Ուսմունք Վեհապետների ուսուցանման նկատմամբ ճիշտ վերաբերմունք դրսևորելու մասին

 

Հիլարիոն Վեհապետ

2 հունվարի, 2008 թիվ

 

ԵՍ ԵՄ Հիլարիոն Վեհապետը՝ մեր դեսպանորդի միջոցով կրկին ձեզ այցի եկածս:

Ինչպես միշտ, կուզենայի ձեզ տալ ոչ մեծ մի խրատ և անկեղծորեն հույս եմ կապում, որ իմ այս ուսուցումը ձեզ համար օգտավետ կլինի:

Դուք չեք կարող երկար ժամանակով կենտրոնանալ այն նյութերի վրա, որոնք մենք ուսուցանում ենք: Ձեր կյանքում չափազանց շատ են շեղող գործոնները: Սակայն ամենաառաջին և ամենակարևոր ձեր հատկանիշն այն ունակությունը կլինի, որ հավաքեք ձեզ և կենտրոնանաք ձեր կողմից ուսումնասիրվող նյութի վրա: Այնժամ, երբ ունակ եք դառնում կենտրոնանալու, նաև սկսում եք յուրացնել այն նյութերը, որոնք մենք ձեզ ուսուցանում ենք:

Քանի դեռ դուք շարունակում եք գործի արանքում կարդալ մեր թելադրությունները՝ բառացիորեն սնունդ ընդունելու և հեռուստացույց դիտելու արանքում, ապա մեր ուսուցումն անհրաժեշտ հետք չի թողնի ձեզ վրա, ոչ էլ երբևէ որևէ օգուտ կստանաք ձեր հոգու համար:

Մտաբերե՛ք խնդրեմ. երբ զբաղված եք լինում որևէ լարված աշխատանքով, արդյո՞ք այն հաջող ելք է ունենում, եթե անընդհատ շեղվում եք և փորձում տաս գործ միանգամից անել: Ինչու՞ է ձեզ մոտ այն տպավորությունը ստեղծված, թե կարող եք հոգևոր գործով զբաղվել հենց այնպես, գործերի արանքում:

Քանի դեռ ձեր գիտակցության մեջ ճիշտ մոտեցում չեք մշակի հոգևոր աշխատանքի նկատմամբ, որևէ նշանակալի արդյունքի չեք կարողանա հասնել:

Ես ցավով պետք է նշեմ, որ ուշադրության ու կենտրոնացման բացակայությունը ձեր ժամանակների աքիլեսյան գարշապարն է: Դուք միաժամանակ ջանում եք յուրացնել ամենաբազմաբնույթ  բաներ: Ունկնդրում եք ռադիո կամ դիտում հեռուստացույց, զրուցում եք հեռախոսով և փորձում միաժամանակ կարդալ մեր ուղերձները:

Քանի դեռ ձեր մեջ ուժ չեք գտնի, որ դեն նետեք այդ ամենը և զբաղվեք միայն հոգևոր սնունդ ընդունելով, մեր ուղերձների ընթերցումը ձեզ ոչ միայն հարկ եղած օգուտը չի տա, այլ նաև վնասակար կլինի ձեր զարգացման համար:

Ասեմ, թե ինչու: Եթե զբաղված եք ինչ որ աշխարհիկ գործով, օրինակ, ասենք, ռադիոյով ունկնդրում եք ժամանակակից երաժշտություն կամ գովազդ եք դիտում հեռուստացույցով՝ միաժամանակ ջանալով կարդալ մեր ուղերձը, ապա ողջ այն էներգիան, որը մենք ներդնում ենք մեր ուղերձներում, ձեր կողմից սխալ դասակարգման է արժանանում: Արդյունքում՝ ձեր զարգացումն առաջ ընթանալու փոխարեն սահում է դեպի հետ:

Գիտակցե՛ք վերջապես, որ Աստծո հետ եք զրուցում, շփվում եք այն Վեհապետների հետ, որոնք ձեզնից շատ ու շատ առաջ են անցել և գտնվում են էվոլյուցիոն զարգացման շատ բարձր աստիճանների վրա: Որտեղի՞ց է ծագել ձեր մեջ այդ անհարգալից վերաբերմունքը. ինչու՞ տարրական բարեկրթություն չեք դրսևորում մեզ հետ հաղորդակցվելու ընթացքում...

Ես կուզենայի, որ մեր դեսպանորդի միջոցով մեր կողմից տրվող Ուսմունքը դուք չընկալեիք որպես ինքնին հասկանալի ու առօրեական մի բան:

Ամեն մի ուղերձի փոխանցմանը մասնակցում են հազարավոր Լույսի էակներ: Մենք թանկարժեք Աստվածային էներգիա ենք ծախսում, որը կաթիլ առ կաթիլ հավաքում և ներդնում ենք մեր ուղերձներում:

Եթե չփոխեք ձեր սպառողական վերաբերմունքը մեր կողմից մատուցվող Աստվածային շնորհատվության նկատմամբ, ապա մենք կփակենք մեր լսարանների դռները, և դուք կհայտնվեք միջանցքում՝ սպասելով նոր Աստվածային հնարավորության բացմանը:

Որքա՜ն արագ է մարդկությունն սովորականի վերածում ամեն ինչ: Եվ մեզ համար չափազանց ծանր է դիտելը, թե ինչպես եք մեր ուղերձների ընթերցումը հավասարեցնում զվարճալի միջոցառումների՝ ասենք, օրինակ, տեսաֆիլմերի դիտման հետ:

Ձեզնից ոմանք էլ մեր ուղերձներով դեպի իրենց զրուցարաններն են հրապուրում դատարկաբաններին և մեր ուղերձներն օգտագործում որպես հոգևոր հյուրասիրություն:

Հապա մի ձեզ կողքի՛ց նայեք. տեսեք, թե ինչե՜ր եք անում...

Չէ՞ որ Աստծո հետ եք հաղորդակցվում. գոնե ներքին բարեկրթություն ունեցեք, որ կարգի բերեք ձեզ՝ նախքան Նրա հետ հաղորդակցության մեջ մտնելը:

Իմիջիայլոց, Աստծո հետ հաղորդակցվելիս լկտիություն ցուցաբերելը շատ տարածված է ձեր ժամանակներում:

Ուստի՝ առաջին բանը, որ պետք է անեք, ձեր մեջ Աստվածայինի նկատմամբ ակնածալից վերաբերմունք մշակելն է:

Անհրաժեշտ է, որ անհանգստանաք նաև ձեր ուրիշ շատ սխալ նկրտումների հարցերով: Պետք է մտորեք շա՜տ բաների մասին և ստիպողաբար ինքներդ ձեզ ներարկեք խոնարհություն:

Վերջ տվեք Վեհապետներին կթան կովերի տեղ դնելուն: Այո՛, մենք հոգում ենք ձեր մասին, ուսուցանում ենք, սփոփում, բուժում ձեր ֆիզիկական մարմինն ու հոգին. բայց ինչու՞ եք մեզնից ստացած ամեն ինչը դիտում որպես արժանի հատուցում. ինչու՞ եք մոռանում երախտագիտության մասին:

Ես ստիպվա՛ծ եմ այսօր ձեզ հետ զրուցում այս թեմայի շուրջ, քանի որ, եթե չփոխեք Վեհապետների հետ հաղորդակցության նկատմամբ ձեր վերաբերմունքը և չկարողանաք հաղթահարել բնավորության ձեզնից անբաժան դարձած որոշ բացասական գծեր, ապա հնարավոր է, որ շատ մեծ վնաս հասցնեք ձեր հոգուն: Հիշե՛ք խնդրեմ, որ երբ Աստվածային էներգիա եք ստանում, ձեր աշխարհում դուք ինքնե՛րդ եք դրան ուղղություն տալիս ձեր մտքերի, զգացմունքների և այլազան վիճակների շնորհիվ: Եվ այն դեպքում, երբ այդ էներգիան ստանում եք անպատշաճ պահվածքով, նույն կերպ էլ այն կարող եք սխալ օգտագործել՝ բազմապատկելով պատրանքներն ու առաջացնելով կարմա:

Էվոլյուցիոն զարգացման ձեր ներկայիս աստիճանին համապատասխան՝ հարկ է, որ դուք ավելի մեծ պատասխանատվություն ցուցաբերեք Աստվածային էներգիայի օգտագործման նկատմամբ:

Ես այսօր եկա, որպեսզի դուք առիթ ունենաք մտորելու այն մասին, թե արդյո՞ք ճիշտ եք վարվում մեր ուղերձների հետ, դրանց մեջ եղած տեղեկատվության ու էներգիայի հետ:

Ես լիահույս եմ, որ այսօրվա իմ ուսուցումն օգտավետ կլինի ձեզ համար:

 

ԵՍ ԵՄ Հիլարիոնը

 

 

Տատյանա Միկուշինա, 2008 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ