Պաշտելի Հիսուսի
Մեդիտացիան

 կազմված է  2005 թ-ի մարտի 21-ի  թելադրության հիման վրա

 

Ես դիմում եմ ձեզնից նրանց, ովքեր հատուկ հարազատություն են զգում իմ նկատմամբ. իմացե'ք, որ ես բաց եմ՝ ձեր սրտերում ինձ հետ կապ ստեղծելու համար:

Ես գալիս եմ յուրաքանչյուրի մոտ, ով ինձ հրավիրում է և նախապատրաստել է իր տաճարն՝ ինձ ընդունելու համար:

Մի' ահաբեկվեք, և մի' հուսահատվեք, եթե մեր հաղորդակցությունը միանգամից չի կայանում: Ինձ անհրաժեշտ է, որ ձեր թրթիռները հասնեն որոշակի մաքրության աստիճանի, որից հետո ես կկարողանամ ներկա գտնվել ձեր մեջ և հաղորդակցվել ձեզ հետ:

Ինձ հետ հաղորդակցվելու ձեր մղումը կստեղծի որոշակի ձգտման մագնիս, և ես հնարավորություն կստանամ ներքին հաղորդակցության համար մուտք գործել ձեր սրտի մեջ:

Եթե դուք ուշադրությամբ վերընթերցեք Կտակարանի նույնիսկ այն տարբերակը, որն այժմ մատչելի է կարդալու համար, ապա կտեսնեք, որ ես երբեք արտաքին ծիսակարգը պահպանելու կոչ չեմ արել: Ես կոչ եմ արել ընթանալ Ուղով, որն անցնում է ձեր սրտերի միջով:
Ես ուսուցանել եմ ձեզ, որ դուք նախապատրաստեք ձեր տաճարները փեսացուի գալստյան համար: Ձեր փեսան՝ դա ձեր Ես-Քրիստոսն է:



Երբ դուք հասնում եք ձեր ստորին չորս մարմինների, ձեր հոգու որոշակի մաքրության աստիճանի, ապա հնարավորություն եք ստանում հաղորդակցվելու ձեր բարձրագույն Ես-Քրիստոսի հետ՝ ձե'ր իսկ բարձրագույն մասի հետ, որից հետո ձեր Ես-Քրիստոսի միջոցով հնարավորություն եք ստանում հաղորդակցվելու նաև բոլոր Համբարձյալ Դասերի հետ:

Իրականում ձեզ պետք չէ ոչ մի արտաքին դեսպանորդ, որպեսզի մեր հաղորդակցությունը կայանա:
Ես կտամ ձեզ և' իմ օժանդակությունը, և' իմ հանգիստը, և' իմ մխիթարությունը: Այդ ամենը դուք կստանաք ձեր ներսում՝ ձեր սրտում:

Ես կգամ բոլորի մոտ, ով սպասում է ինձ, ով ձանձրացել է առանց ինձ: Ես ձեզ խոստանում եմ, որ կգամ ձեզնից յուրաքանչյուրի մոտ և կտամ հենց այն, ինչին ամենաշատն է ծարավ ձեր սիրտը:

Ես ձեզ գիտելիք կտամ ձեր Սկզբնաղբյուրի մասին՝ այն աշխարհի մասին, որտեղից եկել եք և ուր ձգտում եք վերադառնալ: Ես ձեզ կհիշեցնեմ ձեր առաջին սիրո մասին, ես ձեզ գիտելիք կտամ այն Ուղու մասին, որը ձեզ կբերի Տուն՝ ձեր Երկնավոր Հոր մոտ:

Մի' հավատացեք նրան, ով ձեզ կասի, թե ահա այս արքայությունն այստեղ է, կամ ահա այդ արքայությունն այնտեղ է: Մի' հավատացեք նրանց, ովքեր կհամոզեն ձեզ կառուցել այդ Արքայությունն արտաքին աշխարհում:

Աստծո Արքայությունը ձեր գիտակցության վիճակն է: Եվ երբ դուք հասնում եք ձեր գիտակցության զարգացման որոշակի մակարդակին, ապա դուք Աստծո Արքայություն մտնելու թույլտվություն եք ստանում:

Բռնեցե'ք իմ ձեռքը:

Ամուր պահե'ք այն, և ես ցույց կտամ ձեզ դեպի այդ Արքայությունը տանող ճանապարհը, որը գտնվում է ձեր սրտի ներսում:

Միայն թե՝ սկզբում դուք պետք է կամավոր կերպով հրաժեշտ տաք ձեր այն որակներին, որոնք ծանրաբեռնում են ձեր սրտերը և խանգարում ձեզ ճանաչելու ինձ՝ նույնիսկ այն ժամանակ, երբ ես մոտենում եմ ձեզ և կանգնում ուղիղ ձեր աչքերի առաջ:

Դուք ինձ չեք տեսնի այնքան ժամանակ, քանի դեռ չեք կարողանա ազատվել ձեր ուսաբեռից: Դա մի բեռ է, որ գոյացել է ձեզ շրջապատող աշխարհի հետ ունեցած ձեր կապվածություններից:

 

Ես ձեզ վարժություն կտամ, և խոստացեք, որ այն ամեն օր կկատարեք.

 

Պատկերացրե'ք, որ ուղիղ ձեր առջև տեսնում եք կուրացուցիչ փայլատակող Լույս:

Ձեր մեջ ցանկություն է առաջանում ձուլվել այդ Լույսի հետ՝ դառնալ նրա հետ մի միասնություն: Բայց այդ Լույսը վառում է ձեզ, և դուք չեք կարողանում մոտենալ նրան:
Որովհետև ձեր մեջ կա մի բան, որը Լույսից չէ՝ մի բան, որը խանգարում է ձեզ հասնելու ձեր իսկական բնույթին համապատասխանող վիճակին, այն է՝ Լույս Հուր, Բոց:

Մտածե'ք՝ ի՞նչն է ձեզ խանգարում: Ի՞նչն է, որ Լույսից չէ:

Պե'տք չէ փորձել միանգամից ազատվել ձեր բոլոր անկատարություններից: Գտե'ք ձեր մեջ այն հատկանիշը, որը ձեր կարծիքով ամենաշատն է խանգարում ձեզ,որպեսզի  դրսևորեք ձեր իսկական էությունը:

Եթե դուք չեք գտնում, թե դա որ հատկանիշն է, ապա մտասևեռվե'ք ինձ վրա, խնդրե'ք ինձ, և ես կհուշեմ ձեզ, թե դա որ հատկանիշն է: Այն բացահայտ կդառնա ձեր կյանքում, և դուք կուզենաք ազատվել դրանից:

Դուք պետք է այնքան կրքոտ ցանկանաք ազատվել այդ հատկանիշից կամ վնասակար սովորությունից, որ ինձ ուղղված ձեր յուրաքանչյուր աղոթքում խնդրեք ինձ, որ ազատեմ ձեզ այդ հատկանիշից, որ օգնեմ ձեզ հաղթահարելու ձեր այդ անկատարությունը:

Դուք պարզապես կարող եք խնդրել, կարող եք աղոթել:
Եվ կգա օրը, երբ դուք լրիվությամբ կազատվեք ձեր այդ հատկանիշից կամ սովորությունից: Այդ դեպքում՝ ձեռնամուխ եղեք հաջորդ անկատարության վերացմանը:

Տվե'ք ինձ ձեր բոլոր անկատարությունները: Խնդրե'ք ինձ, և ես կվերցնեմ բոլորը:

Եվ ձեր մեջ այլևս չի լինի ոչինչ, որ խանգարի տեսնել ինձ, երբ ես կանգնած եմ ձեր առաջ: Ինձ միայն կմնա բռնել ձեր ձեռքը և ձեզ տանել դեպի Աստծո Արքայության այն գաղտնի մուտքը, որը թաքցված է ձեր սրտի գաղտնի մենաստանում:

Իսկ մինչ այդ՝ մենք դեռ կհանդիպենք: Ես ձեզ մոտ կգամ նորից ու նորից՝ այնքան ժամանակ, քանի դեռ ունակ չեք լինի լսելու ինձ և զգալու իմ Սերը:

 

ԵՍ ԵՄ Հիսուս՝ ձեր ընկերն ու եղբայրը ձեր Ճանանպարհին:

 


Մեդիտացիան կազմված է  2005 թ-ի մարտի 21-ի  թելադրության հիման վրա

Ձևավորող՝ Տատյանա Մարտինենկո

Թարգմանիչ՝ Խաչիկ Մանասելյան