Ուսմունք Աստվածային հրաշքների մասին

Պաշտելի Սուրիա

17 ապրիլի, 2006 թիվ

ԵՍ ԵՄ Սուրիան՝ այս օրով Մեծ Կենտրոնական Արևից ձեզ մոտ եկածս:

Ես երջանիկ եմ ողջունելու ձեզ, Երկրի զավակնե'ր, և ուրախ եմ՝ ձեզ հետ նոր հանդիպման համար:

Այժմ մենք մի փոքր կկտրվենք երկրային պրոբլեմներից և տարածությամբ ու ժամանակով կտեղափոխվենք ինձ մոտ՝ տիեզերքի այն վայրը, որտեղ ես սիրում եմ բնակվել:

Դուք նույնիսկ չեք կարող երևակայել այն երանությունն ու անդորրը, որ բնորոշ է այդ վայրին: Ձեզ երբեմն պատում է թախիծը, վհատությունը, կծկվում է ձեր սիրտը, և դուք չեք կարողանում բացատրել ձեր այդ վիճակի պատճառը: Որովհետև այն փնտրում եք ձեզնից դուրս: Այնինչ՝ այդ պատճառը ձեր ներսում է գտնվում: Քանզի այդ պահին ձեր հոգին թախծում է այն աշխարհի համար, որն ինքը լքել է միլիոնավոր տարիներ առաջ, իսկ այդ աշխարհի մասին հիշողությունները պահպանված են ձեր սրտերում:

Երանության գագաթ, անսահման հանգիստ և համապարփակ երջանկություն՝ ահա այն վիճակը, որի մեջ ես գտնվում եմ, և որում գտնվում էիք դուք՝ նախքան հոծ աշխարհի մեջ իջնելը: Եվ, եթե դուք թեկուզ մի քանի րոպեով կարողանայիք կտրվել ձեզ շրջապատող ունայնությունից և խորասուզվեիք այդ երանության մեջ, ապա, հայտնի չէ՝ կկարողանայի՞ք արդյոք ուժ գտնել ձեր մեջ՝ նորից ձեր աշխարհ վերադառնալու համար: Այդ պատճառով, նմանատիպ վիճակները մատչելի են դառնում ձեր հոգևոր զարգացման միայն որոշակի փուլում: Եվ բոլորդ ունեք այդ վիճակին հասնելու հնարավորությունը: Եթե ո'չ այս կյանքում, ապա՝ հաջորդում, բայց ձեզնից յուրաքանչյուրն անպայման կապրի այդ երանությունն ու ոչնչի հետ չհամեմատվող հանգիստը: Կարծես թե՝ վերադարձել եք հայրական տուն և այլևս ոչ մի տեղ չունեք գնալու:

Այժմ եկել է ժամանակը, երբ դուք պետք է հիշեք այն վայրը, որտեղից դուրս են եկել ձեր հոգիները: Դա ձեզ անհրաժեշտ է, որպեսզի բռնեք Տունդարձի Ուղին՝ դեպի նախասկզբնական անդորրն ու երանությունը:

Ես եկել եմ, որպեսզի ևս մեկ անգամ հիշեցնեմ ձեզ այն վայրի մասին, որտեղից դուրս եք եկել և ուր պետք է վերադառնաք: Ձեզ համար դժվար է ինձ ականջ դնելն այն ունայնության մեջ, որում այժմ գտնվում եք՝ ամենօրյա ունայնության ու հոգսերի մեջ:

Բայց ես գալիս ու կտրում եմ ձեզ ձեր ունայնությունից ու ձեր հոգսերից: Իսկ դուք կարող եք քշել ինձ՝ ինչպես ձանձրացնող ճանճի: Դուք կարող եք դա անել. դա ձեր իրավունքն է: Սակայն ես համոզված եմ, որ ձեզնից շատերը հնարավորություն կգտնեն ականջալուր լինելու իմ խոսքերին և այն ամենին, ինչ կա այդ խոսքերի հետևում:

Ես եկել եմ՝ հաղթահարելով հսկայական հեռավորություն: Իսկ այդ հեռավորությունը նույնիսկ մատերիական տիեզերքին չի պատկանում: Դա այն ուղին է, որ գտնվում է ձեր ներսում և բաժանում է ձեզ Բարձրագույն Իրականությունից: Եվ ճիշտ այնպես, ինչպես ձեզ համար դժվար է մարմնավորված վիճակում հասկանալ, թե ինչ Իրականության մասին եմ ես խոսում, ինձ համար էլ դժվար է իջնել մինչև այն մակարդակը, երբ դուք կարող եք ինձ լսել՝ թեկուզ և հատուկ պատրաստված դեսպանորդի միջոցով, ով մարմնավորված է ձեր կողքին:

Մենք գալիս ենք նրա տաճարը և հնարավորություն ենք ձեռք բերում տալու մեր ուղերձները: Եվ դա մի հրաշք է, որը տառացիորեն ձեր աչքի առաջ է տեղի ունենում, քանի որ դուք հնարավորություն եք ունենում ծանոթանալու մեր ուղերձների հետ հենց այն նույն օրվա ընթացքում, որում մենք դրանք տալիս ենք: Ամեն մի Աստվածային հրաշք տեղի է ունենում այնպես բնականորեն, որ դուք նույնիսկ չեք գիտակցում, որ դա հրաշք է: Եվ դա հանդիսանում է այն հրաշքների տարբերիչ առանձնահատկությունը, որոնք Աստծուց են: Ցանկացած հրաշք, որը ծնվել է մարդկային գիտակցությամբ, չի կարող տեղի ունենալ այդպես բնական և նշանակալից ջանքեր է պահանջում իր նախապատրաստման համար: Ձեզ հայտնի են շատ ուսմունքներ, որոնք ուսուցանում են, թե ինչպես հրաշքներ գործել: Եվ ձեզնից շատերը ձգտում են գործել այդ հրաշքները՝ կոչվի դա ձեր լեզվով մոգություն, թե էլի ուրիշ ինչ-որ բան: Բայց, եթե դուք հանդիպում եք Աստվածային հրաշքի, ապա առաջին բանը, որ աչքի է զարնում, դա այն է, որ այդ հրաշքը տեղի է ունենում այնքան բնականորեն, որ միայն որոշ ժամանակ անցնելուց հետո եք դուք սկսում գիտակցել, որ բախվել եք ինչ-որ արտասովոր բանի, ինչն արժանի է ձեր ուշադրությանը: Իսկ հրաշքն արդեն տեղի է ունեցել: Եվ այդ Աստվածային հրաշքը տեղի է ունեցել առանց ձեր գիտակցության մասնակցության:

Ըստ այդմ՝ եթե դուք ցանկություն եք ունենում ձեր կյանքում հանդիպելու հրաշքի, ապա ձեր այդ ցանկության մեջ ոչ մի դատապարտելի բան չկա: Եվ, եթե դուք ձեր շուրջը հրաշքներ եք փնտրում, ապա գտնում եք դրանք: Սակայն հրաշքները, ինչպես և ձեր աշխարհում ձեզ շրջապատող ամեն ինչը, ունեն երկակի բնույթ: Կան Սուրբ Հոգու կողմից դրսևորված հրաշքներ, և դրանք իսկապես Տիրոջ հրաշքներն են: Բայց կան և մարդկային գիտակցության մեջ ու դրա օգնությամբ դրսևորված հրաշքներ: Եվ այդ հրաշքները մարդու արգասիք են, այլ ոչ թե՝ Աստծո: Ըստ այդմ՝ սովորե'ք զանազանել: Եվ կատարե'ք ձեր տարբերակումը: Ձեր հրաշքներին ձգտելու մեջ ոչ մի վատ բան չկա: Բայց եթե ձեր այդ ձգտմանը չափազանց շատ ժամանակ եք հատկացնում, ապա ձեզ շրջապատող պատրանքից ստանում եք հրաշքների նմանակումներ, որոնց հետ Աստված և Աստվածային ուժերը ոչ մի ընդհանուր բան չունեն: Այդ պատճառով, դուք պետք է ձգտեք դեպի Աստված՝ դեպի Աստվածային Ճշմարտությունը, այլ ոչ թե պարզապես մտածեք հրաշքների մասին: Քանզի միայն այն ժամանակ եք դուք սկսում ձեր կյանքում բախվել հրաշքների հետ, երբ ձեր գիտակցության մեջ մոտենում եք Աստվածային Ճշմարտությանը:

Հավատացե'ք ինձ, Աստված առանց ձեր խնդրանքի հարկ եղած ժամանակ ցույց կտա իր հրաշքները: Քանզի դեպի Աստվածային Ճշմարտություն ձեր ընթացքն անխուսափելիորեն կհանգեցնի նրան, որ դուք կստանա'ք հրաշքներ. բավական է միայն ուշադիր նայեք ձեր շուրջը:

Հրաշքների տեսքով դրսևորված Աստվածային Ճշմարտության նշաններն անխուսափելի են նրանց ճանապարհին, ովքեր անկեղծորեն ձգտում են դեպի Աստված, այլ ոչ թե փնտրում են էժանագին հրաշքներ, որոնք մարդկանց արածն են:

Այժմ ես ձեզ մենակ կթողնեմ հրաշքների և Աստվածային աշխարհի մասին ձեր մտորումներում: Աստծո հրաշքը միշտ պատրաստ է ի հայտ գալ, բայց միայն մանկանը նմանվող մարդն իր  աչքերով կարող է տեսնել այդ հրաշքը: Թողե'ք ձեր հասուն տարիքի խաղերն ու հոգսերը: Ինքներդ ձեզ թույլ տվեք օրվա մեջ գոնե մի քանի րոպե վերադառնալ ձեր այն մանկությանը, երբ դուք սպասում էիք հրաշքի, և ձեզ համար Աստված ցույց էր տալիս այդ հրաշքը՝ արևածագի ու մայրամուտի, ձյան, անձրևի, ծիածանի տեսքով:

Բոլոր այդ հրաշքները դուք տեսնում էիք ձեր մանկական գիտակցությամբ և ընդունում էիք որպես Աստծո հրաշքներ: Ինչու՞ այժմ դուք չեք տեսնում այդ հրաշքները: Եվ ի՞նչն է խանգարում, որպեսզի ձեր շուրջը տեսնեք այդ հրաշքները:

Համաձայն եմ, որ դուք շատ հոգսեր ունեք, և ձեր կյանքում շատ պարտականություններ են դրված ձեր ուսերին: Սակայն, եթե դուք անկողմնակալ ձևով նայեք ձեր կյանքին, ապա կհասկանաք, որ ձեզ համար չկա ավելի կարևոր բան, քան ձեր կյանքում Աստվածային հրաշքները դիտելը: Եվ, եթե ձեզ շրջապատող կյանքում դուք մշտապես տեսնեք Աստվածային հրաշքներ, ապա ձեր կյանքն էական փոփոխությունների կենթարկվի: Եվ ինքներդ կզարմանաք, թե ինչքան շատ ժամանակ եք ձեռք բերում, որպեսզի դիտեք Աստծո հրաշքները:

Ես հաղթահարել եմ հսկայական տարածություն, որպեսզի ձեզ հիշեցնեմ, որ դուք պետք է սպասեք հրաշքների, և այնժամ հրաշքները կկարողանան ի հայտ գալ ձեր շուրջը:

Արժե'ր հաղթահարել դեպի ձեր սրտերը բերող իմ Ուղին, որպեսզի ձեզ հիշեցնեմ այդ մասին:

ԵՍ ԵՄ Սուրիան, ներկա՝ ձեր սրտերի մեջ:

Տատյանա Միկուշինա, 2006

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ