Իմ հանձնարարականներն ու մաղթանքներն ուղղված ձեզ

 

Մեծն Աստվածային Ուղղորդիչ

29 դեկտեմբերի, 2007 թիվ

 

ԵՍ ԵՄ Մեծն Աստվածային Ուղղորդիչը՝ այս օրով ձեզ այցի եկածս:

Ես ձեզ այցելել եմ տարեվերջին՝ մի ժամանակ, երբ նիստ է գումարում Կարմայական Վարչությունը: Ես օգտվել եմ այս հնարավորությունից, որպեսզի դիմեմ ձեզ: Երջանիկ եմ, որ մեզ  երկարատև քննարկումներից հետո հաջողվեց  վերջապես պարզ պատկերացնել, թե ինչ ենք ուզում ստանալ հաջորդ տարվա ընթացքում: Եվ եթե դուք համբերատար  լինեք, ապա մենք ժամանակի ընթացքում ձեզ կծանոթացնենք մեր բոլոր պլանների ու խնդիրների հետ:

Սակայն արդեն ավարտված է այն ժամանակը, երբ դուք միայն կարդում ու լսում էիք մեր ուղերձները: Այժմ եկել է ակտիվ գործողությունների ժամանակը: Իսկ ձեզնից նրանց, ովքեր նախկինի պես իրենց հետաքրքրասիրությունն ուզում են բավարարել մեր ուղերձները կարդալով, ահա ասում եմ, որ մեր ճանապարհները տարբեր են:

Ես այժմ եկել եմ, որպեսզի արթնացնեմ ձեր սրտերը և ձեզ ուղարկեմ ֆիզիկական ոլորտում կոնկրետ գործեր կատարելու:

Ես եկել եմ, որպեսզի ձեզ ասեմ այն մասին, որ ողջ կամ համարյա ողջ այն էներգիան, որը դուք հղել էիք ամսի 23-ի համաշխարհային մտասևեռման ընթացքում, Կարմայական Վարչությունը նպատակաուղղել է Աստվածային այն հնարավորության զարգացման համար, որը կապված է մեր դեսպանորդի հետ: Մենք մտադիր ենք ֆիզիկական պլանում ձեռնամուխ լինել կոնկրետ գործողությունների: Մեզ անհրաժեշտ են մարդիկ, որ պաշտպանեն մեր նախաձեռնությունը և մեզ հետ համագործակցեն:

Խոսքն այն մասին չէ, որ կազմավորեք ալարկոտների մի ամբոխ, որը միայն ունակ կլինի մեր գործին խանգարելու: Ձեզնից ամեն ոք պետք է պատրաստ լինի ի կատար ածելու այն գործը, հանուն որի ինքը մարմնավորվել է:

Խորհուրդ եմ տալիս, որ տարեվերջի այս օրերի և նոր տարվա առաջին օրերի ընթացքում մտասևեռվեք այն բանի վրա, թե ի՞նչ կոնկրետ գործ կարող եք անել արդեն հիմա: Խնդրում եմ ձեզ չշեղվել դեպի այն հարրցի քննարկման կողմը, թե կյանքում ինչն է ձեզ խանգարում, որպեսզի իրագործեք այս կամ այն պլանը:

Դուք ձեր ուշադրությունը պետք է կենտրոնացնեք ֆիզիկական ոլորտում կոնկրետ գործողություններ կատարելու վրա և ձեռնամուխ լինեք դրանց իրագործմանը. ոչ թե համամոլորակային գործողություններ նկատի ունեմ, այլ ճիշտ ուղղությամբ կատարված ոչ մեծ քայլեր: Այդ դեպքում, աստիճանաբար ավելի ու ավելի մոտենալով ձեր մարմնավորման Աստվածային նպատակի իրականացմանը, դուք կստանաք մեր օգնությունն ու օժանդակությունը:

Միայն թե նկատի ունեցեք, որ եթե մտադիր եք ձեզ հետ դեպի ապագա քարշ տալ ձեր հին սովորություններն ու կապվածությունները, ապա ոչինչ չի ստացվի: Դուք չեք կարողանա սար բարձրանալ մի ուղեբեռով, որը բերնեբերան լիքն է անպետքություններով: Մի կո՛ղմ թողեք բոլոր անպետք իրերը, սովորությունները և թու՛յլ տվեք Աստծուն, որ հոգա ձեր մասին:

Սակայն այստեղ ձեզ մի ուրիշ վտանգ է սպառնում: Երբեմն այնպես եք ամեն ինչ թողնում Աստծո և Վեհապետների հույսին, որ մոռանում եք ձեր ընտանիքների հոգսերի, ձեր տների կարգ ու կանոնի և ձեր ֆիզիկական մարմնի կարիքների մասին:

Միայն լրիվ ներդաշնակությունը և հոգևորի ու ֆիզիկականի համակշռությունը՝ հոգևորի փոքր-ինչ գերակշռումով, կարող են ֆիզիկական աշխարհում բերել անհրաժեշտ արդյունքի:

Հիշեցեք, որ հենց հասնեք ներքին անհրաժեշտ համակշռության, էներգիան կկարողանա հոսել ձեր էության միջով, և դուք ի վիճակի կլինեք կատարելու օրվա բոլոր այն գործերը, որոնք անհրաժեշտ է հասցնել ու անել:

Ձեր աշխարհում տարածված մի մոլորություն կա: Դուք կարծում եք, որ եթե ձեր կյանքը նվիրել եք Վեհապետների գործերի կատարմանը, ապա Վեհապետները պետք է հոգ  տանեն ձեր առողջության պահպանման և ֆիզիկական կարիքների համար:

Պե՛տք չէ սեփական բեռը դնել Համբարձյալ Դասերի ուսերին: Դուք ունեք ձեր դժվարությունները, իսկ մենք՝ մերը: Մենք ձեզ չենք ստիպում տանելու մեր ուսաբեռը, քանզի եթե ես ձեր ուսերին դնեմ իմ բեռի թեկուզ մի մասը, դուք մի րոպե անգամ չեք դիմանա այն բեռի ծանրությանը, որը ես կրում եմ՝ ի բարօրություն Երկիր մոլորակի կենսահոսքերի:

Մի՛ փորձեք ամեն ինչով ապավինել ո՛չ Համբարձյալ Դասերին, ո՛չ էլ մեր դեսպանորդին: Ամեն ոք պետք է կրի իր բեռը: Միայն անկարողները՝ հիվանդներն ու երեխաներն, անխոնջ հոգածության կարիք ունեն: Մնացածներն իրենք պետք է հոգան իրենց ու մերձավորների մասին:

Ամեն մի առողջ տղամարդ պարտավոր է պահել իր ընտանիքը և օգնություն ցուցաբերել նրան, ով դրա կարիքն ունի:

Մի՛ շփոթեք հոգևոր ուղին ու հոգևոր նվաճումները անբան վիճակի հետ:

Ձեր աշխարհը չի կարող հանդուրժել մշտական անբան վիճակը: Դուք չեք կարող անվերջ մեդիտացիայով զբաղվել: Պետք է նաև ինքներդ ձեզ ու ձեզնից կախում ունեցող մարդկանց ապահովեք սննդով, հագուստով, տանիքով ու հոգածությամբ:

Միայն դրանից հետո դուք կարող եք զբաղվել հոգևոր գործառույթներով ու հմտություններով:

Այնուհանդերձ պետք է ձեզ նախազգուշացնեմ ևս մեկ վտանգի մասին, երբ, պատճառ բռնելով ձեր մշտական զբաղվածությունն ու ծանրաբեռնվածությունը, մոռանում եք օրվա մեջ գոնե հինգ րոպե հատկացնել Աստծուն: Դուք չեք կարողանա ճիշտ գործողություններ իրականացնել ֆիզիկական ոլորտում, եթե ձեր գիտակցությունը համահունչ չպահեք Աստծո հետ: Պետք է ջանաք մշտապես լինել ոգու լավ ու բարի տրամադրվածության մեջ, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ զբաղվեք այն հոգևոր գործառույթներով, որոնք համահունչ են ձեր հոգու հետ:

Ես չեմ կարող ձեզ մտասևեռում պարտադրել, եթե աղոթելուն եք սովոր: Եվ հակառակը՝ չեմ կարող ասել, թե աղոթեք, եթե ձեզ ավելի մոտ են յոգան ու մտասևեռումը: Նման խիստ հանձնարարականներ չկան:

Բոլորիդ համար կան կենսական տարածություն և հնարավորություններ, որպեսզի զբաղվեք հոգևոր աշխատանքով:

Սակայն կան և այնպիսի գործառույթներ, որոնք չեն նպաստում ձեր հոգևոր զարգացմանը, այլ հակառակը՝ հոգուն դնում են դոգմաներից ու կանոններից շինված վանդակի մեջ: Հասել է ժամանակը, որպեսզի վանդակներից ազատ արձակվեն այն մոլորյալների հոգիները, որոնք կարծում են, թե Աստծուն են ծառայում, բայց զբաղվում են ինքնախոշտանգմամբ ու ինքնախարազանմամբ:

Նման գործառույթներն Աստվածային սպասավորության հետ ոչ մի ընդհանուր բան չունեն: Դուք ազատ մարդիկ եք, և հոգևոր գործառույթներով զբաղվելը ձեզ պետք է ուրախություն և բավականություն պատճառի:

Ես չեմ արդարացնում վառարանին թիկն տալն ու անբանությունը. երբեմն հարկավոր է ստիպել ինքզինք տեղից վեր կենալու և աղոթելու կամ օգնելու մերձավորներին՝ ներառյալ տնեցիներին:

Բայց նաև չեմ կարող հանձնարարել, որ չափազանց ջանադիր լինեք և ամեն օր զբաղվեք միայն հոգևոր գործառույթներով: Տեղին է միայն խելամիտ համակշռությունը. խելամիտ սահմանափակումն ու խելամիտ գործողությունը:

Այժմ կուզենայի հրաժեշտից առաջ ձեզ առաջարկել ևս մեկ մեթոդաբանություն, որի մասին երևի գիտեիք, բայց մոռացել եք: Ուզում եմ ձեզ հիշեցնել այն Լույսի մասին, որ ձեր ներսում է: Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Աստված ապրում է ձեր սրտում:

Ձեզ մնում է միայն հնարավորություն տալ Աստծուն, որ դրսևորի իրեն:

Թո՛ղ որ Նոր տարում ֆիզիկական ոլորտի ձեր բոլոր գործողությունները ղեկավարվեն ձեր Բարձրագույն Ես-ի՝ ձեր ներսի Աստծու կողմից:

 

ԵՍ ԵՄ Մեծն Աստվածային Ուղղորդիչը՝ ձեզ հետ եղա այսօր:

 

Տատյանա Միկուշինա, 2007 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ