Դուք պետք է Սպասավորությանը նվիրաբերեք ձեր ողջ կյանքը

Սանատ Կումարա

20 դեկտեմբերի, 2007 թիվ

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան՝ մեր դեսպանորդի միջոցով կրկին ձեզ այցի եկածս:

Ես եկել եմ, և ուրախության արցունքներով են լցվել իմ աչքերը...

Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչպե՜ս են ցնծում Երկնոլորտները... Ո՛չ այն բանի համար, որ մենք կրկին հնարավորություն ունենք աշխատելու մեր դեսպանորդի միջոցով. Երկնոլորտները ցնծում են, որովհետև գտնվեցին շատ զգայուն սրտեր՝ պատրաստ ընկալելու մեր թրթռանքներն ու ընթանալու մեր առաջնորդությամբ:

Դուք գիտեք, որ ո՛չ շատ վաղ՝ ընդամենը մի քանի տարի առաջ, մենք իրար էինք անցել, որովհետև հնարավորություն չկար աշխատելու մեր դեսպանորդների միջոցով, հնար չկար մոտենալու մարմնավորված այն անհատներին, որոնք փորձում են հաղորդակցվել մեզ հետ, բայց ձևը չեն գտնում:

Շատ շատերն են հիմա պատրաստ, և այդ շատերի համար է, որ տալիս եմ իմ այսօրվա ուղերձը:

Նկատե՞լ եք արդյոք, թե որքա՜ն ծանր են դառնում ձեզ համար դեկտեմբերյան այս օրերը: Եվ բանն այն չէ, որ դուք ձեզ վատ եք զգում և ձեր վատ զգալն արդարացնում եք աշխատավայրում ու տանն ունեցած ավելորդ ծանրաբեռնվածությամբ:

Բանն այն է, որ Երկրի համար որոշում է կայացվել թրթռանքների նոր մակարդակի անցման մասին, և ես եկել եմ ձեզ տեղեկացնելու, որ անվերջ քայլերի շարքից ևս մեկ քայլ է կատարվել դեպի մեր աշխարհների մերձեցման կողմը:

Իմ այս ուղերձը կարդալուց հետո մի՛ շտապեք այս լուրը կիսել ձեր ծանոթների ու աշխատակիցների հետ: Ես խոսում եմ անձամբ ձեզնից յուրաքանչյուրի հետ: Եվ ձեզնից ամեն ոք իմ այս ուղերձը կարդալով կստանա այն միտքը, այն թրթիռը, որը նախատեսված է հենց իր համար:

Մեր աշխարհները մերձեցել են իրար, և դա հնարավոր դարձավ ձեր ջանքերի, ձեր Հավատի ու ձեր Սիրո շնորհիվ: Ես վստահ եմ, որ ձեր նվաճած ներկայիս մակարդակը կկարողանաք պահպանել:

Կային և ուրիշները, որոնց հետ մենք հույսեր էինք կապել, և որոնք ուրախությամբ ու խանդավառությամբ ձեռնամուխ էին եղել մեր գործերի կատարմանը: Ու՞ր են հիմա նրանք. ամեն մեկը կատարեց իր ընտրությունը և իր ազատ կամքին համապատասխան՝ բազում մարմնավորումների իր զարգացումն անցյալի գիրկը նետեց:

Ուստի ես այսօր ձեզ այցի եմ եկել ձեզ հիշեցնելու, որ պատրանքային աշխարհում ձեռք բերած ձեր յուրաքանչյուր նվաճումն անընդհատ ջանքերի ներդրում է պահանջում, որպեսզի ամրապնդվի:

Դուք ձեզ չեք կարող թույլ տալ, որպեսզի ձեր նախկին ընկերների շրջապատում թուլանաք ու հանգստանաք, չեք կարող թույլ տալ ինքներդ ձեզ, որ հանգստանաք ձեր սիրած վայրերում: Դուք պետք է անընդհատ աշխատեք, եթե ուզում եք, որ ձեր զարգացումը վերընթաց ելնի դեպի Աստվածային գիտակցության գագաթը:

Հենց որ մի փոքր թուլանաք, անմիջապես կսահեք դեպի սարալանջի ցածրադիր մասը:

Այն, դեպի ուր ձեզ կանչում եմ, նորություն չէ ձեզ համար: Լարման այդ ազնիվ վիճակը մշտապես ձեզ ուսուցանել են տարբեր ուսուցիչներ: Դուք պետք է կարողանաք համատեղել հանգիստն ու աշխատանքը, բայց և մշտապես ձեր սրտերում պետք է պատրաստ լինեք ի կատար ածելու Հիերարխիայի հանձնարարությունները:

Շատերն են պատրաստ եղել, շատերն են մեծ բարձունքների հասել իրենց հոգևոր առաջընթացում, բայց հետո անհայտ պատճառով շեղվել են և սկսել զբաղվել, ինչպես իրենց է թվում, կարևոր գործերով: Ձեզ համար ավելի կարևոր գործեր չկան, քան Հիերարխիային, Երկիր մոլորակի կենսահոսքերին օգնելն է: Ձեր մարմնական խելքը ձեզ համար հազար ու մի պատճառաբանություն է գտնում հենց այն պահին, երբ պետք է կատարեք ձեր մարմնավորման առաքելությունը: Եվ այն պահին, երբ պետք է ուսներդ դեմ տաք ու կրեք ձեր բեռը Ուղու ամենադժվար հատվածում, հանկարծ նախանձելի առույգությամբ շուռ եք գալիս և ընթանում լրիվ հակառակ ուղղությամբ: Եվ բոլոր այն նշաններն ու խոսքերը, որոնք ձեզ ենք առաքում մեր դեսպանորդի միջոցով, արդեն հասու չի դառնում ձեր գիտակցությանը:

Դուք պետք է ձեր մեջ զարգացնեք Սպասավորության որակ: Դուք պետք է Սպասավորությանը նվիրաբերեք ձեր ողջ կյանքը:

Իմ խոսքերը շատ խիստ ու անհականալի են թվում բոլոր նրանց, ովքեր դեռ պատրաստ չեն դրանք հասկանալ: Այդ պատճառով ես հենց սկզբում ասացի, որ դիմում եմ նրանց, ովքեր պատրաստ են՝ իմ այն զավակներին, որոնց հետ աշխատել եմ շատ մարմնավորումների ընթացքում:

Դուք հասել եք Ուղու ամենապատասխանատու մասին: Եվ ձեզնից պահանջվում է ձեր այն ուժերի և ունակությունների առավելագույն լարումը, որոնք ձեռք եք բերել նախորդ մարմնավորումների ընթացքում:

Ես նորից ձեզ այցի եմ գալիս, ո՜վ իմ սիրելինե՛ր, իմ արծվաբնից ելած ձագե՛ր: Ես ձեզ սնուցել եմ դարերի իմաստությամբ, տվել ձեզ, որ ըմպեք լույսի Աստվածային էներգիան: Ես իրավասու՛ եմ ձեզնից օգնություն ակնկալել և իրավասու՛ եմ հույս կապել ձեզ հետ դժվար պահին:

Ես լիահույս եմ, որ դուք կարձագանքեք իմ կոչին: Եվ եթե թույլ եք տվել մեծ ու փոքր սխալներ, ապա մի՛ համառեք. վերադարձեք և ապաստանեք հայրական թևի տակ:

Չկան այնպիսի վրիպումներ, որ հնարավոր չլինի ուղղել անշահախնդիր Սպասավորությամբ և Վեհապետների նկատմամբ նվիրվածությամբ:

Ես հուսով եմ, որ այսօրվա իմ ուղերձը ձեզ առույգության լիցք կհաղորդի և չի ստիպի, որ զբաղվեք անվերջանալի ինքնափորփրմամբ և ընկնեք աններդաշնակ վիճակի մեջ:

Այն, ինչ անցյալ է, անցյալում էլ կմնա: Պետք է մտածել ներկայի մասին՝ այն մասին, թե ինչ անեք հենց հիմա և ինչպես առաջ տանեք ձեր Սպասավորության գործը:

Այժմ բավարար չեն խմբեր կազմելն ու աղոթքային գործառությունները: Դուք շոշափելի օգնություն պետք է ցուցաբերեք այն հոգիներին, ովքեր դեռևս չեն կարող ըմբռնել համայն տիեզերքում գործող Աստվածային Օրենքը: Մենք մտահոգ ենք շատերի համար, ովքեր դեռևս տրվում են պատրանքին և չեն կարողանում դուրս պրծնել այն սարդոստայնից, որի մեջ հայտնվել են ձեր հասարակությունում տիրապետող զանգվածային մշակույթի, ավելի ճիշտ՝ անկուլտուրականության պատճառով:

Ձեզնից յուրաքանչյուրը պետք է հոգ տանի շատ մոլորյալ հոգիների համար: Նրանցից շատերը նույնիսկ Լույսի մի կայծ չեն տեսնում իրենց պարուրած կյանքում, քանի որ շատ ծանր է իրենց ստեղծած կարման: Եվ ձեզնից յուրաքանչյուրն, ով իմն է, կարող է նրանց տալ իր Լույսի մի մասնիկը, որպեսզի այդ մոլորյալ հոգիները կարողանան տեսնել, որ կա նաև ուրիշ աշխարհ, կան ուրիշ կենսակերպեր: Կա այն Իրականը, հանուն որի արժե ապրել:

Հենց ձեզ էլ երբեմն չի բավականացնում Սերն ու վստահությունը ընտրած Ուղու ճշմարտացիության նկատմամբ:

Ուստի ամեն անգամ, երբ կասկածները կտիրեն ձեզ, և պատրանքի մշուշը կթանձրանա, պահեք ձեր հայացքի դեմ իմ պատկերը: Ես իմ այդ պատկերի մեջ եմ դնում իմ ներկայությունը, որպեսզի ամեն մի դժվար պահի հենց որ նայեք դրան, կարողանամ իրապես օգնել ձեզ: Ձեր աշխարհում դա պարզապես նկար է, իսկ իմ աշխարհում՝ նկարի հակառակ կողմում, դեպի ձեզ մեկնած իմ ձեռքն է, որը բռնելով կկարողանաք դուրս գալ կյանքի դժվարին իրադրությունից կամ գիտակցության վատ վիճակից:

Ես այս օրով եկել էի և հիմա լքում եմ ձեզ: Մինչ նոր հանդիպումներ...

 

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ

 

Տատյանա Միկուշինա, 2007 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ