Ուսմունք այն մասին, թե ինչպես ճիշտ կլինի, որ վարվեք ձեր կյանքերում

 

Տեր Մայտրեյա

26 հունիսի, 2008 թիվ

 

ԵՍ ԵՄ Մայտրեյան՝ ձեզ մոտ եկածս, որպեսզի ոչ մեծ մի Ուսմունք տամ այն մասին, թե ինչպես ճիշտ կլինի որ վարվեք ձեր կյանքերում: Եվ այս Ուսմունքը ես կրկին կտամ իմ դեսպանորդի միջոցով:

Որքա՜ն հազվադեպ են լինում մեր հաղորդակցության րոպեները: Եվ որքա՜ն հազվադեպ է հաջողվում ունայնությունից րոպեներ փախցնել, որպեսզի անդորրության մեջ լինենք:

Ես գալիս եմ այնժամ, երբ ձեր մտքերը հանդարտվում են և զգացմունքները խաղաղվում: Սիրում եմ լինել այնտեղ, ուր նույնիսկ քամին է լռում և չի լսվում անձրևի աղմուկը. երբ ողջ բնությունը քար լռությամբ կանխազգում է իմ գալուստը:

Կգա այն օրը Երկրի վրա, երբ ողջ մոլորակը շունչը պահած կսպասի իմ գալստյանը: Եվ վրա կհասնի այն ակնթարթը, երբ ես կկարողանամ մարմնավորվել: Քանզի որքան շատ լինեն մարմնավորման մեջ գտնվող այն մարդկային անհատները, որոնք կիմանան իմ մասին և կհետևեն իմ Ուսմունքին, այնքան ավելի շուտ կգա ոսկե այն ժամանակը, երբ ես կկարողանամ հայտնվել մարդկանց շրջանում:

Միշտ այդպես է եղել: Սկզբում հող է նախապատրաստվում, ապա տեղի է ունենում մեծ մարմնավորումը: Իսկ հիմա մենք սկսում ենք մեր զրույցը: Որքա՜ն եմ սիրում խրատներ տալ այն սրտերին, որոնք բաց են Սիրո համար: Որքա՜ն եմ սիրում խրատներ տալ անդորրության մեջ:

Երբ ձեր սրտերի անդորրության մեջ կկարողանաք համալարվել իմ թրթիռների հետ, ես կկարողանամ հաղորդակցվել ձեզ հետ՝ շրջանցելով դեսպանորդին: Իսկ առայժմ դանդաղում ենք ու սպասում, թե երբ պատրաստ կլինեք ընդունելու մեզ ձեր սրտերում: Քանզի Երկրի վրա դեռ պայմաններ չեն ստեղծված իմ գալստյան համար:

Մենք սպասում ենք, որ դուք կարողանաք ականջալուր լինել այն Ուսմունքին, որը մենք տալիս ենք, և կյանքի խռովահույզ ձեր օվկիանոսում ստեղծեք կղզյակներ, որոնք զերծ լինեն փոթորիկներից ու հողմերից. այնպիսի կղզյակներ, ուր մենք կկարողանանք մեր Ուսմունքը տալ անդորրության մեջ: Հասկացե՛ք, որ ամբողջ հարցը թրթռանքների տարբերության մեջ է: Եվ այնժամ, երբ փոխում եք ձեր թրթիռները, ունակ եք դառնում լսելու նուրբ աշխարհներին և շփվելու Վեհապետների հետ: Մենք և՛ տարբեր ենք, և՛ իրար նման: Տարբեր ենք, քանի որ գտնվում ենք տարբեր թրթռանքներ ունեցող աշխարհներում, բայց և նման ենք, քանի որ և՛ դուք, և՛ ես պատկանում ենք այս տիեզերքի միևնույն էվոլյուցիոն շղթայի օղակին: Ուստի և ես այցի եմ գալիս ձեզ:

Նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել զգալու իմ թրթիռները, հասկանում են, որ ես շատ կցանկանայի հաղորդակցության մեջ մտնել ձեզնից յուրաքանչյուրի հետ: Քանզի այն դեպքում, երբ մեր հանդիպումը կայանում է, մեր աշխարհները ներթափանցում են մեկը մյուսի մեջ, և մենք հնարավորություն ենք ստանում Աստվածային Սիրո հոսքում միաձուլվելու ձեզ հետ:

Ոգեղեն ու ֆիզիկական աշխարհները միևնույն մեդալի երկու երեսներն են: Եվ երբ պահը գա, մենք կկարողանանք համալարվել ու զրուցել իրար հետ: Բայց նախքան այդ դուք դեռ պետք է շատ աշխատեք ինքներդ ձեզ վրա: Եվ ես հիմա ձեզ կասեմ, թե ինչ որակներ պետք է ձեռք բերեք, որպեսզի մեր հաղորդակցությունը կայանա:

Ամենից առաջ պետք է գիտակցեք, որ գոյություն ունի տիեզերական էակների մի ամբողջ Հիերարխիա: Եվ այդ Հիերարխիայում դուք զբաղեցնում եք սկզբնական աստիճանները: Հիերարխիայի և նրա հիմքերի նկատմամբ հարգանք տածելն ու պատվելը ձեր ամենաառաջնահերթ պարտականությունն է: Դրանից հետևում են այնպիսի որակներ, ինչպիսիք են՝ հնազանդությունը, կարգապահությունն ու նվիրվածությունը: Առանց այդ հատկանիշների դուք չեք կարողանա առաջ ընթանալ ձեր Ուղով: Եվ, որպեսզի ձեռք բերեք այդ հատկանիշները, պետք է հրաժարվեք ձեր էգոյի առյուծի բաժնից, որը ձեր էվոլյուցիոն զարգացման ներկա փուլում գերակշռող է ձեր մեջ:

Ձեր էգոն մեր հաղորդակցության հիմնական արգելակողն է: Եվ, որպեսզի մուտք գործեք Ձեռնադրումների այն Ուղին, որում ես եմ ձեզ խրատում, իրականում ձեզ պետք չէ ամբողջովին ձերբազատվել ձեր էգոյից, քանի որ առանց էգոյի՝ առանց ձեր ստորին չորս մարմինների, դուք չեք կարող գոյատևել ձեր աշխարհում: Հարկավոր է միայն, որ ձեր էգոն ենթարկեցնեք Բարձրագույն Օրենքին. հարկավոր է միայն որ սանձահարեք ձեր մարմնական ցանկությունների ու կրքերի գազանին: Իսկ այդ գազանի վարժեցման գործով արդեն միասին կզբաղվենք:

Մեր աշխարհի մասին ձեր պատկերացումը կընդլայնվի, և Ուղով ձեր առաջընթացը կարագանա միայն այն դեպքում, երբ կկարողանաք մշտական ջանքեր գործադրել, որոնք ուղղված կլինեն ձեր կյանքերում Աստվածային դրսևորումների բազմացմանը և ձեր կյանքի դրվածքի համապատասխանեցմանն Աստվածային ձևաչափերի հետ:

Դուք չեք կարող ձեր Ուղով առաջ շարժվել որոշակի շեմից այն կողմ, քանի դեռ չեք ձերբազատվել այն հիմնական թերություններից ու վնասակար սովորություններից, որոնք բնորոշ են մարդկությանը՝ նրա զարգացման ներկա փուլում: Խոսքս ալկոհոլի, թմրանյութերի, նիկոտինի օգտագործման մասին է, կտրատվող ռիթմով ժամանակակից երաժշտություն լսելու մասին և այն ցածր թրթռանքներ ունեցող սննդամթերքի մասին, որն իր մեջ նաև միսն է ներառում:

Քանի դեռ չեք ազատվի ձեր կյանքի այդ հաճույքներից, չեք կարողանա առաջ ընթանալ էվոլյուցիոն ուղով: Քանզի բթացնող նյութերն ու էներգիաներն այնպես են կապկպում ձեր ոտքերը, որ չեք կարողանա քայլել:

Ես ձեր ուշադրությունը չէի կենտրոնացնի նման բաների վրա, եթե մարդկության առջև հրատապ կանգնած չլիներ այդ անկատար դրսևորումներից անհապաղ ձերբազատվելու անհրաժեշտությունը: Դուք շատ եք խոսում ձեր հոգևոր նվաճումների մասին, բայց ձեզնից քանի՞սն են ունակ իրենց կյանքում հետևելու այն վարվելակերպերին ու կենսակերպին, որոնք բավարարում են մեր պահանջներին՝ Համբարձյալ Դասերիս պահանջներին: Ձեզ թվում է, թե շատ բաների եք հասել, շատ բաներ կարող եք ընդունել և հասկանալ ձեր գիտակցությամբ, բայց ես պետք է ասեմ, որ այն ամենի մեծ մասը, ինչը դուք հոգևոր սնունդ եք համարում՝ հոգևոր ուսմունքներն ու հոգևոր գործառույթները, իրականում նույնպիսի նախահումքեր են, ինչպիսիք գեղեցիկ փաթեթավորված սննդային նախահումքերն են, որոնք դարսված են ձեր խանութների դարակների վրա: Դուք կարող եք և պետք է կարգ ու կանոն մտցնեք ձեր բարոյական և հոգևոր կողմնորոշիչների մեջ: Եվ եթե հաստատակամորեն հետևեք և դուրս մղեք ձեր կյանքից այն ամենն, ինչն Աստվածային չէ, ապա ես երաշխավորում եմ, որ Երկրի բարենպաստ փոփոխությունները երկար սպասեցնել չեն տա: Ամեն ինչ ձեր ձեռքերում է: Եվ հենց դու՛ք եք կարգավորում էվոլյուցիոն ուղով ձեր ընթացքի տեմպերը. նույնիսկ այն տարերային աղետներն եք կարգավորում, որոնք տեղի են ունենում ձեր մոլորակի վրա: Քանզի ցանկացած տարերային աղետ վերջին հաշվով առաջանում են այն բացասական էներգիաներով, որոնց ծնունդ է տալիս մարդկությունը:

Այն ժամանակից ի վեր, երբ մենք սկսեցինք կանոնավորապես ուղերձներ տալ մեր դեսպանորդի միոջոցով, ուշադրությամբ հետևում ենք Երկիր մոլորակի թրթռանքների ընդհանուր ֆոնին: Եվ ինչպես ձեզ առաջ էլ է ասվել, կան այնպիսի տիրույթներ, որտեղ մարդիկ կարդում և ամբողջ սրտով ընդունում են մեր ուղերձները, և կան ամբողջական տիրույթներ, որոնք փակ են մեր էներգիաների համար: Ուստի անհամակշռություն գոյություն ունի, որն ավելի ու ավելի է մեծանում: Եվ եթե հետևեք նորությունների թողարկումներին, ապա մեծագույն հավաստիությամբ կարող եք տեսնել, որ զանազան արհավիրքներն ու տարերային աղետներն անհամեմատ ավելի մեծ թիվ են կազմում այն տարածաշրջաններում ու երկրներում, որտեղ չեն կարդում մեր ուղերձները, և որտեղ չկան այն մարդիկ, ովքեր կարող են փոխանցել մեր էներգիաներն ու թրթռանքները:

Որքան էլ ցանկանաք, ձեզ չի հաջողվի շրջանցել Օրենքը: Եվ վաղ թե ուշ ողջ մարդկությունը կհամաձայնի մեր փաստարկների ու մեր տված Ուսմունքի հետ: Եվ մենք հույս ենք տածում, որ դա տեղի կունենա հնարավորինս արագ:

 

ԵՍ ԵՄ Մայտրեյան՝ ձեր նկատմաբ Սիրով:

 

Տատյանա Միկուշինա, 2008 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ