Իմաստ չունի Ուսմունք տալ, եթե այն չի ամրապնդվում գործնականում

 

Պաշտելի Սերապիս Բեյ

24 հունիսի, 2008 թիվ

 

ԵՍ ԵՄ Սերապիս Բեյը: Այս օրով ես եկել եմ, որպեսզի զրույց կազմակերպեմ: Եվ այն կվերաբերվի ձեր հոգևոր զարգացմանը: Ձեզ բնական մի բան է թվում, որ Համբարձյալ Վեհապետներն ահա հենց այսպես հասարակ ձևով պետք է գան ու զրուցեն ձեզ հետ: Սակայն չեք պատկերացնում, թե Համբարձյալ Դասերն ինչպիսի՜ վիթխարի աշխատանք են տանում մեր ուղերձների փոխանցման համար:

Մեր աշխարհների միջև գոյություն ունի անթափանց էներգետիկական պատնեշ: Եվ, որպեսզի այդ պատնեշը հաղթահարվի, նշանակալի էներգիա պետք է կիռարվի: Դեսպանորդի պատրաստ լինելը պետք է համատեղվի մեր պատրաստ լինելու հետ: Եվ ահա գալիս է մի պահ, երբ մեր աշխարհները համահունչ են դառնում: Այնուհետև գալիս է այն պահը, երբ ուղերձը մուտք է գործում ձեր աշխարհ. հանդարտ, ինչպես առվակի խոխոջյուն. հանդարտ, ինչպես խոտի սոսափ. հանդարտ, ինչպես վարդն է բացվում:

Ձեր աշխարհը ստանում է մեր ուղերձը: Եվ երբ թռուցիկ հայացքով անցնում եք ձեզ տրվածի վրայով, գնահատում ձեր մարդկային տրամաբանությամբ և դեն նետում որպես ձեր հոգևոր զարգացման համար օգտակար ոչինչ չպարունակող մի բան, ապա կարող եք և պատկերացնել, թե քանի՜ քայլով եք ինքներդ ձեզ հեռացնում դեպի ձեր աշխարհ հորդացող Աստվածային հնարավորությունից:

Ա՜խ, եթե կարողանայիք ներքին իմաստով լցնել ձեզ հետ մեր հաղորդակցության ամեն մի րոպեն... Եթե կարողանայիք մի կողմ թողնել ձեր գործերը և մեր հաղորդակցությանը տրամադրել գոնե մի քանի րոպե... Եվ եթե շատ մարդիկ ամեն օր դա անեին, ապա պատկերացրեք, որ ձեր աշխարհը կբարեփոխվեր հաշված տարիների ընթացքում: Քանզի հենց այն բանի պատճառով, որ ձեր գիտակցության մեջ արժանավայել տեղ չեք հատկացնում մեր ուղերձներին, մեր դեսպանորդին և այն աշխատանքին, որը մենք կատարում ենք ձեզ համար, մեր աշխարհները չեն կարողանում մերձենալ իրար:

Մեր աշխարհը և ձեր աշխարհը: Մենք իրար մոտ ենք գտնվում: Նրբագույն շղարշ է ընկած մեր միջև: Եվ այդ շղարշը վերածվում է նրբավարագույրի նրա համար, ով ունակ է համալարվելու մեզ հետ, զգալու մեր թրթիռները: Բայց նաև այդ շղարշն անթափանց զրահի է վերածվում նրանց համար, ովքեր իրենց ուշադրությունը մշտապես կենտրոնացած են պահում ֆիզիկականի վրա՝ արտաքին աշխարհի ու իրենց ցանկությունների, իրենց խնդիրների ու կրքերի վրա:

Մտածե՛ք ասածներիս մասին: Մտորե՛ք այն մասին, թե ձեր կյանքում ի՞նչ տեղ եք հատկացնում մեզ հետ ձեր հաղորդակցությանը. որքա՞ն հաճախ եք արտաքին գիտակցությամբ ձեզ հաշիվ տալիս, թե ինչ հրաշք է տեղի ունենում մեզ հետ հաղորդակցվելուց:

Կարողացե՛ք ձեր կյանքի ունայնից այն կողմ նշմարել Ճշմարտության հատիկները, որոնք մենք ցանում ենք այս ու այնտեղ: Մենք հույս ենք կապում, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կկարողանան ձեր կյանքի ունայնության ու խառնաշփոթի մեջ մի պահ կանգ առնել և հոգու աչքերով նայել իրենց շուրջը:

Շա՞տ են արդյոք ձեր մեջ այնպիսինները, որոնք կարող են հասկանալ, թե որքանով է տարբեր ձեզ շրջապատող ամեն ինչն Աստվածային կատարելությունից: Շա՞տ են արդյոք նրանք, ովքեր պատրաստ են իրենց կյանքում հետամուտ լինել Աստվածային չափորոշիչներին: Եվ հնարավո՞ր է արդյոք ձեր ամեն մի քաղաքում գտնել գոնե տաս ուղղահավատի...

Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է զարգանա ձեր քաղաքակրթությունը, եթե նմանակման համար իր խորքերում չունենա Աստվածային նմուշօրինակներ: Արդյո՞ք նրան չի սպասվում աստվածաշնչյան Սոդոմի ու Գոմորի ճակատագիրը:

Մտորե՛ք իմ խոսքերի շուրջ: Եվ ձեր կյանքում կանոն դարձրեք, որ մշտապես ամեն ինչի մեջ իրարից զատեք Աստվածային ու անաստված դրսևորումները: Ձեր զանազանումն ունակ կլինի առաջապահ դիրք ստեղծելու՝ մեր առաջապահ դիրքը ձեր աշխարհում: Եվ շնորհիվ ձեզ ու ձեր ձեռք բերած զանազանման շնորհի՝ մենք կկարողանանք ընդարձակել մեր աշխարհի սահմանները և մեր աշխարհը տարածել ձեր աշխարհում:

Աստիճանաբար երկրագնդի վրա կազմավորվում են գոտիներ, որոնք ազատ են ռոք երաժշտությունից և զանգվածային գիտակցության այլևայլ դրսևորումներից: Աստիճանաբար նման անկյունների քանակն ավելի ու ավելի կշատանա: Ժամանակի ընթացքում այդ տեղերի թրթռանքները հենց իրենք հեռու կփախցնեն իրենցից բոլոր անաստված դրսևորումները:

Իսկ հիմա խորհեցեք այն բանի շուրջ, թե ինչպե՞ս ձեր նյութական աշխարհում ստեղծեք Աստվածային դրսևորումների նմանատիպ կղզյակներ: Մտածե՛ք, թե անձամբ ի՞նչ կարող եք դուք անել, որպեսզի ստեղծվի նմանատիպ անկյուն ու նմանատիպ բնակատեղի:

Ես ձեզ կասեմ ևս մի կարևոր բանի մասին: Որպեսզի պատկերացնեք, թե ինչպիսի տեսք պետք է ունենա ապագայի բնակատեղին, պետք է առաջնորդվեք այն Ուսմունքով, որը մենք տալիս ենք մեր դեսպանորդի միջոցով: Շատերը կան ձեր աշխարհում, որոնք լսում են Համբարձյալ Վեհապետների ձայները: Եվ է՛լ ավելի շատ են նրանք, ովքեր կարծում են, թե լսում են Համբարձյալ Վեհապետների ձայները: Բայց միայն եզակիներն են, որոնք կարող են ձեզ ճշմարիտ չափորոշիչներ ու կողմնորոշիչներ տալ, և դրանցից մեկն էլ մեր դեսպանորդն է, որի միջոցով տալիս ենք մեր Ուսմունքը: Քանզի այդպիսին է նրանց առաքելությունը մոլորակի վրա. այդ առաքելությամբ են նրանք մարմին առել:

Իմաստ չունի Ուսմունք տալ, եթե այն չի ամրապնդվում գործնականում: Ի հայտ եկած այն մարդն, ով կրում է մեր ուսմունքն ու այն չի ամրապնդում իր և իր հետևորդների գործնական կյանքում, վերածվում է անպտուղ ծաղկի, քանզի ֆիզիկական ոլորտում չի երևում այն պտուղը, որն այդ ոլորտում կարող է որպես նմուշօրինակ ծառայել միլիոնավոր մարդկանց համար:

Ես այս օրով եկա, որպեսզի ձեր գիտակցությունն ուղղորդեմ դեպի գործնական քայլերի կողմը, որոնք պետք է ի կատար ածվեն ձեր աշխարհում: Քանի որ ձեր աշխարհը ֆիզիկական աշխարհ է, և ցանկացած գիտելիք կամ Ուսմունք, որն առկա է դրանում, պետք է իր դրսևորումը ստանա մոլորակի ֆիզիկական ոլորտում: Ցանկացած Ուսմունք, որը ֆիզիկական ոլորտում բարի պտուղ չի տալիս, կեղծ ուսմունք է: Ուստի հարկ է, որ շատ ուշադիր մոտեցում ցուցաբերեք այն ամենի նկատմամբ, ինչ տրվում է ձեզ և ստացվածը ձեր կյանքում ամրապնդեք արարքների ու գործողությունների տեսքով:

Այն դեպքում, երբ ոչինչ չեք ձեռնարկում, այլ միայն կլանում ու կլանում եք տեղեկատվությունը, ապա պարզապես մակաբույծ կյանք եք վարում և ստեղծում չգործելու կարմա[1]: Դուք Աստվածային էներգիա եք ստանում ֆիզիկական ոլորտում որոշակի գործողություններ իրականացնելու համար, բայց ի կատար չեք ածում դրանք և այդքան դժվարությամբ ձեզ փոխանցված էներգիան ծախսում եք բամբասանքների, չարախոսությունների ու մեղադրանքների վրա: Ընդ որում, ձեզ թվում է, թե ամեն ինչ տեղի է ունենում հարկ եղածին պես, քանի որ ձեր գլխի մեջ սխալ պատկերացումներ ունեք այն ամենի վերաբերյալ, ինչ պետք է լինի:

Կրկին ու կրկին անգամ ստիպված եմ ձեզ հեշեցնելու, որ խնամքով վերաբերվեք ամեն մի տեղեկատվության հետ, որը ձեզ է հասնում մեր դեսպանորդի միջոցով: Այդ տեղեկատվությունը ձեզ է հասնում հատուկ թողության շնորհով, և ձեր աշխարհի փոթորկոտ օվկիանոսում այն փրկարար ճոպան է ձեզ համար: Դուք կարող եք օգտվել ձեզ ընձեռնված հնարավորությունից և դուրս պրծնել ձեր աշխարհում մոլեգնող փոթորկոտ ջրերից ու կրքերից: Բայց կարող եք և այնպիսի տեսք ընդունել, թե ոչինչ տեղի չի ունենում, ոչինչ չունեք անելու կամ ձգտելու որևէ բանի:

Դուք եք կատարում ձեր ընտրությունը: Սակայն ընտրության հերթագայությունը վաղ թե ուշ կընդհատվի: Քանի որ ձեր ամեն մի ընտրությունը կա՛մ ձեզ մոտեցնում է Աստծուն, կա՛մ հեռացնում է Աստվածային գիտակցության Գագաթից՝ ձեզ մղելով դեպի տգիտության թավուտները:

Կուզենայի էլի՛ շարունակել մեր զրույցը, բայց նախ և առաջ կուզենայի հասկանալ, թե շատե՞րը կան արդյոք ձեր մեջ, որոնք պատրաստ են ընկալելու տեղեկատվությունն այն մակարդակով, որով մենք հիմա այն տալիս ենք:

 

ԵՍ ԵՄ Սերապիս Բեյը՝ ձեր նկատմաբ հույսով լի:

 

Տատյանա Միկուշինա, 2008 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը


 

[1] Տես Կութհումիի 2005 թ-ի հունիսի 24-ի ուղերձը

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ