Լուր ընթացիկ իրադրության մասին

 

Սանատ Կումարա

5 հունիսի, 2008 թիվ

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան՝  կրկին ձեզ մոտ եկածս:

Ձեր նկրտումների կողմնացույցը ճշգրտելու ժամը հասել է: Ժամանակն է ի մի բերել, թե ինչ է արված:

Մենք ձեր կողքին էինք, բայց ուշադրությամբ դիտում ու չէինք միջամտում: Այժմ կկամենայինք բերել մեր դիտողություններն ու ամփոփել ձեռք բերված միջանկյալ արդյունքը:

Հիշում եք երևի, որ այս տարվա հունվար ամսին[1] մենք սկսեցինք մեր դեսպանորդի միջոցով ի կատար ածվող գործերի նոր փուլը:

Հիշում եք նաև, որ այդ փուլը յուրահատուկ է: Այն ամենակարևորն է: Եվ ես պետք է ամենայն լրջությամբ ձեզ հավաստիացնեմ, որ մեր մտահղացումն ի կատար ածելու համար մենք դեռևս երբեք այդքան շատ ջանքեր չէինք գործադրել: Յուրաքանչյուր մարդ, ով հայտնվում է մեր հետաքրքրությունների ու գործունեության ոլորտում, կարող է իր վրա զգալ, թե որքան լուրջ է դրված ամեն ինչը: Դուք հնարավոր է, որ ձեր ֆիզիկական զգայարաններով չեք տեսնում և չեք զգում, սակայն ինտուիտիվ մակարդակով ու կողմնակի հայտանիշների հիման վրա հասկանում եք, որ մուտք եք գործել շատ լուրջ շերտուղու մեջ: Վերջին մի քանի հարյուրամյակի ընթացքում մեզ չի հաջողվել այդ փուլը հաղթահարել մինչև վերջ: Այն կապված է ֆիզիկական ոլորտում նմուշօրինակի կառուցման հետ:

Համայնքի կամ բնակավայրի այդ նմուշօրինակը, մարդկային էվոլյուցիայի ամեն մի փուլի և ժամանակի տվյալ պահին Երկրի վրա ձևավորված պայմանների պարագայում, տարբեր է լինում:

Այժմ հասել է այն պահը, երբ Համայնքի ձևաչափը պետք է յուրացվի նոր՝ որակապես նոր գիտակցության մակարդակով, օգտվելով մարդկության այն նվաճումներից, որոնք ներկայումս առկա են:

Խնդիրը շատ բարդ է և նշանակալից ջանքեր կպահանջի ներկայումս մարմնավորման մեջ գտնվող լուսակիրներից:

Հավատացե՛ք, երբեմն ամեն ինչ կախված է լինում մի մարդուց, որը հատուկ մարմնավորվում է, որպեսզի կատարի որոշակի աշխատանք: Նա այդ մասին իմանում է և պատրաստակամորեն գործի է անցում: Սակայն որոշ ժամանակ անցնելուց հետո նրա նախնական մղումը թուլանում է:

Մարդկային բնույթի պատճառով ձեզ չի հաջողվում մշտապես պահպանել գիտակցության հնարավոր ամենաբարձր մակարդակը: Գալիս է մի պահ, երբ ձեր կեղծավոր խելքն ասում է ձեզ. Մտածի՛ր քո մասին: Ինչու՞ ես այդքան եռանդ ծախսում այդ գործի համար: Արդյո՞ք ճշմարիտ է այն: Ժամանակը չէ՞, որ քեզ համար ապրես. չէ՞ որ կյանքը կարճատև է:

Եվ մարդը, կասկածների մեջ ընկնելով, սկսում է մեկը մյուսի հետևից հնարավորություներ բաց թողնել: Անցնում են տիեզերական ժամկետները, և խնդիրը մնում է չլուծված: Եվ եթե խոսքը վերաբերվեր ընդամենը մի մարդու ճակատագրին, կարելի կլիներ միայն դժգոհել ու ափսոսանք հայտնել կատարվածի համար: Բայց այստեղ խոսք է գնում մի ողջ ազգի և մարդկանց մի քանի սերունդների կորցրած հնարավորությունների մասին:

Իհարկե, մենք ունենք նաև պահուստային տարբերակներ: Եվ մենք անմիջապես աշխատում ենք ընտրել դրանցից մեկը և ջանում գործի դնել մի ուրիշ մարդու: Սակայն որքա՜ն ծանր է մեզ համար դիտելը, թե ինչպես են լուսակիրները մեկը մյուսի հետևից շեղվում ուղուց, թե ինչպես է այն գործը, որի համար իրենք մարմնավորվել են, մեխվում տեղում և տեղապտույտ տալիս:

Մենք շատ անգամ ենք խոսել դավաճանության կարմայի մասին, բայց հաճախ, երբ մարդը դավաճանության է դիմում, ինքը չի գիտակցում դա: Նրան թվում է, ավելի ճիշտ՝ մարմնական խելքը նրան համոզում է, թե որևէ ահավոր բան չի լինի, եթե ինքն այդ գործով զբաղվի ավելի ուշ, երբ պատրաստ կլինի դրան: Ա՜խ, եթե գիտակցեիք, թե որքա՜ն շատ ուժեր են կենտրոնացված մի փոքրիկ հողակտորի վրա, որպեսզի կարևոր գործ առաջ տանեն, և որքա՜ն ծանր է մեզ համար տեսնել, թե ինչպես է տոննաներով իզուր ծախսվում Աստվածային էներգիան՝ ձեր մեն մի սխալ ընտրության պատճառով...

Շա՜տ ափսոս, որ ձեր աշխարհի այդքան թանձրության պատճառով շատ բաներ չեք գիտակցում: Մենք մեր առաքելությունները նախապատրաստում ենք մի քանի հարյուր տարվա ընթացքում: Մենք Լույսի լավագույն Որդիներին ուղարկում ենք մարմնավորվելու, որպեսզի աշխատեն ողջ մոլորակի Ընդհանուր Բարօրության համար: Ինչու՞ եք ամենապատասխանատու պահին մոռանում ձեր պարտավորությունների մասին:

Ես եկել եմ հիշեցնելու այն կարևոր աշխատանքի մասին, որը հենց հիմա հարկավոր է անել:

Ես եկել եմ հիշեցնելու, որ եկել է իրական գործողությունների ժամանակը:

Դուք այլևս չեք կարող անիմաստ զրույցներով զբաղվել: Դադարե՛ք քննարկել այն հարցը, թե ով է ավելի իրավացի և թե Աստվածային Ճշմարտության վերաբերյալ ում պատկերացումներն են ավելի ճշմարիտ:

Կան միանգամայն հավաստի, ժամանակի փորձություն անցած չափանիշներ, որոնցով բազում դարերով մենք աշխատում ենք Երկրի մարդկության հետ: Եթե ֆիզիկական ոլորտում դուք չեք տեսնում համատեղ գործունեության պտուղն ու արդյունքը, որով կհաստատվեր տրված Ուսմունքի ճշմարտացիությունը, ուրեմն կամ ուսմունքն է սխալ, կամ էլ գործն անողները չեն արդարացնում Համբարձյալ Վեհապետների հույսերը: Մենք չենք հոգնում մեր գործը նորից ու նորից սկսելուց: Եվ միայն ծայրահեղ հազվագյուտ դեպքերում է մեզ հաջողվում մեր շինարարության գործը ֆիզիկական ոլորտում հասցնել ցանկալի արդյունքի:

Եվ մենք միշտ ձգտում ենք հասնել այն բանին, որ Ֆիզիկական ոլորտում ձեզ տանք մի նմուշօրինակ, որով առաջնորդվելով կարողանաք բարեփոխել ձեր աշխարհն ու ձեր փոխհարաբերությունները:

Որպեսզի ձեզ օգնենք, մենք պատրաստ ենք շատ բան զոհել: Եվ եթե ձեր մեջ գտնվեին մարդիկ, որոնք իրապես պատրաստ լինեին զոհաբերության՝ մեր կողմից անխոնջ կերպով գործադրվող ջանքերի միլիոներորդական մասին համարժեք չափով, ապա աշխարհը կզգար այն պայմանների անհամեմատ լավանալը, որոնք բնորոշում են մոլորակի կյանքի ողջ դրվածքն ու իրավիճակը:

Ուստի այլ մեղավորներ մի փնտրեք, թե ինչու են Լույսի մեր առաքելությունները մեկը մյուսի հետևից տեղապտույտ տալիս: Փոխարենը պարզապես հարց տվեք ինքներդ ձեզ. Արդյո՞ք ես արել եմ ամեն ինչ, որպեսզի իմ ոչ-համբարձյալ վիճակից օգնեմ Համբարձյալ Դասերին:

Դուք կարո՛ղ եք մեզ օգնել: Դուք կարող եք անել և այն, ինչը մենք չենք կարող անել: Ֆիզիկական ոլորտում դուք կարող եք մեզ համար ձեռք ու ոտք ծառայել: Եվ ես լիահույս եմ, որ դուք ժամանակ կգտնեք, որպեսզի ձեր կյանքերին նայեք ձեզ համար հնարավոր գիտակցության ամենաբարձր վիճակի դիրքից: Եվ կձգտեք դուրս պրծնել ձեր մարմնական մտածմունքների ու զգացմունքների սարդոստայնից, որպեսզի ձեր մեջ ուժ գտնեք իրագործելու ձեր Աստվածային առաքելությունը:

Մեզ անհրաժեշտ է առաջապահ դետք ունենալ (ֆորպոստ) ֆիզիկական ոլորտում:

Մեզ ընդդիմացող ուժերը շատ են: Շատերը գործիք են դառնում մեզ հակադիր ուժերի ձեռքին: Քչերն են, որ դիմանում են:

Եզակիներն են մնում հավատարիմ ու անեղծ: Նրանց սպասվում է դարավոր փառք: Իսկ ի՞նչ է սպասվում ձեզ, երբ թողնում եք ձեր սպասավորությունը և վազում ձեր աշխարհի չխչխկանների հետևից...

Պարտության ոչ մի դառնություն չի կարող համեմատվել այդքան շատ հոգիների կորստի հետ: Եվ այն բանի հետ, թե որքան շատ հոգիներ են լքում մեր Ուղին:

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան. հույս ունեմ, որ ձեր հոգիները կարթնանան պատրանքի քաղցր քնից:

 

Տատյանա Միկուշինա, 2008 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

[1] Տես Էլ Մորիայի 2008 թ.-ի հունվարի 10-ի թելադրությունը

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ