Ձեր ժամանակներում բաց են բոլոր հնարավորությունները

 

Սանատ Կումարա

27 դեկտեմբերի, 2011 թիվ

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան:

Տարեկան շրջանի այս վերջին օրերից մեկում ես եկել եմ, որպեսզի տամ հետագա Ուղու անհրաժեշտ ըմբռնումը: Եկել եմ, որպեսզի ամրապնդեմ ձեր Ուղու ընթացքը և ձեր արտաքին գիտակցությանը հասցնեմ այն բացատրությունները, որոնք անհրաժեշտ են ձեր հետագա առաջընթացին:

Եվ այսպես, այսօր մենք կշարունակենք մեր զրույցը Ձեռնադրումների Ուղու վերաբերյալ՝ այն մասին, թե ձեր ժամանակներին համապատասխանող Ձեռնադրումների Ուղին որքանո՞վ է տարբերվում նախկին ժամանակներում մարդկանց հայտնի դարձած Ձեռնադրումների Ուղուց:

Ձեզ արդեն հայտնի է, որ նախկին ժամանակներում մարմնավորված մարդկության շատ փոքր տոկոսը պատկերացում ուներ Ձեռնադրումների Ուղու վերաբերյալ, և շատ քիչ մարդկանց էին մատչելի դառնում այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ էին լինում այդ Ուղով ընթանալու համար:

Հիմա ժամանակը փոխվել է: Այժմ մարդկությունը կանգնած է իր զարգացման նոր փուլի շեմին: Եվ այդ նոր փուլին նախ և առաջ բնորոշ է առավել մեծ թափանցիկությունը, առավել  մեծ ազատությունը: Եվ մենք գալիս և ազատ ու բաց այնպիսի գիտելիքներ ենք մատուցում ձեզ, որոնք դեռևս ոչ շատ վաղ անցյալում գաղտնիքի քողով ծածկված էին մարդկությունից:

Հասել է այն ժամանակը, երբ գործնականում բոլոր գիտելիքները թափանցիկ ու ազատ կերպով մատչելի են դառնում գրադարակների վրա և ինտերնետում:

Սակայն սկսվող դարաշրջանի յուրահատկությունն այն է, որ ճշմարիտ գիտելիքները մարդկանց առջև բացվում են ճիշտ այնպես, ինչպես այն գիտելիքներն ու տեղեկությունները, որոնք ճշմարիտ չեն, այլ հանդիսանում են մարմնական խելքի մտակառուցումների ու խորհրդածությունների արդյունք:

Աստվածային իմաստությունն ու մարմնական խելքի արգասիքները կողք-կողքի  հայտնվել են գրախանութների դարակների վրա, որտեղից էլ տեղափոխվում են ձեր տներում եղած գրադարակների վրա:

Որքանո՞վ է դա անվտանգ ձեր հոգիների զարգացման համար, և որքանո՞վ է դա արդարացված էվոլյուցիոն տեսակետից:

Եկեք դիմենք այսպիսի մի օրինակի:

 Ծնողներն իրենց երեխաներին աշխատում են հետ պահել այնպիսի քայլերից, որոնք իրենց մեջ վտանգ են պարունակում: Երեխաներից հեռացվում են լուցկին, ծակող ու կտրող առարկաները, որպեսզի նրանք դրանցով իրենց չվնասեն: Եվ ահա գալիս է այն ժամանակը, երբ երեխաները հասունանում են  և սկսում ճանաչել իրենց շրջապատի աշխարհը: Ծնողների համար արդեն դժվարանում է իրենց զավակներին հսկելը, քանի որ նրանք դուրս են ելնում փողոց, մտնում են դպրոց, ինտերնետ: Թե ի՞նչ են նրանք տեսնում, ինչերի՞ հետ են բախվում՝ դուրս է մնում ծնողների ուշադրությունից:

Ահա և հիմա եկել է այնպիսի ժամանակ, երբ մարդկությունը վերջապես դուրս է գալիս իր երեխայական գիտակցության վիճակից և տեղափոխվում մեծերի աշխարհը:

Սակայն այդ աշխարհում ո՛չ ամեն ինչն է համապատասխանում Աստվածային կերպերին: Եվ շատ բաներ ուղղակի հակադիր են Աստվածային աշխարհին:

Ինչպե՞ս զանազանել ու ճանաչել: Իմաստուն ծնողները չեն շտապում իրենց երեխաներին ծանոթացնել ժամանակակից տեխնոլոգիաների հրաշալիքների կամ ժամանակակից քաղաքակրթության նվաճումների հետ: Իմաստուն ծնողներն առաջին հերթին ձգտում են իրենց երեխաներին նախ պատկերացում տալ բարոյական օրենքների և ներքին կողմնորոշիչների վերաբերյալ: Իմաստուն ծնողները շտապում են իրենց երեխաներին օժտել սրտի իմաստությամբ: Եթե մարդ իր ներսում ճիշտ կողմնորոշիչներ ունի, ապա դրանք կամերտոնի ձայնի պես կառաջնորդեն նրան իր կյանքում: Եվ այն, ինչ համահունչ չի լինի իր սրտի կամերտոնի ձայնին, կանցնի նրա գիտակցության կողքով՝ առանց հոգում որևէ հետք թողնելու:

Բուդդան հանդարտ անցնում է կյանքով՝ բոլորից աննկատ, և կյանքի ոչ մի կեղտ չի կպչում նրա աուրայի ոսկե հանդերձին:

Այդպես էլ մենք ենք ձգտում ձեզ ճշմարիտ կողմնորոշիչներ տալ, որոնք ձեզ կյանքում առաջ կտանեն՝ ուղղություն ցույց տալով ու ձեզ պաշտպանելով: Երբ ձեր ներսում առկա է իրականության Աստվածայինի զգացողություն, ապա այն ամենը, ինչ ցածր է  Աստվածային կատարելությունից, կանցնի ձեր գիտակցության կողքով՝ այնտեղ որևէ հետք չթողնելով: Եվ դուք կմղվեք դեպի ձեր Հաղթանակը, դեպի նյութականի կապանքներից Ազատությունը:

Իսկ այն մարդկային անհատները, որոնք իրենց ներսում չեն ունենա կամերտոնի պես հնչող Աստվածայինի զգացողություն, ստիպված կլինեն անցնելու իրենց կյանքի դասերը, որպեսզի ձեռք բերեն այն զանազանումն ու ըմբռնումը, որոնք անհրաժեշտ են հետագա էվոլյուցիայի համար: Եվ կյանքը հարուստ ու բազմազան նյութ է տալիս նման զարգացման համար:

Պատրանքի և նրա եզրաշերտերի նրբացումը ստիպում են ձեզ, որպեսզի կատարելագործեք ձեր զանազանման կարողությունը և այդ զանազանման ճանապարհին հասնեք նվաճումների:

Կան և այլ տեսակի մարդիկ, որոնք չեն ուզում իրենց ծանրաբեռնել որևէ լարվածությամբ և շրջապատի ողջ աշխարհը դիտում են որպես իրենց ցանկություններին ու պահանջմունքներին հագուրդ տալու աղբյուր:

Ի՜նչ արած, այդ տեսակի մարդկա՛նց էլ է հնարավորություն տրվում, որպեսզի բավարարություն տան իրենց ցանկություններին ու ձգտումներին: Այն հույսով, որ երբևէ հոգնելով խաղալիքների ու հաճույքների մրցավազքից, կանգ կառնեն և իրենց հայացքը կհառեն անանց իրականությանը:

Դեռևս որոշակի ժամանակ կա, որպեսզի ամեն մի մարդկային անհատ մոտենա այն եզրագծին, որից այն կողմ սկսվում է Աստծո իրական աշխարհը: Յուրաքանչյուրին հնարավորություն է տրված:

Եվ ձեր ժամանակներում բոլոր հնարավորությունները բաց են:

Բոլոր գործընթացներն արագանում են: Այդ թվում՝ նաև ձեր նախընտրանքների գործընթացները:

Իսկ եթե համառեք և շարունակեք վազել պատրանքների հետևից, փոխփխելով ձեր խաղալիքները՝ այն դեպքում, երբ արդեն անհրաժեշտ է, որ զբաղվեք մեծական գործերով, ապա ձեզ ցույց կտրվեն ձեր սխալներն ու վրիպումները: Սկզբում՝ մեղմորեն, այնուհետև ավելի ու ավելի ակնառու և համոզիչ: Յուրաքանչյուրին հնրավորություն է տրվում: Յուրաքանչյուրին ցույց է տրվում Ուղին:

Եվ եթե դուք խրված չլինեիք պատրանքային գործընթացների մեջ և ձեր կյանքը դիտեիք մի փոքր ավելի բարձր տեսանկյունից, ապա կկարողանայիք հասկանալ ու զգալ, թե որքա՜ն խնամք է տածվում ձեր հոգիների նկատմամբ:

Սակայն կա ազատ կամքի օրենք, որն անխափան կերպով գործում է համայն տիեզերքում և նաև ձեր մոլորակի վրա: Ոչ մի Համբարձյալ Վեհապետ չի կարողանա ձեզ օգնել, եթե դուք տասնյակ ու հարյուրավոր հազարամյակների ընթանցքում անցնելով մի մարմնավորումից մյուսին՝ ձեր ազատ կամքով մշտապես ընտրեք անցողիկ աշխարհը:

Այդպիսի անհատների համար վաղ թե ուշ կլրանա երկրային իրականությունում փորձարարություն անելու ժամկետը: Եվ երկտարեցիների նման նրանք ստիպված կլինեն իրենց ուսումը շարունակել արդեն ուրիշ իրականության մեջ: Նրանց կրկին հնարավորություն կտրվի միլիոնավոր ու միլիարդավոր տարիներով անցնել էվոլյուցիայի ճանապարհով:

Իսկ ձեզ համար, որ առաջնորդվում եք մեր պատվիրաններով, պատրանքի մեջ մնալու օրերը կկարճացվեն: Ձեզ համար չտեսնված հնարավորություններ կբացվեն ձեր հոգու աճի և հետագա էվոլյուցիայի այն ուղով ընթանալու համար, որը մատնանշում են Համբարձյալ Վեհապետները՝ Իմաստության Տիրակալները:

Ուղու սայթաքուն հատվածներում մենք մշտապես ձեր կողքին ենք: Բավական է միայն ուզենաք, և անմիջական հաղորդակցության մեջ կմտնեք մեզ հետ:

Հարկավոր է միայն, որ հմտություն ձեռք բերեք և շրջապատող պատրանքից դուրս գաք դեպի Աստվածային իրականություն: Եվ դրա համար ուրիշ ոչինչ պետք չէ, բացի ձեր ներքին ջանքերից:

Ինչպես մարզիկներն են մարզում իրենց մկանները, որպեսզի կարողանան հաղթել մրցումներում, այնպես էլ դու՛ք պետք մարզեք ձեր հոգու մկանները, որպեսզի հաղթանակի հասնեք Ձեռնադրումների Ուղու վրա:

Ձեր նկրտումն ու ձեր ամենօրյա հոգևոր գործառությունները մեր օգնությամբ անդառնալիորեն ձեզ կբարձրացնեն հաջորդ էվոլյուցիոն աստիճանի վրա:

Ես ուրախ եղա այսօր ձեզ մեկնելու իմ օգնության ձեռքը և մեկ անգամ ևս ճիշտ ուղղություն տալու ձեր նկրտումներին:

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ

 

Տատյանա Միկուշինա, 2011 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Հաջորդ էջ