Ուսմունք Երկիր մոլորակի կենսահոսքերի նկատմամբ պատասխանատվության մասին

 

Տեր Սուրիա

22 դեկտեմբերի, 2007 թիվ

 

ԵՍ ԵՄ Սուրիան՝ Մեծ Կենտրոնական Արևից այս օրով կրկին ձեզ մոտ եկածս: Ամեն անգամ, երբ գալիս եմ, ես ջանում եմ ձեր մոլորակին բերել արևային էներգիայի մի մասնիկ: Եվ հատկապես հիմա, երբ և՛ դուք, և՛ ձեր մոլորակն, ինչպես երբեք, արևային էներգիայի կարիքն ունեք:

Ես այսօր եկել եմ, որպեսզի հերթական ուղերձս տամ Երկրի մարդկանց: Ես օգտվում եմ մեր դեսպանորդի բարեհաճությունից. նա ինձ հրավիրել է օգտվելու իր բոլոր ունակություններից, որպեսզի կարողանամ տալ իմ ուղերձը:

Եվ այսպես, երբ դուք հասուն մարդիկ եք դառնում, ապա մոռանում եք ձեր բոլոր մանկական խաղերը. և այն կարոտը, որը երբեմն ձեր մանկության անհոգ խաղերով հագեցած օրերի հուշերով  պատում է ձեզ, ավա՜ղ, մթագնվում է օրվա ձեր կարիքներով ու հոգսերով: Եվ այդ ամենօրյա ունայնության մեջ դուք մոռանում եք ամենագլխավորի մասին՝ այն մասին, թե ինչու՞ եք մարմնավորվել այս ոչ այնքան հրապուրիչ մոլորակի վրա: Արևի անբավարարությամբ պայմանավորված ձեր թախիծը զուգակցվում է այն կարոտի հետ, որը տածում եք մեր աշխարհի նկատմամբ, որի մասին ձեր հոգին հիշողություններ է պահպանում:

Իհարկե, Երկիր մոլորակի վրա ձեր լինելը ժամանակավոր է և կարճատև: Եվ Աստծո տեսակետից ոչ բանական բան կլիներ, եթե ձեր գոյությունը սահմանափակվեր միայն մի կյանքով և մի մոլորակով:

Ժամանակի ընթացքում դուք կհիշեք այն իրական աշխարհը, որտեղից դուրս են եկել ձեր հոգիները: Եվ իմ այսօրվա այցի խնդիրներից մեկն էլ հենց այն է, որ ձեզ հիշեցնեմ այդ մասին:

Ես եկել եմ  մի ժամանակ, երբ տարվա ամենախավար շրջանն է հյուսիսային կիսագնդի համար, որտեղ բնակվում է Երկրի բնակչության զգալի մասը: Իմ գալը համընկել է Կարմայական Վարչության նիստի անցկացման հետ, ինչպես նաև՝ ամսի 23-ի նախօրյակն է. մի օր, երբ ձեզ Աստվածային հնարավորություն է տրվում, որպեսզի տրանսմուտացիայի ենթարկեք հաջորդ ամսվա կարման:

Ինչպես տեսնում եք, իմ գալուստը պատահական չէ, և իմ այս գալստյանը ես պատրաստվել եմ մանրակրկիտ կերպով: Քանզի այժմ ես ձեզ պետք է հայտնեմ նոր Աստվածային հնարավորության մասին և լուսավոր վաղվա հույս ներարկեմ ձեզ:

Մենք լիովին գիտակցում ենք, որ մարդկության կուտակած կարմայի բեռը ձեզ թույլ չի տալիս զգալու Կյանքի լինելիության երանությունը: Դուք մոռացել եք երանության մասին և չափազանց խորն եք սուզվել մատերիական աշխարհում: Ես եկել եմ, որ ճոպան մեկնեմ ձեզ, որպեսզի հնարավորություն ձեռք բերեք ուժեղացնելու ձեր անցյալի կարմայի վերափոխումը:

Ձեզնից նրանք, ովքեր ցանկանում են, կարող են անձամբ ինձ դիմել հետևյալ կանչով. Ո՜վ պաշտելի Տեր Սուրիա, ես հոգնել եմ առանց Արև ապրելուց: Ես հոգնել եմ աշխարհի հարուցած թախծից: Ուզում եմ ավելի արագ վերադառնալ դեպի լուսավոր և ուրախ աշխարհները: Ես վառվում եմ Երկիր մոլորակը վերափոխելու ցանկությամբ, որպեսզի այն դառնա տիեզերքի ամենահրաշալի մոլորակը: Աղաչում եմ, որ օգնես ինձ և մեր մոլորակին...:

Երբ ես ձեռքի տակ ունենամ 10000 այդպիսի անկեղծ կանչեր, ապա խոստանում եմ, որ Մեծ Կենտրոնական Արև վերադառնալով՝ անմիջապես նոր շնորհներ կպահանջեմ Երկիր մոլորակի համար:

Կանչով ինձ դիմելու ընթացքում դուք այնպիսի անկեղծությամբ պետք է բարիք կամենաք հարազատ մոլորակին, որ այդ պահին ձեզ համար առավել կարևոր բան չլինի, քան Երկիր մոլորակի անցնելն է գիտակցության նոր մակարդակի վրա: Բավարար է, որ ունենամ ձեր սրտերի 10000 անկեղծ կանչերը, և ես անհապաղ կփոխեմ Երկիր մոլորակի իրավիճակը:

Մտածե՛ք իմ առաջարկի մասին: Մի՞թե ձեր մեջ չեն գտնվի 10000 նվիրյալ ու անկեղծ սրտեր:

Ես եկել եմ, որ ազդարարեմ այդ հնարավորությունը: Օգտվե՛ք դրանից, և կնայենք, թե հետո ինչ կլինի:

Ես նաև ձեզ խորհուրդ կտայի, որ միանայիք վաղվա համար նախատեսված Ես սիրում եմ քեզ, Երկիր մտասևեռմանը (մեդիտացիային): Այդ մտասևեռմանը ձեր մասնակցությունը կզորեղացնի ճիշտ ձեզ նման հրեղեն սրտերի պոռթկումը, և մենք հույս ունենք, որ ձերբազատված էներգիան բավարար կլինի, որպեսզի Երկիր մոլորակը կարողանա անցում կատարել որակապես նոր մակարդակի վրա՝ նվազագույն կորուստներ ունենալով:

Դուք նկատում եք, որ Երկրի իրավիճակը փոխվում է: Դա դուք տեսնում եք ձեր ֆիզիկական աչքերով, լսում եք այդ մասին ռադիոյով ու հեռուստատեսային լրատվությամբ:

Հեշտ չէ՛ մոլորակի փոփոխությունների ուղղությունը պահելը՝ միաժամանակ համակշռության վիճակի բերելով բոլոր այն բազմապլան էներգիաները, որոնք ծնունդ են առել ընդհանրական մարդկային գիտակցությամբ: Իրավիճակն այնպիսին է, որ տառացիորեն ձեզնից յուրաքանչյուրիցդ է կախված, թե ինչպես կընթանա բարեփոխումների գործընթացը: Երկիրը, ինչպես և ձեզնից յուրաքանչյուրը, շատ ծանր վիճակի մեջ եք: Երկիրն ահավոր գերբեռնվածության տակ է, ինչը պայմանավորված է ձեր, այսպես կոչված, քաղաքակրթության ազդեցությամբ: Փորձեք պատկերացնել, թե ինչ ծանր վիճակում են թե՛ Երկիրը և թե՛ այն էլեմենտալները, որոնք կոչված են կարգ ու կանոն պահպանելու և խնամք տածելու մոլորակի նկատմաբ, և դա այն պայմաններում, երբ ձեր աշխարհում այդպիսի բռնություն է ցուցաբերվում բնության հանդեպ:

Հենց միայն ընդհատ-ընդհատ ռիթմով ռոք երաժշտությամբ բարձրաձայն միացված բարձրախոսի ազդեցությունն է հերիք, որպեսզի հազարավոր էլեմենտալներ սաստիկ ցնցում ապրեն և, փոխանակ զբաղվելու կարգ ու կանոն պահպանելու իրենց պարտականությամբ, հիվանդանան ու նույնիսկ զոհվեն:

Դուք միայն ձեր մասի՛ն չպետք է մտածեք: Ձեր պարտքն է հոգ տանել նաև Երկիր մոլորակի այն բնակիչների նկատմամբ, որոնց էվոլյուցիան ընթանում է նուրբ պլանում: Մտորե՛ք այն մասին, թե ի՞նչ օրինակ եք ծառայում ձեր կրտսեր եղբայրների համար: Էլ չեմ խոսում այն մասին, որ պարտավոր եք լրջորեն խորհել այն մասին, թե ի՞նչ օրինակ եք ծառայում  ձեր սեփական երեխաների համար: Ձեր ոչ մի գործողությունը և ոչ մի խոսքն անհետևանք չեն անցնում:

Ձեր գործողությունները, խոսքերը, մտքերն ու զգացմունքները շարունակում են գոյատևել նուրբ պլանում, ինչպես աստեղային կնքադրոշմներ: Եվ, որպեսզի մոլորակը մաքրվի այդ ամբողջ մարդկային ծագմամբ աղբից, որը կուտակված է մոլորակի նուրբ պլանում, մի ամբողջ բանակ է պետք, կազմված հրեշտակներից, էլեմենտալներից, այլ աշխարհներից եկած կամավորներից և մարդկության այն լավագույն ներկայացուցիչներից, որոնք այս երկար գիշերների իրենց քունն օգտագործում են այն բանի համար, որպեսզի մասնակցեն հարազատ մոլորակի հիմնարար մաքրմանը: Առավոտյան կողմ նրանք արթնանում են այնպես հոգնած ու ջարդված, կարծես քնի այդ ժամերը չեն էլ եղել: Իրականում այդ կամավորներն իրենց նուրբ մարմնով ծանր աշխատանք են կատարում, կապված Երկիր մոլորակի նուրբ պլանների մարդկային մնացուկներից մաքրելու հետ, ինչպես նաև օգնություն են ցուցաբերում հիվանդացած էլեմենտալներին:

Ես ձեզ այսօր նկարագրեցի այն աշխատանքը, որը կատարում են Լույսի Էակները, որպեսզի մարդկային մտքերի ու զգացմունքների աղբից մաքրեն ձեր մոլորակը: Եթե թեկուզ մեկ օր այդ աշխատանքը դադարեցվեր, ապա Երկիր մոլորակից ոչինչ չէր մնա: Այն կդադարեր գոյություն ունենալ, ինչպես շատ այլ մոլորակներ են կործանվել անաստված քաղաքակրթությունների ազդեցությամբ:

Ուստի մերթ ընդ մերթ ես այցի եմ գալիս ձեզ և կոչ եմ անում խելքի գալ ու չնմանվել այն անհատականություններին, որոնք Աստծո մասին ոչինչ չեն ուզում լսել, ոչ էլ ուզում են լսել այն Աստվածային Օրենքի մասին, որը գործում է այս տիեզերքում:

Ամեն ոք իր ժամանակին կստանա այն, ինչին արժանի է: Եվ, հիրավի, Երկնոլորտների բարեհաճությունն անսահման է:

Ես այս օրով այցի եկա ձեզ, որպեսզի հիշեցնեմ Երկիր մոլորակի կենսահոսքերի, ինչպես նաև հենց Կյանքի նկատմամբ ունեցած ձեր պարտականությունների մասին:

 

ԵՍ ԵՄ Սուրիան, այսօր եղա ձեզ հետ:

 

Տատյանա Միկուշինա, 2007 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ   Հաջորդ էջ