Ուսմունք ալքիմիայի և գիտակցության փոխակերպման մասին

 

Պաշտելի Սեն-Ժերմեն

24 դեկտեմբերի, 2007 թիվ

 

ԵՍ ԵՄ Սեն Ժերմենը՝ այս օրով կրկին ձեզ այցի եկածս...

Ես հենց այն Սեն Ժերմենն եմ, ում մասին հավանաբար շատ եք լսել, քանզի իմ վերջին մարմնավորմանը վերաբերող ասեկոսներն ինձնից անհամեմատ ավելի երկար ապրեցին: Եվ այժմ էլ, երբ այցի եմ գալիս, դժվարությամբ է ինձ հաջողվում ձեր գլուխներից հանել բոլոր այն ստահոդ հյուսվածքներն ու հերյուրանքները, որոնք պատմվում են երկրային իմ վերջին մարմնավորման շուրջ:

Ցավոք, ճշմարտությունն այն է, որ մարդկանց բնորոշ է եղելությունները ծաղկազարդելն ու գունազարդելը, երբ դրանք անց են կացնում իրենց սեփական ընկալման պրիզմայով:

Ուստի պետք է ձեզ ասեմ, որ իմ մասին ձեր իմացած ոչ ամեն ինչն է, որ ճշմարտություն է, իսկ իրական ճշմարտությունն այն է, որ իմ վերջին մարմնավորման ողջ ընթացքում հավատով ու ճշտով ծառայել եմ Համբարձյալ Վեհապետներին՝ Եղբայրությանը, որին ծառայելու պատիվն ունեմ մինչև այժմ: Եվ իմ տարբերիչ առանձնահատկությունը հենց այն է, որ ամեն ինչից առաջ ծառայում եմ Հիերարխիային և ենթարկվում նրա Օրենքներին: Դրանից հետո նոր գալիս է այն բոլոր հրաշքների հերթը, որոնց մասին պատմում են անտեղյակները՝ իրենց պատմածը մեկից մյուսին փոխանցելով և նորանոր չեղած բաներ վրան ավելացնելով:

Հավատացե՛ք ինձ, ոչ մի նվաճման դուք չեք կարող հասնել, եթե չկանգնեք Հիերարխիայի աստիճանին և չնվիրաբերեք ձեր կյանքը համայն տիեզերքում գործող Մեծ Օրենքին: Հրաշագործ ուժերին տիրելու շատերի խղճուկ փորձերը՝ առանց եսակենտրոնությունից և բազմաթիվ վատ սովորություններից հրաժարվելու, ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, բացի կարմա ստեղծելուց, որն, ինչպես հավանաբար գիտեք, ենթակա է հետագա բեռնաթափման:

Տիեզերքում ոչինչ տեղի չի ունենում կամայականորեն: Ամեն ինչը ենթակա է խիստ Օրենքի: Եվ միայն այնժամ, երբ լրիվությամբ հրաժարվում եք ձեր էգոյից և անձամբ ձեզ համար ինչ-որ բան ձեռք բերելու ցանկությունից, ձեր տրամադրության տակ են հայտնվում այնպիսի ուժեր, որոնց օգնությամբ իրապես կարող եք հրաշքներ գործել ոչ միայն նուրբ ոլորտում, այլ նաև դրանք երևելի դարձնել ֆիզիկական ոլորտում:

Հենց այդ արարչական ալքիմիան եմ ես ուսուցանել իմ աշակերտներին: Եվ շարունակում եմ իմ այդ գործը մինչև այժմ:

Իմ սիրելի երկիրը, որին նվիրել եմ իմ մարմնավորման շատ ու շատ տարիներ և ամբողջովին նրան տրվել Յոթերորդ Ճառագայթի Տիրակալի պաշտոնով իմ սպասավորման ողջ ժամանակահատվածում, Ամերիկան է:

Տիկնայք և պարոնա՛յք, ձեզ մոտ կարող է հարց ծագել, թե ինչի՞ հիման վրա եմ ես այժմ ձեզ այցի եկել մի դեսպանորդի միջոցով, որն ապրում է Ռուսաստանում և Երկրի վրա լինելու ներկա ընթացքում նույնիսկ մեկ անգամ չի եղել Ամերիկայում: Դե ինչ, լիովին օրինաչափ հարցադրում է, և ես առանց շտապելու կտամ դրա պատասխանը:

Ես այցի եկա մի դեսպանորդի միջոցով, որն ամենաշատն է պատրաստ ընդունելու իմ ուղերձը: Եվ նա է այն դեսպանորդը, որը ներկա պահին ակտիվորեն ծառայում է Մեծ Սպիտակ Եղբայրությանը: Ի՞նչ արած, իմ սիրելի Ամերիկան առայժմ մնում է ստվերում: Նաև գիտեք, որ ներկա պահին Լույսի կիզակետը Ամերիկայից տեղափոխվել է Ռուսաստան: Սակայն դրանից բոլորովին չի հետևում, թե մենք չենք ուզում աշխատել Ամերիկայում մարմին առած մարդկանց հետ: Մենք պարզապես հարմար պահի ենք սպասում, որպեսզի վերսկսենք մեր փորձերը և կրկին աշխատենք Ամերիկայի հողում:

Ամեն ինչ որոշվում է ազգի հավաքական գիտակցությամբ: Ներկայումս այդ ազգը տառապում է մանկական հիվանդությամբ, այն է՝ ինքնահավան է և չի ուզում լսել մեծերի խորհուրդները: Դե ինչ, այդ տարիքն էլ կանցնի. մենք հույս ունենք, որ այդ անցումային տարիքն այնքան երկար չի տևի, որքան ռուսական կոմունիզմի 70-ամյա շրջանը տևեց:

Ես հավատով եմ համակված Ամերիկայի ժողովրդի նկատմամբ: Եվ անկեղծ հույս եմ փայփայում, որ այդ ազգի գիտակցությունն ունակ կլինի դարձի գալու և ընդունելու մեր այն ուղերձները, որոնք տալիս ենք Ռուսաստանի հողում, և իր կյանքում կօգտվի մեր տված գիտելիքներից ու ուսմունքներից:

Նուրբ աշխարհում սահմաններ գոյություն չունեն: Եվ եթե Երկրին նայելու լինեիք տիեզերքից, ապա մայրցամաքների եզրագծերից բացի այլ սահամաններ չէիք տեսնի: Բոլոր սահմանները գծված են ձեր գիտակցության մեջ, և ձեր գիտակցության բոլոր այդ սահմանափակումները պետք է ջարդուփշուր լինեն: Հավատացեք, որ այլ ուղի չկա, բացի ձեր գիտակցության բազում ու բազմապիսի սահամանափակումները ջարդելուց:

Ես այս օրով եկել եմ, որպեսզի ձեզ պատմեմ գիտակցության փոխակերպման այն ալքիմիայի մասին, որը տեղի ունեցավ երեկվա ընթացքում: Եվ այդ ալքիմիան տեղի ունեցավ ձեր շնորհիվ՝ այն անձանց շնորհիվ, ովքեր միացան ամսի 23-ի մտասևեռմանը և իրենց Սերն առաքեցին Երկիր մոլորակին: Մենք ստացանք 10 000 Սիրո մղում՝ ուղղված Երկիր մոլորակի սրտին: Չե՜ք կարող պատկերացնել, թե դա ինչպիսի մեծ զորություն և ուժ է...

Ներկայումս Կարմայական Վարչությունը որոշում է կայացնում, թե ինչպես տնօրինի ձեր սրտերից առաքված այդ էներգիան,  իսկ ես իմ հերթին եկել եմ, որպեսզի ձեզ հայտնեմ իմ շնորհակալությունն ու երախտագիտությունը:

Անչափ շնորհակալ եմ ձեր Ծառայության, ձեր Հավատի ու Սիրո համար...

Որևէ նշանակություն չունի, թե ո՞ր երկրի մարդիկ են մասնակցել մտասևեռման գործընթացին: Սերը սահմաններ չի ճանաչում, և Սիրո ալիքները միավորվելով զարմանահրաշ մի համանվագ են ստեղծում, որին ունկնդիր են լինում Համբարձյալ Դասերը:

Ես ողջունում եմ ձեզնից յուրաքանչյուրին, տիկնայք և պարոնա՛յք, որ մասնակցեցիք այդ մտասևեռմանը:

Որպես վարպետ-ալքիմիկոս՝ ես լիովին բավարարված եմ կատարված աշխատանքով:

Այժմ կուզենայի ձեր ուշադրությունը սևեռել մի կարևոր պահի վրա: Այն կապված է ձեր գիտակցության փոխակերպման ալքիմիայի հետ: Ձեզ հայտնի է, որ ձեր աշխարհն արտացոլանքի աշխարհ է: Այն հնազանդորեն անդրադարձնում է բոլոր մտաձևերն ու կերպերը, որոնք ծագում են մարդկային գիտակցության մեջ: Այդ պատճառով, եթե դուք մշտապես համալարված մնաք Աստվածային աշխարհի հետ, ապա դա իր անխուսափելի արտացոլանքը կստանա ձեր աշխարհում:

Կան մարդիկ, ովքեր մշտապես գտնվում են զանգվածային մշակույթի կերպապատկերների ազդեցության տակ: Երկրաբնակների մեջ նրանք մեծամասնություն են կազմում: Միայն եզակիներն են ունակ գրգռելու բարձր կերպապատկերներ ու կրելու բարձր թրթիռներ: Բայց կա օրենք, և այդ օրենքի համաձայն ցածր կերպապատկերներն ունեն ցածր էներգետիկական մակարդակ, քանի որ դրանք հագեցած չեն Աստվածային էներգիայով: Դրան հակառակ՝ այն կերպապատկերները, որոնք իրենց մեջ կրում են Աստվածային դրսևորումներ, այնքան են հագեցած Աստվածային էներգիայով, որ կարող են վերափոխել ողջ շրջապատը:

Ուստի թող ձեզ բոլորովին չհուզի այն, թե ո՞ր ուժերն են ներկայումս գերակշռում Երկրի վրա: Ձեզնից միայն պահանջվում է, որ չտրվեք ցածր, ոչ Աստվածային կերպապատկերների ու դրսևորումների ազդեցությանը, այլ ձեր կյանքը հագեցնեք Աստվածային կերպապատկերներով ու դրսևորումներով: Եվ այդ դեպքում Աստվածային ալքիմիան երկար չի սպասեցնի: Հավա՛տ ընծայեք ինձ և Երկիր մոլորակը վերափոխմանը նվիրված աշխատանքի իմ փորձին:

Այսօր ես եկել եմ ևս մեկ կարևոր առաքելությամբ: Եկել եմ, որպեսզի ամեթիստի հսկա մի բյուրեղ նվիրեմ մեր դեսպանորդ Տատյանային: Ես այն թողնում եմ Աշրամի նուրբ ոլորտում և վստահ եմ, որ շատ մոտ ապագայում այն կերևա նաև ֆիզիկական ոլորտում՝ ծառայելով որպես լույսի լրացուցիչ աղբյուր և ուղեցույց աշխարհի շատ լուսակիրների համար:

 

ԵՍ ԵՄ Սեն-Ժերմենը, ում սիրում եք, և ով սիրով է լցված ձեր նկատմամբ:

 

Տատյանա Միկուշինա, 2007 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ