Ես ունակ եմ օժտելու ձեր էությանը կենսական ուժի և էներգիայի լրացուցիչ ծավալով

 

Պաշտելի Հելիոս

23 դեկտեմբերի, 2008 թիվ

 

ԵՍ ԵՄ Հելիոսը, ձեզ այցի եմ եկել այս օրով, երբ մարդկության մեծ մասը, որն ապրում է հյուսիսային կիսագնդում, արևային էներգիայի պակաս է զգում:

Ի՜նչ արած, դա օրինաչափ է և պայմանավորված է տարեկան շրջանով:

Ես եկել եմ իմ ուրախության մի փոքր մասը ձեզ պարգևելու և ձեր սրտերը սիրով ու քնքշությամբ լցնելու, որի կարիքը նույնպես ունեք այս ձմեռային օրերին:

Ես եկել եմ նաև այն բանի համար, որպեսզի հայտնեմ ձեզ, որ ինչքան էլ ձեզ անելանելի ու փակուղային թվա ֆիզիկական աշխարհի ձեր կեցությունը, և որքան էլ ձեզ ճնշի շրջակա իրադրությունը, այնուամենայնիվ ամեն ինչ կարելի է փոխել ու կարգի բերել:

Ձեր աշխարհը հնազանդ գործիք է ձեր ձեռքին: Եվ ձեզ մնում է միայն հիշել, որ դուք աստվածներ եք և ինքներդ եք ձեր աշխարհը ստեղծել՝ ըստ ձեր պատկերի և նմանության: Եվ եթե հիմա արդեն հասկացել եք, որ ամեն ինչ կարելի փոխել, հարկ է, որ անմիջապես ձեռնամուխ լինեք այդ գործին և սկսեք բարեփոխումների գործընթացը: Հենց որ բարեփոխումների գաղափարը մուտք գործի բավարար մեծ քանակությամբ մարդկանց գիտակցության մեջ, այդ բարեփոխումները մտքերի ու զգացմունքների ավելի նուրբ աշխարհներից կսկսեն իջնել ձեր ֆիզիկական աշխարհը: Ուստի հարկ չկա, որ հապաղեք: Ես ի՛նքս էլ կօգնեմ ձեզ այդ բարեփոխումների գործընթացում:

Այն դեպքերում, երբ ուրախության, առույգության և արևի պակաս եք զգում, կարող եք օգնության խնդրանքով դիմել ինձ: Քանզի ես ունակ եմ օժտելու ձեր էությանը կենսական ուժի և էներգիայի լրացուցիչ ծավալով:

Հարկ կլինի, որ դուրս գաք արևի տակ կամ պատկերացնեք, որ գտնվում եք արևի ճառագայթների ներքո, որը ձեզ լույս է առաքում Երկնքից: Եվ երբ ձեր ողջ էությամբ կզգաք արևից ճառագվող ջերմությունն ու էներգիան, ապա խնդրե՛ք ինձ. Հանուն ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ, պաշտելի՛ Հելիոս, խնդրում եմ մաքրի՛ր իմ աուրան ու չակրաներն այն ամենից, ինչն Աստծուց չէ, և լցրու՛ իմ էությունը քո էներգիայով՝ արևային էներգիայով:

Ձեր այդ կոչը դուք կարող եք հղել ամեն օր՝ անկախ օրվա ժամից, բայց այն կլինի ամենագործունը, երբ արևը զենիթում է և այն դեպքում, երբ ձեր ողջ էությամբ շուռ եք եկել դեպի արևի կողմը:

Ես կարող եմ և ունակ եմ ձեր կոչին արձագանքելով օգնել ձեզ, եթե միայն դիմե՛ք ինձ:

Ես նաև շատ լավ հասկանում եմ, որ ձեզ համար երբեմն այնքան ծանր է լինում, որ նույնիսկ ուժ չեք գտնում այդ կոչը հղելու: Նման դեպքում ես ձեզ խորհուրդ կտայի, որ ձեր աչքերի առջև պահեք ծագող արևի լուսանկարը կամ արևի ցանկացած պատկեր: Արևը շատ կարևոր դեր է խաղում ձեր կյանքում և բոլոր կենդանի էակների կյանքում: Այդ պատճառով ձեզ համար շատ օգտակար կլինի արևի վրա մտասևեռվելը, և այն ձեզ ուժ ու եռանդ կհաղորդի:

Ձեր աշխատավայրում կամ բնակավայրում ունեցե՛ք արևի լուսանկարը:

Այն ամենն, ինչով շրջապատված եք, ձեզ վրա անհամեմատ ավելի մեծ ազդեցություն է թողնում, քան կարող եք դուք պատկերացնել: Ուստի ձեզ շրջապատեք ճի՛շտ նմուշներով, ձգտեք լինել ներդաշնակ իրավիճակում, և այնժամ ձեր շատ հոգեբանական խնդիրներ կա՛մ ձեզ ամբողջովին կլքեն, կա՛մ էլ այնքան կթուլանան, որ ձեզ այլևս չեն բթացնի:

Ես միշտ ձգտում եմ իմ ողջ հնարավոր օգնությամբ աջակցել բոլոր կենդանի էակներին: Եվ այն դեպքերում, երբ մտածում եք, թե ձեզ ոչ ոք չի դիտում, ապա սխալվում եք. ես սիրում եմ հետևել ձեզ, փաղաքշել ու շոյել ձեր դեմքերը:

Հավանաբար դուք չեք էլ ենթադրում, որ արեգակնային համակարգության ձեր արևը ո՛չ միայն էներգիայի աղբյուր է ձեզ համար, այլ նաև ձեր վաղեմի ընկերն ու օգնականն է:

Ես ոգի եմ տալիս ֆիզիկական արևին և կանգնած եմ երևակված արևի թիկունքում: Ուստի, այն բանից, թե որքանո՞վ կկարողանաք կարգավորել ձեր անձնական փոխհարաբերությունն արևի և ինձ հետ, կախված է այն, թե որքան Աստվածային սկզբունքներ կկարողանաք մտցնել ձեր աշխարհը:

Որպեսզի Լույս մտցնեք ձեր աշխարհ, պետք է համահունչ դառնաք Լույսի հետ: Դա ավելի հեշտ կլինի անել, եթե համահունչ դառնաք ինձ հետ: Ես իրապես ձեր ընկերն ու օգնականն եմ ձեր Ուղու վրա:

Փա՜ռք տվեք ինձ, փառաբանե՛ք ամեն մի լուսաբացը, վայելե՛ք իմ ջերմությունը, որքան հնարավոր եք գտնում:

Ներկայումս իմ ճառագայթներն ա՛յլ կերպ են լույս տալիս: Հիմա իմ ճառագայթներն արթնացնում են ձեր մեջ ձեր Աստվածային բնույթը: Եվ երևի արդեն սկսել եք նկատել, որ օրվա ընթացքում թեկուզ կարճ ժամանակով արևի տակ մնալը ձեր մեջ ուժի ու էներգիայի հորդում է առաջացնում:

Պարզապես փոխվել է իմ լուսաճառագումը: Ձեր գիտնականներն իմ սպեկտրում շուտով կնկատեն իմ լուսաճառագման փոփոխված բնութագրերը, բայց, քանի որ ծանոթ չեն Աստվածային գիտությանը, ապա դժվար թե կարողանան բացատրել, թե դրանք ինչ են նշանակում:

Ես պետք է նաև նախազգուշացնեմ, որ մեծացել է նաև իմ ճառագայթների ինտենսիվությունը՝ հատկապես սպեկտրի անտեսանելի մասում: Այդ պատճառով արևի տակ չափազանց երկարատև մնալը կարող է վնասել ձեր օրգանիզմին:

Կան որոշ անհատներ, որոնք վախենում են իմ ճառագայթներից և թաքնվում են ինձնից: Ինտուիտիվ կերպով ու ենթագիտակցաբար նրանք հասկանում են, որ իրենց ներսում կա ինչ-որ բան, որն իրենց թույլ չի տալիս շփվելու ինձ հետ և հայտնվելու արևի տակ: Ես նրանց վրա ճնշիչ ազդեցություն եմ թողնում, քանի որ մեր բնույթները չափազանց շատ են տարբերվում իրարից:

Երկիրը՝ որպես մոլորակ, իր վրա թույլ է տալիս գոյատևելու կատարելապես տարբեր չափազանց շատ էակների: Եվ ո՛չ բոլորն են նրանցից ընթանում այն ուղղությամբ, որը նախասահմանված է Երկիր մոլորակի համար:

Կապված այն բանի հետ, որ մեր հանդիպումը մոտենում է իր ավարտին, կուզենայի մեկ անգամ ևս ձեզ հիշեցնել, որ հանձինս ինձ դուք կգտնեք ձեր հուսալի ու անկեղծ ընկերոջը, եթե միայն դիմեք ինձ: Նույնիսկ իմ մտավոր պատկերը՝ լուսարձակող հրե գունդը, ունակ է ձեզնից շատերին վստահություն ներշնչել, առույգություն հաղորդել և անհրաժեշտ քանակի ուժ ներարկել ձեր մեջ:

 

ԵՍ ԵՄ Հելիոսը՝ ձեր նկատմամբ սիրով լի:

 

Տատյանա Միկուշինա, 2008 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ