Նախազգուշացում նուրբ աշխարհի հետ կապի մեջ մտնելու վտանգավորության մասին

 

Տեր Մայտրեյա

27 հունիսի, 2007 թիվ

 

ԵՍ ԵՄ Մայտրեյան՝ իմ դեսպանորդի միջոցով կրկին ձեզ այցի եկածս:

ԵՍ ԵՄ եկել և, ինչպես միշտ, պատրաստ եմ ձեզ նոր տեղեկություններ հաղորդել ձեր Ուղու ներկա փուլի վերաբերյալ: Դուք կարող եք հաղորդվածին չվստահել, սակայն խելամիտ կլիներ գոնե այն ի գիտություն ընդունել և մի լավ խորհել դրա շուրջ: Քանզի մենք այնքան էլ հաճախ չենք ձեզ հետ խոսելու հնարավորություն ունենում: Եվ համաձայնեք, որ վերջին ժամանակներում առանձնապես չեք լիացել այնպիսի տեղեկատվությամբ, որը ձեզ է հասնում Երկնոլորտներից:

Ես այսօր եկել եմ, որպեսզի տամ հերթական ուղերձը, որը վերաբերում է մեզ հետ՝ Համբարձյալ Դասերիս հետ, ձեր ունեցած փոխհարաբերություններին: Գիտեք, որ վերջերս շատերն են հայտարարում, որ իրենք ընդունում են մեր ուղերձները: Սակայն ինչ որ բան ձեր ներսից ձեզ ստիպում է, որ զգուշավորություն ցուցաբերեք նման կարգի ուղերձների և դեսպանորդների նկատմամբ:

Ինչու՞ է դա այդպես. որովհետև հաղորդակցության գործընթացը մեր և չհամբարձված մարդկության միջև դեռևս ինքնին շատ բարդ գործընթաց է: Եվ մեծամասնությունը, եթե չասենք այն բոլոր մարդիկ, ովքեր համարում են, թե ուղերձ են ընդունում մեզնից, ավելի շուտ կրում են աստեղային ոլորտի և նրանում գտնվող էակների ազդեցությունը: Աստեղային ոլորտի ո՛չ բոլոր կենվորներն են թշնաբար տրամադրված մարդկանց նկատմամբ: Նրանց մեջ շատ են այնպիսինները, որոնք, այսպես ասած, լռվել են երկնքի ու երկրի միջև: Նրանք նոր մարմնավորում չեն կարող ստանալ, քանի որ արդեն հասել են զարգացման բավականին բարձր մակարդակի, սակայն դեռևս որոշակի չափի չբեռնաթափված կարմա ունեն, որը կարող են բեռնաթափել միայն այն մարդկանց օգնությամբ, որոնք ներկայումս գտնվում են մարմնավորման մեջ: Եվ այդ էակները ստիպված են մարդկանց մեջ փնտրել և գտնել փոխանցողների, որպեսզի նրանց միջոցով մարդկությանը փոխանցեն որոշակի տեղեկություններ ու գիտելիքներ: Այդ կերպ համագործակցելով մարդկանց հետ, նրանք հնարավորություն են ստանում մարելու իրենց դեռևս չմարված կարմայական պարտքերը:

Կան և նուրբ ոլորտի այնպիսի կենվորներ, որոնք դիտմամբ հեռացել են Աստծուց և չեն ցանկանում մարմնավորվել: Դրանց մեջ շատ կան այնպիսինները, որոնք իրենք իրենց համբարձյալ վեհապետ են համարում և նույնիսկ ներկայանում են մեր անուններով:

Գոյություն ունեն նաև մեր աստեղային կրկնակները, որոնք ստեղծվել են մարդկային էգրեգորի կողմից: Դրանք լիարժեք բանական էակներ չեն, բայց կարող են բավականին կապակցված ուղերձներ տալ, որոնք իրենց մեջ պարունակում են հանրահայտ պնդումներ ու ճշմարտություններ:

Դուք այդ էակներին մշտապես կարող եք զանազանել իրենց թրթիռների և տրված ուղերձի բովանդակության հիման վրա: Որպես կանոն, նման էակները հաղորդում են տալիս թրթռանքի որոշակի մակարդակով, և դրանց ուղերձները բազմազանությամբ առանձնապես աչքի չեն ընկնում:

Ես այսքան մանրամասն տեղեկացնում են ձեզ աստեղային ոլորտի կենվորների մասին, որովհետև չափազանց շատ խնդիրների առաջ ենք կանգնում, երբ որոշ անհատներ, կարծելով թե հաղորդակցվում են Համբարձյալ Դասերի հետ, կախվածության մեջ են ընկնում աստեղային ոլորտի էակներից: Եվ հետո, երբ հենց իրենք կամ շրջապատի մարդիկ սկսում են հասկանալ նման կապի ամբողջ վտանգավորությունը, այդ ազդեցությունից ազատվելն արդեն շատ է բարդացած լինում: Վիճակը դառնում է այնպիսին, որին ձեր հոգեբույժները շիզոֆրենիա են անվանում, իսկ եկեղեցականները՝ դիվահարություն: Նման դիվահարողներից ազատվելը հեշտ չի լինում, որվհետև դուք ինքնե՛րդ եք ձեր ազատ կամքով նրանց հրավիրում ձեր տաճարը և ցանկանում համագործակցել նրանց հետ:

Եթե գործ եք ունենում այնպիսի էակների հետ, որոնք Աստծուց իրենց կապը չեն կտրել և ձեր օգնությամբ բեռնաթափում են իրենց կարման, ապա ձեր այդ օգնությամբ սեփական կարմա չեք ստեղծում: Այդ համագործակցությունը պայմանավորված է ձեր հեռավոր անցյալի կարմայական կապերով: Իսկ եթե Աստծուց կտրված էակների հետ եք որոշել համագործակցել, ապա դրանց ուղերձներն ընդունելով հանդերձ՝ դուք կարմա եք ստեղծում: Եվ որքան ավելի շատ ջանք եք թափում այդ ուղերձները տարածելու համար, այնքան էլ շատ կարմա եք ստեղծում:

Ահա այդ պատճառով է, որ մենք դիմում ենք հատուկ ուսուցում անցած դեսպանորդների օգնությանը, որոնք կրում են մեր պատմուճանները և ձեր աշխարհն են եկել հատուկ առաքելությամբ՝ վերկանգնել այն Ուղին, որով մենք առաջ ենք տանում Երկրի մարդկությանը:

Ուստի ձեզ մատուցվում է ամբողջական  տեղեկատվություն և տրվում կամքի լրիվ ազատություն, որպեսզի ինքներդ որոշեք, թե ում լսեք և ում հետևից գնաք:

Ես այսօր եկել եմ այն որոշակի նպատակով, որ ձեզ գիտելիք ու տեղեկություններ հաղորդեմ նուրբ աշխարհի և նրա կենվորների հետ ձեր կապ հաստատելու վերաբերյալ:

Մեր դեսպանորդներն առավել բարձր օկտավաների թրթռանքներ են կրում, և հենց դրանց մակարդակից ելնելով էլ դուք կարող եք մեր դեսպանորդներին զանազանել մնացած բոլոր ինքնակոչներից ու մոլորյալներից:

Ես հիմա ձեզ կտամ ևս մեկ հայտանիշ, որից կարող եք օգտվել զանազանման ընթացքում: Նուրբ ոլորտի յուրաքանչյուր նվաճում, որի մասի ձեզ ասում են, պետք է իր հաստատումը ստացած լինի ֆիզիկական ոլորտում:

Ուստի, եթե ձեզ համոզում են, թե դուք Հիսուսն եք, Տեր Մայտրեյան եք կամ էլի ուրիշ մի Վեհապետ, ապա նայեցե՛ք, խնդրեմ, ինքներդ ձեզ և ձեր շրջապատին, ուշադիր վերլուծե՛ք մարդկանց, մերձավորների հետ ունեցած ձեր հարաբերությունները: Ոչ ամեն ինչն է միշտ ակնհայտ լինում, բայց եթե ձեր կյանքում չեք հետևում այն Ուսմունքին, որը տվել են Հիսուսը, Մովսեսը, անցյալի մյուս դեսպանորդներն ու մարգարեները, ապա հազի՜վ թե լինեք այն, ում ձեզ համարում են և ձեզ համոզում դրանում:

Ձեր քաղաքակիրթ դարում մարդիկ դավանանքի և նուրբ աշխարհի հետ հաղորդակցվելու հարցերում այնուամենայնիվ չափազանց անհավատ վիճակում են: Ուստի և շատ բախտախնդիրներ են ի հայտ գալիս և օգտվում ձեր տգիտությունից: Այդ պատճառով մենք առաքում ենք մեր դեսպանորդներին, որպեսզի ձեզ սովորեցնեն զանազանել և տան ճշմարիտ Ուսմունք:

Դուք ունեք ընտրելու հնարավորություն: Կարող եք շարունակել ձեր մոլորությունը կամ վերադառնալ այն Ուղուն, որի մասին մենք ուսուցանում ենք մարդկության զարգացման ողջ ընթացքում:

Ես այսօր շատ բաց ու անկեղծ խոսեցի, քանզի հասել է ժամը, որ դես ու դեն ընկնելու փոխարեն ձեզ տրվի այն տեղեկատվությունը, որը կօգնի ձեզ զերծ մնալու մոլորություններից:

Նուրբ աշխարհի հետ ձեր հաղորդակցվելու վտանգներին վերաբերող ավելի պարզ ուղերձ մենք դեռ չէինք տվել: Սակայն արդեն հասել է այն պահը, երբ մենք այլևս չենք կարող դիմանալ ձեր օգնության կանչերին, երբ հայտնվում եք չարամիտ էությունների ճիրաններում: Հավատացե՛ք, ավելի հեշտ է կանխավ զգուշացնել վտանգի մասին, քան հետո դիմել Երկնային Դասերին, որ գան ու ձեզ փրկեն վտանգից:

Որպեսզի չափից դուրս շատ չահաբեկվեք, պետք է նաև ասեմ, որ նուրբ ոլորտի Աստծուց կտրված էակների հետ հիմնականում կապի մեջ են մտնում այն անհատականությունները, որոնք անցյալում Աստծո դեմ կարմա են ունեցել, ինչն էլ իրենց ստիպում է, որ նման կապերի մեջ մտնեն: Եվ այն դիվահարությունը, որին ենթարկվում են, հենց Աստծո դեմ ունեցած կարմայի հետևանքն է: Կարմայի վերադարձից խուսափել հնարավոր չէ, բայց գիտակցորեն կարելի է ընդունել անցյալի սխալները, ապաշխարել և խնդրել, որպեսզի հրեշտակները պաշտպանեն ձեզ աստեղային ոլորտի ազդեցությունից: Աստված չի կամենում, որ դուք տառապեք: Աստված կամենում է, որ դասեր քաղեք անցյալի սխալներից և այլևս դրանք չկրկնեք:

Ձեզ տրված է ձեր կարմայի հետ աշխատանք տանելու միջոց, կապված Կարմայական Վարչությանը նամակ հղելու հետ. յուրաքանչյուր ամսվա 23-ին կարող եք թեթևացնել  հաջորդ ամսվա կարման: Ինչու՞ չեք հարկ եղած չափով օգտվում շնորհված հնարավորությունից:

Եթե չօգտվեք ձեզ ցուցաբերված ողորմածություններից, ապա Աստվածային հնարավորությունը կարող է բարակել կամ ընդհանրապես կտրվել:

Հիշեցնում եմ ձեզ, որ ընդհուպ մինչև հուլիսի 1-ը դուք կարող եք նամակով դիմել Կարմայական Վարչությանը՝ խնդրելով թեթևացնել ձեր կարմայական բեռը: Միայն թե հաջորդ կիսամյակի ընթացքում՝ մինչև Կարմայական Վարչության հաջորդ նիստը, ձեզ անհրաժեշտ կլինի որոշակի պարտավորություններ ստանձնել, որպեսզի բարի կարմա ձեռք բերեք ձեր իսկ կարմայական բեռի թեթևացման համար:

Դուք կարող եք օգնություն խնդրել նաև ձեր մերձավորների համար, և այդ դեպքում ձեր ձեռք բերած բարի կարման կծառայի այդ օգնության ցուցաբերմանը:

Ես հատուկ ընդգծում եմ, որ Աստծո դեմ ունեցած կարման հանգեցնում է խելագարության կամ դիվահարության, բայց կարմայի մյուս տեսակների պես այն նույնպես ենթակա է թեթևացման ու բեռնաթափման: Անհրաժեշտ է միայն, որ գիտակցեք անցյալի ձեր սխալ արարմունքները և այլևս չկրկնեք դրանք:

Ինչպես տեսնում եք, նուրբ ոլորտի հետ ձեր կապի մեջ մտնելն այնքան էլ դյուրին գործ չէ: Եվ դուք լիովին պետք է գիտակցեք կարմայական ողջ պատասխանատվությունը, երբ այդպիսի կապի մեջ եք մտնում, ուղերձներ եք ընդունում այդ ոլորտից և տարածում դրանք:

 

ԵՍ ԵՄ Մայտրեյան՝ ձեր նկատմամբ անկեղծ սիրով ու հոգածությամբ:

 

Տատյանա Միկուշինա, 2007 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ