Ես եկել եմ տեղեկացնելու ձեզ մեր աշխատանքի հերթական փուլի ավարտի և հաջորդ փուլի սկզբի մասին

 

 

Պաշտելի Էլ Մորիա

10 հունվարի, 2008 թիվ

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան՝ այս օրով ձեզ այցի եկածս: Ես եկել եմ, որպեսզի ձեզ համար ազդարարեմ Լույսի ուժերի ևս մի հաղթանակի մասին... Ես եկել եմ, որպեսզի ձեզ տեղեկացնեմ, որ մեր դեսպանորդի միջոցով տրվող թելադրությունների ձմեռային շրջանը մոտեցավ իր ավարտին:

Մեզ հաջողվեց անհավատալի մեծ քանակությամբ Լույս արտազատել թելադրությունների այս շրջանի ընթացքում:

Մեր դեսպանորդի Աշրամի տարածքը բառացիորեն պարուրված է Լույսով:

Այդ վայրը, որում մենք տեղադրեցինք մեր Լույսի կիզակետը, իր ազդեցությունն է թողնում շրջակա հարյուրավոր կիլոմետրերի վրա՝ հասնելով նույնիսկ հարևան մարզերի սահմաններին և Ղազախստանին:

Իրականացա՜վ... Ուրա՜խ եմ ես...

Եվ, որպեսզի ինքներդ ձեզ չհանգստացնենք ու չբավարարվեք ձեռքբերվածով, ես եկել եմ, որպեսզի ձեզ ուղղորդեմ դեպի Եղբայրության ընթացիկ գործերի կատարումը:

Մենք շատ բանի հասանք, բայց դա ընդամենը մեր ուղու սկիզբն է: Մենք մտադիր ենք ամրագրելու մեր ներկայությունը Ռուսաստանի հողում, և նաև մտադիր ենք ֆիզիկական ոլորտում շարունակելու մեր աշխատանքը, որն իարականացնում ենք մեր դեսպանորդի միջոցով: Թեև առայժմ ամեն ինչ չէ, որ ստացվում է, սակայն մենք մտադրություն չունենք կանգ առնելու և շունչ քաշելու մեր ուղու վրա:

Ձեզնից ամեն ոք, ով ուզում է մեզ օգնել ու աջակցել, մենք ասում ենք՝ բարի գալուստ: Անձամբ ես պատրաստ եմ քննարկելու ձեր բոլոր գործնական առաջարկները և ձեզ հետ միասին մշակելու գործողությունների պլան:

Մոտակա ժամանակներում մենք ձեզ կտեղեկացնենք, թե ինչ է պլանավորվում:

Իսկ այժմ ես մտադիր եմ ձեզ տրամադրելու այն բանին, որ մոտակա ժամանակներում ձեզ կվիճակվի լրջորեն աշխատել Եղբայրության համար: Իհարկե, ես հաշվի եմ առնում, որ ձեզնից բոլորը չէ, որ պատրաստ են: Սակայն ես գիտեմ ձեր զարգացման մակարդակը և գիտեմ նաև, որ ձեր մեջ կան այնպիսինները, որոնք պատրաստ են լրացուցիչ պարտավորություններ վերցնելու իրենց վրա:

Ես ձեզնից չեմ պահանջում, որ դուք ամեն ինչ թողնեք և գլխապատառ նետվեք ինձ ծառայելու:

Պահանջվում է հավասարակշիռ, պլանավորված մոտեցում: Պետք չէ անհարկի հերոսություն ցուցաբերել այնտեղ, որտեղ հնարավոր է համաչափ աշխատանքով հասնել անհամեմատ ավելի մեծ արդյունքների:

Իսկ երբ ժամկետները կսեղմեն, ձեզնից կպահանջվի ձեր բոլոր ուժերի լարումն ու բոլոր հնարավորությունների ներդրումը:

Ուստի մենք մշտապես պետք է գտնվենք պատրաստ վիճակում, որպեսզի ի կատար ածվեն մեր առաջադրած խնդիրները:

Ձեզնից շատերին բնորոշ ծուլությունը պետք է հաղթահարվի: Ես գիտեմ, որ ռուսների հատկանիշներից մեկը հենց ծուլությունն է: Այդ պատճառով հատուկ շեշտադրում եմ, որ ինձ հետ եղողը պետք է ձերբազատվի այդ հատկանիշից և վերջնական հաղթանակ տանի դրա նկատմամբ:

Արմատախիլ լինելու են ենթակա նաև ձեր այնպիսի հատկանիշները, ինչպիսիք են՝ անվճռականությունը, կասկածամտությունն ու անկայունությունը: Այդ ամենը պետք է մի կողմ դրվի:

Մե՜ծ գործեր են մեզ սպասվում: Նայե՛ք, որ չմնաք վառարանի վրա քնած, որպեսզի մարմնավորման ավարտին ամոթ չզգաք ձեր անգործության, ծուլության և մեր կանչին չարձագանքելու համար:

Մենք ձեզ կանչում ենք մեծ Սպասավորության: Եվ ամենադժվար բանը, որին բախվում ենք, մարդկանց պակասն է. այն մարդկանց, որոնք կպարտավորվեին ֆիզիկական օկտավայում իրականացնելու մեր պլանները:

Շա՜տ արդարացումներ ու պատճառներ են ի հայտ գալիս, որպեսզի ոչինչ չանեք և ոչինչ չփոխեք ձեր կյանքերում:

Ձեզ այլևս չի՛ հաջողվի շարունակել ձեր նախկին կենսակերպը: Փոփոխությունների քամին կսրբի-կտանի ձեր մարմնական խելքի բոլոր խորամանկություններն ու ձեր վարքին բնորոշ բոլոր կարծրատիպերը:

Այն դեպքում, երբ առջևում լեռնագագաթներն են, հանգիստ առնելու և կողքից-կողք շուռումուռ գալու ժամանակը չէ:

Ժամանա՜կն է վեր կենալու և Ուղով ընթանալու:

Ես ձեզ կանչում եմ, որպեսզի ձեր աշխարհի համար իրագործեք Եղբայրության մեծ պլանները:

Եվ ձեզնից նրանց համար, ովքեր ոգի առան իմ այս խոսքերը կարդալուց, ես հույս եմ տածում, որ ձեր հոգու այդ պոռթկումը կմնա ձեզ հետ մինչև ձեր ընթացիկ մարմնավորման ավարտը: Եվ դուք չեք մարի, ինչպես մոմը քամուց, այլ կշարունակեք ջահի պես վառվել՝ լուսավորելով շատ ու շատ լուսակիրների ուղին, որոնք պատրանքում մոլորվելով փնտրում են յուրայիններին ու պատրանքի լաբիրինթոսից դուրս գալու ելքը:

Ես եկա տեղեկացնելու ձեզ մեր աշխատանքի հերթական փուլի ավարտի և հաջորդ փուլի՝ ֆիզիկական ոլորտում կոնկրետ գործողությունների փուլի սկզբի մասին, որը մենք չենք կարող իրականություն դարձնել առանց ձեր անմիջական մասնակցության և շոշափելի օժանդակության:

Ես հույսեր եմ կապում ձեզ հետ և մշտապես ձեզ հետ եմ ձեր Ճանապարհին

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան:

 

Տատյանա Միկուշինա, 2008 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ