Ձեզ հանձնեցե'ք բարեփոխումների քամուն և մի' վախեցեք մրսելուց ու հիվանդանալուց

Հաութամա Բուդդա

26 ապրիլի, 2006 թիվ

 

ԵՍ ԵՄ Հաութամա Բուդդան՝ այս օրով ձեզ մոտ եկածս:

ԵՍ ԵՄ եկել, և ինչպես միշտ՝ մտադիր եմ ձեզ մի ոչ մեծ Ուսմունք տալ, որը, հույս ունեմ՝ ձեզ համար օգտակար կլինի: Այսօր ես մտադիր եմ ձեզ համար ուսուցում անցկացնել, որը վերաբերում է բնության հետ ձեր փոխհարաբերություններին  և մարդկային հասարակության մեջ ունեցած ձեր փոխհարաբերություններին:

Դուք յուրահատուկ էք և' ձեր էությամբ, և' ձեր բնույթով: Եվ իրար հետ ու շրջապատի հետ ունեցած ձեր փոխհարաբերությունները շատ կարևոր նշանակություն ունեն: Երբեմն դուք ձեզ նեղություն չեք տալիս խորհելու այն մասին, թե ինչ ազդեցություն եք գործում այն ամենի վրա, ինչը ձեզ շրջապատում է: Ձեզ թվում է, թե ձեր շրջապատի ամեն ինչը գոյություն ունի ձեզնից ու ձեր գիտակցությունից անկախ: Սակայն այն կապը, որը գոյություն ունի ֆիզիկական պլանում դրսևորված ամեն ինչի միջև, շատ ուժեղ է: Այնքան ուժեղ է, որ ձեր շրջապատի հետ ունեցած ձեր փոխազդեցության ամեն մի տարրը, եթե այն չի համապատասխանում Աստվածային մտահղացմանը, կարող է ունենալ կործանարար բացասական ազդեցություն:

Մենք գործադրում ենք մեր ջանքերը, որպեսզի հավասարակշռենք մոլորակի իրավիճակը: Սակայն, դուք ինքներդ էլ այդ նույն բանը կարող եք անել: Ձեզ ընդամենը պետք է, որ սիրով լցվեք ամբողջ կյանքի նկատմամբ՝ կյանքի յուրաքանչյուր դրսևորման նկատմամբ, և զգաք կյանքի յուրաքանչյուր մասնիկի հետ ձեր Միասնությունը:

Ձեր Միասնությունն ինչ-որ մի արտաքին բան չէ, որը դուք պետք է ձեռք բերեք: Ձեր Միասնությունը ձեր ներքին վիճակն է հանդիսանում: Միասնությունը ձեր ներսից է բխում: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ձեր գիտակցության մեջ թույլ տաք Միասնության մասին միտքը: Մի' ձգտեք որևէ մեկին քննադատել: Ձգտեցե'ք ձեր շրջապատի ամեն ինչում տեսնել դրական կողմեր և դրանց վրա կենտրոնացրեք ձեր ուշադրությունը:

Դուք ազդեցություն եք գործում այն ամենի վրա, ինչը ձեզ շրջապատում է: Եվ, քանի որ դուք պոտենցիալ Աստվածներ եք, ապա երբեմն ձեր ազդեցությունն այնքան զգալի է լինում, որ ունակ է լինում հաշված ակնթարթների ընթացքում փոխելու ամբողջ մոլորակի ապագան: Ուստի շատ կարևոր է, որ դուք միշտ կենտրոնացված լինեք դրական բաների վրա: Ունենաք դրական զգացողություններ, ուրախ տրամադրություն: Բոլոր տհաճությունները դուք պետք է դիմավորեք գիտակցորեն: Քանզի որքան շատ դժվարությունների ու պրոբլեմների հետ բախվեք ձեր կյանքում և պատվով դուրս գաք դրանցից, այնքան ավելի մեծ չափով կբեռնաթափեք ձեր կարման և կուղղեք այն սխալները, որոնք թույլ եք տվել անցյալում: Իսկ, ազատագրվելով կարմայից, դուք ձեռք եք բերում աշխարհի վրա ազդելու հնարավորություն: Քանզի Աստծո Լույսը՝ Աստվածային էներգիան, ձեր չակրաների միջոցով կարող է մղվել դեպի աշխարհ:

Հնարավոր չէ զուտ մարդկային սարքավորումներով չափել Աստվածային էներգիայի այն քանակությունը, որն աշխարհին է տալիս այս կամ այն մարդը, բայց ձեր բարձրագույն զգայարանների միջոցով միշտ իմանում եք, թե ում միջոցով է Լույսը գալիս, և շատերն ինտուիտիվ կերպով ձգտում են հաղորդակցվել այդպիսի մարդկանց հետ:

Կան նաև մարդկային գիտակցության այլ նմուշօրինակներ: Օրինակ՝ գիտակցություն, որը կենտրոնացված է ինքն իր վրա և մտածում է միայն իր ու իր ստանալիք հաճույքների մասին: Նման մարդիկ տարածության սև խոռոչներն են: Նրանք էներգիա են կլանում՝ փոխարենը ոչինչ չտալով: Այդ մարդկանց շուրջ ամեն ինչ մեռած է, և իրենք էլ՝ կենդանի մեռյալներ են: Մարդկային գիտակցության այդ երկու ծայրագույն վիճակների միջև կան նաև տարբեր անցումային վիճակներ:

Եվ, ըստ էության, դուք ինքներդ եք միշտ որոշում, թե որ ուղղությամբ շարժվեք: Դուք կամ միայն դեպի Լույսն եք շարժվում, կամ էլ՝ լրիվ հակառակ ուղղությամբ: Կամ ողողում եք ձեզ ու ձեր շրջապատի մարդկանց Աստվածային էներգիայով՝ Լույսով, կամ հանդիսանում եք Աստվածային էներգիայի սպառող:

Երբ Լույս կրող երկու անհատներ հանդիպում են միմյանց, ապա նրանք Աստվածային էներգիա են փոխանակում և մեկմեկու հարստացնում: Աստվածային Բոցի ամեն մի դրսևորումն առանձնահատուկ է: Եվ մարմնավորման մեջ գտնվող Աստվածային բոցերի փոխազդեցությունը հանգեցնում է փոխադարձ հարստացման:

Ըստ այդմ՝ ինչպես ամեն մի անհատի, այնպես էլ ամբողջ մոլորակի համար լավ կլինի, եթե մոլորակի վրա հայտնվեն կղզյակներ, որոնց վրա կարողանան գտնվել ու հաղորդակցվել այն մարդիկ, ովքեր հոգածու սրտեր ունեն, ովքեր հոգ են տանում ոչ միայն իրենց ու իրենց մերձավորների մասին, այլ նաև Երկրի վրա բնակվող բոլոր կենդանի էակների մասին: Նրանց հաղորդակցությունը կհանգեցնի Աստվածային էներգիայի ներհոսքի ուժեղացմանը դեպի ֆիզիկական աշխարհ:

Իսկ այն վայրերում, որտեղ կգերակշռի բացասական էներգիան, որը տարածվում է այն մարդկանց կողմից, ովքեր կենտրոնացված են միայն իրենց վրա, ժամանակի ընթացքում կվերածվեն այնպիսի մարդկանց բորոտանոցի, ովքեր տառապում են գիտակցության անաստվածությամբ:

Մոտակա ժամանակներում տեղի կունենա Երկրի բնակչության զտում: Մարդիկ, ովքեր իրենց սրտում ունեն Աստծուն, կձգտեն միավորվել իրենց նմանների հետ: Նոր բնակավայրեր կհիմնվեն, որտեղ կապրեն այդպիսի մարդիկ: Եվ, քանի որ ամեն  մարդ ազդում է իր շրջապատի ամեն ինչի վրա, ապա նման բնակավայրերի լուսաբացը կհիշեցնի Ոսկեդարը: Դա կլինի Ոսկեդարի տեղայնացումը: Եվ այն բանից կախված, թե որքան հաջող կընթանա այդ շինարարությունը, կորոշվի այն, թե ինչ արագությամբ կընթանան Երկրի վրայի փոփոխությունները:

Փոքր տարիքում հայտնվելով բարենպաստ միջավայրում՝ մարդը կկարողանա ընկալել այն վարվելակերպերն ու բարոյական նորմերը, որոնք բնորոշ կլինեն նման բնակավայրերին:

Ապագայի այդ քաղաքները պետք է սկսեն ի հայտ գալ մոլորակի վրա: Եվ ձեզնից յուրաքանչյուրը կարող է նախաձեռնություն հանդես բերել և ստեղծել այդպիսի բնակավայր: Դուք գիտեք, որ գործերով աղոթքը հանդիսանում է աղոթքի ամենալավ ձևը: Եվ, եթե ձեր մեջ ուժ ու ցանկություն եք զգում, ապա դրսից որևէ հրամանի մի' սպասեք: Գործի անցեք ու կառուցե'ք:

Օգտագործե'ք մոլորակի վրա երևան եկած հնարավորությունը:

Ես ուրախ կլինեմ, եթե մեր առաջարկներն արձագանք գտնեն ձեր սրտերում:

Այն ամենն, ինչ Աստծուց է, այն ամենն, ինչը մարդկանց մղում է դեպի Աստված, կօժանդակվեն ու կդրսևորվեն ձեր աշխարհում: Իսկ այն, ինչն իր իսկ ընտրությամբ հեռանում է Աստծուց, կարժանանա իր սխալ ընտրության պտուղներին: Սակայն, յուրաքանչյուր մարդ և յուրաքանչյուր կենդանի արարած միշտ հնարավորություն ունի վերադառնալու Աստվածային Ուղու վրա:

Պարզապես որոշ մարդկային անհատների դեռևս անհրաժեշտ է դասեր քաղել: Երկիր մոլորակի Բարիքը յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս ստանալու իր դասերը և յուրաքանչյուրի առջև բացում է Աստվածային զարգացման հեռանկարներ:

Այժմ ես ձեզ խնդրում եմ խորանալ ձեր սրտերի մեջ ու խորհրդածել: Ի՞նչն է ձեզ պահում սովոր միջավայրում: Ի՞նչն է ձեզ ստիպում տարիներով կառչած մնալ վարվելակերպի այն ստերեոտիպերին, որոնք ինքնե'րդ եք ձեզ պարտադրել: Ի՞նչն է, որ սահմանափակում է ձեր ազատությունն ու Աստվածայինի դրսևորումը:

Արդյո՞ք այդքան կարևոր է այն ամենն, ինչը խանգարում է ձեր զարգացմանը, և ժամանակը չԷ՞ արդյոք դեն նետելու ձեր բոլոր մանրմունր էգոիստական կապվածություններն ու նվիրաբերելու ձեզ բոլոր կենդանի էակներին՝ փոխարենը ստանալով անսահման խաղաղվածություն և սպասավորության անսահման բերկրանք:

Ձգտեցե'ք ձեր գիտակցության մեջ վերլուծել այն ամենն, ինչը խոչընդոտում է ձեր ներքին ազատության ձեռքբերմանն ու դեպի բարձունքները՝ դեպի Աստվածային լեռնագագաթները, ձեր մղվելուն:

Միայն դուք ինքնե'րդ եք սահմանափակում ձեզ և միայն ինքնե'րդ եք խանգարում ձեր Աստվածային որակների դրսևորմանն ու ձեր Աստվածային կոչումն ի կատար ածելուն:

Թույլ տվեք, որ Աստվածային էներգիան դուրս ժայթքի ձեր էության միջով, և այն իր ճանապարհին կքշի կտանի բոլոր այն մանր ու մեծ խոչընդոտները, որոնք հանդես են գալիս ձեր էգոյի, ձեր վախերի, սահմանափակումների ու դոգմաների տեսքով:

Ձեզ հանձնեցե'ք բարեփոխումների քամուն և մի' վախեցեք մրսելուց ու հիվանդանալուց:

 

ԵՍ ԵՄ Հաութամա Բուդդան՝ ձեր նկատմամբ հավատով լի...

 

Տատյանա Միկուշինա, 2006

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ