Խրատներ այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվեք այն ամենին, ինչը ձեզ շրջապատում է ձեր հոծ աշխարհում և ավելի նուրբ աշխարհներում

Էլ Մորիա

20 ապրիլի, 2006 թիվ

ԵՍ ԵՄ Էլ Մորիա Խանը՝ իմ դեսպանորդի միջոցով նորից ձեզ մոտ եկածս:

Եվ ինչպես նախկինում՝ ես եկել եմ, որպեսզի խոսեմ ձեզ հետ և խրատներ տամ ձեր կյանքի վերաբերյալ, ինչպես նաև՝ աշխարհակառույցում ձեր տեղի վերաբերյալ:

Նման այն երեխաներին, ովքեր աշխարհ են գալիս այն ճանաչելու համար, դուք նույնպես սկսում եք աշխարհաճանաչման գործընթացը, միայն թե՝ այն աշխարհի, որը դեռևս գտնվում է ձեր ֆիզիկական զգայարանների ընկալունակության սահմաններից դուրս:

Բայց այդ աշխարհը գոյություն ունի և իրենից ներկայացնում է այն Բարձրագույն Իրականությունը, որում ժամանակի ընթացքում դուք պետք է ծնվեք և հարատևեք:

Մարմնավորվելուց առաջ, երբ ձեր հոգին գտնվում էր նուրբ աշխարհում, դուք ուսուցանվել և խրատներ եք ստացել այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում, երբ դուք անցում կատարեք հոծ, ֆիզիկական աշխարհ: Այժմ ես գալիս եմ, որպեսզի խրատներ տամ այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում, երբ դուք անցում կատարեք նուրբ աշխարհ:

Քանզի, որքան մեծ է ձեր պատրաստվածությունը նուրբ աշխարհ անցնելիս, այնքան ձեր հոգու համար ավելի քիչ ջանքեր են պահանջվում, որպեսզի հարմարվի մեր աշխարհին: Մենք խոսում ենք բոլորի համար, սակայն ընկալել այն տեղեկատվությունը, որը պարունակվում է թելադրություններում, և հատկապես՝ կարդալ այն տեղեկատվությունը, որը գտնվում է տողատակերում, ո'չ բոլորն են ընդունակ: Դրանում է կայանում Բարձրագույն օկտավաներից եկած թելադրությունների տարբերությունն այն ուղերձներից, որոնք դուք ստանում եք ո'չ շատ բարձր աստրալային ու մենտալային պլաններից: Դա ուղերձների բազմաշերտությունն ու բազմապլանությունն է: Տեղեկատվությունը հաշվարկվում է այնպես, որ այն հասկանալի լինի յուրաքանչյուրին՝ անկախ նրա գիտակցության մակարդակից: Սակայն կա մի բան, որը թաքցված է ընդհանուր արտահայտությունների տակ և հասկանալի է դառնում միայն նրան, ով կարող է տեսնել տողատակերը և լսել ձայն՝ լիակատար խաղաղ լռության մեջ:

Ամեն մեկի համար կա' տեղեկատվություն, սակայն ո'չ բոլորն են ունակ ընկալել ամբողջը:

Թող ձեզ չանհանգստացնի այն, որ շատ բաներ դուրս են մնում ձեր արտաքին գիտակցությունից: Կգա ձեր Ուղու այն փուլը, երբ դուք հանկարծ կսկսեք գիտակցել այն, ինչը նախկինում չեք կարողացել գիտակցել: Ձեր գլխում կսկսեն հայտնվել գիտելիքներ, և դուք չեք հասկանա, թե որտեղից հանկարծ դա իմացաք: Դուք ճիգ կթափեք, որպեսզի հիշեք տեղեկատվության աղբյուրը, բայց այդպես էլ չեք գտնի: Սակայն երբևիցե դուք կհիշեք, որ կարդացել եք Համբարձյալ Տիրակալների այս թելադրությունները և անգիտակցաբար ստացել տեղեկատվություն, որը պարփակված է տողատակերում:

Այս թելադրությունները կարդալու միջոցով դուք միանում եք որոշակի տեղեկատվական ու էներգետիկական էգրեգորի հետ և ունակ եք դառնում ինքնակամ կերպով մուտք գործելու նուրբ աշխարհի տարբեր շերտերն ու Բարձրագույն օկտավաներից ուղղակիորեն տեղեկատվություն ստանալու: Դուք ուսուցում եք ստանում քնի ժամանակ, նաև ուսուցում եք ստանում պայծառացումների ու ըմբռնման տեսքով՝ ինքնակամ կերպով դուրս գալով բարձր եթերային մակարդակի վրա:

Ուստի՝ ամեն ինչ այդքան հեշտ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից...

Սակայն ես պետք է փարատեմ ձեր անհանգստությունը: Առանց ձեր համաձայնության ոչ մի տեղեկատվություն չի լինի և չեք միանա ոչ մի տեղեկատվական աղբյուրի: Դուք կարող եք կարդալ այս ուղերձները՝ անվստահություն զգալով աղբյուրի նկատմամբ ու կասկածելով, և դրանով հանդերձ՝ անանցանելի էներգետիկական պատնեշ ստեղծելով մեր և ձեր միջև:

Եվ միայն այն դեպքում, երբ ձեր հոգին ուրախություն և հրճվանք է ապրում մեր ուղերձներն ընթերցելուց, իսկ դուք ձեր ողջ էությամբ պատրաստակամություն եք արտահայտում հետագա ուսուցման և հետագա տեղեկատվության, գիտելիքների ու էներգիայի ընկալման համար, Երկնոլորտները բացում են ձեր առջև իրենց հնարավորությունները, և ձեզ համար մատչելի են դառնում մեր գրադարանները, դասերն ու տվյալների բազաները:

Դա նման է այն բանին, երբ դուք մատչելիության նշանաբառ եք ստանում որոշակի տեղեկատվության համար: Եվ այդ նշանաբառը ձեզ տրվում է միայն այն դեպքում, երբ դուք հայտնում եք ձեր պատրաստակամությունը, որպեսզի համագործակցեք մեզ հետ և ստանաք մեր տեղեկատվությունը: Սակայն մենք էլ մեր հերթին՝ գնահատում ենք ձեր գիտակցության մակարդակը և ձեզ համար մատչելի ենք դարձնում այն էներգիաներն ու տեղեկատվությունները, որոնք դուք կարող եք յուրացնել: Մենք խնամքով հետևում ենք, որ ձեր կողմից ստացված էներգիայի չափաբաժինը չգերազանցի այն շեմը, որի դեպքում կարող է որևէ վնաս հասցվել ձեր առողջությանը կամ ձեր նուրբ մարմիններին:

Ըստ այդմ՝ աշխարհների ներթափանցման գործընթացն ու աշխարհների համագործակցության գործընթացը գտնվում են մանրազննին հսկողության տակ: Շահադիտական շարժառիթներ ունեցող մարդուն մատչելի չի կարող դառնալ այն տեղեկատվությունը, որը նա կարող է ի վնաս գործադրել որևէ մեկի համար: Իսկ որպես չափանիշ հանդիսանում են ձեր թրթռանքները: Դուք՝ ձեզնից յուրաքանչյուրն, ունի իր առանձնահատուկ թրթիռների սպեկտրը: Դուք Աստվածային Բոցի առանձնահատուկ դրսևորումներ եք հանդիսանում: Եվ ձեր նվաճումների աստիճանն անջնջելի հետք է թողնում ձեր Բոցի, ձեր թրթիռների վրա: Ըստ այդմ՝ մենք միշտ կարող ենք ձեզ տարբերել ձեր բոցով, ձեր թրթիռներով և, հետևաբար, ձեր գիտակցության մակարդակով:

Ձեզ չպետք է անհանգստություն պատճառի այն, որ դուք ուղղակիորեն մեզնից տեղեկատվություն չեք ստանում: Նուրբ պլանի հետ տեղեկատվության առաքման և ընդունման գործընթացը մշակվել է դարերով: Դուք ստանում եք ուղիղ այնքան, որքան անհրաժեշտ է, և միայն այնժամ, երբ գալիս է դրա հարմար պահը:

Սակայն՝ դուք մշտապես պետք է գտնվեք սպասողական վիճակում: Եթե դուք ձգտում չցուցաբերեք և չարտահայտեք ձեր պատրաստակամությունը, ապա էներգիան չի կարողանա թափանցել ձեր աուրայի մեջ, և դուք ինքներդ ձեզ կմեկուսացնեք այն տեղեկատվությունից, որը գալիս է նուրբ պլանից:

Մի կողմից՝ դուք չպետք է անհանգստանաք, որ տեղեկատվություն չեք ստանում, և մյուս կողմից՝ դուք մշտապես պետք է պատրաստ լինեք, որպեսզի տեղեկատվությունն ընդունեք հենց այն պահին, երբ այն պետք է հասնի ձեզ:

Այդ երկու, թվում է թե՝ հակասական, որակների համակցումը դառնում է կենսական անհրաժեշտություն:

Դուք այն ժամանակ եք տեղեկատվություն ստանում, երբ ձերբազատվում եք ինչ-որ բան ձեռք բերելու էգոիստական ցանկությունից: Տեղեկատվությունը ձեզ է հասնում այն աստիճանով, որքանով դուք ունակ եք ազատվել ձեր անիրական մասից և, դրանով հանդերձ՝ ձեր թրթիռները բարձրացնել այնպիսի մակարդակի վրա, երբ ունակ եք դառնում հասնել այն օկտավաներին, որոնց վրա այդ տեղեկատվությունը ձեզ համար դառնում է մատչելի:

Չի' կարող լինել բոլորի համար միատեսակ մոտեցում: Յուրաքանչյուրն ունի Աստվածայնության առանձնահատուկ դրսևորում ֆիզիկական աշխարհում: Եվ ամենակարևոր որակը Արարչի մտահղացման նկատմամբ Սիրով լցվելու ձեր ընդունակությունն է, նաև այն, որ չդադարեք զարմանալ Աստվածայնության դրսևորման այն ամբողջ բազմազանությամբ, որը գոյութուն ունի ձեր շրջապատում. չամփոփվեք ինքներդ ձեր մեջ և ձեր խնդիրներում, այլ դիտեք Աստվածային դրսևորումների բազմազանությունն ու զանազանակերպությունը. Աստվածային հրաշքները տեսնելու կարողություն ունենաք և դրանցով հիանաք: Ահա թե ինչու է ասվել, որ քանի դեռ փոքր մանուկների նման չեք դառնա, չեք կարողանա մտնել Երկնային Արքայություն:

Ես այսօր ձեզ պատկերացում տվեցի այն մասին, թե ինչպես դուք պետք է ընկալեք մեր կապերն իրար հետ և Աստվածային Իրականության հետ, և թե ինչպես վերաբերվեք այն ամենին, ինչը ձեզ շրջապատում է ձեր հոծ աշխարհում և ավելի նուրբ աշխարհներում:

Ես հուսով եմ, որ ձեր ստացած խրատները կնպաստեն ձեր զարգացմանը և կհարստացնեն ձեզ:

Իսկ այժմ եկել է պահը ձեզ հիշեցնելու յուրաքանչյուր ամսվա 23-ի թողության շնորհի մասին, որն իմ կողմից տրվել է նախորդ թելադրություններում: Այժմ ես պետք է հայտարարեմ, որ այդ թողության շնորհը մատչելի է դարձել և գործածվում է շատ խմբերի ու առանձին անհատների կողմից: Ուստի որոշում է ընդունվել, որ տվյալ թողության շնորհի ազդեցության էֆեկտիվությունը մեկ կարգով բազմապատկվի յուրաքանչյուրի համար, ով այս տարվա ոչ մի ամսի 23 բաց չի թողնի՝ սկսած 2006 թ.-ի ապրիլի 23-ից:

Ես շնորհավորում եմ ձեզ, քանզի այս նոր Աստվածային ողորմածությունը մատչելի է դարձել՝ Ուղու վրա ձեր ունեցած նվաճումների շնորհիվ:

ԵՍ ԵՄ Էլ Մորիա Խանը, և ես խոնարհվում եմ ձեր մեջ առկա Աստծո Լույսի առջև:

Տատյանա Միկուշինա, 2006

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ