Գերհրատապ ուղերձ
Սանատ Կումարա
16 նոյեմբերի, 2010 թիվ
ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: Այս օրով ես կրկին եկա, որպեսզի անհրաժեշտ զրույց վարեմ, և կարծում եմ, որ այս տողերն ընթերցող ձեզնից շատերը հավանաբար կտարակուսեն: Սակայն ժամանակն այլևս հապաղում չի հանդուրժում: Ուստի ես կսկսեմ:
Վերջին ժամանակներում մենք թելադրություններ չէինք տալիս մեր դեսպանորդի միջոցով: Եվ դա լիովին արդարացված էր, քանի որ իմաստ չունի Գիտելիք տալ նրանց, ովքեր այդ Գիտելիքն ունակ չեն ընկալելու և յուրացնելու:
Իսկ այսօրվա իմ գալստյան իմաստն ու նպատակն այն է, որ դիմեմ այն քչերին, որոնք մարմնավորման մեջ են գտնվում և կարող են լսել ինձ: Ահա ձե՛զ է, որ դիմում եմ:
Դուք քիչ եք, իսկ կյանքի հանգամանքներն ավելի ու ավելի են բարդանում: Մարդկության կարման թանձրանում է և իր հետևից քաշում նրանց, ովքեր ստիպված են հետևել մարդկանց ընդհանուր զանգվածին:
Հարկ է, որ կանգ առնեք: Թող մարդկային ամբոխն աղմկի, բայց ամենայն ունայն բան թող լռի ձեր էության ներսում:
Հասել է ձեր հերթը: Դուք մարմնավորվել եք մի առաքելության համար, որի ժամանակն արդեն եկել է:
Հարկ է, որ դուրս գաք ամբոխի միջից, հարկ է, որ առանձնանաք ու դառնաք այն, ինչ իրականում կաք՝ Լույսի փոխանցիչ, Լույսի էլեկտրոդ: Ձեր միջոցով, ձեր փոխանցումների միջոցով է, որ պետք է համակշռություն հաստատվի Երկիր մոլորակի վրա:
Խստագույն ժամանակներ են մոտենում: Եվ ընդամենը մի քանի մարդիկ կան մարմնավորման մեջ, որոնք ունակ են այդ աշխատանքը կատարելու մեզ համար:
Կյանքի ունայնությունը պետք է նահանջի: Ամեն ինչ պետք է լռի ձեր ներսում: Ձեր ժամանակն է հասել: Եվ հիմա, երբ ձեզ ընկալունակ դարձրի, պետք է ասեմ ևս մեկ կարևոր բան: Դուք բոլորդ դառնում եք Եղբայրության գործուն աշխատակիցները Երկրի վրա: Եվ հենց ձե՛զ համար եմ հիմա ես խոսում: Դուք պետք է կենտրոնանաք ներքին աշխատանքի վրա, որպեսզի համակշռեք մոլորակում տիրող իրավիճակը:
Այլ ելք չկա՛: Մոլորակի դրությունը երբեք այսքան ծանր չէր եղել:
Համակշռությունը պետք է վերականգնվի՛: Աղոթքների՛ գնով, ներքին անդորրության ու խաղաղության հաստատմա՛ն գնով:
Դուք քիչ եք, և միայն ներքին աշխատանքի վրա անհավատալի կենտրոնացման գնով, ողջ օրվա ընթացքում Բարձրագույնի վրա կենտրոնանալու գնով է հնարավոր պահպանել համակշռությունը:
Ուշադրություն մի՛ դարձրեք այն ամենին, ինչ տեղի է ունենում ձեր շուրջը: Կենտրոնացեք միայն ձեր սրտերի, այն Աստծու վրա, որ ներկա է ձեր ներսում:
Քամին էլ փչի, հողմն էլ ոռնա, հրդեհներ էլ տարածվեն, աշխարհն էլ քանդվի, միևնույնն է. եթե թեկուզ մի քանի հոգու ներսում հուրը վառվում է հավասարաչափ և խաղաղությունն ու ներդաշնակությունն են թագավորում, ապա հնարավոր է ամեն ինչ փոխել:
Ես լռության կոչ եմ անում: Ես կոչ եմ անում, որ աղոթեք: Կոչ եմ անում ներխոկման: Կոչ եմ անում, որ դառնաք այն, ինչ իրականում կաք՝ Աստծո ուստրերն ու դուստրերը: Երբ ամեն ինչ խաղաղվի ձեր ներսում, աստիճանաբար խախտված հավասարակշռությունը կսկսի վերականգնվել:
Իսկ հիմա ես պատրաստ եմ ասելու ևս մեկ բան. մի՛ վախեցեք ոչնչից: Այն ամենավատը, որ կարող էր տեղի ունենալ, արդեն տեղի է ունեցել: Մնացյալ ամեն ինչը տեղի ունեցածի հետևանքը կլինի միայն:
Այսօր ես եկա, որպեսզի նրանք, ովքեր պատրաստ են ինձ լսելու, կարողանան կատարել իրենց պարտքը:
ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ:
Տատյանա Միկուշինա, 2010 թ.
Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը