Ես հստակորեն ձեզ ցույց եմ տալիս ուղին

և ձեր շարժման ուղղությունը

 

Վեհապետ Մորիա

2 հունվարի, 2012 թիվ

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան...

Ես եկել եմ ձեզ հայտնելու, որ այս դեսպանորդի միջոցով տրվող թելադրությունների ձմեռային շրջանը մոտեցավ իր ավարտին:

Շրջանը թեև կարճ, բայց ոչ պակաս կարևոր էր: Ձեզ հիմա կարող է թվալ, թե ոչ մի հիմնարար բան չասվեց այս ընթացքում, կամ դուք որևէ նշանակալից բան չլսեցիք: Սակայն մի՛ շտապեք հետևություններ անել: Շատ շուտով այն գաղտնի բանալիներն ու նոր էներգիաները, որոնք մեզ հաջողվեց այս ուղերձների միջոցով փոխանցել ձեր աշխարհին, իրենց զգացնել կտան: Եվ դա անխուսափելիորեն տեղի կունենա՝ անկախ ձեր արտաքին գիտակցությունից:

Այն հրաշքը, որի մասին մենք խոսեցինք, որոշակի նախապատրաստվածություն է պահանջում: Եվ մենք ձեր գիտակցության մեջ ցանեցինք Աստվածային Իմաստության սերմեր, որոնք անպայման ծիլ կտան: Եվ դա նման կլինի հրաշքի:

Մեր ցանած ոչ բոլոր սերմերը կկարողանան ծլարձակել, քանի որ ոչ բոլոր հոգիներն են պատրաստ, որպեսզի Աստվածային Իմաստության սերմը ծիլ տա այնտեղ: Սակայն պետք է ձեզ հայտնեմ, որ այնքան էլ քիչ չեն նրանք, ովքեր իրենք իրենց՝ իրենց հոգիները նախապատրաստել են այն ամբողջ ժամանակահատվածում, երբ մենք թելադրություններ էինք տալիս այս դեսպանորդի միջոցով: Բավարար է ձեր քանակը, որ այս յոթ տարիների ընթացքում կանոնավորապես ընթերցում և վերընթերցում էիք մեր ուղերձները, և արդեն հասել եք գիտակցության այն անհրաժեշտ ու բավարար մակարդակին, որպեսզի անցում կատարեք որակապես նոր զարգացման մակարդակի վրա:

Մենք կանխատեսել էինք, որ ամեն ինչ չէ, որ բարեհաջող կլինի: Մենք ավելի՛ն էինք սպասում, բայց նույնիսկ այն, ինչ հիմա ունենք, կարող ենք բավարար համարել:

Եվ մենք գոհունակությամբ փաստում ենք այն կարևոր հանգամանքը, որ մարդկության լավագույն ներկայացուցիչների գիտակցության զարգացման դեռևս անբացահայտ գործընթացներն ընթանում են ճիշտ ուղղությամբ և կայուն տեմպերով:

Ես լիովին որոշակի ու հստակ ձեզ կարող եմ ասել, որ սկսվել է մի դարաշրջան, երբ միայն այն անհատները, որոնք կարողացան ընկալել մեր Ուսմունքը, կկարողանան Երկիր մոլորակի վրա հաջողությամբ շարունակել իրենց էվոլյուցիան: Եվ, որքան էլ քիչ լինի այդպիսինների քանակը, մենք լիահույս ենք որ ծլարձակումները երկար չեն սպասեցնի:

Ներկայումս ձեզ համար դժվար է պատկերացնել, որ ամեն ինչ կարող է փոխվել: Սակայն կլինի հենց այդպես, և դա նման կլինի հրաշքի:

Ավելի համարձակորե՛ն ձեր գիտակցությամբ մղվեք դեպի նորն ու անսովորը... Ավլե՛ք հինն ու իր դարն ապրածը... Եթե համարձակ ու վճռականորեն կարողանաք դա անել, ապա ակնթարթորեն ձեր աշխարհ մուտք կգործի նորն ու նորագույնը:

Բնությունը դատարկություն չի սիրում: Հենց որ որոշում ընդունեք ձերբազատվելու ձեր որևէ բացասական հատկանիշից կամ սովորությունից, այդ անկատարության փոխարեն կկարողանաք ձեր մեջ ներքաշել Աստվածային կատարյալ հատկանիշ: Այդպես հրաժեշտ տալով հնին՝ դուք ձեր աշխարհում նորն եք մտցնում: Մղվելով դեպի վերամբարձը՝ դրանով փոխարինում եք հինն ու իր դարն ապրածը:

Ավելի համարձա՜կ եղեք: Ձեր մղումները հենց հիմա՛ է, որ կողջունվեն ու վճռականորեն կօժանդակվեն Երկնոլորտների կողմից: Որովհետև դրա ժամանակը հասե՜լ է: Մեծագույն փոփոխությունների ժամանա՜կն է հիմա՝ բոլորաշրջանի փոխման ժամանա՜կը: Եվ տիեզերական էներգիայի ալիքով դուք շատ շուտով կբարձրանաք Աստվածային գիտակցության այն մակարդակի վրա, որն այս փուլում անհրաժեշտ է մարդկությանը:

Այնժամ, երբ ձեր գիտակցությունն ունակ կլինի բարձրանալու Աստվածայինի մակարդակին, հասարակության կյանքի բոլոր ոլորտների համար անհրաժեշտ փոփոխությունները տեղի կունենան կարծես ինքնըստինքյան:

Հասարակության կյանքի բոլոր ոլորտները որոշվում են գիտակցության միջին մակարդակով: Հատկապես այն հասարակությունը, որում գերակշռում են վախն ու անհանդուրժողականությունը, ատելությունն ու հակա-սիրո դրսևորումները, դիմում է սպառազինության ու սահմաններ կառուցելուն: Իսկ այն հասարակությունը, որում գերակշռում են սերն ու ներդաշնակությունը, բացում է սահմանները, և Աստվածային Ազատությունը հնարավորություն է ստանում դրսևորվելու այնտեղ, որտեղ դեռ երեկ իշխում էին քաոսն ու սարսափը:

Ավելի՜ համարձակ եղեք... Սրանից վատ վիճակ այլևս հնարավոր չէ, որ լինի: Անաստված դրսևորումները շատ շուտով ստիպված կլինեն լքել ֆիզիկական աշխարհը:

Եվ հիմա, երբ դուք տարակուսում եք, թե ո՞ր ուղղությամբ շարժվեք ու մղվեք, ես ձեզ հստակ ցույց եմ տալիս ուղին և ձեր շարժման ուղղությունը:

Միայն ձեր գիտակցության մեջ առկա շղարշը թույլ չի տալիս, որ հասկանաք իմ խոսքերը և յուրացնեք Աստվածային աշխարհի ամենապարզ հասկացությունները:

Ավելի համարձա՛կ հրաժեշտ տվեք հետտոնական զարդարանքներին և արհեստական կրակների փայլփլոցին: Մու՛տք գործեք տիեզերական լայնարձակություն...

Բացահայտե՛ք ձեզ համար հեռավոր աշխարհները, նվաճե՛ք ձեր ներսում Աստվածային գիտակցության ձյունաճերմակ ու պայծառափայլ գագաթները:

Դուք շա՜տ անելիքներ ունեք. Հիմա ձեզ մե՜ծ աշխատանքներ են սպասվում: Սկսե՛ք ձեր առաջխաղացումը: Անհրաժեշտ ամեն ինչ արդեն տրված է: Տրված են բոլոր առաջնորդող ցուցումները և ցույց են տրված բոլոր ստորջրյա խութերն ու գաղտնի հոսանքները:

Տեղից շարժվե՛ք: Առա՜ջ...

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան

 

Տատյանա Միկուշինա, 2012 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ