Նոր Օրը բացվեց

 

Սանատ Կումարա

20 դեկտեմբերի, 2008 թիվ

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: Ես կրկին եկել եմ, որպեսզի Հաղթանակի գիտակցությունն ամրագրեմ ձեր գիտակցության մեջ... Եկել եմ, որպեսզի ուրախալի լուր լսեք ինձնից... Եկել եմ, որպեսզի հռչակեմ ձեր անձնական այն Հաղթանակը, որին դուք հասաք Երկիր մոլորակի ֆիզիկական ոլորտում:

Հնարավոր է՝ ինձնից հույզերի նման զեղում չեիք սպասում: Ի՞նչ ասեմ. ես երկար ժամանակ լռությամբ դիտում էի, թե ինչ է տեղի ունենում մոլորակի վրա և մեր դեսպանորդի Աշրամում: Իսկ գիտե՞ք, թե որքա՜ն կոնտրաստային է այս համադրությունը: Մեր Աշրամում ամեն ինչից զգացվում է ժամանակի շունչը: Մեր Աշրամում գարունն է թևակոխել և տարածել իր բույրը՝ նույնիսկ ձմռան կեսին: Քանզի այստեղ ծիլ է տալիս նոր գիտակցությունը, և այստեղ մենք հռչակում ենք մեր և ձեր Հաղթանակը. քանզի ձեզնից յուրաքանչյուրն, ով մասնակցել է Աշրամի շինարարությանը, հավանաբար այդ Հաղթանակը նաև իր սեփական Հաղթանակն է համարում: Եվ դա ճի՛շտ է. դա հենց այն է, ինչ ակնկալում են ձեզնից Երկնոլորտները. որ սկսեք մեր գործերն ու պլանները դիտել որպես ձեր անձնական գործերն ու պլանները: Եվ այլ կերպ չի կարող լինել: Դուք մեզ որպես ոտք ու ձեռք եք ծառայում ֆիզիկական ոլորտում, և մեր համագործակցությունը դեռ նոր է սկսվել:

Այժմ կուզենայի խոսել գլխավորի մասին: Իսկ գլխավորն այն է, որ մենք կրկնակի էներգիայով կշարունակենք մեր դեսպանորդի միջոցով տարվող աշխատանքը: Դուք դիմացա՛ք քննությանը: Խոսքս այն մասին է, որ անասելի ջանքերի գնով ու բոլոր ուժերի կենտրոնացմամբ կառուցվեց Ուսումնական Կենտրոնի շենքը, և մենք երկրագնդի վրա ձեռք բերեցինք մի կետ, որից մեր տարածքում կարող ենք տալ մեր Ուսմունքը:

Մենք արդեն Լույսի մի շարք կիզակետեր ենք տեղադրել Աշրամի տարածքում: Եվ ես պետք է ասեմ, որ դա միայն սկիզբն է: Եվ եթե մենք ամեն օր անխոնջ կերպով շարունակենք հարկ եղած ուղղությամբ գործադրել մեր համատեղ ջանքերը, ապա շատ շուտով մեր ստացած արդյունքները կգերազանցեն ամենահանդուգն սպասելիքներն ու երևակայումները:

Զի Երկրի մարդկանց առավելապես այժմ, քան երբևէ նախկինում, անհրաժեշտ է ունենալ Լույսի Փարոս, որը ճշտորեն ցույց տա Ուղին այն փոթորիկների ու մրրիկների պայմաններում, որոնցում գտնվում է մոլորակը: Իսկ ձեզ հայտնի է, որ եթե ձեր դասասենյակներում գտնվելու հետ կապված մեր ներկայությունն առկա է մոլորակի վրա, ապա ոչինչ չի կարող սպառնալ այն երկրին, որը մեզ օթևան է տվել:

Մենք խիզախորեն ենք նայում ապագային և հույսեր ենք կապում ձեր հետագա օգնության ու օժանդակության հետ:

Այս փոքրիկ քայլն իրապես ամենակարևորն ու դժվարինն էր, քանի որ միշտ էլ սկզբում դժվար է լինում հաղթահարել մատերիայի դիմադրությունը. այն չի ուզում հրաժեշտ տալ նախկին թրթռանքներին և անցնել դրանց նոր մակարդակին: Մատերիան դանդաղում է և չի շտապում դուրս գալ բազմադարյան քնի վիճակից: Սակայն Նոր Օրվա լուսաբացն արդեն ցոլքեր է տվել:

Մենք ձեզ ասում ենք այն մասին, որ Երկրի վրա Նոր Օր է բացվում: Եվ այդ Օրն ավելի երջանիկ կլինի, քան մարդկության պատմությունը երբևէ իմացել է իրեն հայտնի ամբողջ պատմական դարաշրջանների ընթացքում:

Մի՛ երկյուղեք այն դժվարություններից, որոնք իրենց հետ կբերեն բարեփոխումները: Ողջ հնացածն ու անպետքը հարկ կլինի նետել պատմության աղբանոցը: Խանգարող ամեն ինչը հարկ կլինի հեռացնել Ուղուց և այրել տիեզերական վառարանում:

Փոխարենը մենք լայնորեն տիեզերական հնարավորության դուռ ենք բացում այն անհատների առջև, ովքեր պատրաստ են բարեփոխումներին և հոգնել են ներկայիս քաղաքակրթության աղտոտված պայմաններում ապրելուց:

Բարի մու՛տք ձեզ դեպի լուսավոր վաղվա օր... Սակայն մի՛ մոռացեք, որ այդ լուսավոր վաղվա օրը կկառուցվի ձեր օգնությամբ՝ ձեր ձեռքերով ու ոտքերով, ձեր սրտերի մղումներով:

Մենք միայն ցույց ենք տալիս Ուղին և այն ուղղությունը, որով պետք է ընթանա մարդկության հետագա զարգացումը: Դուք ձեր սրտերի մեջ պետք է ներառեք մեր Ուսմունքն ու Նոր Աշխարհի կառուցման սկզբունքները: Եվ այդ դեպքում համատեղ ջանքերով ամբողջ մոլորակն անցում կկատարի Նոր Օրվան:

Իսկ հին աշխարհից մոտ ապագայում ոչ մի հետք չի մնա: Տիեզերական հնարավորության դռները լայնորեն բացված են: Սակայն ձգտեք այդ դռներով անցնել գլուխներդ բարձր, ուսներդ շտկած և ձեր երթը զարդարեք ուրախ ժպիտներով:

Դուք պետք է հասկանաք, որ այնժամ, երբ բացվում է նոր Աստվածային հնարավորություն, ապա գալիս է մի շրջան, երբ վերջին դարերի ընթացքում մարդկության ստեղծած բոլոր հին ինստիտուտները կա՛մ պետք է ձևափոխվեն ըստ նոր սկզբունքների, կա՛մ սրբվեն որպես անպետք աղբ, որպեսզի դրանց տեղում ձևավորվեն հասարակության կառավարման նոր սկզբունքներ: Երբեք պետք չէ կառչել հնին ու իր դարն ապրածին: Մենք ձեզ ուսուցանում ենք պատրաստ լինել մշտական փոփոխությունների և Բարձրագույն աշխարհների հետ մշտական համահնչունության: Ձեզնից միայն նրանք ունակ կլինեն անցավ կերպով հարմարվելու ներկայումս աշխարհ մուտք գործող նոր պայմաններին, ովքեր չեն երկյուղում բարեփոխումներից ու փոփոխություններից: Իսկ նրանք, ովքեր կառչած են մնում հին սովորություններից ու կապվածություններից, կապրեն շատ ծանր ժամանակներ: Ցավոք, այլևս հետ մնացողներին սպասելու ժամանակ չկա: Մենք արագացնում ենք Երկիր մոլորակի վերափոխությունների տեմպերը:

Եթե ուշադրությամբ մեկ առ մեկ վերընթերցեք մեր թելադրությունները, ապա շատ բանալիներ և օգտակար տեղեկություններ կստանաք այն մասին, թե ինչպես վարվեք այս բարդ անցումային ժամանակահատվածում:

Մի՛ ծուլացեք: Գիտակցե՛ք, որ մեր ուղերձները պարզապես կարդալը բավարար չէ. հարկավոր է, որ շատ մանրազննին կերպով ձեր կյանքում հետևեք մեր տված հանձնարարականներին ու խորհուրդներին: Եվ այդ դեպքում անհամեմատ ավելի հեշտորեն կդիմագրավեք ու կհաղթահարեք այն փորձությունները, որոնք սպասվում են և դեռ նոր են սկսվել:

Ձեզ շատ քիչ ժամանակ է մնում: Ուստի ձեզ համար պետք է կանոն դարձնեք ամեն օր կյանքի կոչել մեր հանձնարարականներից գոնե մեկը, մեր տված գոնե մեկ կանչը:

Եթե դուք թեկուզ մեկ փոքրիկ քայլ չկատարեք, ապա ավելի ու ավելի հետ կմնաք և վտանգի տակ կդնեք բացված Աստվածային հնարավորությունից ձեր օգտվելը:

Մենք սլանում ենք՝ ներդնելով բոլոր ուժերը: Մենք պատրաստ ենք ընթացող բարեփոխումներին: Մնում է, որ դուք էլ միանաք մեզ:

Արթնացրե՛ք նրանց, ովքեր դեռ քնած են: Դրսում Նոր Օրն է բացվել արդեն...

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան՝ եղա ձեզ հետ:

 

Տատյանա Միկուշինա, 2008 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ