Նուրբ ոլորտի ստորին շերտերից պաշտպանվելու մասին

 

Սուրբ Միքայել Հրեշտակապետ

28 հունիսի, 2007 թիվ

 

ԵՍ ԵՄ Սուրբ Միքայել Հրեշտակապետը՝ այս օրով ձեզ այցի եկածս:

ԵՍ ԵՄ եկել պաշտպանության կապույտ բոցի իմ զորախմբի ուղեկցությամբ: ԵՍ Եմ եկել, որպեսզի ասեմ ձեզ, որ անկախ Երկրում հաստատված բարդ ու անկանխատեսելի իրավիճակից՝ մենք շարունակում ենք մեր ծառայությունը և պատասխանատու ենք յուրաքանչյուրի պաշտպանության համար, ով դիմում է մեզ օգնության ու պաշտպանության խնդրանքով:

Ես ձեզ կասեմ, թե ինչով են ձեր ժամանակները տարբերվում անցյալ ժամանակներից:

Անցյալում էլ են եղել այնպիսի պահեր, երբ նուրբ ոլորտը, հատպակես՝ աստեղային ոլորտի ստորին շերտերը, մերձեցել են Երկրին, սակայն այժմ աշխարհների մերձեցումը կապված է հենց էվոլյուցիոն զարգացման բուն ընթացքի հետ:

Բարձրագույն ոլորտները ձերբազատվել են իրենց համար ոչ յուրահատուկ ներթափանցումներից, և բոլոր նրանք, ովքեր անբարյացակամորեն են տրամադրված երկրային կենսահոսքերի նկատմամբ և չեն ցանկանում համագործակցել մեզ հետ՝ Համբարձյալ Դասերիս հետ, հեռու են քշվել դեպի այն շերտերը, որոնք մոտ են երկրային, ֆիզիկական ոլորտին: Այդ պատճառով ներկայումս ուժգնացել է նուրբ ոլորտի ո՛չ լավագույն շերտերի ազդեցությունը երկրաբնակների վրա:

Սա էվոլյուցիայի օրինաչափ փուլ է, և ձեզ վիճակված է վարժվել աստեղային ոլորտի և մենտալային ոլորտի ստորին շերտերի մերձավոր հարևանությամբ ապրելուն: Այդ շերտերում կենտրոնացված են մարդկության ո՛չ լավագույն արգասիքները: Մարդկանց շատ սերունդների կողմից ծնունդ են առել ցածրորակ կերպեր ու մտքեր, և դրանք այժմ ստիպված են բախվել իրենց ծնող պատճառի հետ: Դա մի ճակատամարտի է նման, երբ դուք ստիպված եք բախվել ոչ միայն ձեր սեփական անիրական մասի հետ, այլ նաև համայն անգիտակից մարդկության անիրական մասի հետ, որը մարդկանց բազմաթիվ սերունդների ծնունդն է:

Աշխարհները մերձեցել են իրար, և կարման միայն ինքներդ կարող եք բեռնաթափել: Եվ բացասական էներգիայի այն կուտակները, որոնք այժմ առկա են, պետք է վերամշակվեն հենց ձեր կողմից: Կան անհատականություններ, որոնք իրենց աուրան ու չակրաներն այնքան են մաքրել, որ կարող են ֆիզիկական աշխարհ ներմուծել Լույսի մեծ քանակություն. իսկ այդ Լույսը մուտք գործելով ձեր աշխարհ՝ ունակ է ցրելու այն խավարը, որը կուտակված է Երկրին մերձակա նուրբ ոլորտներում:

Այնժամ, երբ ձեր մարմինների թրթռանքներն անհամեմատ բարձր են դառնում մարդկության միջին թրթռանքներից, ունակ եք դառնում զգալու աստեղային ոլորտն ու դրա կենվորներին: Այն մարդիկ, որոնք նշանակալի առաջընթաց չեն ունեցել իրենց ստորին չորս մարմինների մաքրման գործում, նախկինի պես շարունակում են ապրել ֆիզիկական աշխարհում և չեն զգում նուրբ ոլորտի գոյությունը:

Ձեր օրոք կան վայրեր, ուր աշխարհները շատ են մոտեցել իրար և ներթափանցում են իրար մեջ: Ո՛չ բոլոր մարդկային անհատներն են ունակ զգալու նուրբ աշխարհը, սակայն, որպեսզի շարունակեք ձեր ընթացքն էվոլյուցիոն ուղով, պետք է իմանաք որոշակի անվտանգության կանոններ, երբ շփման մեջ եք մտնում նուրբ ոլորտի ստորին շերտերի հետ՝ աստեղային և մենտալային ոլոորտների ստորին շերտերի հետ:

Լինում են ժամանակահատվածներ, երբ այդ ոլորտների էակները տեսանելի ու զգալի են դառնում առավել նրբազգաց կազմվածք ունեցող մարդկային անհատների համար: Հնարավոր է, որ զգաք անառիթ տագնապ, տառապեք անքնությամբ, կողային տեսողությամբ նկատեք կեղտա-մոխրագույն շարժվող կերպարանքների: Պետք է իմանաք, որ աստեղային ոլորտի ոչ մի բնակիչ և այդ ոլորտի ոչ մի էներգիա ձեզ չեն կարող վնաս հասցնել, քանի դեռ համոզված եք ձեր անխոցելության և պաշտպանվածության մեջ: Ուստի պետք է սովորեք չերկյուղել ոչ մի իրավիճակում, որում կհայտնվեք և ինչ էլ զգալու կլինեք: Միայն ձեր անկատարություններն են ստիպում աստեղային ոլորտին հարձակման անցնելու և վնասելու ձեզ: Քանի դեռ ձեր գիտակցությունը կենտրոնացած եք պահում Աստվածային աշխարհի վրա և դրանով իսկ զգում ձեր անխոցելիությունը, դուք վախենալու ոչինչ չունեք: Աստեղային ոլորտի կենվորներից շատերն ահաբեկվում են ձեր չակրաների հրեղենությունից: Դուք նրանց համար վտանգի աղբյուր եք, և իրոք՝ ձեզնից նրանք, ովքեր հուր են ներմուծում ֆիզիկական աշխարհ, Կունդալինիի հրով ու սրով մաքրում են աստեղային ոլորտը: Կունդալինիի էներգիայի ակամա բարձրացումը չեզոքացնում է ամբողջ հրոսակախմբերի, որոնք բույն են դրել աստեղային ոլորտում:

Աստեղային ոլորտի համար դուք անխոցելի եք: Բայց այն դեպքերում, երբ ձեզ թույլ եք տալիս ունենալ գիտակցության անկատար վիճակներ, ինչպիսիք են՝ տրտմությունը, թախիծը, վախը, ատելությունը, հակակրանքը, ապա ձեր թրթիռներն իջնում են և արդեն խոցելի եք դառնում աստեղային ոլորտի համար: Ուստի մենք կրկին ու կրկին գալիս և խնդրում ենք ձեզ, որ հետևեք ձեր գիտակցության մաքրակեցությանը, այն մաքրեք բոլոր այնպիսի բաներից, որոնք օժտված են ցածր թրթռանքներով և անհամատեղելի են Աստվածային աշխարհի հետ:

Ձեզնից ամեն ոք ի՛նքն է պատասխանատվություն կրում իր գիտակցության վիճակի համար: Որոշ մարդիկ չեն հասկանում մեր տված Ուսմունքը: Շատերը նյարդայնանում են մեր ուղերձները  կարդալուց: Դա վկայում է այն մասին, որ նրանց թրթիռների և գիտակցության մակարդակը բավարար բարձրության վրա չէ, որպեսզի ընկալեն մեր դեսպանորդի միջոցով մեր կողմից տրվող Ուսմունքը: Գիտցեք, որ գիտակցության զարգացվածության շատ տարբեր մակարդակներ կան ձեր աշխարհում: Նաև կան անհատներ, որոնք համառորեն չեն ուզում զարգանալ և մեկը մյուսի հետևից բաց են թողնում տիեզերական հնարավորությունները:

Այժմ եկել է այն ժամանակը, երբ առավել լայն գիտակցությամբ օժտված մարդիկ պետք է միավորվեն, որպեսզի աճեցնեն բարոյականության ու բարեկրթության նոր կերպեր: Դուք հիշում եք, թե Աստվածաշնչում ինչ  է պատմվում Սոդոմի ու Գոմորի մասին: Մշտապես եղել են բարձր գիտակցությամբ օժտված մարդիկ, նաև մշտապես եղել են մարդիկ, ովքեր չեն կամեցել հետևել Աստվածային վարվելակերպերին: Ուստի այն ինչ մենք ուսուցանում ենք, վերաբերում է ներկայումս Երկրի վրա ապրող յուրաքանչյուրին ու բոլորին: Եվ երջանիկ են նրանք, ովքեր հասկանում և հետևում են մեր Ուսմունքին: Դուք նկատել եք, որ մենք դիտմամբ մեզ հեռու ենք պահում կրոնականությունից և ցանկացած կրոնական դոգմայից ու կանոնից: Մեր խնդիրը ձեզ բարոյական օրենքի նոր նմուշ տալն է, որին հետևելով կկարողանաք ապահովել ձեր ելքը դեպի նոր իրականություն:

Ես և իմ հրեշտակները միշտ պատրաստ ենք ձեզ ծառայել, և ձեր կյանքի հատկապես դժվար պահերին, երբ չեք կարողանում ինքներդ ձեզ վերահսկել ու խոցելի եք դառնում մութ ուժերի համար, մշտապես կարող եք դիմել մեր օգնությանը: Պաշտպանության հրեշտակների իմ ամբողջ զորախմբերն օրվա մեջ 24 ժամ պատրաստ են ձեզ օգնել ու պաշտպանել: Մի՛ ամաչեք օգնություն խնդրելուց. մարդկանց օգնելը մեր պարտքն ու պարտականությունն է: Մենք չենք կարող ձեռնամուխ լինել մեր պարտականությունների կատարմանը, քանի դեռ մեզ չեք կանչել. բայց երբ կանչն առկա է, մենք պարտավոր ենք արձագանքել և օգնության հասնել դժվարին իրադրության պահին:

Իսկ այժմ կուզենայի ձեզ տալ կոչի մի հակիրճ օրինակ, որից կարող եք օգտվել իրադրության սրման պահին.

Հանուն Ամենակարող Տեր Աստծո, ո՜վ Միքայել Հրեշտակապետ, օգնության հասիր ինձ այս պահին...

Կարող եք այդ կոչը հղելուց հետո համառոտ նկարագրել այն իրավիճակը, որում պահանջվում է միջամտություն և օգնություն: Մի՛ երկնչեք ձեր խնդրանքներով ու կոչերով մեզ նեղություն պատճառել, քանի որ մարդկությանն օգնելը մեր անմիջական գործն է:

Իսկ այժմ, հրաժեշտ տալուց առաջ, պետք է մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ ձեզ համար լավագույն պաշտպանությունն այն կլինի, եթե ձեր թրթիռները պահեք բարձր մակարդակի վրա: Հետևե՛ք Վեհապետների տված խորհուրդներին, որպեսզի մշտապես բարձր պահեք ձեր գիտակցությունը:

 

ԵՍ ԵՄ Սուրբ Միքայել Հրեշտակապետը...

 

Տատյանա Միկուշինա, 2007 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ