Պահանջվում է հենց հիմա գնալ և ի կատար ածել Եղբայրության գործերը

 

Պաշտելի Էլ Մորիա

1 հուլիսի, 2008 թիվ

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան՝ ձեզ մոտ եկածս:

Այսօր ես պատիվ ունեցա գալ ձեզ մոտ, որպեսզի տեղեկացնեմ այն մասին, որ թելադրությունների այն շրջանը, որը մենք վարեցինք Կարմայական Վարչության նիստի ու ամառային արևադարձի այս օրերի ընթացքում, ավարտված է:

Մենք թելադրությունների ամառային շրջան չէինք պլանավորել, սակայն հանգամանքները դասավորվեցին բարենպաստ ձևով, և մենք կարողացանք մեր էներգիաները փոխանցել ֆիզիկական ոլորտ:

Ինչպես միշտ, ես տխուր եմ, որ բաժանվում ենք: Սակայն մենք շատ լավ ենք հասկանում, որ ֆիզիկական ոլորտում այժմ ծավալվում են ամենագլխավոր իրադարձությունները, և այն բանից, թե մոտակա ժամանակում որքանով կկարողանանք իրագործել մեր մտահղացածը, կախված է Երկիր մոլորակի էվոլյուցիայի տառացիորեն ողջ հետագա ընթացքը: Եվ, հավատացե՛ք ինձ, սրանք միայն գեղեցիկ խոսքեր չեն:

Մենք կուզենայինք վերջապես ֆիզիկական ոլորտում Լույսի կիզակետ ձեռք բերել՝ մի վայր երկրագնդի վրա, որտեղ ձեզնից յուրաքանչյուրը ժամանակի ընթացքում կարողանար օրը ցերեկով տեսնել մեզ՝ Համբարձյալ Վեհապետներիս, և զրուցել մեզ հետ: Եվ ես ձեզ խոստանում եմ, որ այն առաջին Համբարձյալ Վեհապետը կլինեմ, որը ֆիզիկական ոլորտում, մեր դեսպանորդի աշրամում կդրսևորի իր ներկայությունը:

Այն ամենն, ինչ հիմա անհավանական է թվում, մոտ ապագայում կիրագործվի:

Հենց որ մեզ հաջողվի երկրագնդի որևէ վայրում հենակետ ունենալ, մենք կկարողանանք ակնթարթորեն մեր թրթռանքները տարածել բոլոր այն վայրերում, որոնք ամենամաքուրն են: Եվ սկիզբ կառնի մեր երթը Երկիր մոլորակի վրայով:

Մինչև այդ իրադարձություններն ընկած ժամանակը կկրճատվի շնորհիվ այն ջանքերի, որոնք հենց հիմա լուսակիրները պատրաստ են գործադրել: Մենք չենք սպասի, մինչև արթնանան բոլոր լուսակիրները. մենք անհապաղ կսկսենք գործել նրանց հետ, ովքեր արդեն արթուն են և պատրաստ են գործելու մեր անմիջական առաջնորդությամբ: Հետ մնացածներին սպասելու ժամանակ այլևս չկա: Պահանջվում է հենց հիմա գնալ և ի կատար ածել Եղբայրության գործերը: Իսկ նրանք, ովքեր դեռ պատրաստ չեն, ովքեր չեն կարողանում ազատվել իրենց հողին գամող հին ուղեբեռից, թող դժգոհեն միայն իրենցից:

Մենք լայնորեն տեղեկացրել ենք մեր պլանների և օրվա մեր պահանջների մասին: Եվ նրանք, ովքեր պատրաստ են՝ ովքեր մեր առաջին իսկ կանչով ոտքի են ելել և կանգնել մեր դրոշի տակ, արդեն սկսել են իրենց հաղթական երթը դեպի իրենց անձնական Հաղթանակն ու մեր ընդհանուր Հաղթանակը: Քանզի նրանք տարբերություն չեն դնում մեր և իրենց սեփական գործերի միջև: Մենք բոլորս մի ընդհանուր գործ ենք անում մոլորակի և ապագա Կյանքի համար:

Եվ եթե այն չանենք հենց հիմա, ապա նույնիսկ չեմ ուզում մտածել այն մասին, թե այդ դեպքում ինչպիսի ահավոր հեռանկար կբացվի մոլորակի համար:

Մենք պարտավոր ենք օգտվել տիեզերական այն հնարավորությունից, որն այժմ ընձեռնված է: Կարմայական Վարչության և Մեծ Կենտրոնական Արևի բարեհաճությունը մեր կողմն է: Ուստի մենք զարմանում ենք, թե ինչու՞ են ձեզնից ոմանք դեռևս հապաղում և անճարակություն ցուցաբերում ամեն ինչում:

Մենք ազդարարել ենք այն խնդիրները, որոնք մոտ ապագայում պետք է լուծում ստանան: Մեզ ֆիզիկական պլանում կիզակետ է պետք ունենալ, որը որպես ցուցանմուշ կծառայեր բոլոր նրանց համար, ովքեր մտադիր են ֆիզիկական ոլորտում ի կատար ածել Վեհապետների գործը:

Մենք չենք սպասի, մինչև դուք հրաժարվեք ձեր հին սովորություններից և ձերբազատվեք ձեր հին կապվածություններից: Լույսի մարտիկները չունեն և չեն կարող որևէ կապվածություն ունենալ:

Սակայն ես ձեզ պետք է զգուշացնեմ հետևյալի մասին. այն դեպքում, երբ շուտափույթ սլանում եք մեր կանչով, հարկ է մի պահ կանգ առնել և հարց ուղղել սեփական սրտին՝ արդյո՞ք չեմ փախչում դժվարություններից. արդյո՞ք Եղբայրության գործի անվան տակ թաքնվելով մի կողմ չեմ դնում կարմայական պարտքերս:

Հավատացե՛ք ինձ և Երկրի մարդկության հետ աշխատանքի իմ փորձին. ձեզնից ոչ մեկին չի հաջողվի շրջանցել Կարմայի Մեծ Օրենքը: Եվ քանի դեռ չեք համակշռել ձեր կարմայի անհրաժեշտ տոկոսը, ունակ չեք լինի ծառայելու Եղբայրությանը: Քանզի դեպի մեզ ուղղված ձեր յուրաքանչյուր քայլը կզուգակցվի կարմայական բեռից ազատվելու անհրաժեշտության հետ: Եվ եթե սկզբնական շրջանում շատ արագ հեռու փախչեք ձեր կարմայական խնդիրներից, ապա, երբ սկսեք ձեր ծառայությունը մեր ղեկավարությամբ, ձեր կարման այնպիսի արագությամբ կվերադառնա ձեզ, որ չեք հասցնի դիմակայել մեկը մյուսին հաջորդող կարմայական իրավիճակներին: Եվ եթե կարմայական այն բեռը, որի տակ կքած եք, չափազանց ծանր է, ապա որոշ ժամանակ անց գլխահակ կվերադառնաք ձեր հարազատ օրրանը և մինչև ձեր ընթացիկ մարմնավորման ավարտն այդպես էլ գլխի չեք ընկնի, թե ձեզ հետ ի՞նչ կատարվեց...

Ուստի՝ շտապել պետք է, բայց պետք է նաև ուշադիր վերլուծել ձեր պատրաստ լինելու աստիճանը:

Երբեմն հավասարակշռվածությունն ու գործողությունների կշռադատվածությունն անհամեմատ ավելի կարևոր են լինում, քան շտապողականությունն ու արագությունը:

Մշտապես հարկավոր է գնահատել իրավիճակը: Չկան նույնատիպ դեղատոմսեր բոլորի համար: Ամեն մեկն ունի իր կարմայական դրությունը, ուստի տարբեր են նաև հանձնարարականները: Ուրեմն՝ շտապեք, չշտապելով: Դա ձեզ համար ճիշտ ցուցում կլինի, որ դրանով առաջնորդվեք ձեր կյանքում:

Մեր հին ու նվիրյալ աշակերտները հրաշալի գիտեն և շատ լավ են հասկանում, թե ինչի մասին եմ խոսում: Քանզի երբեմն ավելի լավ է ամեն ինչ ուշադիր կշռադատել, քան թե գլխահակ հետ դառնալ, երբեմն էլ, երբ իրավիճակն այլ է, հատկապես հենց պետք է ամեն ինչ թողնել և վազել առաջին իսկ կանչով, քանի որ երկրորդ անգամ էլ կանչ չի լինի:

Ես խոստանում եմ խրատ տալ ձեզ ընտրություն կատարելու ժամանակ, եթե խնդրանքով դիմեք ինձ: Միայն թե, երբ խնդրեք օգնել ու խորհուրդ տալ, ապա իմ տված խորհուրդը ջանացեք ականջաթող չանել: Ես ձեզ հետ կխոսեմ նշաններով, որոնք համեմատելի են տերևի շրշյունի ու քամու մեղմ սոսափի հետ:

Ես այս օրով այցի եկա, որպեսզի ձեզ տրամադրեմ ծառայության իրագործումն ահրաժեշտ համարելուն՝ այն ծառայության, որի համար մարմնավորվել եք: Եվ ես ուրախ եմ, որ իմ այցի նպատակն իրականացավ:

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան, մինչ նոր հանդիպում...

 

 

Տատյանա Միկուշինա, 2008 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ