Տարեսկզբի ուղերձ

 

Հաութամա Բուդդա

1 հունվարի, 2012 թիվ

 

ԵՍ ԵՄ Հաութամա Բուդդան: Ես այսօր ձեզ այցի եմ եկել:

Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ձեզ ուղերձ տալու տարվա սկզբին: Նույնիսկ ո՛չ այն բանի համար, որ այս տարին առանձնահատուկ է, այլ՝ որ ավանդույթ է դարձել ամեն տարվա սկզբին ուղերձ տալս:

Ինչպես դուք կարող եք զգալ, ձեզ շրջապատող իրականության էներգիաները փոփոխության են ենթարկվում: Եվ այդ նոր էներգիաները կարող են նորացնել ձեր աշխարհը: Եվ ես՝ որպես Աշխարհի Տեր, պարտավոր եմ ձեզ տեղյակ պահել, որ դուք մուտք եք գործում էվոլյուցիոն զարգացման պատասխանատու շրջան: Հասել է այն պահը, երբ ձեր յուրաքանչյուր նախընտրանքից կախված կլինի այն, թե մարդկությունը որքանո՞վ անվտանգ կզարգանա և առաջ կընթանա էվոլյուցիոն զարգացման աստիճաններով: Եվ այդ իմաստով՝ այս նոր տարին խիստ նշանակալից է և բացում է նոր տարածություն՝ ապագայի տարածությունը:

Այս պահին ես հայացք եմ նետում Երկիր մոլորակի նուրբ ոլորտների վրա: Մոլորակի ոչ բոլոր տիրույթներն են պատրաստ վերահաս փոփոխություններին: Սակայն ես գոհունակությամբ կարող եմ նշել, որ շատ ու շատ մարդկանց գիտակցությունն սկսել է փոխվել լավի կողմը՝ հոգածություն կա շրջապատի նկատմամբ, ավելի մեծ նպատակամղվածություն՝ ի բարօրություն բոլոր կենդանի էակների:

Մոլորակի վրա տեղի ունեցող համամոլորակային փոփոխությունների ըմբռնումը սկսում է մուտք գործել մարդկության լավագույն ներկայացուցիչների գիտակցության մեջ, որից հետո այդ ներկայացուցիչների միջոցով գրավում է հասարակության առաջավոր հատվածի մտքերը:

Եկել է այն ժամանակը, երբ սեփական նեղ ու անձնական բնույթի հետաքրքրությունների վրա կենտրոնացումը հակասության մեջ է մտնում ժամանակի պահանջի հետ: Եկել է այն ժամանակը, երբ միայն համայնքային գիտակցությունը՝ մերձավորների նկատմամբ խնամք տածելու վրա կենտրոնացված գիտակցությունը, մոլորակի Ընդհանուր Բարօրության և ամեն մի առանձին կենդանի էակի մասին հոգ տանող գիտակցությունը հեռանկար կունենա իր զարգացման համար:

Մարդկության գիտակցության այդ շրջադարձը նաև մոտ ապագայում կգրավի առաջատար դիրք: Հատկապես այն գիտակցությունը, որը կենտրոնացած կլինի մերձավորի մասին հոգալու, երկրի վրա ապրող ամեն մի կենդանի էակի օգնելու վրա, հնարավորություն կունենա շարունակելու իր էվոլյուցիան:

Ըստ այդմ, սկսվել է պատասխանատու փուլը ձեր էվոլյուցիայի՝ որպես էակների, որոնք բնակեցնում են Երկիր մոլորակը և պատասխանատվություն են կրում այդ մոլորակի համար:

Ձեր ամեն մի հաջորդ քայլը, ամեն մի հաջորդ ընտրությունը, որ գերադասում եք կատարել, կա՛մ ձեզ առաջ կմղի էվոլյուցիայի ուղով, կա՛մ կնետի պատմության հետնաբակը: Եվ այդ ընտրությունն ինքնե՛րդ կանեք՝ ամեն մեկդ ինքնուրույնաբար:

Այո՛, մենք գալիս ենք, նախազգուշացնում ենք, Ուսմունք ենք տալիս, բայց դուք ինքներդ ձեր ազատ կամքով կարող եք ականջալուր լինել մեր խորհուրդներին, կամ՝ ոչ. կա՛մ հետևել մեր հանձնարարականներին, կա՛մ առաջնորդվել ձեր րոպեական ցանկություններով ու մղումներով:

Ամեն ինչ շատ պարզ է, սիրելինե՛րս: Երբ դուք ընդլայնում եք ձեր տեսադաշտը, երբ ձեր գիտակցությամբ բարձրանում եք որոշակի մակարդակի վրա, ապա հնրավորություն եք ստանում ձեռք բերելու մարդկության զարգացման հեռանկարների Աստվածային տեսլականը:

Իսկ երբ լռվում եք ձեր գիտակցության մութ անկյուններում և չեք ուզում հարմարավետ ճեղքերից՝ սովորական դարձած փոշեկոլոլ ու հոտած վայրերից,  լույս աշխարհ դուրս գալ, որտեղ ինքներդ եք ձեզ խցկել վերհաս փոփոխություններից երկյուղելով, ապա ձեր տեսադաշտը նեղանում է, և դուք ձեզ պարուրած վախից բացի այլ զգացմունք ապրելու ունակ չեք լինում:

Ամբողջ բանը, սիրելինե՛րս, ձեր նախընտրանքի մեջ է՝ այն նախընտրանքի, որը կատարում եք ձեր գիտակցության մեջ: Դուք կարող եք ձեր կյանքը նվիրել Երկիր մոլորակի կենսահոսքերին ծառայելուն, և ձեր առջև կբացվեն Աստվածային գիտակցության հորիզոնները: Կամ էլ կարող եք ձեր ամբողջ կյանքը նվիրել սեփական էգոյին ծառայելուն և դրա անհագ ցանկություններին հագուրդ տալուն, և այդ դեպքում ամբողջ աշխարհը ձեզ համար կսահմանափակվի աշխարհի այն փոքրիկ կտորով, որն ինքներդ եք ձեզ համար ստեղծել:

Գալիք աշխարհում տեղ չունի այն գիտակցությունը, որը կենտրոնացել է իր էգոյի քմայքները բավարարելու վրա: Միայն այն գիտակցությունները, որոնք ունակ կլինեն իրենց ուշադրության տիրույթն ընդլայնել մինչև Աստվածային հորիզոններ, իրենց առջև բացված կտեսնեն էվոլյուցիայի Ուղին: Ահա այդպիսի՛ն է հիմա իրավիճակն աշխարհում:

Ժամանակին պաշտելի Հիսուս ասել է, որ կգա որոմը հատիկից ջոկելու ժամանակը: Եվ ահա ես ձեզ համար կրկնում եմ, որ հասել է այն պահը, երբ ձեզնից ամեն ոք պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ հետևել էվոլյուցիայի ուղուն, կա՛մ գորշ կյանք վարել պատմության հետնաբակերում:

Ձեզնից յուրաքանչյուրն ստիպված կլինի ընտրություն կատարել, քանի որ դրա ժամանակը եկել է, և նոր տարածությունը բաց կլինի միայն նրանց համար, ովքեր կընտրեն էվոլյուցիոն զարգացման Ուղին:

Ամեն ինչ շատ պարզ է: Եվ ընտրության գործն էլ է շատ պարզ: Դուք կա՛մ ընտրում եք Աստծուն, կա՛մ ձեր մահկանացու գիտակցությունը, ձեր էգոն:

Որին նախապատվություն կտաք, վերջին հաշվով դրա հետ էլ կմնաք:

Եթե կամենում եք մնալ ձեր անիրական մահկանացու մասի հետ, եթե ինքներդ ձեզ նույնացնում եք ձեր մարմնի հետ և ամբողջովին կապված եք դրա հետ, ապա այդպես կապված էլ կմնաք և մահ կճաշակեք:

Իսկ եթե ձեր մարդկային գիտակցությունը բարձրացնեք Աստվածայինի մակարդակին, ապա որպես պարգև անմահություն կստանաք և հավերժական կյանք:

Ձեր ընտրությամբ ինքնե՛րդ եք որոշում ձեր հետագա ուղին:

Ես միայն կարող եմ ուղղություն ցույց տալ: Բայց ես չեմ կարող առաջ ընթանալ ձեր փոխարեն:

Այսպիսով, իմ այսօրվա գալստյան նպատակն այն էր, որ մարկությանը մեկ անգամ ևս հիշեցնեմ վերահաս ժամկետների մասին:

Նաև կուզենայի ձեր մեջ վստահություն ներարկել, որ ձեր յուրաքանչյուր շարժումը՝ նույնիսկ մտքի շարժումը, որն ուղղված կլինի դեպի էվոլյուցիոն ուղին, աննախադեպ օժանդակության կարժանանա Երկնոլորտների կողմից:

Մենք գիտակցում ենք պատրանքի հաղթահարման ողջ դժվարությունը, որը հիմա իր ծաղկման գագաթնակետին է գտնվում: Ուստի դեպի Բարձրագույն աշխարհներ ձեր ամեն մի ձգտումը բազմակիորեն կուժեղացվի և կօժանդակվի Համբարձյալ Դասերի կողմից:

Ըստ այդմ՝ դուք ոչնչից չպետք է վախենաք: Ուղու ամենադժվարին հատվածներում ձեզ կօգնեն հոգածու ձեռքեր: Միայն թե հայացք նետեք մեր՝ Իմաստության Տիրակալներիս կողմը. միայն թե օգնություն խնդրեք, և այն ձեզ կհասնի:

 

ԵՍ ԵՄ Հաութամա Բուդդան

Տատյանա Միկուշինա, 2012 թ.

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ