Ներքին Ուսմունք և արտաքին ուսմունք

 

Պաշտելի Հիսուս

25 հունիսի, 2008 թիվ

 

ԵՍ ԵՄ Հիսուս՝ ձեզ այցի եկածս: Ես եկել եմ, ինչպես անցած անգամ, որպեսզի որոշակի խրատներ տամ, որոնք, հույս ունեմ, օգտակար կլինեն ձեր հոգիների համար: Կա արտաքին ուսմունք, և կա ներքին Ուսմունք: Դուք դրանց մասին գիտեք կամ, հնարավոր է, լսել եք: Ինչո՞վ են դրանք իրարից տարբերվում:

Ամեն անգամ, երբ մենք խրատներ ենք տալիս այդ թեմայի վերաբերյալ, մի փոքր այլ կերպ ենք մատուցում նյութը, որպեսզի դուք այն ընկալեք իր ողջ լրիվությամբ: Գիտեք, որ երբ ես 2000 տարի առաջ մարմնավորման մեջ էի, իմ Ուսմունքը տվեցի շատ մարդկանց: Այդ Ուսմունքն արտաքի՞ն էր, թե՞ ներքին: Որպեսզի պատասխանենք այդ հարցին, եկեք միասին խորհրդածենք:

Երբ մարմին է առնում որևէ դեսպանորդ կամ մարգարե, նա ունենում է որոշակի նպատակ կամ առաքելություն: Եվ նման ավետաբերի առաքելությունը մշտապես մեկն է լինում՝ վերականգնել ճշմարիտ Ուսմունքը: Այն Ուսմունքը, որը մշտապես եղել է աշխարհում ժամանակների սկզբից սկսած, բայց որը մոռացվել է շատ հազարամյակներ առաջ: Ձեր գիտելիքները թարմացման կարիք ունեն: Ուստի և այսօր մենք գալիս ենք, որպեսզի տանք թարմացված գիտելիք: Այն գիտելիքը, որը դուք հիմա կարող եք ընկալել:

Ոչ շատ վաղ անցյալում, երբ ես մարմնավորման մեջ էի, ինչպես նաև դրանից զգալիորեն ավելի ուշ, եթե ի հայտ գար մեկը և տար այն Ուսմունքը, որը մենք այժմ առատորեն տալիս ենք, ապա չէր կարողանա քարոզել ազատորեն ու բացահայտ՝ այն պարզ պատճառով, որ գոյություն կունենային շատ սահմանափակումներ, որոնք բնորոշ են աշխարհի բոլոր կրոններին: Ամեն մի կրոն ներկայանում է որպես որոշակի դոգմաների ու կանոնների ցանկ: Եվ դուք հավանաբար գլխի եք ընկնում, որ այդ դոգմաների ու կանոնների մեծամասնությունը տրվել են ո՛չ իմ, ո՛չ էլ կրոնների մյուս հիմնադիրների կողմից, այլ ի հայտ են եկել զգալիորեն ավելի ուշ և մտցվել են եկեղեցական հայրերի կողմից: Քանզի ամեն մի մարդ, ելնելով իր աշխարհայացքից ու առկա ընդհանուր մշակույթից, կամենում է խրատել ուրիշներին իր հասկացած լավագույն ձևով: Բայց երբ այդ մարդը չի խոսում Աստծո անունից, այլ նրա մեջ խոսում է իր մարմնական խելքը, ապա նրա գործադրած ջանքերի արդյունքը տրամագծորեն հակառակ է դառնում այն արդյունքին, որը Համբարձյալ Դասերն ուզում են դրսևորված տեսնել մարդկանց շրջանում: Այսպես՝ ամեն ոք հնարավոր բոլոր գաղտնածեսերով ձգտում է գտնել այն, ինչը հնարավոր է բացատրել մարդկային խելքով: Իսկ այն, ինչը որևէ բացատրության չի ենթարկվում, կա՛մ լռության է մատնվում, կա՛մ հռչակվում է որպես Աստվածային հրաշք: Եվ երբ մարդկանց բազմաթիվ սերունդներ կրկնում ու բերանացի փոխանցում են այդ հրաշքի մասին իրենց լսածը, որը տեղի է ունեցել իրենցից հարյուրավոր ու հազարավոր տարիներ առաջ, ապա առաջանում է կարծրատիպ կամ դոգմա, որն ինքնուրույն սկսում է գոյատևել այն մարդկանց գիտակցությունից անկախ, ովքեր շփվում են այս կամ դավանաբանության կամ եկեղեցու հետ:

Ամեն մի դոգմայում Ճշմարտություն կա, բայց, որպեսզի այդ Ճշմարտությունը հասկանալի դառնա մարդկանց նոր սերունդների համար, մի նոր մարդու կարիք է զգացվում, որ գա ու թարմացնի մարդկանց պատկերացումն Աստվածային Ճշմարտության մասին:

Միշտ էլ այդպես է եղել: Եվ դա նման է այն բանին, թե ինչպես եք ջրհոր փորում և դրանից ջուր հանում: Դուք վարժվում եք այդ ջրհորի ջուրը խմելուն, որովհետև ուրիշ ջրի տեղ չգիտեք: Եվ նույնիսկ այնժամ, երբ որոշ ժամանակ անց ջուրը հոտում է, դուք դրա հետ էլ եք համակերպվում, որովհետև նոր աղբյուր բացելու ձևը չգիտեք: Բայց ահա հայտնվում է մեկը և նոր ջրհոր է բացում: Իսկ դուք զգուշավորությամբ եք փորձում դրա ջուրը, քանի որ գիտեք, որ ջրերը տարբեր են լինում, և ջրից նույնիսկ հնարավոր է և թունավորվել: Նշանակալի ժամանակ է անցնում, մինչև որ բոլոր բնակիչները վարժվեն նոր ջրհորին և սկսեն օգտվել այդ ջրից:

Ահա ճիշտ նույն կերպ էլ նոր Ուսմունքի փոխանցման գործն է: Ամեն անգամ մի նոր մարդ է հայտնվում և տալիս նույն հինավուրց Ուսմունքը՝ տվյալ ժամանակի մարդկանց համար հասկանալի տեսքով: Եվ սկզբում այդ Ուսմունքը պարունակում է իր մեջ կատարյալ Աստվածային թրթռանքներ և գրավում է իր թարմությամբ: Բայց երբ Ուսմունքի կրողը հեռանում է, ապա հետևորդները սկսում են տալ իրենց յուրովի մեկնաբանությունները՝ յուրաքանչյուրն իր ձևով: Քանզի Աստվածային հնարավորության հոսքն արդեն հատված է, և երկրի վրա չկա այն մարդն, ով Աստվածային էներգիայի փոխանցողն է:

Ամեն անգամ միևնույն Ուսմունքն է տրվում, և այդ Ուսմունքի էությունը պարզ է ու հասկանալի նույնիսկ մանկան համար: Բայց այն, ինչը հասկանալի է մանկահասակ երեխայի համար, խույս է տալիս մարմնական խելքից և չի ենթարկվում որևէ տրամաբանական վերլուծության: Ուստի ձեզ համար հույժ կարևոր կլինի, որ յուրաքանչյուրդ կարողանա Ուսմունքի աղբյուրը գտնել իր ներսում: Բոլոր ճշմարիտ կրոններն իրենց հիմքում ուսմունք ունեն Աստծո մասին, որն ապրում է յուրաքանչյուր մարդու սրտում: Եվ քանի որ մարդիկ կորցնում են իրենց սրտի միջի Աստծուն լսելու ունակությունը, ապա միջնորդներ են հայտնվում, որոնք լսում են Աստծուն, կամ ասում են, թե լսում են Աստծուն:

Պախարակելի ոչինչ չկա այն բանում, որ դուք դիմում եք այն միջնորդի օգնությանը, որը ձեզ կխրատի դուրս գալ ուղու վրա: Հարցն այն է, թե որքանով է այդ միջնորդը Աստվածային Ճշմարտության կրող հանդիսանում: Հետևաբար ավելի հեշտ ու գործուն կլինի, եթե ձեզնից յուրաքանչյուրը կարողանա համալարվել Աստծո հետ և զգալ Աստվածային թրթռանքներն իր սրտում: Հավատացե՛ք, որ ձեզնից յուրաքանչյուրի սրտում ապրում է Աստված: Եվ ձեզ պետք չէ թափառել Երկրով մեկ, որպեսզի գտնեք ձեզ խրատողին: Բայց, քանի որ Աստծուն ուղղակիորեն լսելու ունակությունը կորսված է ներկայումս ապրող մարդկանց մեծամասնության համար, ապա գոնե հայտանիշներ պետք է ունենաք, որոնցով կարողանաք հին ու նոր քարոզիչների մեջ ճանաչել գառան դիմակով գայլերին:

Այնտեղ, որտեղ ներկա է Աստված, տեղ չկա չարախոսությունների ու փոխադարձ դատապարտումների համար: Այնտեղ, որտեղ ներկա է Աստված, տեղ չկա շահադիտական հետաքրքրությունների ու մերձավորների հաշվին ապրելու համար: Այնտեղ, որտեղ ներկա է Աստված, միայն տալը կա. ձեզ տալիս ու տալիս են Աստվածային նեկտարը, որպեսզի ըմպեք, և փոխարենը ոչինչ չեն պահանջում:

Երբեք արտաքին ծեսերի հետևից մի՛ ընկեք: Երբեք մի՛ ձգտեք խորին խորհուրդ գտնել այնտեղ, որտեղ այն չկա: Ապրեք պարզ ու հասարակ: Պահե՛ք Մովսեսի ու մյուս մարգարեների պատվիրանները և առաջնահերթ կերպով ջանացե՛ք ձեր սրտում անխաթար պահել Սիրո զգացումն ու կարեկցանքը մերձավորների, ողջ կենսականի նկատմամբ:

Կախված Կյանքի յուրաքանչյուր մասնիկի, Աստվածային ամեն մի դրսևորման նկատմամբ ունեցած վերաբերմունքից՝ ճշմարիտ հավատ ունեցողը տարբերվում է այն կեղծավորից, որն Աստծո անվան տակ քողարկվում է, բայց իր սրտում չունի Աստծուն:

Ես ձեզ պատվիրան եմ տվել. Սիրեցե՛ք զմիմյանս: Եվ ես եկա, որպեսզի ասեմ հետևյալը. այն դեպքում, երբ Սեր ունեք ձեր սրտում, ձեզնից դուրս ոչ մի միջնորդ ձեզ պետք չէ. պետք չէ, որ Աստծուն ձեզնից դուրս փնտրելու համար ժամանակ ծախսեք. քանի որ, եթե Սեր ունեք, ապա ուրեմն Աստծո մեջ եք, որովհետև Աստված Սեր է հենց:

Ես այս օրով ձեզ այցի եկա, որպեսզի ձեզ պատկերացում տամ ներքին Ուսմունքի մասին, որը ձեր սրտերում է և Սեր է կոչվում:

 

ԵՍ ԵՄ Հիսուս

 

Տատյանա Միկուշինա, 2008 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ