Հիմա գտնվում ենք էվոլյուցիոն ուղու շատ նեղ փուլում

 

Հաութամա Բուդդա

1 հունվարի, 2009 թիվ

 

ԵՍ ԵՄ Հաութամա Բուդդան:

Ես եկա մի օր, որն ընդունված է նշել որպես նոր տարվա սկիզբ:

Այս օրով իմ գալն ավանդական է դարձել:

Դե ինչ, ես սկսում եմ:

Հավանաբար նկատու՞մ եք, թե տարեցտարի ինչ է տեղի ունենում Երկրի հետ: Ձեզ շրջապատող ողջ ունայնից այն կողմ կարելի է նշմարել տեղի ունեցող ընդհանրականը: Թվում է՝ մարդիկ ըստ սովորության ինչ-որ գործեր են անում, սակայն դրանք չեն տալիս նախկին գոհացումը, հաճույքը, ուրախությունը:

Ամեն ինչ իներցիայով է շարժվում: Բայց կգա պահը, երբ հին մտածողությունն ու հին կենսակերպը կսպառեն իրենց շարժման ողջ ներուժը: Եվ աշխարհը զարմանքով կարձանագրի, որ սկսվել է նորը:

Այժմ հենց այն պահն է, երբ նոր գիտակցությունը, նոր մտածողությունն ու նոր կենսակերպը պետք է ծնունդ առնեն: Եվ սկզբնական շրջանում դա կթվա շատ անսովոր ու օտարոտի: Կանցնի ևս մի որոշ ժամանակ, և նոր ժամանակի ուրվագծերն ավելի ու ավելի կգրավեն մարդկանց գիտակցությունը:

Ներկայումս ձեզ համար դժվար է դրան հավատալ, բայց հենց այդպես էլ կլինի:

Դա չի կարող չլինել: Եվ գլխավոր բանը, որ պետք է ի հայտ գա, համայնքի գիտակցությունն է. ո՛չ այն գիտակցությունը, երբ ամեն ոք ձգտում է ապրել ուրիշի հաշվին, այլ համայնքի այնպիսի գիտակցություն, երբ ամեն ոք ջանում է օգտակար լինել բոլորին: Իսկ դա հենց այն է, ինչին հարկ է, որ ձգտեք: Դուք պետք է ծլեցնեք ձեր ներսում նոր գիտակցության շիվերը: Պետք է աճեցնեք ձեր մեջ համայն կյանքի հետ միասնության զգացողությունը: Շատ քիչ են նրանք, ովքեր կարող են հենց հիմա հասնել նոր գիտակցության: Ուստի անհրաժեշտ է ջանքերի համախմբում դրսևորել:

Նորը միշտ էլ առաջացրել է դիմադրություն ու հակակրանք: Ձեր խնդիրն է՝ այնպես անել, որ նորը ներառվի գոյություն ունեցող ամեն ինչի մեջ. այնպես անել, որ հին ձևանմուշներն աստիճանաբար փոխարինվեն նորով:

Այդ դեպքում մենք կկարողանանք խույս տալ ավելի ռադիկալ ուղուց:

Որքան ավելի շատ մարդիկ իրենց սրտերում հայտնաբերեն նոր գիտակցության շիվեր, այնքան ամբողջ մարդկության համար ավելի հեշտ կլինի նոր մակարդակի անցնելը:

Որևէ գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ գոյություն ունի ողջ մարդկության ընդհանրական անգիտակցականը: Եվ այն դեպքում, երբ այդ անգիտակցականում կուտակվում է ագրեսիայի, ահի, մերձավորի հաշվին ապրելու որոշակի ներուժ, ծագում են պատերազմներ և ավերածություններ:

Բայց այժմ հասել է այն ժամանակը, երբ մարդկության ընդհանրական անգիտակցականում տեղի է ունենում դրական էներգիայի կուտակում՝ ուղղված դեպի Բարիքը, Բարին, Սերը:

Վաղ թե ուշ այն, ինչը գերակշռում է նուրբ ոլորտում, սկսում է իջանել ֆիզիկական ոլորտ:

Ներկայումս ֆիզիկական ոլորտ է իջանում տասներկուամյա վաղեմության ձեր գիտակցությունը: Դուք քաղում եք ձեր անցյալի սխալների ու մոլորությունների պտուղները:

Այժմ ժամանակը հոսում է արագացված տեմպով: Եվ այն, ինչ հիմա կերտում եք ձեր գիտակցությամբ, ֆիզիկական ոլորտ կիջնի յոթ տարի հետո: Ուստի հարկ է, որ ձեր գիտակցությունը պահեք հնարավոր առավելագույնս ձեզ համար մատչելի մակարդակի վրա:

Կան մարդիկ, որոնք իրենց հանձնել են մեզ հակադիր ուժերի կողմից հոշոտվելուն: Վերջիններս իրենց ներսում չունեն Աստվածային էներգիայի սեփական աղբյուրը: Ուստի իրենց առջև խնդիր են դրել յուրացնելու ձեր էներգիան: Դուք ճանաչում եք այդ մարդկանց այն պտուղներով, որոնցով շրջապատված են ֆիզիկական ոլորտում: Չնայած թվացյալ բարեկեցությանը՝ նրանց շուրջը տիրում է հոգևոր անապատ:

Ուստի հարկ է, որ շատ զգույշ լինեք և դատարկ բաների վրա շաղ չտաք այն թանկարժեք Աստվածային էներգիան, որի պակասությունը մոլորակն ունի:

Հիշեք՝ որտեղ կենտրոնացնում եք ձեր ուշադրությունը, այնտեղ էլ հոսում է ձեր էներգիան: Ուստի ջանացեք, որ ձեր էներգիան օգտագործեք ձեր աշխարհում ճիշտ կերպեր աճեցնելու համար: Պտուղների երևան գալը չի ուշանա Երկիր մոլորակի ֆիզիկական ոլորտում:

Դուք պետք է վերահսկեք Աստվածային էներգիայի յուրաքանչյուր էրգը: Ուստի առաջնահերթ է դառնում, որ ձեր գիտակցությունից ու շրջապատող իրականությունից դուրս մղեք բոլոր անաստված դրսևորումները: Դրանք կարող են լինել նկարներ, ֆիլմեր, խաղեր կամ սխալ, ոչ-աստվածային թրթռանքներ պարունակող երաժշտություն: Ձեր կյանքերում, այն հաստատություններում, ուր հաճախում եք՝ մանկապարտեզներում, դպրոցներում, առողջապահական հիմնարկներում, չափազանց շատ են հին կարծրատիպերը, որոնք հիմնված են մարդկային վախի ու տգիտության վրա:

Ավերե՛ք վախի, տգիտության ու սնոտիապաշտության պատվարները ձեր սրտերում ու մտքերում, և մոլորակը կմաքրվի ոչ-ճիշտ կերպերից:

Հասել է ժամանակը, երբ պետք է սովորեք զանազանել ձեզ շրջապատող ամեն ինչի թրթռանքները: Փորձե՛ք վստահել ձեր սրտին և զարմանքով կնկատեք, որ ձեր սիրտը ձեզ միշտ ճիշտ հուշումներ է տալիս և ձեր կյանքում ձեզ ուղղորդում ճիշտ ճանապարհով:

Հարկ չկա, որ ղեկավարվեք ձեր շրջապատի մարդկանց խորհուրդներով: Ժամանակն է, որ ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանաք հենց ձեր ներսից:

Այս տարին վճռորոշ է և բեկումնային: Այն բանից, թե որքա՞ն շատ մարդիկ և ի՞նչ աստիճանով կկարողանան փոխել իրենց գիտակցությունը և վեր կանգնել հասարակությունում հաստատված կարծրատիպերից, կախված է այն, թե դեպի ուր ուղղված կլինի մոլորակի էվոլյուցիան հաջորդ տարում: Մենք կոչ ենք անում, որ խնամքով հետևեք Աստվածային էներգիայի ծախսին: Այն խախուտ համակշռությունը, որը մենք այսքան դժվարությամբ պահպանում ենք, կարող է խախտվել ձեր չկշռադատված գործողությունների հետևանքով:

Երբեմն ավելի լավ է ոչինչ չանել, քան ոչ-ճիշտ մտապատկերներով ալեկոծել աստեղային ոլորտը: Քանզի այդ ոլորտի ստորին շերտերը սերտորեն կապված են Երկիր մոլորակի ֆիզիկական ոլորտի հետ, և ոչ-ճիշտ նմուշների նստեցումը կարող է վրա հասնել բառացիորեն հենց վաղը:

Դրա հետ կապված որոշակի դժվարություն կա: Բարձրագույն օկտավաներից կատարյալ կերպերի նստեցումը տեղի է ունենում անհամեմատ ավելի դանդաղ, քան անկատար կերպերի նստեցումն աստեղային ոլորտից:

Նուրբ աշխարհն ապրում է իր օրենքներով: Եվ խելամիտ բան չէ բահ ու քլունգով նուրբ ոլորտի զանազան շերտեր մուտք գործելը: Անհրաժեշտ է գիտակ լինել և զգույշ:

Տգիտությունը երբեք լավ բանի չի հանգեցրել: Եվ համակարգչի առաջ նստած վայրենին ոչնչով լավ չէ ջունգլիներում ապրող վայրենուց: Որքան շատ հնարավորություններ են հայտնվում տգետի ձեռքերում, այնքան ավելի վատ հետևանքներ կարող են լինել:

Ուստի մենք ձեզ ուսուցանում ենք զգուշություն, զգայունություն, զանազանում: Հիմա գտնվում ենք էվոլյուցիոն ուղու շատ նեղ փուլում: Այն պետք է անցնել գերագույն զգուշությամբ:

Հիշե՛ք, որ ձեր ամեն միտքն ու բառը ցնցում են Երկիր մոլորակի շրջակա տարածությունը:

 

ԵՍ ԵՄ Հաութամա Բուդդան՝ ԵՍ ԵՄ-ի աշխարհում գտնվողս:

 

Տատյանա Միկուշինա, 2009 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ