Ուսմունք Միասնության մասին

 

ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ

25 դեկտեմբերի, 2007 թիվ

 

ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ:

ԵՍ ԵՄ...

Ես գալիս եմ, որպեսզի համալարեմ մեր թրթռանքները: Մենք պետք է Միասնական լինենք...

Մենք պետք է Միասնական լինենք...

Մենք պետք է Միասնական լինենք...

Ու՞մ հետ...

Ինչի՞ հետ...

Ինչու՞...

Մենք վերհիշում ենք Աստվածային աշխարհը, և մենք մղվում ենք դեպի Աստվածային աշխարհը: Եվ Միասնականի հետ ներդաշնակ լինելու ձգտմամբ մենք զգում ենք Միասնություն, Անդորր, Ներդաշնակություն... Մենք զգում ենք լիարժեք բավարարվածություն, մեր հույզերի ու ցանկությունների լիարժեք հագեցվածություն:

Միասնության ցանկացած այլ ձգտում, որը ենթադրում է Աստվածայինից ավելի ցածր ոլորտում գտնվող որևէ մեկի կամ ինչ որ մեկի հետ միասնություն, պատրանքային է և ժամանակավոր. մի միասնություն է, որը մարդիկ իրենք են հորինում իրենց մտքում:

Ամեն անգամ, երբ ինքներդ որևէ մեկին միասնության եք կոչում, կամ լսում եք որևէ մեկի կողմից ձեզ ուղղված կոչը միավորվելու մասին, նախ մտորեք, թե տիեզերակառույցի ո՞ր մակարդակին է համապատասխանում այդ կոչը: Վերջին հաշվով, մոլորակի բոլոր կենդանի էակները կմիավորվեն այն կետում, որից սկիզբ է առել Արարչագործությունը: Ուստի այնժամ, երբ մարդիկ միասնության մասին են խոսում, նրանք ավելի շուտ դրա տակ նկատի են ունենում միասնության իրենց էտալոնը: Այն էտալոնը, որն ավելի ցածր մակարդակի է պատկանում, քան Աստվածայինն է:

Ասվածից չի հետևում, որ չի կարելի ձգտել Միասնության, այլ սոսկ այն է ասվում, որ միևնույն բառը տարբեր արտապատկերում է ստանում տարբեր գիտակցություններում, իսկ այն Միասնությանը, որի մասին խոսում եմ Ես, ձեր աշխարհում ոչինչ չի համապատասխանում:

Այդ պատճառով դուք ստիպված եք լինում կիրառելու այն էտալոններն ու պատկերացումները, որոնք գոյություն ունեն մարդկային սահմանափակ գիտակցության մեջ:

Ուստի Ես չեմ ասում, թե չպետք է ձգտել Միասնության, այլ ասում եմ, որ այդ հասկացության տարբեր ըմբռնումներ գոյություն ունեն գիտակցության տարբեր մակարդակներում:

Հարկ է, որ աստճանաբար անցնեք ավելի ու ավելի մեծ Միասնության ու Միավորման: Բայց, ցավոք, այդ գործընթացը հնարավոր չէ ավարտին հասցնել ո՛չ մեկ, ո՛չ էլ մի շարք  մարմնավորումների ընթացքում: Սակայն եթե գիտակցության մեջ չպահպանվեն ուղենիշներն ու ճշմարիտ կերպերը, վարքի ու նպատակամղման էտալոնները, ապա հասարակությունը կհիվանդանա և աստիճանական մահվան կդատապարտվի:

Ուստի շատ կարևոր նշանակություն ունի հասարակության բարոյական և առաքինի կողմնորոշիչների մշտական թարմացումը: Իդեալներից զուրկ հասարակությունը մահվան է դատապարտված:

Հասարակության առողջությունը մշտապես պահանջում է բարոյականության և առաքինության կողմնորոշիչների առկայություն:

Ուստի հասել է պահը, երբ պետք է նորացվի ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ-ի կողմից Մովսեսին և մարգարեներին տրված Կտակը: Հասել է այն պահը, եր ամեն մի ճշմարիտ և հավատարիմ ոք պետք է հարց տա ինքզինք՝ ու՞մ կողմից եմ:

Ունա՞կ է արդյոք աշխարհ բերելու Աստվածային Օրենքը, թե՞ ձգտում է դրսևորել հակա-օրենք՝ օրենք, որը սահմանափակված է մարդկային մեկ գոյությամբ:

Ցանկացած համակարգ, որը կենտրոնացված է միայն անձնական պահանջմունքների բավարարման վրա և չի կարող դուրս գալ շրջապատող պատրանքի սահմաններից, կորստյան է դատապարտված:

Միայն ինքներդ կարող եք ի կատար ածել այն նախընտրանքը, որը պահանջվում է ի վերջո ի կատար ածել:

Քիչ ժամանակ է մնացել: Եվ, որքան էլ ջանաք հետաձգել որոշում ընդունելու պահը, միևնույնն է, ձեզնից ամեն ոք ի կատար կածի իր նախընտրանքը:

Ամեն ոք կընտրի այն աշխարհը, որին ձգտում է հասնել: Եվ եթե մղվում եք անցողիկ աշխարհի ու դրա չխչխկանների կողմը, ապա ինքներդ ձեզ այդ աշխարհի հետ կործանման եք դատապարտում: Որպեսզի ձեր գոյատևելը շարունակեք, պետք է անցնեք գիտակցության նոր մակարդակի՝ այն մակարդակին, որը թույլ կտա ձեզ զգալու Կյանքի յուրաքանչյուր մասնիկի հետ ձեր Միասնությունը:

Եվ եթե ձեր գիտակցությամբ գոնե մեկ անգամ զգաք այդ Միասնությունը, ապա անմահություն ձեռք կբերեք: Դուք չեք մեռնի, այլ հավերժ կապրեք, քանի որ կհառնեք մեռյալներից և անցում կկատարեք Հավերժական Կյանքին:

Այս Ուսմունքը շատ անգամ է տրվել: Ե՛վ պաշտելի Հիսուս, և՛ պաշտելի Հաութամա Բուդդան և շատ ու շատ մարգարեներ, պատգամախոսներ ու դեսպանորդներ ուսուցանել են այդ մեծ Ճշմարտությունը:

Սակայն առ այսօր միայն եզակիներն են ունակ ընկալելու այդ Ճշմարտությունը: Ընկալելու ո՛չ թե խելքով, այլ ողջ էությամբ՝ այնպես, որ այդ Ճշմարտությունը մուտք գործի ձեր մարմնի ամեն մի բջջի մեջ, որպեսզի ձեր մարմնի ամեն մի բջիջը ԴՆԹ-ի մակարդակով ձևափոխության ենթարկվի: Եվ այդ ձևափոխությունը հենց ձեր Փրկության նշանը կլինի:

Շա՜տ կան մարդիկ, որոնք ասում են իմ ասածներին նման բաներ: Սակայն կա շատ կարևոր մի յուրահատկություն, որով իմ Ուսմունքը տարբերվոււմ է շատ ու շատ ուրիշներից:

Այդ յուրահատկությունը վերաբերում է այն պահին, երբ դուք պատրաստ եք ինքնազոհողության գնալ՝ հանուն աշխարհի փրկության: Այնժամ, երբ հասնում եք Կյանքի յուրաքանչյուր մասնիկի հետ ձեր Միասնականության գիտակցման բարձրակետին, հասկանում եք, որ դուք ողջ Արարվածից առանձնացված ինչ որ մաս չեք, այլ հենց այդ ողջ Արարվածն եք. և երբ ձեր ինչ որ մի մասը մահանում է, դուք այնուամենայնիվ շարունակում եք Ապրել:

Հենց որ ձեր գիտակցությամբ հասնում եք այդ բարձրակետին, դուք իրապես անմահ եք դառնում: Դուք միասնական եք դառնում Միասնականի հետ:

Հետո ինչպես էլ ընթանա ձեր հետագա կյանքը, դուք մշտապես կհիշեք Ճշմարտությանը հասու դառնալու այդ պահը՝ այն պայծառացումը, որը ստացել եք Ինձնից:

Ես ձեզ բոլորիդ մաղթում եմ, որ Նոր տարուն ստանաք այդ պայծառացումը:

Թող Երկիրը  ապրի՛:

Թող լա՛վ լինի աշխարհի համար:

Թող երջանի՛կ լինեն բոլոր կենդանի էակները:

 

ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ: ՕՄ: ՕՄ: ՕՄ:

 

Տատյանա Միկուշինա, 2007 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ