Պատվիրաններ

 

ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ

8 հունվարի, 2008 թիվ

 

ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ, ԵՍ ԵՄ Է-ն, որ այրվող ու չսպառվող մորենու միջից խոսեց Մովսեսի հետ:

ԵՍ ԵՄ, որ խոսում եմ այժմ ձեզ համար, որ մարմնավորված եք Երկրի վրա:

ԵՍ ԵՄ եկել, որպեսզի Կտակ տամ և նորոգեմ այն Կտակը, որը տրվել է Մովսեսի ժամանակներում:

Դուք գիտեք, որ մշտապես եղել են մարդիկ, ովքեր հետևել են ճշմարիտ Հավատին, և նրանց միջոցով խոսել է Ինքը՝ Աստված: Աստված խոսում է այնժամ, երբ էվոլյուցիան ճշգրտելու անհրաժեշտություն կա. այնժամ, երբ ոչ-խելամիտ զավակներն անհաղորդ են մնում վերին ցուցումներին:

Ահա և այժմ Ես եկել եմ, որպեսզի ձեզ հասկացնեմ, որ այլևս չեք կարողանա չարաշահել ձեր Աստվածային հուրը, բոցը, էներգիան, որը ձեր սրտերի մեջ է գտնվում:

Որքա՞ն կարելի է սպասել...

Ո՛չ, ասում եմ ձեզ. սպասելու ժամանակը սպառվել է, և այժմ բոլորդ պետք է վերանայեք ձեր կյանքի նկատմամբ ձեր հայացքները և ձեր կյանքում գտնեք այն կարևորը, հանուն որի դուք գոյություն ունեք:

Դադարե՛ք օրվա ունայն փայլերով գերվելուց: Ես եկել եմ, որպեսզի ձեզ հետ լրջորեն խոսեմ:

ԵՍ ԵՄ հուրն ամենակործան, և ահա Ես ասում եմ ձեզ, որ այսուհետև ձեր յուրաքանչյուր գործողությունը, որը կկատարեք ո՛չ ըստ Աստծո Օրենքի, կվերադառնա ձեզ՝ տասնապատիկ ուժեղացված:

Այսպիսով, ձեր անաստվածահաճո արարքներով պայմանավորված կարման այսօրվանից կմեծացվի տասնապատիկ անգամ:

Ես հիմա ձեզ կհիշեցնեմ, թե ինչպես պետք է ձեզ պահեք:

Ձեր կյանքում առաջնահերթ նշանակություն պետք է տաք Աստծուն և նրա Օրենքը պահելուն:

Ձեր կյանքում չպե՛տք է ունենաք կուռքեր, որոնց խոնարհվում եք ավելի շատ, քան Աստծուն:

Ուրիշների հետ չպե՛տք է վարվեք այնպես, ինչպես չէիք ուզենա, որ վարվեին ձեզ հետ:

Դուք չպե՛տք է կատարեք այնպիսի արարքներ, որոնք հակառակ են ուղղված համայն տիեզերքում գործող Աստվածային Օրենքին:

Եվ առաջին, ամենակարևոր պատվիրանը Սերն է մերձավորների նկատմամբ՝ ո՛չ միայն ձեզ մոտիկ մարդկանց նկատմամբ, այլ համայն Արարվածի նկատմամբ. Սեր այն ամենի նկատմամբ, ինչը ստեղծված է Աստծո կողմից՝ քարի, բույսի, ամեն գազանի ու կենդանու նկատմամբ: Դուք չպե՛տք է վնաս պատճառեք բնությանը: Դուք չպե՛տք է վնաս պատճառեք Երկիր մոլորակին:

Դուք պետք է Սեր տածեք ամբողջ Արարվածի նկատմամբ:

Եվ առավել ևս՝ ձեր սրտերում պետք է պահպանեք բարոյական Օրենքը. թույլ չտա՛լ ցանկասիրություն, չարը չկամենա՛լ ձեր մերձավորին, սուտ չխոսե՛լ, չնախանձե՛լ, լինել ազնիվ ու արդարամիտ:

Իսկ այնպիսի մեղքն, ինչպիսին մարդու կամ կենդանու սպանությունն է, ես արգելում եմ մշտապես: Որևէ կենդանու չպե՛տք է սպանել ոչ մի պատրվակով:

Հիշե՛ք կարմայի մասին, որն այսօրվա իմ նախազգուշացումից հետո մեծանալու է տասնապատիկ անգամ:

Բայց և ձեր բարի գործերով պայմանավորված կարման է մեծանալու տասնապատիկ անգամ:

Ես եկա, որպեսզի ձեզ հիշեցնեմ այն Կտակի մասին, որն Իմ կողմից տրվել է Մովսեսին և անցյալի բոլոր մարգարեներին:

Ես այսօր ասում եմ ձեզ Իմ Խոսքը, որպեսզի դուք կարողանաք ավելի լավ հասկանալ այն, ինչը գրվել և արտագրվել է գրքում և աղավաղվել արտագրողների կողմից:

Այժմ նոր ժամանակներ են, և Աստծո ու ողջ Արարվածի առջև ունեցած ձեր պարտավորություններն աճում են բազմակիորեն:

Մի՛ մոռացեք Իմ ասածները: Պահե՛ք այս ուղերձը երևացող տեղում և վերընթերցե՛ք այն:

Դուք պետք է անգիր հիշե՛ք Իմ Պատվիրանները:

Այլևս չի՛ կարելի զբաղվել անաստվածահաճո գործերով: Իմ համբերությունը հասել է իր սահմանին:

 

ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ: ՕՄ

 

Տատյանա Միկուշինա, 2008 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ