Հասել է ժամանակը, որ դրսևորեք Բուդդայի ձեր իսկական էությունը

 

Բուդդա Ամիտաբհա

27 հունիսի, 2008 թիվ

 

ԵՍ ԵՄ Ամիտաբհա Բուդդան: Ես հազվադեպ եմ գալիս: Եվ ամեն անգամ, երբ հնարավորություն եմ ունենում բացելու ձեր աշխարհի դուռը, նախ և առաջ ջանում եմ ձեզ տալ այնպիսի պատկերացում, որը ձեզ հնարավորություն կտար դուրս գալու ձեզ համար սովորական դարձած ձեր աշխարհի շրջանակներից: Որովհետև կա ավելի մեծ ինչ-որ բան, դեպի ուր պետք է մղվեք: Եվ այդ մեծ բանը դուք պետք է աճեցնեք ձեր սրտերում:

Երբ գալիս եմ ձեր աշխարհ, ես կամենում եմ խրատներ տալ այն բնագավառի վերաբերյալ, որը հրատապ բնույթ ունի մարմնավորվածներից յուրաքանչյուրի համար: Դա այն է, թե ինչ ձևով կարող եք հաղթահարել ձեր կրքերը: Դա այն է ձեր մեջ, որը փոթորկվում է օվկիանոսի պես և խանգարում ձեր մտքի հանդարտեցմանը:

Դուք անկատար եք ձեր դրսևորմամբ: Բայց ժամանակավոր է և՛ անկատարությունը, և՛ հենց ինքը՝ դրսևորումը: Ուստի ձեզ այնպիսի ժամկետ է տրամադրված, որպեսզի հասցնեք ձերբազատվել այն ամենից, որը ձեզ բաժանում է ինձնից, ձեզ բաժանում է Աստծուց:

Ես ձեզ համար հանելուկներով եմ խոսում, բայց դուք կլսեք ինձ:  Քանզի այն, ինչ ես ասում եմ, նախատեսված է ձեր ֆիզիկական լսողության համար: Ես խոսում եմ մի լեզվով, որը հասկանալի է ձեր հոգու համար: Իսկ ձեր հոգին հենց ձեր այն մասն է, որն առավել զգայուն է և առավել տրամադրված մեր ազդեցությանը: Ես այժմ խոսում եմ Բուդդաների և Բոդհիսատվաների բազմության անունից: Մենք Հիերարխիայի այն ճյուղն ենք, որը պահպանում է Գիտելիքը և նպաստում Աստվածային իմաստության դրսևորմանը չհամբարձված մարդկության գիտակցության մեջ: Մենք ծառայում ենք Երկիր մոլորակի մարդկանց. սակայն որքա՜ն քչերն են ձեզնից գլխի ընկնում, որ մենք գոյություն ունենք:

Մենք խոնարհաբար կատարում ենք մեր պարտքը: Եվ հույսեր ենք կապում այն բանի հետ, որ ձեր մեջ կգտնվեն այնպիսիները, որոնք կորոշեն ընթանալ Բուդդաների ուղով:

Շա՜տ են դեպի Աստված տանող ուղիներն ու կածանները: Եվ այնժամ, երբ մոտենում եք ճամփաբաժանին, որպեսզի ընտրեք ձեր հետագա ուղին, մշտապես հանդարտ ձեզ է մոտենում Բուդդան՝ մեկը մեզնից, և առաջարկում հետևել իրեն:

Մեր ուղին Բարձրագույն Օրենքին լրիվ հնազանդվելու ուղին է: Եվ ձեզնից նա, ով պատրաստ է ընթանալու Բուդդաների ուղով, գիտի, որ այդ ուղով ընթանալը ոչ մի արտաքին տարբերանշաններ չունի: Ո՛չ Բուդդայի դիմաքանդակը, ո՛չ անուշահոտությունը, ո՛չ զանգուլակները՝ ոչինչ կարևոր նշանակություն չունի, բացի մի բանից. դա ձեր հնազանդությունն է և բոլոր աշխարհներում բնակվող բոլոր կենդանի էակներին ծառայելու ձեր ցանկությունը:

Մենք այցի ենք գալիս ձեզ այն վիճակներին համապատասխան, որոնց դուք ի վիճակի եք հասնել ձեր ամենօրյա մեդիտատիվ գործառության ընթացքում[1]: Ձեզնից նրանք, ովքեր ապրում են մեծ քաղաքներում և հնարավորություն չունեն հասնելու բուդդայական կենտրոններին ու վանքերին, որոշակի դժվարությունների են հանդիպում մեդիտատիվ գործառություններին տիրապետելու ընթացքում: Դրանք ավանդաբար հայտնի են եղել Տիբեթում, և շատ լամաներ կան, որոնք իրենց աշակերտներին ուսուցանում են այդ գործառությունները: Սակայն ձեր մեջ կան շատ մարմնավորված Բուդդաներ: Մոլորակի համար այս բարդ ժամանակներում շատ Բուդդաներ հանձն են առել մարմնավորվել բյուրեղյա լարով: Նրանցից շատերը չեն էլ գիտակցում, որ իրենք Բուդդա են, և ես եկել եմ այն բանի համար, որ բուդդայական զանգուլակ հնչեցնելով արթնացնեմ նրանց հոգու հիշողությունը:

Քանզի հարկ է, որ մոտենաք ձեր ներքին բնույթը գիտակցելուն: Հասել է ժամանակը, որ դրսևորեք Բուդդայի ձեր իսկական էությունը: Ժամանակ այնքան էլ շատ չկա, և ես եկել եմ մեկ անգամ ևս հիշեցնելու, որ ձեր գործադրած ջանքերում նպատակամղվածություն ու հետևողականություն դրսևորելն այժմ անհրաժեշտ է, ինչպես երբեք:

Բուդդաներին բնորոշ է հենց այն, որ ցանկացած արտաքին հանգամանքների ազդեցությամբ չեն կորցնում այն նպատակը, որի համար իրենք մարմնավորվել են ֆիզիկական աշխարհում: Իրական Բուդդան իր առաքելությունն ի կատար է ածում նույնիսկ այնժամ, երբ հայտնվում է այնպիսի անբարենպաստ պայմանների մեջ, որտեղ շրջապատում եղածներից ոչ ոք երբևէ չի էլ ենթադրում Հիերարխիայի Լույսի էակների, Բուդդաների ու Բոդհիսատվաների անտեսանելի գոյությունը:

Ճշմարիտ Բուդդան, նույնիսկ լրիվ մթագնված գիտակցությամբ մարդկանցով շրջապատված լինելու դեպքում, հիշում է այն մասին, որ կա Բարձրագույն Օրենք և հետևում է այդ Օրենքին: Քանզի Բուդդայի էությունը կարմիր թելի պես անցնում է նրա յուրաքանչյուր շարժումով՝ այն ամենով, ինչ անում է և ինչպես է անում:

Ճշմարիտ Բուդդան իրեն չի կապում իր իսկ գործունեության արդյունքի հետ: Նա չի գործում հանուն փողի կամ պատիվների: Ճշմարիտ Բուդդան իրականացնում է Կյանքին իր ծառայությունը՝ նույնիսկ ամենաանբարենպաստ արտաքին պայմանների դեպքում: Նա բավարարվում է աղքատիկ սննդով և համեստ հագուստով, բայց նրա հոգու հարստությունը հնարավոր չէ ծածկել և ոչ մի հագուստով: Բուդդայի ոսկե էությունն աչքի է զարնում նրա ամեն մի շարժման, ամեն մի գործողության և ամեն մի խոսքի մեջ:

Շատ քիչ են մարմնավորված Բուդդաները: Եվ դուք իրենցից շատ բան ունեք սովորելու: Ձեր խնդիրն այն է, որ սովորեք գտնել մարմնավորված Բուդդաներին: Եվ նույնիսկ այն դեպքում, երբ Բուդդան կամ Բոդհիսատվան ցնցոտիներով նստած ողորմություն է խնդրում, կողքով հենց այնպես չպետք է անցնեք: Քանզի ձեր հոգևոր մակարդակի մասին կարելի է դատել հենց այն բանով, թե ինչպիսի վերաբերմունք եք ցուցաբերում ներկայումս մարմնավորված Բուդդաների նկատմամբ:

Դուք պետք է գտնեք այդ Բուդդաներին և օգնեք նրանց, որ իրականացնեն Կյանքին իրենց Սպասավորությունը:

Այն դեպքում, երբ գործում եք հանուն ողջ մարդկության, երբ պատրաստ եք ի կատար ածելու ձեր գործերը հանուն այն բանի, որ բոլոր կենդանի էակները երջանիկ լինեն, ապա ձեր այդ անշահախնդիր ծառայության շնորհիվ ինքներդ վերածվում եք Բուդդայի և ունակ եք դառնում ձեր օրինակով փրկելու շատ հոգիների, որոնք ոչինչ չգիտեն Բարձրագույն Օրենքի մասին և երբեք չեն լսել Լույսի այն մեծ էակների մասին, որոնք Երկրին օգնություն են ցուցաբերում:

Ես այս օրով այցի եկա ձեզ, որպեսզի ձեզնից նրանց, ովքեր Երկրի մարդկությանն անշահախնդիր օգնություն ցուցաբերելու մղումով մարմին են առել, հիշեցնեմ, որ ձեր ժամանակն արդեն հասել է: Իսկ եթե դեռևս մարդկային թուլությունների, սովորությունների ու կրքերի ազդեցության տակ եք գտնվում, ապա պետք է անհապաղ ձերբազատվեք դրանցից: Քանզի այլևս ժամանակ չկա զբաղվելու դատարկ բաներով, երբ Կյանքի սպասավորությանն ուղղված գործերն անող չկա:

 

ԵՍ ԵՄ Ամիտաբհան:

 

Տատյանա Միկուշինա, 2008 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը


 

[1] Տես Ամիտաբհայի 2005 թ-ի մայիսի 18-ի ուղերձը

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ