Օգտվե'ք այն օգնությունից, որ ձեզ ցուցաբերում են Երկնոլորտները, և մի' անտեսեք այդ օգնությունը

Տեր Շիվա

13 մարտի, 2006 թիվ

ԵՍ ԵՄ Շիվան՝ իմ դեսպանորդի միջոցով նորից եկածս:

Իրավիճակն այնպիսին է, որ ես եկա հերթական ուղերձը տալու, որը հնարավորություն կտա ձեզ՝ պարզաբանել իրավիճակը և պարզել ինքներդ ձեզ համար այն կողմնորոշիչները, որոնք պետք է ընտրեք՝ կյանքում դրանցով առաջնորդվելու համար:

Հենց որ ավարտվեց թելադրությունների նախորդ շրջանը՝ մենք թեթևացած շունչ քաշեցինք, որ մեզ հաջողվեց իրականացնել մեր մտահղացումը՝ մարմնավորման մեջ գտնվող հաղորդչի միջոցով մարդկությանը տալ տեղեկատվություն, որի կարիքը նա ունի:

Սակայն հետո մենք բախվեցինք մեր գործողությունների նկատմամբ ցուցաբերվող բոլորովին անկանխատեսելի դիմադրության հետ: Եվ այդ դիմադրությունն անցնում էր մարմնավորման մեջ գտնվող շատ մարդկանց մտքերով, իսկ նրանցից շատերն իրենց համարում էին մեր լուսակիրները: Այդ պատճառով ես եկա ձեզ կրկին հավաստիացնելու, որ մենք կշարունակենք տալ մեր ուղերձները՝ ինչպիսի ջանքեր էլ որ դա խլի մեզնից: Եվ դա մենք կանենք մեր այն պլաններին ու մեր ժամկետներին համապատասխան, որոնք մոտենում են ըստ տիեզերական հնարավորության ու անհրաժեշտության:

Ըստ այդմ՝ այսօր եկել եմ, որպեսզի մեկ անգամ ևս ձեզ հասկացնեմ, որ ինչպես էլ Երկիր մոլորակի վրա իրավիճակը դասավորվի, մենք՝ Համբարձյալ Դասերս, աշխատանք կտանենք Երկրի մարդկության հետ և կշարունակենք ձեռնարկել մեր փորձերը երկրացիների գիտակցությունը փոխելու ուղղությամբ:

Թվում է, թե մեր ուղերձներում շատ քիչ տեղեկատվություն է պարունակվում, սակայն ամեն անգամ մենք չենք դադարում զարմանալ, թե ինչպես են գտնվում մարդիկ, ովքեր պատրաստ են մեր առաջին իսկ կանչով արձագանքել մեր բոլոր առաջարկություններին ու դիտողություններին և անել այն գործերը, որոնք այժմ անհրաժեշտ են:

Դուք գիտեք, որ ամենաառաջին գործերից մեկը, որ կանգնած է մարդկության առջև, դա գիտակցության փոփոխությունն է: Եվ ըստ այդմ՝ լավ է այն ամենը, ինչը նպաստում է երկրացիների գիտակցության փոփոխությանը: Իհարկե, մենք նկատի ունենք գիտակցության այն փոփոխությունը, որը մենք ցանկանում ենք դրսևորել ձեր օկտավայում, և ոչ թե գիտակցության այն փոփոխությունը, որը դուք կարծում եք, թե պետք է տեղի ունենա: Ըստ այդմ՝ գովելի են տրված թելադրություններում պարունակվող գիտելիքների տարածման բոլոր եղանակները, ինչպես և գովելի են տեղեկատվությունը մարդկանց հասցնելու տարբեր եղանակները՝ ներառյալ մասնավոր հանդիպումները, ուսուցողական դասընթացները, սեմինարները, դպրոցների ստեղծումը, որտեղ ծնողներին ու երեխաներին կուսուցանվեն կարմայի օրենքի հիմունքները և Աստվածային օրենքի վրա հիմնված վարվելակերպի հիմունքները:

Ամբողջ այն ճշմարիտը, որն Աստծուց է, ձեր օժանդակության կարիքն ունի, որպեսզի աճի ու ընդարձակվի:

Ըստ այդմ՝ այն դեպքում, երբ դուք զարմանում եք, որ ձեր շուրջն ամեն ինչ այնպես չի երևում, իչպես կուզենայիք, մենք ասում ենք. Ավելի՜ լավ: Դուք ունեք այն, ինչի վրա գործադրեք ձեր ջանքերը, ձեր ունակություններն ու տաղանդները:

Հայացք նետեք ձեր շուրջը և ուշադիր վերլուծե'ք, թե ձեր կարծիքով փոփոխության ենթակա բաների մեջ ի՞նչն է, որ դուք ինքներդ կարող եք փոխել՝ հիմնվելով ձեր հնարավորությունների և ունակությունների վրա:

Ես կուզենայի մեկ անգամ ևս ձեզ հիշեցնել այն թելադրությունը, որը տվել եմ անցյալ տարվա նոյեմբերի 27-ին: Հենց որ ձեր մտքերն ուղորդեք պետք եղած ուղղությամբ և ձեր գլխում ձևավորված մտապատկերները լցնեք Աստվածային էներգիայով, ես հնարավորություն կստանամ օգնելու ձեզ և լրացնելու ձեր մտապատկերներն իմ էներգիայով:

Գոյություն ունի Աստվածային հնարավորություն, որը տրվում է մոլորակին՝ նրա համար որոշակի պահի: Եվ այդ հնարավորությունն այժմ տրվում է մեր դեսպանորդի միջոցով: Երբեմն ձեզանից ոչինչ չի պահանջվում, բացի այն, որ ճանաչեք մեր դեսպանորդին: Եվ, հենց որ նրան դուք ընդունում եք որպես Հիերարխիայի դեսպանորդ, ապա ինքնաբերաբար դուք կանգնում եք Հիերարխիայի աստիճանի վրա: Եվ ամբողջ Հիերարխիան հնարավորություն է ստանում օգնելու ձեզ ձեր գործերում ու ձեր պլանների իրագործման մեջ:

Ես կուզենայի նաև կանգ առնել մի կարևոր պահի վրա: Մեր դեսպանորդը հանդիսանում է մարդ, որը պահպանում է մեր թրթիռները՝ կյանքի բոլոր իրավիճակներում կրելով Հիերարխիային իր նվիրվածությունը և Երկրի վրա կյանքի կոչելով Նրա պլանները: Իսկ ձեզ համար, որ գտնվում եք մարմնավորման մեջ, մեր դեսպանորդը հանդիսանում է ուսուցիչ՝ Գուրու: Դա նշանակում է, որ դուք պարտավոր եք հետևել այն ցուցումներին, որոնք ստանում եք մեր Գուրուից, և համարեք, որ այդ ցուցումները տալիս եմ անձամբ ես:

Ընդ որում՝ ձեզնից պահանջվում է գործի դնել ձեր ամբողջ կողմնորոշման ունակությունը, որպեսզի հասկանաք, թե որքանով  պետք է վստահեք արտաքին Գուրուին և որքանով՝ առաջնորդվեք այն ցուցումներով, որոնք ստանում եք ձեր սրտից՝ ձե'ր իսկ բարձրագույն մասից:

Գուրուի մասին ուսմունքը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի: Եվ ես կարծում եմ, որ մենք կկարողանանք այդ ուսմունքն այս կամ այն չափով մատուցել ձեզ: Քանզի շատ են այնպիսինները, որոնք իրենց գուրու են համարում կամ ներկայանում են որպես գուրու, բայց բոլոր նրանք, կամ համարյա բոլորը, չունեն ճշմարիտ Գուրուի գլխավոր հայտանիշը՝ ինքնազոհողության կարողությունը և ինքն իրեն ամբողջությամբ սպասավորության զոհասեղանին դնելու կարողությունը:

Ըստ այդմ՝ որքան էլ ձեր մարդկային գիտակցությունը խոչընդոտի հասկանալ Գուրուի պատմուճանի և Գուրու-աշակերտ հարաբերության իրական նշանակությունը, այնուամենայնիվ յուրաքանչյուր խոչընդոտ, որ ձեր մեջ կա, կարող է և պետք է ի չիք դարձվի ձեր անկեղծ մղման և Հիերարխիայի նկատմամբ ձեր նվիրվածության միջոցով:

Ամեն անգամ, երբ ձեզ անհրաժեշտ է կողմնորոշվել՝ ճշմարիտ է թե կեղծ այս կամ այն մարդը, ով ներկայանում է որպես Գուրու կամ մեր դեսպանորդ, խնդրում եմ դիմե'ք ինձ, որ ձեզ օգնեմ:

Պարզապես ձեր ձեռքը վերցրեք իմ դիմանկարը կամ մոտեցեք արձանիկի տեսք ունեցող իմ պատկերին և անկեղծորեն ինձնից օգնություն խնդրեք:

Հենց որ տեսնեմ ձեր անկեղծությունն ու մղումը՝ ես անպայման կօգնեմ ձեզ: Եվ դուք կստանաք կողմնորոշման այն ունակությունը, որի կարիքը դուք ունեք ձեր զարգացման այս փուլում:

Ըստ այդմ՝ օգտվե'ք այն օգնությունից, որը ձեզ ցուցաբերում են Երկնոլորտները, և մի' անտեսեք այդ օգնությունը:

ԵՍ ԵՄ Շիվան, ես այսօր ձեզ հրաժեշտ եմ տալիս, բայց նոր հադիպումների հույս ունեմ:

Տատյանա Միկուշինա, 2006

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ