Հասել է ձեր յուրաքանչյուր գործողության ու արարքի համար հաշիվ տալու ժամանակը

 

Հիլարիոն Վեհապետ

28 հունիսի, 2008 թիվ

 

ԵՍ ԵՄ Հիլարիոնը՝ հինգերորդ ճառագայթի Տիրակալս՝ ձեզ այցի եկածս: Եկել եմ այս օրով և կուզենայի, որ մեր ուղերձները ձեր կյանքում կիրառելիս գործադրեիք այն ջանքերի գոնե մի չնչին մասը, որոնք մեր գալստյամբ մենք ներդնում ենք մեր ուղերձների մեջ:

Ահա ես եկել եմ, և մեր հանդիպումը կկայանա Երկնոլորտների անսահման ողորմածության շնորհիվ: Քանզի Երկնոլորտները պատրաստ են վիթխարի զոհողությունների, որպեսզի Երկրի մարդկության գիտակցությունն արթնանա:

Դուք կարծում եք, թե ձեր գործադրած ջանքերը բավարա՞ր են, որպեսզի ֆիզիկական ոլորտում վիթխարի բարեփոխումներ իրականանան: Ես եկել եմ, որպեսզի ձեզ ասեմ հակառակը: Դուք չեք գործադրում նույնիսկ հազարերորդական մասն այն ջանքերի, որոնք պետք է գործադրեիք:

Ես հաճախ եմ հանդիպում այնպիսի անհատների, որոնք ծանր հիվանդությունների բեռով մոտենում են ինձ և ապաքինում խնդրում: Նուրբ պլանում ես հանդիպում եմ նրանցից յուրաքանչյուրին և մանրակրկիտ կերպով բացատրում այն պատճառները, որոնք հանգեցրել են հիվանդության: Եվ միայն այն բանից հետո, երբ հոգին գիտակցում է, որ իր տկարության պատճառը պայմանավորված է Աստվածային էներգիայի սխալ օգտագործմամբ ու այն գործողություններով, որոնք տվյալ անհատը թույլ է տվել ինչպես իր ընթացիկ կյանքի, այնպես էլ վաղեմի մարմնավորումների ընթացքում, մենք համատեղ ենք հանգում եզրակացության, թե որն է առավել ընդունելի տվյալ հոգու համար. կյանքի նույն պայմաններում մնալով նա իր ախտերի թեթևացու՞մը ստանա, թե՞ անցում կատարի և նորից ծնվի, որպեսզի հնարավորություն ունենա շտկելու անցյալի իր սխալ արարքները:

Դուք ձեր հոգու մակարդակով մշտապես գիտեք, թե ինչ կարող եք անել  և պետք է անհամեմատ ավելի շատ անեք, քան այն, ինչ իրապես անում եք: Դուք զգում եք, որ շատ սխալներից կարելի էր և խույս տալ: Բայց ամեն անգամ, մարմնավորումից մարմնավորում, ընթանում եք նույն արատավոր շրջագծով: Ինչու՞ ... Դեռ որքա՞ն եք պատրաստվում մեկը մյուսի հետևից սխալներ թույլ տալ. արդյոք չե՞ք կարող վերջ տալ անհաջող մարմնավորումների հերթագայմանն ու կրկնվող սխալներին:

Իհարկե, կարո՛ղ եք: Եվ Երկնոլորտներն էլ հաճույքով կօգնեն ձեզ, որպեսզի դուրս պրծնեք սխալների ու անհաջողությունների արատավոր շղթայից: Համբարձյալ Վեհապետներից յուրաքանչյուրը պատրաստ է ուրախությամբ ձեզ օգնության հասնելու և ցուցաբերելու հնարավոր ամբողջ օգնությունը:

Սակայն դուք օգնություն եք խնդրում միայն ծայրաստիճան վհատվելուց հետո, երբ ծանր հիվանդությունն ու դժբախտությունն են ձեզ այցի գալիս: Բայց հենց որ բացասական էներգիայի մամլիչն իր ճնշումը մի փոքր թուլացնում է, դուք նորից ցած եք սահում այն նույն վտանգավոր արահետով, որը ձեզ տանում է դեպի տառապանքների ու դժբախտությունների անդունդը:

Եվ, որքան էլ մենք ջանք ենք թափում ու կանչում ձեզ դեպի լեռնագագաթները, դուք կրկին պոկվում ու վարվում եք ձեր ուզածով: Իսկ եթե ինքներդ ձեզ ու ձեր արարքները հանկարծ կողքից դիտեիք, ապա կզարմանայիք, թե որքա՜ն անպատասխանատու ձևով եք վարվում: Եթե վայրկյանի մի կարճ պահով ձեզ համար բացվեր ձեր առողջական վիճակի, ձեզ հետապնդող դժբախտությունների և  ձեր արարքների, ձեր կողմից օր օրի հրահրվող գիտակցության բացասական վիճակների միջև եղած պատճառա-հետևանքնային կապը, ապա ակնթարթորեն կզգայիք ձեր խավարում թափառելու ողջ անիմաստությունն ու կձգտեիք գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի դուրս գաք այն ուղու վրա, որից պարզորոշ երևում է Աստվածային գիտակցության գագաթը:

Սակայն ձեր ստեղծած կարման երբեմն ձեզ թույլ չի տալիս անգամ մտածելու, որ դուք կարող եք և սխալ լինել: Ինչպե՞ս կարող է սխալվել ամբողջ այն հասարակությունը, որում մենք ապրում ենք,- հարցնում եք ինքներդ ձեզ: Չէ՞ որ ձեր շրջապատում բոլորը նույն կերպ են վարվում. բոլորը ձգտում են փող վաստակել, որպեսզի հագուրդ տան իրենց ցանկություններին ու կրքերին:

Հարկ չկա, որ  ուշադրություն դարձնեք այն ամենին, ինչը ձեզ շրջապատում է: Ձեզ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել միայն ձեր ներքին կողմնորոշիչներին: Դուք պետք է ձեզ համար հնարավոր դարձնեք ձեր սրտի, ձեր բարձրագույն Ես-ի ու խղճի հետ զրուցելը և կյանքում վարվեք միայն այնպես, ինչպես թելադրում է ձեր ներսում հնչող մեղմ ներքին ձայնը: Քանզի ձեր բարձրագույն Ես-ն ու հոգին մշտապես գիտեն, թե ինչպես ճիշտ կլինի, որ վարվեք կյանքի այս կամ այն իրադրությունում: Սակայն դուք գերադասում եք նմանակել այն վարվելաձևերը, որոնք տեսնում եք հեռատեսիլով կամ ձեր անմիջական շրջապատում:

Գիտակցեք, որ ձեր հասարակությունը հիվանդ է: Ուստի   ինքնե՛րդ պետք է ձեզ մեկուսացնեք ձեր հասարակության մեջ գոյություն ունեցող կարծրատիպերից:

Սովորաբար, որպեսզի վարակը ձեզ չհասնի, դուք որոշակի միջոցներ եք ձեռնարկում և ձեզ հեռու եք պահում վարակիչ հիվանդություն կրող հիվանդից: Ահա ես ասում եմ ձեզ, որ ձեր հասարակությունը հիվանդ է, և որպեսզի առողջ պահեք ինքներդ ձեզ ու ձեր ընտանիքը, անհրաժեշտ է, որ մեկուսանաք այն վնասաբեր դրսևորումներից, որոնք առկա են ձեր ֆիզիկական աշխարհում:

Նույնիսկ այն դեպքում, երբ անխոհեմաբար միացնում եք հեռուստացույցը, ինքներդ ձեզ և, որ հատկապես ցավալի է, նաև ձեր երեխաներին, ենթարկեցնում եք ոչ ամենալավ վարվելակերպերի ազդեցությանը: Եվ գիտակցորեն կամ ոչ այնքան գիտակցորեն ձեր առջև բացում եք աստեղային ոլորտի դուռը, որով անմիջապես ձեր բնակարանն են ներխուժում ձեր շուրջը եղած չարամիտ էությունները, քանի որ ձգվում են դեպի իրենց համահունչ թրթռանքների կողմը, որոնք ձեր աշխարհ են թափանցում մասնավորապես նաև հեռուստացույցների էկրաններից:

Դուք մարտաֆիլմ եք դիտում, և ձեր բնակարանը լցվում է ագրեսիվ էակներով, որոնք ծարավի են արյան: Սարսափի ֆիլմ եք դիտում և դրանով իսկ դուռ եք բացում է՛լ ավելի ահավոր հրեշների ու դիվային էակների առջև: Գերադասում եք պոռնոգրաֆիական ֆիլմ դիտել և ներս եք հրավիրում էակների մի ողջ խառնամբոխի, որը պատրաստ է սնվել ձեր ցածրակարգ կրքերով ու բնազդներով:

Ձեր աշխարհում չկա որևէ բան, որ հետևանք չթողնի: Ամեն մի գործողություն իր հետևանքն է ծնում: Եվ երբեմն ձեր անցյալի անորակ արարքների հետևանքներն ի հայտ են գալիս բառացիորեն անմիջապես ձեր աչքի առաջ, երբեմն էլ տասնամյակներ են անցնում, մինչև որ դրանք դրևորվում են հենց այն պահին, երբ արդեն հրաժարվել եք ձեր նախկին բացասական սովորություններից ու հաճույքներից:

Ուստի՝ երբեք մեղքը մի՛ գցեք ուրիշների վրա: Մտածեք միայն այն մասին, թե ինչպե՞ս պաշտպանեք ձեզ ու ձեր էությունը սխալ վարվելաձևերի ազդեցությունից: Եվ այնժամ, երբ ջանք թափելով քայլ առ քայլ կընթանաք ճիշտ ուղղությամբ, ոչ մի Համբարձյալ Վեհապետ չի հրաժարվի ձեզ օգնելուց: Ես ինքս անձամբ կմոտենամ ձեզ և կցուցաբերեմ այն օգնությունը, որը հնարավոր է ցուցաբերել՝ ի շահ ձեզ ու ձեր հոգուն:

Մտահոգվեք հատկապես ձեր երեխաների համար: Տվեք նրանց այն բանի ըմբռնումը, որ ձեր աշխարհում առկա է անկատարություն, որ ձեր աշխարհը բարու և չարի, լույսի և խավարի խառնուրդ է: Այլ կերպ ասած՝ ձեր աշխարհը հիվանդ է: Եվ ինքներդ ձեզ ու ձեր աշխարհը միայն ինքներդ կարող եք բուժել, եթե սկսեք ձեր կյանքում առաջնորդվել այն հանձնարարականներով, որոնք մենք ենք տալիս՝ խրատներ տալու նպատակով այդքան դժվարությամբ թափանցելով ձեր աշխարհ:

Ես կմաղթեի բոլոր սրտերին, որ այսօրվա իմ ուղերձը նրանց մղի ճշմարիտ արարքների և ստիպի մտորել այն գործողությունների մասին, որոնք ամեն օր ի կատար են ածվում չմտածված կերպով:

Հասել է ձեր յուրաքանչյուր գործողության ու արարքի համար հաշիվ տալու ժամանակը:

 

ԵՍ ԵՄ Հիլարիոնը՝ ձեր հոգիների համար հոգածությամբ:

 

 

Տատյանա Միկուշինա, 2008 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ