Ձեր աշխարհի բոլոր փոփոխությունները կբխեն ձեր ներսից

 

Գուան Ին

29 դեկտեմբերի, 2011 թիվ

 

ԵՍ ԵՄ Գուան Ինը: Ես եկա:  Այսօր նույնպես մենք կխոսենք հավերժական թեմաների շուրջ: Կխոսենք անանցի մասին: Քանզի ձեր աշխարհում շատ են ունայն բաները, սակայն խիստ հազվադեպ են հավերժին պատկանողները:

Եվ ամենակարևոր բանը, որ պակասում է ձեր կյանքերում՝ Աստվածային, Հավերժական Օրենքն է, որը գործում և թափանցում է համայն տիեզերքով մեկ: Երբ կարողանում եք ձեր գիտակցությունը վեր հանել մինչև Աստվածայինը, ապա կտրվում եք պատրանքից և ունակ եք դառնում ընկալելու այն, ինչն անանց է:

Ձեզնից յուրաքանչյուրի ներսում նու՛յնպես կան հավերժին պատկանող հատկանիշներ: Եվ այդ Աստվածային հատկանիշները հարկ է, որ փնտրեք ձեր սրտերի խորքում, որպեսզի դուրս հանեք դրանք և տարածեք ձեր շրջապատի աշխարհում:

Ձեր շրջապատում դուք փոփոխությունների եք սպասում: Դուք կանխազգում եք վերահաս փոփոխուփյուններ և սպասում դրանց: Այժմ հասել է ժամանակը հասկանալու, որ բոլոր փոփոխությունները, որոնց սպասում եք, պետք է ձեր աշխարհ մուտք գործեն հենց ձեր ներսից: Իսկ դրա համար՝ ձեր գիտակցությամբ դուք պետք է մոտենաք Աստվածային իրականությանը: Այնժամ, երբ կկարողանաք խորանալ ձեր ներսում՝ մտնել ձեր սրտի գաղտնի մենաստանը, դրանով իսկ կմոտեցնեք ձեր աշխարհի փոփոխությունները:

Եվ դա է այն Ուղին, որի մասին մենք անխոնջ կրկնում ենք: Մի Ուղի, որը գտնվում է ձեր ներսում:

Հավատացե՛ք ինձ, ձեզնից դուրս չեն տեղի ունենա այն փոփոխությունները, որոնք կմոտեցնեն մարդկության Ոսկեդարը: Այդ փոփոխությունները տեղի կունենան ձեր էության ներսում:

Այն ամենը, ինչ այժմ գոյություն ունի արտաքին աշխարհում, ձեզ շեղում է ձեր սրտերի մեջ առկա Ճշմարտությունից: Առանձնացե՛ք ձեր սրտի լռության մեջ, զգացե՛ք հավերժի անդորրությունն ու երանությունը: Ահա հենց այդ կետի՛ց դուք կկարողանաք ճիշտ հայացքով նայել ձեր շուրջը եղած արտաքին աշխարհին:

Քանի որ ձեզ այցի եմ եկել տարեկան շրջանի ավարտին, ապա իմ պարտքն եմ ամարում նաև ձեզ պատկերացում տալ գալիք փոփոխությունների մասին: Դուք տեսնում եք, որ նորացման էներգիաներն ավելի ու ավելի գործուն կերպով են ներթափանցում ձեր աշխարհ, ձեր գիտակցության մեջ: Եվ հարցը միայն այն է, թե որքանով կկարողանաք հաղթահարել ձեր արտաքին գիտակցությունը և նախապատվություն տալ ներքին փոփոխություններին: Առայժմ իմ խոսքերը ձեզնից շատերի համար առնվազն տարօրինակ են թվում: Քանի որ ես խոսում եմ այնպիսի փոփոխությունների մասին, որոնք սովորական մարդկային հայացքի համար տեսանելի չեն: Ես խոսում եմ ձեր էության մեջ տեղի ունեցող նուրբ գործընթացների մասին: Իսկ այդ նուրբ գործընթացները ձեր աշխարհի վրա ավելի մեծ ազդեցություն են թողնում, քան ցանկացած արտաքին գործողություններ: Արտաքին աշխարհի բոլոր դրսևորումները՝ արհավիրքները, տարերային աղետները, ցույցերն ու հեղափոխությունները, պատերազմներն ու ահաբեկչական գործողությունները, երկրորդական բաներ են: Եվ այդ ամենից հնարավոր է հեշտությամբ խուսափել, եթե միայն  չալարեք ուշադրությամբ կարդալ մեր Ուղերձներն ու առաջնորդվել մեր տված խորհուրդներով:

Ձեր հոգու ամեն մի նուրբ տեղաշարժն անխուսափելի փոփոխություններ է առաջացնում ֆիզիկական աշխարհում: Եվ եթե ապրում եք երջանկության, սիրո կամ խաղաղվածության զգացում, ապա դրանով իսկ ազդում եք ձեր շրջապատի հսկայական տարածքների վրա, երբեմն էլ՝ նույնիսկ ամբողջ մոլորակի վրա: Որքան ավելի նուրբ, Աստվածային զգացմունքներ եք դուք ունենում, այնքան ավելի մեծ ազդեցություն եք թողնում շրջապատի ֆիզիկական աշխարհի վրա: Դրանով է բացատրվում այն, որ ընդամենը մի քանի սրբեր ունակ են լինում համակշռելու ամբողջ մոլորակի իրադրությունը:

Բացասական հույզերն ու մտքերը նու՛յնպես  ազդում են  ֆիզիկական աշխարհի վրա: Բարեբախտաբար, ցածր թրթռանքի պատճառով այդ էներգիաներն էական ազդեցություն չեն թողնում, քանի որ տարածվում են ոչ մեծ հեռավորություններով: Եվ եթե գիտակցության այդ բացասական վիճակները չտիրեին մարմնավորման մեջ գտնվող անհատների մեծամասնության մտքերին ու զգացմունքներին, ապա դրանց ազդեցությունը լրիվությամբ կարելի կլիներ անտեսել: Բայց հարցն այն է, որ այսպես կոչված զանգվածային գիտակցությունը գերակայություն ունի ձեր աշխարհում: Եվ մարդկության զարգացման այս փուլում այդ զանգվածային գիտակցությունն արդեն վտանգավոր է դառնում աշխարհի հետագա ճակատագրի համար: Ուստի ձեզ խորհուրդներ են տրվում, թե ինչպես ձերբազատվեք զանգվածային գիտակցության ազդեցությունից:

Միայն հավերժությանը մտասևեռվելուն նախապատվություն տալով, որը բացվում է ձեր սրտերում՝ հնարավոր կլինի ազատվել այն բացասական էներգիաներից, որոնք չափազանց շատ են տարածված ձեր հասարակությունում:

Բարեփոխություններն անխուսափելի են, քանի որ դրանք պայմանավորված են ամբողջ մոլորակի թրթռանքների բարձրացման հետ: Մարդկությունը որքան ավելի շատ կառչած մնա նախկին կենսակերպերի և վարվելակերպերի վրա՝ հենվելով զանգվածային գիտակցության և տեղեկատվական զանգվածային միջոցների մեծ մասի բացասական ազդեցությունների վրա՝ ներառյալ նաև ինտերնետը, այնքան ավելի խիստ փորձությունների կենթարկվի մոտակա ժամանակներում: Եվ հակառակը՝ եթե մարդկանց գիտակցության մեջ տեղի ունենան որակական փոփոխություններ՝ ցատկ կատարվի դեպի Աստվածային գիտակցության կողմը, ապա փոփոխությունները կընթանան սահուն կերպով:

Մնում է միայն սպասել ու տեսնել, թե ինչ ուղի կընտրի մարդկությունն այս անգամ: Նախկին դարաշրջանների ընթացքում մարդկությանը վիճակված ամենախիստ փորձություններից առաջ ես բազմիցս մարմնավորվել եմ Երկրի վրա: Ոչ միայն ես, այլ նաև Լույսի Էակներից շատերը: Այժմ ես գալիս եմ միջնորդավորված ձևով՝ օգտվելով դեսպանորդի մարմիններից: Սակայն դրանից իմ իմ խորհուրդների ու պատվիրանների արժեքավորությունը չի պակասում:

Մոտակա ժամանակներում բոլորիդ կվիճակվի վերջնական ընտրություն կատարել, թե ո՛ր ուղով եք ընթանալու՝ Աստվածայի՞ն Ուղով, թե՞ շարունակելու եք ձեր իսկ կամքով կառչած մնալ այն ճանապարհից, որը ոչ մի տեղ չի տանում:

Այսքանն ավելի պարզ ու հստակ երբևէ չէր ասվել. ահա եկա և հերթական անգամ նախազգուշացրեցի ձեզ:

Արդյո՞ք սա վերջինը կլինի...

 

ԵՍ ԵՄ Գուան Ինը՝ ձեր հոգիների նկատմամբ խորին կարեկցանքով ու գթասրտությամբ համակված:

 

Տատյանա Միկուշինա, 2011 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը:

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ