Ուսմունք ֆիզիկական ոլորտում գործելու մասին

 

Հաութամա Բուդդա

29 հունիսի, 2007 թիվ

 

ԵՍ ԵՄ Հաութամա Բուդդան` նոր խրատներ տալու համար այս օրով ձեզ այցի եկածս:

Ես եկել եմ ձեզ մի Ուսմունք տալու, որին հավանաբար արդեն ծանոթ եք, սակայն, երբ ընկալում եք աշխարհի չափ հին Աստվածային Ճշմարտությունը, ամեն անգամվա հետ ունակ եք դառնում այն ըմբռնելու ավելի ու ավելի բարձր մակարդակով:

Ձեր մեջ կան այնպիսինները, որոնք պատրաստ չեն և չեն ուզում իմանալ որևէ Ճշմարտություն. նրանց լրիվ բավարարում է իրենց շրջապատող աշխարհը: Ես դիմում եմ ձեզնից նրանց, որոնց սրտերում վառվում է դեպի լավագույն աշխարհ մղվելու հուրը. դիմում եմ նրանց, ովքեր պատրաստ են շատ բան զոհաբերելու, նույնիսկ իրենց կյանքը` հանուն ֆիզիկական աշխարհ նոր կերպեր ներմուծելու, անկախ այն բանից, թե այդ նոր կերպերն ինչի՞ն են առնչվում կամ գործունեության ո՞ր բնագավառում են դրսևորվում: Ձեր աշխարհում չափազանց շատ են անկատարությունները, որոնք պետք է փոխարինվեն ավելի կատարյալ կերպերով: Մենք դրա վրա աշխատում ենք` համագործակցելով մեր հավատարիմ աշակերտների հետ, որոնք մեզ հետ են շատ հազարամյակների ընթացքում: Նրանք ստեպ-ստեպ մարմնավորվում են, որպեսզի օգնեն մեզ Աստվածային կերպերը ֆիզիկական աշխարհում դրսևորելու գործում:

Կան Ճշմարտության ընկալման տարբեր մակարդակներ, և կան Սպասավորության տարբեր մակարդակներ: Որոշ մարդկանց համար լիովին բավարար է աղոթքներ, վարդանոցներ, պատգամներ ու մանտրաներ կարդալը: Կան և այնպիսինները, որոնք Կյանքին ծառայելու ճանապարհով ներդաշնակ են դարձրել իրենց մարմինները և պատրաստ են աշխատանք կատարելու Եղբայրության համար: Նրանք պատրաստ են այնպիսի Սպասավորության, որն արտահայտվում է ֆիզիկական ոլորտում իրագործվող խիստ որոշակի աշխատանքով: Շատ շատերը մարմնավորվում են աննշան աշխատանք կատարելու համար: Անհրաժեշտ է միայն հարկ եղած պահին օժանդակել մեր գործին, պաշտպան կանգնել դրան: Եվ անգամ հարկ եղած պահին ի կատար ածված այդ աննշան գործը կարող է միլիոնավոր մարդկանց գիտակցությունն ատելությունից, հակակրանքից, վախվորված վիճակից շրջելու դեպի Աստվածային Սերը, Ներդաշնակությունն ու Աստվածային կարգ ու կանոնը:

Մեր նվիրյալ աշակերտների արածների մեջ փոքր գործեր չկան: Բոլոր այն գործերը, որոնք համաքայլ են Աստվածային էվոլյուցիայի հետ, հավասարապես պատվաբեր են, և մարդկային գիտակցությամբ հնարավոր չէ գնահատել, թե Եղբայրության կողմից հանձնարարված ո՞ր գործի կատարումն է ավելի նշանակալից:

Աստվածային Սպասավորությունը մանրուքներ չի ճանաչում: Եվ ամեն անգամ, երբ ձեզ թվում է, թե ձեր ներդրումն աննշան է և ձեզնից ոչինչ կախված չէ, հիշե¢ք իմ այս թելադրությունը` իմ ասածն այն մասին, որ բոլոր գործերն էլ մեծ են ու կարևոր, եթե ուղղված են Համընդհանուր Բարիքին և արված են անշահախնդիր Սպասավորության գործադրմամբ: Մշտապես հիշեք, որ կարևորը ոչ թե հենց ինքը գործն է, այլ այն մղումն ու կարողությունը, որը ներդնում եք ֆիզիկական ոլորտում ի կատար ածված ձեր գործողության մեջ:

Եթե ներդնում եք ձեր ունեցած ողջ Սիրո կարողությունը, եթե շատ փոքր գործը մեծ Սիրով եք կատարում, ապա ձեր այդ ներդրումը չափազանց շատ բան կարող է փոխել Երկիր մոլորակի վրա:

Չպետք է մոռանալ, որ դուք միայն ֆիզիկական մարմինը չեք: Եվ եթե ձեր ֆիզիկական մարմնի համար նշանակություն ունի այն, ինչը տեսնում եք ձեր աչքերով և կարող եք շոշափել, ապա ձեր նուրբ մարմինների համար կարևոր է այն, թե ինչ վիճակով եք գործում: Նուրբ աշխարհը շատ զգայուն է ձեր ներքին վիճակի և տրամադրվածության նկատմամբ: Ուստի, նույնիսկ այնժամ, երբ ֆիզիկական ոլորտում ճիշտ արարքներ եք գործում, բայց ձեր ցիտակցությունն այդ ընթացքում լավագույն վիճակում չէ, ապա նուրբ ոլորտում այնպիսի արգելապատնեշ կարող եք առաջացնել, որն ամենաանհարմար պահին գլխիվայր շուռ կտա ձեր ողջ ներդրած ջանքերը:

Մի¢ մոռացեք, որ ձեր բոլոր մարմինները պետք է հավասարակշիռ վիճակում լինեն այն պահին, երբ որևէ գործողություն եք իրականացնում ֆիզիկական ոլորտում:

Նաև կուզենայի անդրադառնալ այն գործառույթներին, երբ փորձում եք մտքով ինչ որ բան անել կամ երբ կենտրոնանում եք նուրբ ոլորտում ինչ որ խնդիր լուծելու վրա: Հիրավի, եթե դուք բարձր մակարդակի ադեպտ եք, ապա ձեր ցանկացած միտքն ու մտառաքումը կարող է ի կատար ածվել ոչ միայն նուրբ ոլորտում, այլ նաև ֆիզիկական ոլորտում: Իսկ եթե չեք հասել ադեպտի կատարելության աստիճանի, բայց փորձում եք նուրբ ոլորտում մտքով կամ հույզով արարչություն անել, ապա նուրբ ոլորտում ծնում եք նույնպիսի անկատար կերպեր, ինչպիսիք շատ կան ձեր աշխարհում: Դրանից հետո էլ` որոշ ժամանակ անց, ինքնե¢րդ ստիպված կլինեք կարգ ու կանոն հաստատել նուրբ ոլորտի այն շերտերում, որոնք աղտոտել եք ձեր սխալ արարմունքներով:

Ավելի հեշտ չի՞ լինի, եթե ֆիզիկական ոլորտում գործեք գիտակցության ճիշտ վիճակով: Այդ դեպքում ձեր գիտակցության ճիշտ և ոչ-ճիշտ վիճակներն իրենց արտացոլումը կգտնեն, և դուք կկարողանաք ձեր զգայարաններով զգալ ձեր ստեղծածի անկատարությունը և այն շտկել:

Շա~տ դժվար բան է կուրորեն արարելը: Ուստի ֆիզիկական ոլորտում գտնվելիս ձեզ համար ավելի հեշտ կլինի, եթե ֆիզիկական ոլորտում սկսեք գործել գիտակցության ճիշտ վիճակի պայմաններում: Այդ դեպքում ակնառու կերպով կտեսնեք ձեր գործողության արդյունքը, կճշգրտեք և ժամանակին կուղղեք թույլ տված սխալները:

Փորձ ձեռք բերեք այնպիսի գործնական աշխատանքով, որը նպատակաուղղված է ձեր ֆիզիկական աշխարհի կերպափոխմանը:

Երբ ձեր անկատար գիտակցությամբ խառնվում եք նուրբ աշխարհի կերպափոխման գործին, դեպքերի 99 տոկոսում դրանից որևէ լավ արդյունքի չեք հանգում: Հավատացեք, որ Լինելիության նուրբ և ավելի բարձր ոլորտներում բավարար քանակի էակներ կան, որոնք կատարում են այդ ոլորտների իրենց գործը: Եվ այնժամ, երբ ձեր գիտակցությունը թույլ կտա ձեզ լքելու երկրային աշխարհը և այլևս թանձր մարմին չառնելու, ձեր առջև կբացվեն Լինելիության այլ ոլորտների պատկանող աշխատանքների նոր հորիզոններ:

Իսկ հիմա դուք մուտք եք գործել ձեր աշխարհ, որպեսզի խիստ որոշակի գործեր կատարեք ֆիզիկական ոլորտում:

Որոշակի գործից առաջ աղոթք անելն ուժի մեջ է մնում, որովհետև գիտակցության աղոթքային վիճակում ունակ եք դառնում ներդաշնակ դառնալու և, ըստ այդմ, լավագույն ձևով լուծելու ձեր առջև դրված խնդիրը:

Այժմ կուզենայի կանգ առնել այն պահի վրա, որը վերաբերում է որևէ մեկի դեմ ուղղված ձեր անորակ մտքերին: Հավատացե¢ք ինձ, ձեր յուրաքանչյուր բացասական, նեգատիվ մտառաքումը կարող է տարածությունից դեպի իրեն ձգել թրթիռներով իրեն համահունչ մտաձևեր: Արդյունքում չեք էլ նկատում, թե ինչպես եք հայտնվում մարդկային անորակ արտադրանքի այնպիսի գարշահոտ ամպում, որ այլևս չեք կարողանում տեսնել ու զանազանել Ճշմարտությունը: Ուստի լավ կլինի, որ ձեր գիտակցությունը մշտապես համալարված պահեք Աստվածային կերպերի հետ: Շատ ու շատ մարդիկ, ովքեր չեն հետևել որևէ ուսմունքի կամ դավանանքի, այլ միայն իրենց կյանքում առաջնորդվել են Աստվածային նորմերով ու սկզբունքներով, անհամեմատ ավելի մեծ հաջողությունների են հասել, քան նրանք, ովքեր համարում են, թե Ուղով շատ են առաջացել, բայց իրականում ոչ մի քայլ առաջ չեն գնացել Աստվածային Գագաթի ուղղությամբ:

Խնդրում եմ ազատ ժամանակ ունենալու դեպքում մտորել իմ այս ուղերձի շուրջ: Եվ մի¢ շտապեք զայրույթով մերժել կամ դատապարտել այն ամենն, ինչ լսեցիք: Քանզի տարբերություն կա իմ ու ձեր միջև, և լավ կլիներ, որ ձեռք բերեիք մի պատառիկն այն խոնարհության, որով ես եմ համակված:

 

ԵՍ ԵՄ ձեր եղբայր Հաութաման

 

Տատյանա Միկուշինա, 2007 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ