Սրտակից զրույց

 

Մայր Մարիամ

4 հունվարի, 2009 թիվ

 

ԵՍ ԵՄ Մայր Մարիամը՝ եկել եմ, որ, ինչպես միշտ, զրույց վարեմ ձեզ հետ՝ սրտակից, սրտե-սիրտ զրույց: Երբ խոսում է սիրտը, խելքը լռում է: Եվ մեր միջև ճշմարիտ հաղորդակցությունը հնարավոր է միայն այնժամ, երբ իրար հետ կապ ենք հաստատում սրտի մակարդակով:

Ձեզ չի բավականացնում Սերը: Չի բավականացնում Լույսը: Երբեմն դուք բառացիորեն շնչասպառ եք լինում Աստվածային էներգիայի պակասությունից, ինչպես թթվածնի պակասությունից:

Հարկ է, որ ավելի շատ ժամանակ հատկացնեք ինձ հետ սրտակից զրույց վարելուն:

Ես պատրաստ եմ լսելու ձեր բոլոր տրտունջներն ու խնդրանքները: Մի՛ ամաչեք: Ես գիտեմ, որ հատկապես տղամարդիկ են շատ ամաչկոտ իրենց հույզերը դրսևորելուց: Եվ այնժամ, երբ գալիս է մեր հաղորդակցության յուրահատուկ մի պահը, նրանք հապճեպ սրբում են պատահաբար աչքերից հոսած արցունքը:

Մի՛ ամաչեք լաց լինելուց: Ձեր հոգին կարոտ է ճշմարիտ հաղորդակցության: Դուք փնտրում և ձեր աշխարհում չեք գտնում ձեր իդեալը: Ե՛վ տղամարդիկ, և՛ կանայք: Դուք մարմին եք տենչում, բայց իսկական Սերը դրսևորվում է հոգու մակարդակով և նույնիսկ ձեր Բարձրագույն Ես-ի մակարդակով:

Մի՛ ամաչեք, երբ ինձ հետ հաղորդակցության ժամանակ ձեր աչքերն արցունքով են պատում: Անցած կյանքերում շատ անգամ և արդեն այս կյանքում էլ դուք թույլ եք տվել ո՛չ այնքան գեղեցիկ արարքներ կանանց՝ մայրերի ու քույրերի հանդեպ: Եվ թողեք, որ այդ անբարեհաճո արարքները լուծվեն արցունքներով և բացասական էներգիաներն անվերադարձ լքեն ձեզ:

Ձեր զղջումը՝ նույնիսկ եթե չեք էլ հասկանում, որ զղջում եք, ձեզ համար նոր հնարավորություն է բացում՝ նոր հայացք, ուղղված աշխարհին:

Մի՛ ամաչեք ձեր արցունքներից: Դրանք իրենց հետ տանում են այն կարման, որը ստեղծել եք անգիտության կամ թյուրիմացության հետևանքով:

Ես ձեզ հե՛տ եմ: Ես միշտ ձեզ հետ եմ, և դուք միշտ կարող եք ձեր կյանքի դժվար րոպեին օգնության խնդրանքով դիմել ինձ:

Ես այնքան մոտ եմ Երկիր մոլորակի ֆիզիկական ոլորտին, որքան մոտ չէ և ոչ մի Վեհապետ: Հենց դրանում է իմ հատուկ առաքելությունը: Ես հսկում եմ ձեր ընտանեկան օջախները, հսկում եմ ձեր երկիրը: Եվ պատրաստ եմ ձեզ մոտենալ ձեր առաջին իսկ կանչով:

Եվ այդ ամենը հնարավոր է դառնում ձեր ջանքերի շնորհիվ՝ Սիրո և աղոթքի այն էներգիայի շնորհիվ, որը ես ստանում եմ ձեզնից:

Ձեր Վարդանոցները, որոնք ինձ եք նվիրաբերում, հնարավորություն են ընձեռում, որ օգնեմ շատ ու շատ հոգիների, որոնք իմ օգնության կարիքն ունեն:

Ես միշտ իմանում եմ, երբ դուք անկեղծորեն Վարդանոց եք կարդում: Մեր միջև հաստատվում է էներգիայի հոսք, որը մեկ ձեզնից վեր է ելնում, մեկ ցած իջնում ինձնից: Այդ կերպ դուք ստանում եք իմ Սիրո և Բարեգթության էներգիան:

Այնժամ, երբ շատ տխուր եք և ուժ չունեք Վարդանոց կարդալու համար, կարող եք պարզապես մտածել իմ մասին, լսել ինձ նվիրված մեղեդիներ[1]: Այդ դեպքում ձեր էներգիայի հոսքը ճիշտ նույն ձևով հասնում է ինձ, և ես զգում եմ ձեզ՝ ձեզնից յուրաքանչյուրին: Աստծո ողորմածությամբ ինձ տրված է Իր բոլոր ուստրերին ու դուստրերին զգալու կարողություն, երբ նրանք մտածում են իմ մասին կամ խնդրանքով դիմում են ինձ:

Ուստի այսօր դուք կարող եք առաջվա պես օգտվել այն հնարավորությունից, որը ստանում եք Երկնոլորտներից և խնդրել ինձ, որպեսզի դժվարին պահին օգնեմ ու օժանդակեմ ձեզ:

Երեկ Պաշտելի Հիսուս ձեզ ասաց այն մասին, որ իմ շատ դիմանկարների վրա ես հաստատագրել եմ իմ ներկայությունը: Դուք ինքնե՛րդ դա կարող եք զգալ: Իմ որոշ սրբապատկերներ օժտված են հրաշագործ զորությամբ: Եվ երբեմն բավարար է լինում, որ մտահայեք այդ սրբապատկերներից որևէ մեկը, որպեսզի ստանաք իմ օգնության ճառագայթը:

Այն դեպքերում, երբ հնարավորություն ունեմ ներկա գտնվելու ձեր միջավայրում (չեմ թաքցնում, որ Աստված օժտել է ինձ նման ողորմածությամբ), հնարավոր է, որ չզգաք ձեր կողքին իմ ներկայությունը: Բայց ես ունակ եմ ներկա գտնվելու հենց այնտեղ, որտեղ դուք եք գտնվում: Ինձ համար կարևոր է, որ ձեր շուրջը հաստատված լինի հանդարտ ու խաղաղ իրավիճակ: Ես գալիս եմ անտեսանելի ու աննկատ, և միայն թեթև վարդաբույրով, որը միշտ ուղեկցում է ինձ, կարող եք գլխի ընկնել, որ ես եկել եմ:

Ձմեռային այս օրը ես եկել եմ որոշակի ավետիսով, որը, հույս ունեմ, ձեզ համար օգտավետ կլինի: Կուզենայի ձեզ տալ սուրբ Աստվածամոր աղոթքը, որպեսզի այն օգտագործեք ձեր աղոթաժամին.

 

Հանուն ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ, սու՜րբ Աստվածամայր, պաշտելի՜ Մայր Մարիամ, ծնկաչոք իջնու՛մ եմ քո առաջ: Բառեր չեմ գտնում, որ արտահայտեմ իմ սրտի ողջ Սերը, որ տածում եմ առ քեզ: Ընդունի՜ր իմ Սերն ու երախտագիտությունը: Քեզ հայտնի է, թե ինչն է ամենակարևորն այս պահին իմ հոգու աճի համար: Ես խնդրում եմ քո օգնությունն ու օժանդակությունը: Խնդրու՜մ եմ, օգնիր, որ օրվա ունայնության մեջ չմոռանամ մեր անմիջական հաղորդակցության այն խաղաղ րոպեները, որոնց մասին հիշում է իմ հոգին:

Թող քեզ հետ ունեցած իմ անխզելի կապը նեցուկ լինի ինձ կյանքում և օգնի, որ չմոռանամ այն Բարձրագույն Ուղու մասին, որով մտադիր եմ քայլել իմ կյանքում:

 

Ես անկեղծորեն հույս եմ տածում, որ կկարողանաք ավելի հաճախ լինել ինձ հետ ու դիմել ինձ: Մեր ամեն մի հաղորդակցությունը, նույնիսկ դեպի իմ պատկերն ուղղված ձեր կարճ հայացքը կօգնի, որ ձեր գիտակցությունը պահեք այնպիսի մակարդակի վրա, որ անմատչելի դառնաք նրանց հարձակումների համար, ովքեր դեռ չեն գտել դեպի իմ սիրտը տանող ուղին և չգիտեն, թե ինչ են անում:

 

ԵՍ ԵՄ Մայր Մարիամը՝ այս օրով եղա ձեզ հետ:

 

Տատյանա Միկուշինա, 2009 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը


 

[1] Տես՝  http://org.sirius-ru.net/ave_maria.htm

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ