մի տանիր մեզ փորձության,

այլ փրկիր մեզ չարից,

քանզի Քոնն է արքայությունը

և զորությունը և փառքը հավիտենական.

Ամեն

 

Աստվածամայր

Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,

Բարեշնորհ Մարիամ,

Տերը Քեզ հետ է.

օրհնյալ ես Դու կանանց մեջ,

և օրհնյալ է պտուղը քո որովայնի,

քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Տկարությունների պատճառը

 

Հայր մեր

1. Ես եկել եմ, որպեսզի հայտնեմ ձեզ որոշ բաների մասին, որոնց հետ կյանքում դուք բախվում եք, բայց դրանց նշանակություն չեք տալիս. այնինչ, եթե դիտարկենք ավելի մանրամասն, դրանցով շատ տարիներ առաջ կանխորոշվում է աշխարհում ձեր լինելու կերպը: Ես եկել եմ ձեզ պատմելու այն մասին, թե ինչպես եք դուք կերտում ձեր ապագան: Եվ հնարավոր է՝ այս տեղեկատվությունն ինչ-որ մեկին կթվա անիրական և անհարկի բարդացված. հնարավոր է նաև, որ շատերն արդեն ծանոթ լինեն սույն տեղեկատվությանը: Սակայն կարծում եմ, որ միշտ օգտակար է անցածը վերհիշելն ու կրկնելը:

Աստվածամայր

2. Այսպիսով, ես կուզենայի կանգ առնել տկարությունների՝ հոգևոր և մարմնական այն տկարությունների վրա, որոնք ծանրաբեռնում են ձեր ֆիզիկական և նուրբ մարմինները: Մարդը շատ կարճ հիշողություն ունի, և, որպես կանոն, նրա համար շատ դժվար է նշմարել այն ուղղակի կապը, որը գոյություն ունի կյանքում նրա գործած արարքների և այդ արարքների հետևանքների միջև: Սակայն հատկապես հենց դա է կազմում Կարմայի Օրենքի կամ Հատուցման Օրենքի հիմքը՝ պատճառահետևանքային կապի օրենքի հիմքը, որն առկա է գործողության և դրա հետևանքի միջև:

Աստվածամայր

3. Երբ լուրջ հիվանդությունը տիրում է մարդուն և վնասում նրա մարմնական տաճարը, ապա մարդը պատրաստ է դառնում մեծ զոհողությունների, որպեսզի ազատվի այդ հիվանդությունից: Նա իրենից դուրս փնտրում է բուժարարների, ովքեր ունակ են օգնելու իրեն: Եվ երբ բժիշկների, բուժարարների և պայծառատեսների ամբողջ մի բանակ, համապատասխան վարձատրություն ստանալով հանդերձ՝ անզոր տարածում է ձեռքերը, ապա ի վերջո մարդն օգնության համար դիմում է Աստծուն և Համբարձյալ Դասերին: Գալիս է պահը, երբ բանականությունը մարդու մեջ գերակշռում է, և նա հասկանում է, որ իր հիվանդությունն ի վերուստ է տրված, և որ դրանից իրեն կարող է ազատել միայն Աստված:

Աստվածամայր

4. Եվ մարդն ուղի է փնտրում դեպի Աստված, պատրաստ է լինում զոհեր մատուցելու ու կարդալու հսկայական քանակի աղոթքներ, որպեսզի բուժի ինքն իրեն: Հազվագյուտ մարդիկ են հասկանում, որ հիվանդություններն ու տառապանքներն առաջանում են ոչ թե չար ու վրիժառու Աստծո կողմից, այլ սեփական գործողությունների պատճառով, ընդ որում՝ ոչ միայն անցյալ կյանքերում, այլ նաև ընթացիկ մարմնավորման ընթացքում իրականացված գործողությունների:

Աստվածամայր

5. Երբ դեռ երիտասարդ եք և ուժ ու եռանդով լի, ապա շատ քիչ եք մտահոգվում ձեր արարքների հետևանքներով: Ձեզ համար բնական բան է թվում ձեր ուզածը ստանալը, եթե նույնիսկ հարկ է լինում այդ ընթացքում որևէ մեկին նեղացնել կամ լրջորեն վիրավորել: Երբեմն որքա՜ն անհամարժեք է լինում ձեր ցանկությունը, որը ձգտում եք ամեն գնով բավարարել՝ այն վնասի հետ համեմատած, որն այդ ընթացքում պատճառում եք ուրիշներին:

Աստվածամայր

6. Եվ այսպես, ձեր առաջին թշնամին և ձեր ամենագլխավոր թշնամին, երբեմն՝ ձեր միակ թշնամին, թաքնված է հենց ձեր մեջ: Դա ձեր մարմնական խելքն է և ձեր անհագ ցանկությունները: Եվ թվում է, թե վախենալու ոչինչ չկա, երբ դուք ձգտում եք բավարարել ձեր այդ ցանկությունները: Դա ձեզ այնպե՜ս բնական է թվում, հատկապես՝ երիտասարդ ժամանակ: Եվ դուք որևէ նշանակություն չեք տալիս նույնիսկ այն բարոյականության ու պարկեշտության չափանիշների խախտումներին, որոնք թույլ եք տալիս, որպեսզի բավարարեք ձեր ցանկությունները: Իսկ այն վնասի մասին, որ պատճառում եք ուրիշներին, պարզապես չեք էլ մտածում:

Աստվածամայր

7. Ինչպե՞ս կարելի է ձեր անկշտում ցանկությունների առաջն առնել: Ինչպե՞ս կարելի է վերջ տալ կյանքում անվերջ հաճույքներ ստանալու ձեր ձգտմանը: Շատ քիչ են այն մարդիկ, ովքեր ունակ են դաս քաղելու ուրիշ մարդկանց օրինակից և ինքնուրույն ուսուցանվելու՝ գրքեր կարդալով կամ գտնելով այն մարդկանց, որոնցից կարող են Իմաստություն քաղել: Իսկ նրանց համար, ովքեր ունակ չեն հասկանալու և ուսուցանվելու, ուժի մեջ է մտնում Կարմայի կան Հատուցման Օրենքը:

Աստվածամայր

8. Ձեր յուրաքանչյուր արարքը, որը չի համապատասխանում Աստծո կամքին, հանգեցնում է այն բանին, որ Աստվածային Էներգիան, որից դուք մշտապես օգտվում եք, և առանց որի պարզապես չեք կարող գոյություն ունենալ, երանգավորվում է ձեր այդ անկատար գործողությամբ: Եվ որքան ավելի շատ եք կատարում նման անկատար գործողություններ, այնքան Աստվածային Էներգիան ձեզ համար ավելի ցածր թրթռումներ է ձեռք բերում:

Աստվածամայր

9. Այդ էներգիան ոչ մի տեղ չի կորչում, այլ պահպանվում է ձեր աուրայում, ձեր զգացմունքային, մենտալային և եթերային մարմիններում: Եվ այդ էներգիան ծառայում է որպես մագնիս, որը շրջապատի արտաքին աշխարհից դեպի ձեզ է քաշում նմանատիպ էներգիաներ: Այդ պատճառով, եթե դուք որևէ մեկին նեղացրել եք, ապա վաղ թե ուշ այդ էներգիան դեպի ձեզ կքաշի կյանքի մի այնպիսի իրադրություն, որում ձե՛զ կնեղացնեն: Ձեր աուրայում դուք կրում եք բոլոր ձեր անկատար արարքների գրառումները: Այդ գրառումները ձեր աուրայի արատներն են:

Աստվածամայր

10. Եվ եթե դուք չափազանց հաճախ եք թույլ տվել կարմայորեն պատժելի արարքներ, մտքեր և զգացմունքներ, ապա վաղ թե ուշ վրա է հասնում այդ բացասական թրթռումներով ձեր աուրայի հագեցումը: Եվ արդեն դուք ունակ չեք դառնում բեռնաթափելու ձեր կուտակած կարման՝ կատարելով ճիշտ գործողություններ ու ճիշտ արարքներ, երբ մինչև ձեր ընթացիկ մարմնավորման ավարտը ձեզ են վերադարձվում համապատասխան կարմայական իրավիճակները: Դա նշանակում է, որ չափազանց շատ բացասական էներգիա է կուտակվել ձեր աուրայում:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հոգիների փրկությունը

 

Հայր մեր

1. Ձեզ ասվել է, որ դուք այժմ ապրում եք բացառիկ ժամանակներում. տեղի է ունենում տիեզերական բոլորաշրջանների հերթագայություն և սկսվում է նոր բոլորաշրջան: Այն մարդիկ, ովքեր ծանրաբեռնված են չափազանց մեծ քանակի բացասական էներգիայով, կհիվանդանան և կզրկվեն կյանքում ակտիվ գործելու հնարավորությունից: Նրանց կմերժվի Աստվածային Էներգիան և այլևս հնարավորություն չի տրվի այս աշխարհում բազմացնելու իրենց անկատարությունները:

Աստվածամայր

2. Մարդը, որն ունի չափազանց շատ բացասական էներգիաներով ծանրաբեռնված աուրա, իրականում նման է բորոտի, որն անբուժելի հիվանդ է և վտանգ է ներկայացնում շրջապատի համար: Պատճառն այն է, որ նրա աուրայում պարունակվող բացասական թրթիռներն կարող են մակածել նմանատիպ բացասական թրթիռներ բոլոր այն մարդկանց աուրաներում, որոնց հետ կյանքում նա շփվում է:

Աստվածամայր

3. Համաձայն նմանության օրենքի՝ այդպիսի մարդիկ ձգում են իրար, և նրանք Երկիր մոլորակի վրա ստեղծում են գոտիներ, որոնք հիշեցնում են բորոտանոցներ: Եվ եթե բավականաչափ մաքուր աուրա ունեցող մարդը պատահաբար հայտնվում է այդպիսի գոտում, ապա իրեն զգում է ափ նետված ձկան պես:

Աստվածամայր

4. Երբ մենք նայում ենք մոլորակին, ապա տեսնում ենք այդ գոտիները՝ այդ օջախները, որոնք իրենցից ներկայացնում են այն աստիճանի սեղմված ու խտացված բացասական էներգիաներ, որ նրանց միջով չեն կարող անցնել մեր բուժական ճառագայթները, որոնք մենք անխոնջ կերպով առաքում ենք Երկիր:

Աստվածամայր

5. Այն մարդիկ, ովքեր իրենք իրենց քշել են այդ էներգետիկական բորոտանոցների մեջ, ունակ չեն իրենք իրենց օգնելու և օգնության կարիք ունեն, ինչը նրանց կարող է ցուցաբերվել միայն դրսից: Ըստ այդմ՝ մենք պարտաստ ենք համագործակցել և օգտագործել յուրաքանչյուրին, ով ունակ է պահպանելու իր թրթիռները բավարար չափով բարձր մակարդակի վրա, որպեսզի նրա միջոցով օգնենք այն մարդկանց, ովքեր, թվում է՝ հոգևոր առումով կատարելապես մեռած են, բայց վերջին հույսով իրենց հայացքը հառում են Երկնոլորտներին և անկեղծորեն խնդրում ու օգնություն են աղերսում:

Աստվածամայր

6. Մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել, և բոլորին օգնություն ենք ցուցաբերում: Իսկ այդ օգնությունը կարող է և չվերաբերվել ֆիզիկական մարմնին, եթե այն անդառնալի պրոցեսների հետևանքով այլևս անհնար է վերականգնել: Մեր օգնությունն առաջին հերթին վերաբերվում է մարդկանց հոգիներին:

Աստվածամայր

7. Մենք փորձում ենք պահպանել և բուժել նրանց հոգիներն, ովքեր, թեկուզ իրենց կյանքի ավարտին, իրենց հայացքը հառում են Երկնոլորտներին և անկեղծորեն օգնություն են խնդրում, ովքեր զղջում են իրենց կատարած բոլոր մեղքերի համար: Չկա մեղսավոր, որն ապագա չունենա: Բայց,  արդարև, հնարավոր չէ փրկել նրան, ով չի ուզում փրկվել:

Աստվածամայր

8. Օգնության հնարավորություն միշտ գոյություն ունի: Թեև երբեմն մենք զգում ենք այնպիսի անկեղծ սպասավորների պակաս, ովքեր պատրաստ են զոհաբերել իրենց՝ հանուն մարդկության փրկության, հանուն բոլոր կենդանի էակների փրկության և նրանց օգնություն ցուցաբերելու: Եվ այժմ ես դիմում եմ նրանց, ովքեր կարող են ինձ հասկանալ. նաև նրանց, ովքեր հասկանում են, թե ինչի մասին եմ խոսում:

Աստվածամայր

9. Եկել է այն ժամանակը, երբ պայքար է գնում յուրաքանչյուր հոգու համար, որը գտնվում է մարմնավորման մեջ: Կան ուժեր, որոնք ձգտում են, որքան հնարավոր է, շատ հոգիներ պահել պատրանքի պլանում: Եվ կան ուժեր, ովքեր պայքարում են ամեն մի հոգու համար, որպեսզի դուրս քաշեն նրան այն դժոխքից, ինչպիսին դարձել են Երկիր մոլորակի ֆիզիկական ոլորտի շատ վայրեր:

Աստվածամայր

10. Եվ երբեմն մի հանդիպումը, մի սիրող ու կարեկից հայացքը բավարար է լինում, որպեսզի չգոյության դատապարտված հոգին ձեռք բերի Հավատ, Հույս և Սեր: Պահպանե՛ք հավասարակշռություն, պահպանե՛ք հոգեկան հանգստություն: Դուք մարտիկներ եք, որ գտնվում եք աշխարհում: Եվ Սիրո ու Կարեկցանքի ձեր մեն մի թրթիռն ունակ է մարելու դժոխային կրակը, որի մեջ վառվում են այս մոլորակի բազմաթիվ հոգիներ:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Ապաքինման համար անհրաժեշտ պայմանները

 

Հայր մեր

1. Այսօրվա մեր ուսուցման թեման ապաքինումն է: Դուք գիտեք, որ երբ 2000 տարի առաջ գտնվում էի մարմնավորման մեջ, ես հաջողությամբ բուժում էի: Իմ հրաշագործ բուժարարության համբավն ինձնից առաջ էր ընկած: Ուր էլ գնայի, միշտ գտնվում էին մարդիկ, ովքեր հավատում էին, որ ես կարող եմ իրենց բուժել, և կային նաև մարդիկ, ովքեր չէին հավատում ապաքինման հրաշքին: Ուստի ես միշտ հարցնում էի, թե տվյալ մարդը հավատու՞մ է արդյոք, որ կարող է ապաքինվել: Եվ նաև միշտ հարցնում էի, թե ուզու՞մ է արդյոք բուժվել:

Աստվածամայր

2. Առաջին հայացքից, այդ երկու պահը կարող են աննշան թվալ և պարզապես հերթապահ արտահայտություններ, սակայն հատկապես այդ երկու պահն են իրենց մեջ պարունակում բուժման բանալին: Ձեր գիտակցությունը պետք է պատրաստ լինի բուժումն ընդունել: Եթե ձեր գիտակցությունն ինչ-ինչ պատճառներով չի կարող հավատալ ձեր ապաքինման հնարավորությանը, ապա ձեզ չի կարող օգնել նույնիսկ Աստված:

Աստվածամայր

3. Եվ հաջորդ պահը. դուք պետք է ցանկանա՛ք բուժվել և պետք է բուժում խնդրե՛ք: Եթե բուժում չեք խնդրում, ապա նույնիսկ Աստված անկարող կլինի ձեզ օգնել, քանզի ազատ կամքի օրենքն անխափան կերպով գործում է համայն տիեզերքում:

Աստվածամայր

4. Շատ են այն պատճառները, որոնցից ելնելով դուք չեք ուզում ապաքինվել: Պատճառներից մեկն այն է, որ ձեր հոգին կամավոր կերպով իր վրա հիվանդություն է վերցրել որպես բեռ, որպեսզի բեռնաթափի աշխարհի կարման կամ ձեր սեփական ծանր կարման, որը ձեռք եք բերել անցյալում: Շատ լուսավոր հոգիներ, երբ մտնում են մարմնավորման մեջ, իրենց վրա են վերցնում ծանր հիվանդություններ ու ի ծնե հաշմություն, որպեսզի տառապանքներով քավեն աշխարհի մեղքերը:

Աստվածամայր

5. Իրենց արտաքին գիտակցությամբ նրանք կարող են չգիտակցել իրենց վրա վերցրած ծանր բեռը, բայց, որպես կանոն, նման հոգիները բուժվել չեն ուզում և բուժում չեն խնդրում: Եվ նման հոգիներին օգնել կարելի է միայն այն դեպքում, եթե նրանց բուժման համար խնդրում են մերձավորները, որոնց համար սիրելի մարդու տառապանքներն անտանելի բեռ են:

Աստվածամայր

6. Այսպիսով, մարդը պետք է հավատա իր ապաքինմանը և նաև պետք է խնդրի բուժվելու համար: Միայն այն դեպքում, երբ այդ երկու պայմանը բավարարված են, կարելի է ձեռնամուխ լինել ապաքինման գործին:

Աստվածամայր

7. Ամեն անգամ բուժումից առաջ պետք է տարբերել մարդու հիվանդության պատճառը: Բարձրագույն Օրենքը և' կարող է թույլ տալ, և' թույլ չտալ, որ բուժում իրականացնեք:

Աստվածամայր

8. Որպեսզի բուժմամբ զբաղվեք, դուք պետք է բուժարարի պատմուճան ունենաք, որը թույլ կտա ձեզ բուժումն իրականացնել Աստվածային ողորմածության և Աստվածային Էներգիայի օգնությամբ: Կեղծ են բոլոր այն մյուս բուժարարական գործառությունները, որոնք պարզապես մի շարք արհեստական հնարքներով մի տեղից մյուսն են տեղաշարժում այն բացասական էներգիան, որը հանդիսանում է հիվանդության պատճառ, կամ ժամանակավորապես կասեցնում են այդ էներգիայի ազդեցությունը:

Աստվածամայր

9. Բուժարարության հարցերը շատ նուրբ են ու խրթին: Ուստի ես անհանգստությամբ եմ հետևում այն նորահայտ բուժարարներին, ովքեր փորձարարություն են անում Աստվածային Էներգիայի հետ, և երբեմն նույնիսկ չեն անցել այն սկզբնական ձեռնադրումները, որոնք թույլ են տալիս գործ ունենալ ապաքինող Աստվածային Էներգիայի հետ:

Աստվածամայր

10. Շատ, այսպես կոչված՝ բուժարարների, ընդհանրապես մատչելի չէ Աստվածային Էներգիայի աղբյուրը, և բոլոր նրանց ձեռնածությունները, եթե նույնիսկ ժամանակավոր թեթևացում են բերում, փաստորեն վերջին հաշվով ավելի են ծանրացնում հիվանդի վիճակը:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Ճշմարիտ և կեղծ բուժարարները

 

Հայր մեր

1. Ձեր հիվանդության պատճառն այն բացասական էներգիան է, որը կուտակվում է ձեր աուրայում՝ ձեր այն սխալ արարքների, մտքերի ու հույզերի պատճառով, որոնք դուք թույլ եք տալիս այս կյանքում և նախորդ կյանքերում: Ես այժմ նկատի ունեմ մարդկության մեծ մասի հիվանդությունների պատճառները և չեմ դիտարկում այն դեպքը, երբ մարդը դիտմամբ հիվանդությունն իր վրա է վերցնում որպես բեռ:

Աստվածամայր

2. Ձեր այդ բացասական էներգիան, որը ձեր հիվանդության իրական պատճառն է և ձևավորվել է որպես ձեր սխալ գործողությունների հետևանք, պետք է դուրս հանվի ձեր աուրայից: Այնժամ դուք կապաքինվեք:

Աստվածամայր

3. Ձեր ապաքինման համար անհրաժեշտ Աստվածային ողորմածությունը ձեզ կարող է ցուցաբերվել կամ չցուցաբերվել: Ամեն ինչ կախված է այն կարմայի ծանրությունից, որը ձեր հիվանդության փաստացի պատճառն է:

Աստվածամայր

4. Այն մարդիկ, ովքեր իրենց բուժարարի տեղ են դնում, որպես կանոն, չեն ունենում ձեռնադրումների այն մակարդակը, որն իրենց թույլ կտար իմանալ Աստծո Կամքն ամեն մի կոնկրետ բուժվող մարդու դեպքում: Սակայն փող աշխատելու ցանկությունը նրանց դրդում է այն բանին, որ, կիրառելով որոշակի հնարքներ, կատարեն էներգիայի տեղաշարժ՝ ժամանակավորապես թեթևացնելով հիվանդի վիճակը:

Աստվածամայր

5. Բուժման ընթացքում կիրառվող հնարքների մի մասը ստեղծում են կարմա, որն ընկնում է նման բուժարարի վրա: Առավել ճարպիկ բուժարարները կարող են նույնիսկ խուսափել իրենց վրա ընկնող կարմայից, բայց

փոխարենն ավելի են ծանրացնում այն հիվանդի կարման, ով օգնության խնդրանքով դիմել է իրենց:

Աստվածամայր

6. Երբ Բարձրագույն Օրենքն իսկական բուժարարին թույլ է տալիս բուժում անել, ապա, որպես կանոն, բուժելու որոշումը կայացվում է այն բարի կարմայի հիման վրա, որը բուժվողն ունի, և որը կարող օգտագործվել նրա բուժման համար: Կամ՝ այն դեպքում, եթե մարդու հոգին կամ հենց ինքը՝ մարդը, լիովին գիտակցել են, որ այն արարքները, որոնք հանգեցրել են հիվանդության զարգացմանը, եղել են սխալ, և ինքն արդեն իր արտաքին գիտակցությամբ հաստատ որոշել է այլևս չկրկնել նման արարքներ:

Աստվածամայր

7. Ահա թե ինչու բուժելուց հետո ես հաճախ ասում էի. Գնա՛ և այլևս մեղք մի՛ գործիր: Իսկական բուժարարը լավ է զանազանում մարդկանց հիվանդության պատճառները և տեսնում է, թե ում կարելի է օգնել և ում՝ ոչ: Բուժման համար օգտագործվում է Աստվածային Էներգիան:

Աստվածամայր

8. Իսկական բուժարարը հիվանդի մոտեց հեռացնում է բացասական էներգիան և նրա աուրան լցնում մաքուր Աստվածային Էներգիայով: Դա կարելի է իրականացնել և՛ մտովի, և՛ ուղղակի ձեռքը դնելով հիվանդի մարմնի վրա: Բուժման էությունը բուժարարի և բուժվողի միջև էներգիաների փոխանակման մեջ է: Տեղի է ունենում բացասական էներգիայի ներհոսք դեպի բուժարարը և Աստվածային Էներգիայի արտահոսք՝ բուժարարից հիվանդին: Էներգիաների փոխհոսքի այդ գործընթացը կարգավորվում է Բարձրագույն Օրենքով: Այդ դեպքում կարմա չի ստեղծվում, այլ բուժման ընթացքում հիվանդին ցուցաբերվում է իրական օգնություն:

Աստվածամայր

9. Քանի որ այն մարդն, ով ունի բուժարարի պատմուճան, բարձրագույն ձեռնադրումներ է անցել, որպեսզի այդ պատմուճանը ձեռք բերի, ապա բացասական էներգիայի իր վրա վերցնելը, որպես կանոն, չի կարող վնասել նրան: Բուժարարի չակրաների միջոցով տեղի է ունենում ցանկացած բացասական էներգիայի տրանսմուտացիա, ձևափոխություն, այրում:

Աստվածամայր

10. Ըստ էության, հիվանդից վերցրված բացասական էներգիայի ոչնչացումը նման է այն գործընթացին, երբ հոգևոր բարձր զարգացման հասած մարդիկ իրենց վրա են վերցնում համաշխարհային կարման, որպեսզի տրանսմուտացիայի ենթարկեն այն: Որքան բարձր է բուժարարի հոգևոր զարգացման մակարդակը, այնքան նրա աուրայում ավելի արագ է տեղի ունենում բացասական էներգիայի ձևափոխությունը:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Ուսմունք ապաքինման մասին

 

Հայր մեր

1. Եթե մարդն, ով բուժում է ստացել, այնուամենայնիվ շարունակի իր այն արարքները, որոնք տկարության պատճառ են հանդիսացել, ապա հիվանդությունն այս կամ այն ձևով նորից կվերադառնա նրան:

Աստվածամայր

2. Ուստի, իրականում մարդու բուժումը տեղի է ունենում հենց իր օգնությամբ՝ իր գիտակցության օգնությամբ: Եվ որքան բարձր է մարդու գիտակցության մակարդակը, այնքան ավելի հեշտ է նրան օգնություն ցուցաբերելը: Բուժումը շատ սերտորեն կապված է մարդու գիտակցության մակարդակի հետ:

Աստվածամայր

3. Իսկ գիտակցության մակարդակ ասելով՝ չի հասկացվում ինտելեկտի, խոսքի և մարմնական խելքի զարգացվածությունը: Հասարակ մարդկանցից շատերն, ովքեր մեծ կրթվածություն չունեն, երբեմն անհամեմատ ավելի բարձր գիտակցության մակարդակ են ունենում, քան այն մարդիկ, ովքեր փայլուն կրթություն են ստացել և բարձր պաշտոններ են զբաղեցնում:

Աստվածամայր

4. Հնարավոր է՝ ձեզնից յուրաքանչյուրի առջև ծառացել է բուժարարներին և պայծառատեսներին դիմելու հարց: Եվ գուցե նույնիսկ դիմել եք այդ բուժարարներին: Հնարավոր է նաև, որ որոշ չափով բուժված լինեք ձեր տկարություններից: Բայց և այնպես՝ պետք է ծայրահեղ զգույշ լինել ամեն տեսակի բուժարարների ու պայծառատեսների դիմելուց: Քանզի նրանցից շատերը չունեն այն հոգևոր նվաճումները, որոնք թույլ կտային իրենց բուժարարություն անել Աստծո անվամբ և Աստվածային Էներգիայի օգնությամբ:

Աստվածամայր

5. Իսկ եթե ձեր հոգևոր նվաճումների մակարդակը գերազանցում է բուժարարի հոգևոր նվաճումների մակարդակին, ապա, այսպես կոչված, բուժման սեանսի ժամանակ տեղի կունենա լրիվ հակառակ գործընթաց. ոչ թե բուժարարը ձեզնից բացասական էներգիա կվերցնի, այլ ինքնե՛րդ ձեր աուրայի մեջ կներքաշեք այն բացասական էներգիան, որը պարունակվում է նման բուժարարի աուրայում: Եվ դեռ լավ կպրծնեք, եթե միայն այդ բուժարարի բացասական էներգիան վերցնեք, այլ ոչ թե բոլոր այն հիվանդների էներգիաները, ովքեր վերջին ժամանակներում այցելել են նրան:

Աստվածամայր

6. Անուղղակիորեն՝ բուժարարի իսկության մասին կարելի է դատել հետևյալ երկու բանով: Իսկական բուժարարը բուժում է ոչ թե ձեր մարմինը, այլ հոգին: Այսինքն՝ նա ձեզ օգնում է պարզելու այն պատճառները, որոնք հանգեցրել են հիվանդության: Նա ձեզ կհուշի ձեր այն թերությունները, որոնք իրապես հանդիսացել են ձեր հիվանդության պատճառը:

Աստվածամայր

 7. Եվ երկրորդ՝ քանի որ բուժարարությունն Աստվածային շնորհ է, ապա իսկական բուժարարը երբեք ձեզնից փող չի վերցնի բուժման համար: Նա իր շնորհը ձեռք է բերել որպես նվեր, որպես նվեր էլ տալիս է:

Աստվածամայր

8. Երբեք մի՛ մոռացեք նաև, որ այս կամ այլ կերպ պետք է վարձահատույց լինել ապաքինման համար:

Աստվածամայր

9. Նաև միշտ հիշեք, որ իրական բուժողն Աստվածն է: Իսկ մարդը միայն իրեն դնում է Բարձրագույն Ուժերի տրամադրության տակ, որպեսզի իրականացնի իր ծառայությունը և դրանով թեթևացնի մյուս մարդկանց տառապանքները:

Աստվածամայր

10. Այսօր շատ կարևոր զրույց կայացավ բուժարարության մասին: Եվ ես կարծում եմ, որ ձեզնից ամեն մեկն այս զրույցից կքաղի իրեն անհրաժեշտ օգուտը:

Աստվածամայր

 

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,

այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

 

Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:

Ամեն

 

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ