Պարզաբանումներ աշակերտության Ուղու վերաբերյալ

Տեր Մայտրեյա

29 ապրիլի, 2006 թիվ

 

ԵՍ ԵՄ Մայտրեյան՝ կրկին ձեզ մոտ եկածս: Եվ, ինչպես միշտ՝ ես եկել եմ, որպեսզի ձեզ խրատեմ ձեր Ուղու վրա: Իսկ ձեր Ուղին, ինչպես դուք արդեն հասկացել եք իմ նախորդ թելադրություններից, սերտորեն կապված է Ձեռնադրումների Ուղու հետ: Այդ Ուղին ձեր Տունդարձի՝ Աստծո մոտ տանող, ամենակարճ ճանապարհն է: Եվ, եթե դուք դեռևս կասկածում եք դրանում և հոռետեսորեն եք ընկալում այս շրջանի թելադրություններով ձեզ տրվող խրատները, ապա ի՞նչ արած, դա ձեր ընտրությունն է, և ձեր ժամը դեռ չի հասել: Դուք իրավունք ունեք էլի' թրև գալու ձեր պատրանքի մեջ և փորձելու ձեր ֆիզիկական աշխարհից էլի' հաճույքներ ստանալ: Սակայն, ամեն մի նոր մարմնավորման հետ դուք ավելի ու ավելի քիչ հաճույքներ կզգաք, քանի որ ձեր հոգիները գալիս են այդ աշխարհ, որպեսզի գտնեն Ուղին, իսկ դուք դեռևս շարունակում եք ձեր գոյության իմաստը փնտրել ձեր սահմանափակ աշխարհի ներսում՝ չկամենալով բարձրացնել ձեր գիտակցությունն ու վեր նայել, դիմել Աստծուն և տեսնել ձեր աշխարհի սահմանափակությունը: Դուք գտնվում եք ձեր գիտակցության սահմանափակումներով ստեղծված բանտում: Եվ ձեր զնդանի պատերը միայն ինքնե'րդ կարող եք խորտակել: Ես այդ գործում կարող եմ ձեզ օգնել, բայց դուք ինքնե'րդ պետք է օգնության խնդրանքով դիմեք ինձ: Ես օգնում եմ միայն նրանց, ովքեր դիմում են ինձ: Եվ իմ օգնությունը կայանում է ձեր էգոյի և ֆիզիկական աշխարհի հետ ունեցած ձեր կապվածությունների ավերման մեջ: Ձեզնից շատերն այն իրավիճակը, որում հայտնվում են՝ սկսելով Ուղով իրենց առաջընթացը, ընկալում են որպես ամեն ինչի փլուզում: Դուք տեսնում եք, թե ինչպես են մեկը մյուսի հետևից փլվում ձեր ստերեոտիպերն ու կապվածությունները, իսկ ձեր էգոն երերում է այդ փորձություններից և ներշնչում ձեզ, որ ընթանում եք սխալ ճանապարհով, որ դեպի Աստված տանող Ուղին պետք է միայն երանություն պարունակի ու հանգստություն: Այո', դուք իրոք գնում եք դեպի երանություն ու հանգստություն, սակայն որպեսզի հասնեք խաղաղվածության վիճակի, դուք պետք է հրաժարվեք այն ամենից, ինչը խոչընդոտում է ձեր առաջընթացին և ստիպում ձեզ՝ նորից ու նորից գալ այդ աշխարհն ու տառապանքներ կրել:

Ձեր աշխարհում տառապանքներն ու գիտակցության վերամբարձ վիճակն այնպես են միահյուսված ու խառնված իրար, որ երբեմն դուք ձեր կյանքում ոչինչ ի վիճակի չեք լինում հասկանալու: Եվ ես ձգտում եմ այն բանին, որպեսզի պոկեմ ձեզ սովորական կյանքից և ստիպեմ, որ կյանքին նայեք այլ տեսանկյունից:

Այդ Ուղին անխզելիորեն կապված է էգոյի հանձնման հետ, և միաժամանակ  դուք պետք է հասնեք ձեզ շրջապատող ամեն ինչի հետ Միասնության վիճակին,  Աստծուն, համայն տիեզերքում գոյություն ունեցող Բարձրագույն Օրենքին հնազանդվելու վիճակին: Ձեզնից շատերի համար ամեն մի փոփոխությունը, առավել ևս՝ իմ սարսափազդու խոսքերից հետո, խոչընդոտ են դառնում, դուք վախ եք զգում և չեք ուզում ընդունել այն պայմանները, որոնք մենք առաջարկում ենք: Դե ինչ, քանի որ դուք վախ եք զգում, ապա առաջին բանը, որ պետք է անեք, այդ վախից ձերբազատվելն է: Դա նման է այն վախին, որը դուք զգում եք, երբ անցնում եք այլ աշխարհ: Դա այն է, ինչին ձեր լեզվով մահ եք անվանում: Իսկ ես ձեզ ասում եմ, որ իրական մահը ձեզ համար  ձեր աշխարհում անմիտ գոյության վիճակն է հանդիսանում և ձեր աշխարհի հետ ունեցած կապվածություններին կառչած մնալը: Քանզի այդ դեպքում է միայն, որ դուք իրապես մեռնելու ռիսկի եք դիմում: Սարսափելի չէ, երբ դուք փոխում եք ձեր մարմինը, այլ առավել ցավալի է այն, երբ կորցնում եք ձեր հոգին:

Եվ դուք դա նույնիսկ չեք էլ գիտակցում, քանի որ ձեր գիտակցությունը կապված է ձեր ֆիզիկական մարմնի հետ և այն ամենի հետ, ինչը շրջապատում է ձեզ ֆիզիկական աշխարհում: Իսկ, քանի որ այդ աշխարհը մոտ ժամանակներում կդադարի գոյություն ունենալ, ապա, եթե ձեր գիտակցությունը չտեղափոխեք Բարձրագույն աշխարհներ, իրապես դուք նույնպես կդադարեք գոյություն ունենալ: Դուք ընտրություն եք կատարում անցողիկի ու անանցի, ֆիզիկական աշխարհի ու իրական, Աստվածային աշխարհի միջև: Եվ դա էլ հենց Ձեռնադրումների ողջ Ուղին է հանդիսանում: Եվ այնժամ, երբ դուք գրանցվում եք իմ Դպրոցում և սկսում եք ընթանալ Ձեռնադրումների Ուղով, պարզապես սկսում եք գիտակից ձևով տեսնել, թե օր-օրի ինչպես եք ստիպված լինում ընտրություն կատարել անցողիկի ու անանցի միջև: Եվ այն դեպքում, երբ կատարում եք ճիշտ ընտրություններ և ձերբազատվում հերթական կապվածությունից, դուք բերկրանք եք ապրում՝ անառիթ բերկրանք, որը պարուրում է ձեր ողջ էությունը: Իսկ այն դեպքում, երբ չեք կարողանում ազատվել որևէ սովորությունից կամ կապվածությունից, որին հրաժեշտ տալու ժամանակն արդեն հասել է, ապա դուք ճնշվածություն եք զգում և ձեր գոյության իմաստի բացակայություն:

Ես փոխում եմ ձեր վիճակները, և դուք անցնում եք ձեր տեստերը: Դա շատ նման է այն բանին, երբ դուք վարժեցնում եք կենդանիներին: Ցավոք՝ երբեմն հնարավոր չի լինում ուղղակիորեն ազդել ձեր գիտակցության վրա, և մենք ստիպված ենք լինում ազդել ձեր վիճակների միջոցով: Այդպիսով, դուք հնարավորություն եք ստանում Ուղով առաջ գնալ և հասկանալ, թե որ ուղղությամբ եք շարժվում:

Ձեզնից շատերը սպասում են այն բանին, որ անձամբ ես կամ իմ դեսպանորդը գանք և հատուկ հայտնենք իրենց, որ ընդունվել են իմ Դպրոցը և իրենց սպասվում է հերթական քննությունը կամ տեստը: Հավատացե'ք ինձ՝ դուք բոլորդ վաղուց արդեն գտնվում եք իմ քննախույզ հայացքի տակ և անցնում եք ձեր դասերը՝ գտնվելով սովորական կյանքի պայմաններում: Ձեր արտաքին հանգամանքներն ու այն մարդիկ, որոնց հետ հանդիպում եք, ձեզ համար հանդիսանում են ամենալավ տեստերն ու ամենալավ քննությունները:

Ուստի մի' մտահոգվեք այն բանի առթիվ, թե ձեզ տեղյակ չեն պահել, որ ընդունվել եք իմ Դպրոցը: Այդ մասին դուք կիմանաք այն ժամանակ, երբ դրա կարիքը կլինի: Սակայն ձեր կյանքի բոլոր կորուստներն ու տհաճությունները դուք պետք է ընկալեք՝ որպես իմ կողմից տրված տեստ: Եվ դուք ձեռնադրումներ եք անցնում ու փոխադրվում դասարանից դասարան այն դեպքում, երբ ճիշտ ընտրություններ եք կատարում և ճիշտ եզրահանգումներ անում տեստերի արդյունքում:

Ըստ այդմ՝ մի' ձգտեք վկա լինել ինչ-որ գերբնական փորձի: Ձեր կյանքում ձեզ հանդիպում են հատկապես այնպիսի իրադրություններ, որոնց հարկ է, որ հանդիպեք, որպեսզի ձերբազատվեք ձեր որևէ կապվածությունից կամ անկատարությունից: Իսկ, քանի որ ձեր բոլոր կապվածություններն առնչվում են առօրեական բաների հետ, ապա էլ որտե՞ղ, եթե ոչ սովորական կյանքում, դուք պետք է սկսեք ձերբազատվել ձեր կապվածություններից:

Շատ հեշտ է ազատվել ձեր վնասակար սովորություններից, եթե գտնվում եք դրան նպաստող միջավայրում: Իսկ դրանցից ազատվել, երբ շատ են գայթակղությունները՝ ահա դա է հանդիսանում ամենադժվարին ձեռնադրումը, և անցյալի ոչ մի Գաղտնի Ծեսերի Դպրոց չէր կարող ձեզ առաջարկել նման դժվարին տեստ:

Ուստի զննե'ք ինքներդ ձեզ ու ձեր արձագանքները ձեր կենսական իրադրությունների ընթացքում, որոնցում ամեն օր հայտնվում եք: Եվ այնժամ, երբ կանցնեք բոլոր անհրաժեշտ քննությունները, դուք այնքան կմաքրվեք ձեր կապվածություններից, որ կկարողանաք տեսնել ինձ ու հանդիպել ինձ հետ: Ահա հենց այդ ժամանակ էլ դուք առաջին անգամ կիմանաք այն մասին, որ սովորել եք իմ Դպրոցում և հաջողությամբ ավարտել այն:

Դա նման է այն բանին, երբ դուք հեռակա ուսուցում եք անցնում՝ ապրելով ձեր բնակավայրում, իսկ երբ հասնում է ժամը,  գնում եք ուրիշ քաղաք և ստանում ձեր դիպլոմը:

Ըստ այդմ՝ ձեզնից նրանք, ովքեր նամակ են գրել և հրեշտակների միջոցով ուղարկել ինձ, բոլորդ համարվում եք իմ Դպրոցի սան: Բայց եթե դուք առաջվա պես անգիտակից ձևով վերաբերվեք այն իրադրություններին, որոնք ձեր կյանքում ձեզ հանդիպում են, և դրանցից չանեք համապատասխան եզրակացություններ, ապա ես այլևս չեմ կարողանա ձեզ ուշադրություն հատկացնել: Ալարկոտ ու ծույլ աշակերտներն իմ Դպրոցում տեղ չունեն: Եվ ուրեմն՝ ձեր ուսումնառության ժամանակը դեռ չի եկել:

Ես ասացի այն ամենն, ինչն այժմ ձեզ անհրաժեշտ էր լսել: Սակայն դա չի նշանակում, որ ես ձեզ լքում եմ, չեմ հետևի ձեզ ու չեմ խնամի մոտակա ժամանակներում: Ձգտեցե'ք ձեր գիտակցությունը մշտապես համալարված պահել Հիերարխիայի Ճառագայթի հետ: Քանզի այդ դեպքում մեզ համար ավելի հեշտ է լինում ձեզ հետ աշխատելն ու ձեզ առաջ տանելը: Հատկապես այն բանի համար, որպեսզի պահպանեք ձեր կողմնորոշիչները, մենք ձեզ մոտ ենք ուղարկում մեր դեսպանորդներին: Ուստի՝ օգտվե'ք ողջ այն օգնությունից, որը մենք ցուցաբերում ենք:

Իսկ այժմ ես հրաժեշտ եմ տալիս ձեզ, և մինչ նոր հանդիպումներ:

 

ԵՍ ԵՄ Մայտրեյան

 

Տատյանա Միկուշինա, 2006

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ