Ավարտվեց ուսուցման ժամանակը և սկսվեցին գործողության յոգայի գործնական պարապմունքները

 

Պաշտելի Էլ Մորիա

5 հունվարի, 2009 թիվ

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան՝ այս օրով ձեզ այցի եկածս:

Այսօր ես եկել եմ, որպեսզի ամփոփեմ կատարված որոշակի աշխատանքը և ուրվագծեմ ապագայի պլանները:

Ընդհանուր առմամբ՝ մենք բավարարված ենք այն աշխատանքով, որն ի կատար է ածվել ֆիզիկական ոլորտում: Մենք շատ ուրախ ենք և ողջունում ենք համայն աշխարհի այն լուսակիրներին, ովքեր արձագանքեցին մեր կոչին և օգնեցին կենսագործելու մեր մտահղացումը՝ կապված մեր դեսպանորդի Աշրամի շինարարության, հասարակական կազմակերպության ու հրատարակչության ստեղծման հետ:

Այո՜, մենք շատ ուրախ ենք...

Սակայն ես եկել եմ, որպեսզի դուք չթուլացնեք ձեր դիրքերը, քանզի այն ամենն, ինչ մինչև հիմա արվել է, դեռևս սկզբնական՝ առաջին ոչ մեծ քայլն է, որ արվել է հարկ եղած ուղղությամբ: Մի՛ կարծեք, թե արդեն ամեն ինչ նվաճված է: Ձեզ դեռևս անհամեմատ ավելի շատ գործ է մնում անելու, քան արդեն արվածն է: Եվ պետք է ձեզ նախազգուշացնեմ, որ հետագա առաջընթացը կուղեկցվի ավելի ու ավելի մեծ դժվարություններով: Ուստի ձեզնից կպահանջվի, որ դրսևորեք ձեր ողջ զգոնությունն ու ուշադրությունը:

Մենք մտնում ենք մի փուլ, որը կարող է զգալի կերպով ի ցույց հանել, թե աշխարհն ընդհանուր առմամբ ընթանում է սխալ ուղով՝ էգոյի պահանջների բավարարման, կապվածությունների, անաստվածայինի ուղով:

Ուստի այն, ինչ մենք անում ենք մեր դեսպանորդի միջոցով և ձեր անմիջական օգնությամբ ու մասնակցությամբ, կարող է դուր չգալ շատ-շատերին՝ նրանց, ովքեր որևէ փոփոխություն չեն ուզում, ովքեր սովոր են գործել հին մեթոդներով:

Եվ այստեղ անփոխարինելի դեր կխաղա համախմբումը՝ բոլոր այն լուսակիրների համախմբումն, ովքեր պատրաստ են նոր սկզբունքների հիման վրա միավորվելու համաշխարհային Համայնքում:

Ֆիզիկական ոլորտում դուք կարող եք կառուցել բնակավայրեր և ստեղծել առանձին անկախ ավաններ: Ամեն ինչ ձեր ձեռքին է: Բայց միշտ հիշեք, որ հիմնականը ոգու Համայնքն է:

Կարմայական հանգամանքները ո՛չ բոլորի համար են բարենպաստ դասավորված: Ո՛չ բոլորն են ունակ գոտեպնդվելու և մեր առաջին կանչով ճամփա ընկնելու: Ցավոք, այն կարման և այն կարմայական հանգամանքները, որոնք կապված են ձեր ընտանիքների հետ, պետք է հանգուցալուծվեն ու կապազերծվեն առաջին հերթին:

Դուք չեք կարող, հասարակության առջև պարտքեր ունենալով հանդերձ, բնակություն հաստատել մեր Համայնքներում: Չեք կարող մի կողմ հրել ձեր զավակներին և մղվել դեպի ապագա:

Ձեզ չի հաջողվի, որ ձեր ընտանեկան ու ներքին խնդիրները չլուծած՝ դառնաք արժանավոր համայնավարներ:

Այո՛, մեզ նմուշօրինակ է պետք ունենալ ֆիզիկական ոլորտում. բայց բանն այն է, որ այն կազմակերպելու համար անհրաժեշտ է ունենալ մաքուր ձեռքեր ու սրտեր:

Ձեր հագուստի ամեն մի բիծն անհավատների գիտակցության միջոցով կբազմապատկվի, և նրանք ողջ աշխարհին կպատմեն, թե որքա՜ն փնթի եք դուք ու չեք հետևում նույնիսկ ձեր հագ ու կապին:

Ուստի առաջնահերթ հարց է դառնում այն մարդկանց գտնելն, ովքեր արդեն պատրաստ են և իրենց նախորդ մարմնավորումների ընթացքում արդեն ապացուցել են Եղբայրությանն իրենց հավատարմությունն՝ իրենց վրա ավելորդ կարմայական բեռ չավելացնելով:

Միայն այդպիսի համայնավարները, միայն այդպիսի աշխատակիցներն են ունակ դառնալու Համայնքի կորիզը, և բոլոր մյուսներն, ովքեր մուտք կգործեն Համայնք, կջանան հետևել վարքի, գործերի ու տնտեսության վարման այն նմուշներին, որոնք կհաստատվեն առաջատարների կողմից:

Ձեզ վիճակված է ամեն ինչ սկսել դատարկ տեղում: Չկան նմուշօրինակներ, որ մենք ձեզ հանձնարարենք նմանակման համար: Կա տեսություն, կան համայնքի շինարարությանը վերաբերող ամբողջական հատորներ, բայց չկան մարդիկ, որ այդ ուղեցույցները կենսագործեն գործնականում:

Ես կպաշտպանե՛մ իմ Համայնքը: Ես ներկա կլինեմ ձեր բոլոր գործերում: Ես կկարողանամ պաշտպան կանգնել մեր ամրոցին ու մեր առաջապահ դիրքին: Բայց ասվածից չի հետևում, որ ձեր բոլոր գործերում ամբողջովին պետք է հենվեք իմ ու Աստծո վրա: Ձեզ վիճակված է թևքերը կշտել և ֆիզիկական ոլորտի ողջ անհրաժեշտ աշխատանքը կատարել ինքնուրույն:

Ես ձեզ կօժանդակեմ նուրբ պլանից: Ես ձեզ կպաշտպանեմ նրանց ոտնձգություններից, որոնք չարամիտ էակների ազդեցության տակ են գտնվում և դիվոտում են՝ հենց միայն Համայնք բառը լսելուց: Սակայն այդ դիվոտվածներին հիվանդանոց տանելն ու Համայնքը նման տմարդիներից պաշտպանելն արդեն ձեր գործը  պետք է լինի:

Ես նախազգուշացնում եմ ձեզ, թե ինչ կարող է պատահել, և ինչպիսի խոչընդոտներ կարող են կանգնել ձեր ուղու վրա:

Ուստի դեռևս հաղթանակ մի տոնեք, քանի դեռ դուրս չեք եկել մարտադաշտ: Կարող եք և տեղ չհասնել:

Ուստի դեռ վաղ է դափնեպսակ կրելն ու հանգստի մասին մտածելը: Մեր գործը դեռ եռման գագաթնակետին է: Եվ պահանջվում է ներդնել ձեր ողջ զգոնությունը, ճարպկությունն ու հմտությունը, որպեսզի չձախողվեք և չընկնեք բյուրոկրատների ու պաշտոնյաների խորամանկորեն հյուսված որոգայթների մեջ:

Այժմ մարտի դաշտը տեղափոխվել է դեպի բյուրոկրատների աշխատասենյակները, դատարաններն ու տեսչությունները: Ուստի հարկ է, որ իմանաք օրենքներն ու գործեր վարելու ձևերը:

Գործը հեշտ էր, երբ ամեն ինչ որոշվում էր մարտադաշտում: Դեմ առ դեմ թշնամին կանգնած էր և սպառնալից հայացքը հառել էր ձեզ: Հիմա բոլորը սիրալիր ժպտում են, բայց և թաքուն առաջ տանում իրենց չար գործը: Եվ չեք իմանա, թե ո՞ր աշխատասենյակում են բնավորվել նախանձի իժն ու վրիժառության կարիճը:

Ավարտվեց ուսուցման ժամանակաշրջանը և սկսվեցին գործողության յոգայի գործնական պարապմունքները:

Ցու՛յց տվեք, թե ինչեր կարող եք անել և թե որքանով հավատարիմ կարող եք մնալ Վեհապետների պատգամներին՝ առօրյա ունայնության ու բյուրոկրատական խառնաշփոթի պայմաններում:

Դուք շա՜տ անելիքներ ունեք: Նման բան դեռևս մտահղացված չի եղել:

Պլանն առկա է, և անհրաժեշտ է այն կյանքի կոչել:

Իսկ ձեր մեջ կամավորներ կա՞ն արդյոք...

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան

 

Տատյանա Միկուշինա, 2009 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ