Դուք պետք է նվաճեք ձեր Հաղթանակը

Տեր Շիվա

20 դեկտեմբերի, 2017 թ.

 

ԵՍ ԵՄ Շիվան...

Այսօր՝ հենց այս կանխորոշյալ օրը, Ես եմ եկել ձեզ կարևոր Ուղերձ տալու:

Ոչ այն բանի համար, որ դա Մեզ է պետք, այլ՝ ձեզ, որ մարմին առած վիճակում եք և երբեմն բոլորովին չեք հասկանում, թե ինչ է տեղի ունենում:

Իրոք, իրավիճակը շարունակում է սրվել: Կարման խտանում և իջանում է: Տեղի ունեցողը հասկանալն ավելի ու ավելի է բարդանում:

Մենք դա գիտեինք, սիրելինե՛րս, և ձեզ նախապես զգուշացնում էինք:

Մենք բազմիցս ենք ասել, որ ֆիզիկական ոլորտի թրթռանքները բարձրանում են: Իսկ երբ դրանք բարձրանում են, կարմայի էջքն ավելի բուռն է դառնում:

Հիշեք այն իրավիճակը, երբ փետուրե բարձը բակ եք հանում: Բարձը լրիվ մաքուր է թվում, բայց բավական է հատուկ ճիպոտով ծեծեք, և բարձից անմիջապես փոշու ամպ է բարձրանում: Ահա ճիշտ այդպիսի մի բան է տեղի ունենում, երբ մենք բարձրացնում ենք ֆիզիկական ոլորտի թրթռանքների մակարդակը:

Այն ամենը, ինչ խաղաղ ննջում էր ձեր ենթագիտակցության մեջ՝ հազարավոր անցյալ մարմնավորումների դարսաշերտերը, արթնանում են և սկսում դրսևորվել ֆիզիկական ոլորտում:

Դա օրինաչափ գործընթաց է, քանզի տիեզերական ժամկետները մոտեցել են, և հասել է անցյալի կարման բեռնաթափելու ժամանակը: Ահա հենց հիմա՛ է այդ ժամանակը վրա հասել: Բանն այն է, որ նոր տիեզերական բոլորաշրջանում պետք է դրսևորվեն միայն կատարյալ էներգիաներ:

Մենք ձեզ ասել ենք ժամկետների և վրա հասնող ժամանակների մասին:

Ահա ժամանակը հասել է:

Մենք նաև ասել ենք, որ հիմա մարմին են առել մարդկության լավագույն ներկայացուցիչները: Խոսել ենք ձեր դերի և պատասխանատվության մասին: Քանզի էներգիաների համակշռությունը կարող են պահպանել միայն լավ նախապատրաստված հոգիները՝ այդ առաքելության համար հատուկ նախապատրաստվածները:

Համակշռություն պահպանելու եղանակները հայտնի են: Եվ վերջին 12 տարիների ընթացքում այս Դեսպանորդի միջոցով  շատ թողության շնորհներ և Աստվածային Ողորմածություններ են տրվել, որոնք թույլ են տալիս կարմայի էջքը համակշռել աղոթքների, աղոթքային Արթնությունների և ֆիզիկական ոլորտում կատարվող ճիշտ գործողությունների միջոցով:

Տասնյակ թողության շնորհներ են տրվել, որպեսզի դրանց միջոցով առավելագույնս թեթևացվի կարմայական բեռը:

Եվ... Թողության շնորհներից ոչ մեկը չօգտագործվեց:

Պաշտելինե՛րս, Մենք ձեզ օգնության ձեռք ենք մեկնում: Բայց Մենք չենք կարող ձեր փոխարեն ընդունել Երկնքի օգնությունը:

Ուսմունքը տրվում է մոլորակի ամենախավար ժամանակահատվածում, որպեսզի առավել լուսավոր հոգիները կարողանան դրանից օգտվել և թեթևացնել շատերի կարմայական բեռը: Սակայն ձեր փոխարեն Մենք չենք կարող գործել ֆիզիկական ոլորտում: Ձեր փոխարեն չենք կարող աղոթել:

Ես ունեմ ձեր ականջի համար անհաճո բաներ ասելու իրավունքը, քանի որ անձամբ Ես Ինքս այս Դեսպանորդի միջոցով մի քանի թողության շնորհներ եմ տվել: Բայց դրանցից և ոչ մեկը դուք չօգտագործեցիք:

Ամենավերջինը՝ 33-օրյա աղոթքային Արթնությունն էր, որն Իմ խնդրանքով տեղի ունեցավ այս տարվա աշնանը:

Մենք դրա համար ընտրել էինք կարևոր պատմական պահ և կարևոր աստղաբաշխական ժամկետներ: Կարմայական Վարչության կողմից էներգիայի վիթխարի քանակություն էր հատկացվել՝ կարմայի հարյուրամյա կուտակները բեռնաթափելու համար: Դրա մեջ մտնում էին և՛ առաջին համաշխարհային պատերազմի, և՛ Ռուսաստանի բոլշևիկյան հեղափոխության, և Ռուսաստանի ու ողջ աշխարհի հարյուրամյա անաստվածության կարմաները: Այդ կարմայական կծիկի մեջ ներգրավված էին տասնյակ առավել զարգացած երկրներ:

Պահանջվում էր Ռուսաստանից ընդամենը 1200 մարդկանց 33-օրյա մասնակցությունը, որպեսզի Երկնքի արգելապատնեշները բացվեն և փոխակերպության ենթարկվի 100-ամյա այդ կարմայի առյուծի բաժինը:

Դա մի վիթխարի թողության շնորհ էր, որը հազարապատիկ կթեթևացներ կարմայական ծանրաբեռնվածությունը:

Չափազանց ցավալի է, բայց այդ Արթնությանը մասնակցեցին հազիվ կեսը այն լուսակիրների, որոնց հետ Մենք նախապես հույսեր էինք կապել:

Մյուսները զանազան պատճառներ գտան գործից խուսափելու համար. մեկը ծուլացավ, մյուսը տրտնջաց դոգմաներից, որոնցից դեռ չի հասցրել ձերբազատվել, մյուսն էլ ցանկություն ու ժամանակ չունեցավ...

Երևում է, դուք պարզապես դեռ չեք հասկացել, թե ինչպիսի անդունդի առջև եք կանգնած:

Համաձայնեք, որ Մենք հնարավոր ամեն ինչ արել ենք, որ ձեզ հեռու պահենք ամենաահավորից:

Միակ բանը, որ Մենք չենք կարող անել՝ ձեր ազատ կամքին միջամտելն է:

Եթե դուք ձեր ազատ կամքով ուզում եք անդունդը նետվել, ապա Մենք չենք կարող ձեզ հետ պահել: Դա ձեր ընտրությունն է և պատասխանատվությունը:

Սա այն հունձքի ժամանակն է, երբ միայն լավագույն հոգիները կկարողանան ընթանալ հետագա էվոլյուցիոն ուղով:

Ընտրությունն ինքներդ եք կատարում: Դա ձեր ընտրությունն է և պատասխանատվությունը:

Լույսի և խավարի կռիվն ընթանում է ձեզնից յուրաքանչյուրի ներսում: Ձեզ բավականաչափ չափանիշներ են տրվել, և ցուցանվել է տարբերակում կատարելու անհրաժեշտությունը:

Երբ աշակերտները պատրաստվում են կյանք մտնել, նախ ուսում են առնում և ստանում գիտելիքներ: Հետո գալիս է քննություն հանձնելու պահը: Եվ ամեն աշակերտ ցուցադրում է իր ուսումնառության չափը:

Ստացած գիտելիքները նրա համար օգտակար են լինում ամբողջ կյանքի ընթացքում: Իսկ եթե աշակերտներն անփույթ են և չեն ուզում սովորել, ապա նրանք զրկվում են զանազանելու և շարժման ուղղությունը հասկանալու կարողությունից: Նրանց վիճակվում է խավարում անընդհատ դեսուդեն ընկնել և ելք որոնել:

Բոլոր գիտելիքները տրված են, ուղենիշները՝ սահմանված:

Օրինակ՝ ասվել է այն մասին, որ Ուսմունքն անպայման պետք է ամրապնդել գործնական աշխատանքով և այն կիրառել կյանքում, որովհետև Ուսմունքը հենց Կյանքի համար է:

Ասվել է գործելու անհրաժեշտության մասին, բայց նաև ասվել է, որ այդ գործունեությունը պետք է ճիշտ շարժառիթներ ունենա: Այլապես ձեր բոլոր գործողությունները լրացուցիչ կարմա կստեղծեն:

Դուք մեզ չեք կարող հանդիմանել, թե այս ամենադժվար ժամանակներում Մենք ձեզ լքել ենք և չենք ցուցաբերել ամբողջ անհրաժեշտ օգնությունը:

Ամեն ինչ տրվել է, և տրվել է բաց ու թափանցիկ՝ ժամանակի ներկա փուլի համար հնարավոր ամենամատչելի ծավալով:

Իսկ հիմա ժամանակը փոխվել է:

Կարման այնքան է խտացել, որ դուք Մեզ արդեն չեք լսում:

Վրա է հասել ուղու ամենադժվարին շրջանը: Հոգիներից յուրաքանչյուրը պետք է միայնակ թռիչք գործի:

Միայն ամենաուժեղներն ու խիզախները, անշահախնդիր ու նվիրյալ հոգիները կկարողանան ապացուցել էվոլյուցիան շարունակելու իրենց իրավունքը:

Իսկ Մենք հեռու ենք քաշվում: Զի իմաստ չունի ինչ-որ բան ցույց տալ, երբ մարդիկ չեն տեսնում: Իմաստ չունի ինչ-որ բան ասել, երբ մարդիկ չեն լսում: Եվ իմաստ չունի թողություն շնորհել, երբ դրանից օգտվող չկա:

Ես մաղթում եմ, որ ձեր մեջ ուժ գտնեք վերահաս բոլոր փորձություններին դիմակայելու համար:

Աշխատեք հիշել Մեր բոլոր խորհուրդները:

Ձեզ կփրկեն Հավատը և Սերը:

Խավարն անուժ է: Այն սնվում է ձեր էներգիայով:

Արժե՞ արդյոք սնունդ տալ անկատարությանը:

Դուք պետք է նվաճեք ձեր Հաղթանակը...

Մաղթում եմ, որ հաղթեք...

 

ԵՍ ԵՄ Շիվան...

Միշտ Հաղթանակ...

Տատյանա Միկուշինա, 2017 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

Գլխավոր էջ