Ճշմարտությունը, Աստված, Սերը ձեր ներսում են

 

Պաշտելի Հիսուս

3 հունվարի, 2009 թիվ

 

ԵՍ ԵՄ Հիսուս՝ խրատներ տալու համար ձեզ այցի եկածս:

Այսօր ես եկել եմ, որպեսզի փոխեմ ձեր որոշ հայացքներն ու համոզմունքները, որոնք վերաբերում են ինձ և այն Ուսմունքին, որն ինձ հետ աշխարհ բերեցի 2000 տարի առաջ:

Տիեզերական չափանիշներով այնքան էլ շատ ժամանակ չի անցել իմ այդ Ուսմունքը տալուց հետո: Սակայն այն աղավաղումները, որոնք արվել են շատ մարդկանց կողմից, այնքան են խեղաթյուրել նախնական իմաստը, որ ես ինքս էլ երբեմն դժվարությամբ եմ կռահում այն արտահայտությունների իմաստը, որոնք գրառված տեսքով այժմ առկա են Աստվածաշնչյան գրքերում:

Իմ ավետաբանությունն անհամեմատ ավելի լայն էր, քան այն մեկնաբանությունները, որոնք յուրացրել ու գրի են առել իմ աշակերտները: Իսկ տեքստերի հետագա կատարելագործողներն է՛լ ավելի ու ավելի շատ աղավաղումներ են մտցրել: Նրանցից շատերն անկեղծորեն ցանկացել են ավելի լավ մատուցել բովանդակությունը, բայց իհարկե այնպես, ինչպես իրենք են հասկացել: Մյուսների հայեցակետում իմ կողմից տրված Ուսմունքի շատ դրույթներ ընդհանրապես չեն տեղավորվել և հանգիստ դեն են նետվել: Ուստի ֆիզիկական ոլորտից իմ հեռանալուց ընդամենը երեք հարյուր տարի անց դուք ստացել եք մի Ուսմունք, որը միայն հեռավոր նմանություն ունի այն Ուսմունքի հետ, որը տրվել է իմ կողմից: Համեմատության համար կարելի է բերել մոմի ու արևի օրինակը: Ահա այդ համամասնությա՛մբ է ներկայիս քրիստոնեության մեջ մնացել իմ տված Ուսմունքի բուն էությունը:

Բայց հիմքն այնուամենայնիվ դրվել է: Եվ իմ միջոցով տրված Աստվածային հնարավորությունը նպաստել է այն բանին, որ Ուսմունքը դառնա կենսունակ, որ շատ հարյուրամյակների ընթացքում փնտրող շատ սրտեր այդ Ուսմունքում գտնեն սփոփանք ու մխիթարություն: Ուսմունքի բարեշնորհանքը փոխանցվել է ո՛չ այնքան Աստվածաշնչյան տեքստերի միջոցով, որքան այն առարկաների, պատկերների միջոցով, որոնք հագեցվել են մեր ներկայությամբ: Նաև այնժամ, երբ սրբապատկերի վրա կենդանություն է առել իմ և Աստվածամոր պատկերը:

Եվ փնտրող շատ մարդիկ մեր պատկերների միջոցով կարողացել են անմիջականաորեն միանալ մեր ներկայությանը, անմիջականորեն ըմպել Աստվածային բարեշնորհանք՝ մեր պատկերն օգտագործելով որպես փոխանցիչ ֆիզիկական ոլորտում:

Այն հայրերը, որոնք հեռացել են դեպի անապատ, որպեսզի փնտրեն Աստծուն, գտել են նրան իրենց սրտի անդորրության մեջ: Եվ բարեշնորհանքը՝ Աստվածային հայտնությունների անփոփոխ ուղեկիցը, այցելել է նրանց ամենախավար ձմեռային երեկոների ու գիշերների ընթացքում:

Եվ նրանց գիտակցության արշալույսը թույլ է տվել, որպեսզի շատ հարյուրամյակների ընթացքում մեր Ուսմունքի հիմքերը պահվեն մարդկանց մտքերում: Եվ այդ հիմքերը մենակյաց հայրերի սրտերից փոխանցվել են նրանց սրտերի մեջ, ովքեր այցելել են նրանց, որպեսզի մխիթարություն գտնեն իրենց հոգու համար:

Շատե՜րն են աշխարհում կարոտ ապրել սրտերով: Եվ հիմա էլ են շատ-շատերը կարոտ ճշմարիտ Հավատի: Շատե՜րը կան, որ օգնության կարիք են զգում:

Մենք օգտագործում ենք ֆիզիկական ոլորտի ամեն մի կիզակետը, որպեսզի երևան հանենք մեր ներկայությունը և մխիթարություն տանք այն սրտերին, որոնք այնքա՜ն խորտակված են, այնքա՜ն են իրենց ընչազուրկ ու աղքատ զգում ճշմարիտ Հավատի բացակայության պայմաններում, որ իրենց համար Աստվածային հնարավորությունը բացվում է Աստվածամոր ժպիտով՝ վանքի ճարճատող մոմերի լույսի ներքո:

Երբ կարող ենք, պապակ սրտերին մենք տալիս ենք հնարավոր առավելագույնը: Եվ մեզ չեն վրդովում ո՛չ Ուսմունքի խեղաթյուրումը, ո՛չ էլ եկեղեցական ծեսերը: Այդ ամենի միջով մենք կարող ենք օգնության ձեռք մեկնել այն սրտերին, որոնք դրա կարիքն ունեն:

Շատ մարդիկ եկեղեցի են այցելում: Եվ մենք նրանց մխիթարություն ենք տալիս: Ուրիշ մարդիկ էլ այլ ճանապարհ են փնտրում՝ շրջանցելով եկեղեցին. և մենք նրանց տալիս  ենք այդ ճանապարհը:

Կարևոր չէ, թե ինչ ուղով են ընթանում մարդիկ: Կարևոր է նրանց սրտի որակն ու Հավատի աստիճանը: Եվ նրանք մեզ կգտնեն նույնիսկ անապատում:

Ամենից վատն այն է, երբ մարդիկ կորցնում են հավատը կամ սկսում են ուրիշ մարդկանց Աստվածային մղումներն օգտագործել, որպեսզի ինչ-որ բան ձեռք բերեն անձամբ իրենց համար կամ լուծեն անձնական խնդիրներ:

Այն ժամանակ, երբ եկել էի, ես հատկապես դրա՛ դեմ էի խոսում: Խոսում էի տառակերների ու փարիսեցիների երկերեսանիության մասին, որոնք գրվածքների բարեպաշտական և խորիմաստ խոսքերի քողի տակ իրենց մութ գործերն էին անում և երեկոյան ուրախ-ուրախ շփում ձեռքները, որ հաջողվել է անմեղ գառներից հերթական մեծ գումարը պոկել:

Ես և Աստծո բոլոր դեսպանները բոլոր ժամանակներում ընդվզել ենք երկրեսանիության ու կեղծավորության դեմ: Աստվածային Ճշմարտությունը պարզ է: Աստվածային Սերը բաց է բոլորի համար: Ամեն ինչ մակերեսի վրա է, և որպեսզի ձեռք բերվի Աստվածային Իմաստություն, փող վճարելու կարիք չկա: Աստված ամեն ինչ բոլորին ձրի է տալիս:

Ձեց միայն պետք է, որ դեպի փակուղի տանող հազարավոր ճանապարհների ու մայրուղիների միջից առանձնացնեք այն նեղ արահետը, որը ձեզ կհասցնի Աստվածային գագաթ:

Պետք է հասկանաք, որ ճշմարիտ Հավատն ընդհանուր ոչինչ չունի ծեսերի ու արարողակարգերի հետ: Ճշմարիտ Հավատը ձեր սրտերի մեջ է: Եվ Աստված ապրում է ձեր սրտերում: Եվ այն մարդկանց համար, ովքեր իրենց սրտերում գտել են ճշմարիտ Աստծուն, տարբերություն չկա, թե ո՞ր տաճարը կմտնեն աղոթելու համար:

Կարևոր չէ՝ բուդդիստակա՞ն վանք եք մտնում, քրիստոնեական եկեղեցի՞, սինագո՞գ, մզկի՞թ, թե՞ աղոթատուն. եթե գնում եք դեպի Աստված, ապա նրան կգտնեք ամենուրեք:

Իսկ եթե ձեր սրտերը դատարկ են, ապա Աստծուն ոչ մի տեղ չեք գտնի:

Ծիսական խոսքերի ու աղոթքների մեխանիկական կրկնությունը, եթե դրանք արտաբերվում են առանց անկեղծության ու ներքին Հավատի, ձեզ ոչ մի օգուտ չեն տա: Հազար տարի կարող եք աղոթել, բայց եթե միաժամանակ վատն եք կամենում ձեր մերձավորին, ապա ձեր աղոթքներն ու ջանքերը գրոշի արժեք չունեն:

Ոչ մի Հավատ չի կարող արդարացնել ձեր այն հանցանքները, որոնք գործում եք հանուն Աստծո:

Խնդրում եմ ամենայն ուշադրությամբ վերաբերվել իմ այսօրվա խոսքերին: Ես կարեկցում եմ այն մարդկանց, ովքեր փնտրում են Աստծուն, բայց չեն կարողանում գտնել: Եվ որքա՜ն շատ են այնպիսինները, որոնք օգտագործում են նրանց ազնիվ մղումը, որպեսզի շահ ստանան դրանից:

Հավատի խնդրի ամբողջ արմատը ձեր սրտերի մեջ է: Եվ Աստծո հավատարիմ ու նվիրյալ սպասավորների դուք կարող եք գտնել աշխարհի բոլոր կրոնների ներսում: Բայց կարող եք և գտնել նրանց, ովքեր Աստծուն ծառայելու քողի տակ ծառայում են իրենց էգոյին ու սատանային, որը տիրել է իրենց սրտերին:

Ես եկա, որպեսզի հիշեցնեմ ձեզ, որ Ճշմարտությունը, Աստված և Սերը ձեզնից դուրս ինչ-որ տեղ չեն: Նրանք բոլորը ձեր ներսում են: Եվ մենք կօգնենք, որպեսզի ձեր սրտերում գտնեք այդ հարստությունները: Խնդրե՛ք մեզնից օգնություն: Դիմե՛ք մեզ կոչերով ու աղոթքներով: Ձեր անկեղծ կոչը կարող է հասնել ցանկացած Վեհապետի, և մենք չենք կարող չարձագանքել, քանի որ ձեր կոչին պատասխանելը մեր պարտքն է և մեր սրբազան պարտականությունը:

 

ԵՍ ԵՄ Հիսուս:

 

Տատյանա Միկուշինա, 2009 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ