Ընդունե՛ք նոր էներգիաները՝ նորացման էներգիաները, և հետևեցե՛ք մեզ

 

Աթենաս Պալլաս

28 դեկտեմբերի, 2011 թ.

 

ԵՍ ԵՄ Աթենաս Պալլասը՝ եկել եմ, որպեսզի տամ իմ Ուղերձը: Ես հազվադեպ եմ գալիս, սակայն այսօր հասել է ձեզ դիմելու իմ հերթը՝ ձեզ, ովքեր լսում և ընկալում են իմ խոսքերը:

Շատ հարյուրամյակներ և նույնիսկ հազարամյակներ առաջ ինձ գիտեին և երկրպագում էին Երկիր մոլորակի վրա: Հիմա միայն քչերը գիտեն իմ անունը: Այնուհանդերձ՝ շատերի համար իմ խոսքերը նշանակալից կլինեն: Քանզի հասել է դրա ժամանակը: Հասել է Ճշմարտությունը ճանաչելու ժամանակը, և ձեր գիտակցության մեջ այդ Ճշմարտության բեկումը Երկրի մարդկությանը կմոտեցնի այն կարևոր փուլին, որի շեմին հիմա նա գտնվում է:

Ձեզ համար դժվար է պատկերացնել այն հնարավորությունը, որը հիմա բացվում է մարդկության առջև: Սակայն կանցնի պատմական ժամանակի ոչ մեծ մի հատված, և ամեն ինչ կփոխվի: Ամեն ինչ արդե՛ն իսկ փոխվում է: Ձեր գիտակցության փոխվելու պատճառը տիեզերական ժամկետներն են: Եվ այդ ժամկետները կբերեն նոր էներգետիկական մակարդակի անցման:

Երբ հարթավայրերում բնակվողները հայտնվում են լեռներում, անհարմարություն ու տկարություն են զգում: Նմանապես, դուք էլ հիմա ձեր տեղը չեք կարողանում գտնել: Բանն այն է, որ ժամանակը փոխվել է, և փոխվել են մոլորակի թրթիռները: Դա նման է այն բանին, որ հայտնվեիք տարածության մի այլ՝ ավելի բարձր վայրում: Թեև, ինչպես ձեզ է թվում, ձեր շուրջը նույն իրականությունն է, բայց իրականում ամեն ինչ փոխվել է և շարունակում է փոխվել: Ուստիև՝ ձեր գիտակցության մեջ տեղի են ունենում վիթխարի փոփոխություններ: Ամեն մի հաջորդ քայլը կատարվում է մեծագույն դժվարությամբ, քանզի տարածությունը փոփոխություն է կրել:

Երբ մոտենում եք խնձորենուն և սկսում թափահարել այն, ապա ճյուղերից թափվում են ոչ միայն հասած պտուղները, այլ նաև որդնած, սմքած և խակ պտուղներ: Նույն բանն այժմ տեղի է ունենում մարդկության հետ: Թրթիռները բարձրացել են, և դա, թափահարելու պես, ձեզ ստիպում է լքել ձեր սիրած նստելատեղերը և տեղաշարժվել:

Հասարակության կյանքի բոլոր ոլորտներում փոփոխություններ են տեղի ունենում: Ո՛չ այն պատճառով, որ ինչ որ մեկը հրաման է տվել, այլ՝ որովհետև եկել է դրա ժամանակը, և այլ կերպ չի կարող լինել: Ամեն մի փոփոխություն կհամապատասխանեցվի էվոլյուցիոն հաջորդ փուլի համար Արարչի կողմից նախանշված մտահղացմանը: Եվ եթե նույնիսկ ձեր ողջ էությամբ դիմադրեք ու համառեք ձեր հին մոտեցումներով, վարվելակերպի հին կարծրատիպերով և հին սովորություններով, ապա, միևնույնն է՝ վաղ թե ուշ ստիպված կլինեք նահանջել Արարչի մտահղացման առաջ:

Եվ ահա դուք ձեր շուրջը հենց այդ գործընթացն եք տեսնում: Թրթռանքների բարձրացմանը հետևել է ձեր ներքին պրոբլեմների սրացումը, որին հաջորդել է այն հասարակության պրոբլեմների սրացումը, որում ապրում եք, և ապա սրվել են նաև ամբողջ մարդկային հասարակության պրոբլեմները: Եվ սա վերաբերում է մարդկային կյանքի բոլոր ոլորտներին:

Սկսվել է նոր փուլ: Եվ որքան հասարակական գիտակցությունն ավելի արագ ընկալի ու հարմարվի նոր պայմաններին, այնքան ավելի քիչ քանակ կկազմեն կորուստները, այնքան ավելի քիչ կբախվեք մոտակա ժամանակներում սոցիալական պայթյունների ու արհավիրքների հետ: Բանալին, որը կօգնի ճիշտ գործել նոր պայմաններում՝ ձեր ըմբռնումը կլինի, որ վրա հասած փուլը ենթադրում է անցում մարդկանց միջև առավել Աստվածային փոխհարաբերությունների: Դուք անհրաժեշտություն կզգաք վերածնելու բարոյականությունը հասարակության մեջ: Դուք կզգաք, թե որքա՜ն հրաշալի բաներ են բարեկամության, համագործակցության փոխօգնության և փոխադարձ սիրո վրա հիմնված փոխհարաբերությունները:

Այն ամենը, ինչ հիմա գտնվում է ձեր հետաքրքրությունների շրջանակից դուրս, նորից կյանք կմտնի: Եվ դրանք այն ցուցադրական դրական հատկանիշները չեն լինի, որոնք երբեմն ցուցադրում եք ձեր փոխադարձ հաղորդակցության ժամանակ: Դրանք կլինեն ճշմարիտ Աստվածային հատկանիշներ, որոնք, ձեր սրտերից բխելով, աստիճանաբար կընդգրկեն ողջ աշխարհը:

Մարդկությունը կվերադառնա անանց արժեքներին: Այն ամբողջ հինը, որ բաժանման է տանում, այն, ինչ հիմնված է վախի և Աստծուց հեռանալու վրա, աստիճանաբար կփոխարինվի նոր հատկանիշներով՝ Աստվածային, հավերժական հատկանիշներով:

Մարդիկ հոգնել են կեղծավորությունից ու կոպտությունից: Սկսվող դարաշրջանը կվերածնի գեղեցիկ արվեստները: Նոր սերունդը կձգտի Աստվածային կերպեր դրսևորել ֆիզիկական ոլորտում: Եվ որքան էլ հինը դիմադրի՝ նրա ժամանակն արդեն անցած է: Նոր գիտակցության, նոր հարաբերությունների, նոր աշխարհի ժամանա՛կն է գալիս...

Եվ հիմա ամենադժվարին փուլն է՝ նոր գիտակցության ու նոր մտածողության անցնելու փուլը: Հենց դրանով էլ ձեր ժամանակն առանձնահատուկ է և հետաքրքիր:

Ես դիմում եմ այն մարդկանց հոգիներին, որոնք հիշում են ինձ: Մի ժամանակ դուք գալիս էիք ինձ նվիրված տաճարները, և ես հնարավորություն էի ունենում անմիջականորեն շփվելու ձեր հոգիների հետ: Այժմ դուք պետք է հիշեք ձեր առաքելությունը: Ձեր սրտերն իրենց մեջ կրում են այն Ճշմարտությունը, որը պետք է իր դրսևորումը գտնի ֆիզիկական ոլորտում: Դուք հենց այն մարդիկ եք, որոնց գործելու ժամանակը հասել է:

Ձեր շրջապատի փոփոխությունները հնազանդորեն կհամապատասխանեն այն փոփոխություններին, որոնք տեղի կունենան ձեր սրտերում: Յուրաքանչյուր մարդ էներգիայի գեներատոր է: Եվ միայն ձեզնից է կախված, թե ինչ տեսակի էներգիաներ կառաքեք աշխարհ:

Երբ ձեր թրթիռները համահունչ են կատարվող փոփոխությունների հետ, դուք զգում եք հոգու վերելք, ուրախություն, սեր: Դուք երջանիկ ու նպատակասլաց եք դառնում:

Իսկ երբ ձեր թրթիռները հակադրվում են նոր էներգիաներին, դուք զգում եք անբավարարվածություն, վախ, ագրեսիվություն: Ձեր այդ վիճակը փոխելու բանալին կլինի այն, որ կամենաք հետևել Արարչի մտահղացմանը: Հավատացե՛ք ինձ, չարժե՜ դիմադրել: Ընդունե՛ք նոր էներգիաները՝ նորացման էներգիաները, և հետևեցե՛ք մեզ:

Դուք պետք ընդունե՛ք նորը: Պետք է հետևեք ձեր մտքերի ամեն մի խաղին և ձեզնից հեռացնեք այն ամենը, որը վերելքի ճանապարհով ձեզ չի տանում դեպի Ճշմարտություն:

 

ԵՍ ԵՄ Աթենաս Պալլասը՝ այսօր եղա ձեզ հետ:

 

Տատյանա Միկուշինա, 2011 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ