Ընթացիկ օրվա խրատներ

 

Վեհապետ Էլ Մորիա

22 հունիսի, 2007 թիվ

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիան՝ իմ դեսպանորդի միջոցով կրկին ձեզ մոտ եկածս:

ԵՍ ԵՄ եկել...

Եվ, ինչպես միշտ, կուզենայի խրատներ տալ, որոնք ձեզ անհրաժեշտ են ձեր Ուղու վրա:

Ամեն անգամ, երբ գալիս եմ, ցանկություն եմ ունենում ձեզ հաղորդակից դարձնելու իմ լարված հոգեվիճակին, քանզի անասելի ջանքեր եմ գործադրում, որպեսզի իմ աշակերտներին հասցնեմ իրենց համար կարևոր ու անհրաժեշտ տեղեկատվությունը: Ես առաքում եմ նրանց իմ մտքերը, նշաններ եմ տալիս, առաքում եմ հրեշտակների: Եվ ամեն անգամ, երբ Ուղու վրա բախվում եք իմ նշաններին, ձեր միտքն ինձ անհայտ պատճառով այնպիսի տեսք է ընդունում, թե իբր ոչ մի նշան չկա կամ էլ տեղի ունեցածը համարում է թյուրիմացություն կամ պատահականություն:

Ամեն անգամ գալիս եմ և ամեն անգամ էլ ուսուցանում եմ կարդալ նշանները: Ես չեմ կարող ձեզ հետ հաղորդակցվել բառերի միջոցով: Որպեսզի դա տեղի ունենա, դուք ձեր գիտակցությունը պետք է մշտապես պահեք բարձր մակարդակի վրա: Ուստի՝ ավելի հեշտ է նշաններ ուղարկել ձեր աշխարհ: Սակայն ձեզ չի բավականացնում նրբազգացությունը, նուրբ աշխարհի ընկալողունակությունը, այդ աշխարհը զգալու կարողությունը:

Դուք ավելի լավ զգում եք աստեղային ոլորտը և պատրաստ եք դրա հետ համագործակցել: Բայց Լինելիության ավելի բարձր ոլորտները վրիպում են ձեր ուշադրությունից, և ձեր կյանքի արտաքին հանգամանքները ծածկում են ձեզնից Աստվածային մակարդակները՝ դժվարացնելով մեր աշխարհի հետ կապ հաստատելը:

Նրբազգացություն եմ ուսուցանում և նշանների ընթերցման կարողություն: Իմ ամեն գալստյամբ խիստ գործնական խրատներ եմ տալիս: Դուք լսում եք ինձ և բառացիորեն մի քանի րոպե կամ ժամ հետո մոռանում այն, ինչ ասվել է: Ձեր միտքը շուռ է գալիս դեպի ձեր աշխարհի գործերի կողմը՝ դեպի ձեր շրջապատը, և նախանձելի համառությամբ խույս եք տալիս նվիրվածության ու Հավատի բռնկման պահին կայացրած ձեր որոշումից և ընկնում ձեր աշխարհի րոպեական զվարճանքների ու հաճույքների հետևից: Անհրաժեշտ է, որ սովորեք ձեր գիտակցության մեջ մշտապես պահել մեր աշխարհի պատկերացումը: Մշտապես պետք է զգաք, որ մեր աշխարհները հպվում են իրար: Եվ ամեն անգամ, երբ ինքզինք թույլ տաք կտրվել ձեզ շրջապատող իրականությունից և հայացքներդ հառեք Երկնքին, այն կմերձենա ձեզ: Իսկ երբ կենտրոնանաք ձեր աշխարհի պատրանքային խնդիրների վրա, Երկինքը կհեռանա ձեզնից:

Հավատացե՛ք ինձ, ձեր աշխարհի թրթռանքներն օրվա ընթացքում մշտապես անփոփոխ չեն մնում: Կան ժամեր՝ հատկապես վաղ առավոտյան և ուշ երեկոյան, երբ ձեր աշխարհի թոհուբոհը խաղաղվում է, և մեր աշխարհը մերձենում է ձերին: Եվ այդ հրաշալի պահերին ձեզնից ոմանք ունակ են դառնում սովորական ֆիզիկական տեսողությամբ նկատելու հրեշտակներին ու էլեմենտալներին: Մեր աշխարհի մերձեցման այդ պահերին շատ մարդիկ, որոնց թրթիռները չեն հասել բավարար մաքրության ու ներդաշնակության, ընդհակառակը՝ զգում են անառիթ հակակրանք, ճնշվածություն ու կյանքի իմաստի բացակայություն:

Ուստի կամենում եմ կոչ անել, որ դուք ձեր կյանքում ուշադրություն դարձնեք նման վիճակներին: Երկրային չափանիշներով այնքան էլ շատ ժամանակ չի անցնի, և տեղի կունենա Երկրի բնակչության վերաշերտավորում ու դասակարգում: Առավել բարձր թրթռանք ունեցող մարդիկ դուրս կելնեն ժամանակակից քաղաքների Սոդոմ-Գոմորից, զանգվածային գիտակցության ու ցածր թրթռանքների աղտուղիներից: Նրանք բնակության մաքուր վայրեր կընտրեն, ինչպիսիք դեռ կան երկրագնդի երեսին: Իսկ այն մարդիկ, որոնց թրթռանքը համահունչ է ժամանակակից քաղաքներին, կմնան դրանցում: Այդպիսով, բնական ճանապարհով տեղի կունենա նոր ռասայի մարդկանց ելքը դեպի ավետյաց երկիր: Իսկ հրեշտակները հնարավորություն կստանան անցավ կերպով կատարելու իրենց աշխատանքը՝ մոլորակից այն ողջ տիեզերական աղբը հեռացնելու առումով, ինչն այլևս ենթակա չէ հետագա էվոլյուցիայի:

Այս մարգարեությունը տրվել է շատ մարգարեների կողմից: Եվ ամեն անգամ այն լսելով՝ մարդիկ շարունակում են զբաղվել իրենց առօրեական գործերով և դրա վրա ուշք չեն դարձնում իրենց գիտակցության մեջ: Միայն լսողունակ շատ քիչ քանակի մարդիկ կան, որ դիմում են Երկնքին և ստանում իրենց Ուղու նշանները: Նրանք ձգտում են հասնել ավետյաց երկիր և դրանով իսկ թույլտվություն են ստանում շարունակելու իրենց էվոլյուցիան:

Ոչ թե ահաբեկում եմ, այլ խրատում: Քանզի հենց հիմա է հասել ժամանակն անկեղծ զրույց վարելու ձեզնից նրանց հետ, ովքեր ունակ են լսելու և պատրաստ են գործնական քայլեր անելու ֆիզիկական ոլորտում: Ես չեմ ստիպում, որ անհապաղ թողնեք ամեն ինչ և սլանաք հեռավոր վայրեր: Ո՛չ, ձեր մղման վեկտորը մշտապես դեպի իրեն կձգի Աստվածային հնարավորությունները: Դուք մի օր անպայման բարեփոխման անհաղթահարելի ցանկություն կգաք և ձեր կյանքը կփոխեք Աստվածային էվոլյուցիայի ընթացքին համապատասխան: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ վերաիմաստավորեք ձեր կյանքը և կյանքի նկատմամբ ձեր վերաբերմունքը:

Էվոլյուցիոն ուղուց դուրս մնալու պատճառը կենտրոնացվածությունն է սեփական անձի վրա, ավելորդ եսակենտրոնությունն ու էգոիզմը: Ուստի մոտակա ժամանակներում դուք պետք է զարգացնեք ձեր մեջ ինքնազոհաբերման ունակություն, մերձավորներին կարեկցելու և օգնելու կարողություն: Այնժամ, երբ դուք ունակ եք գործելու արարքներ, որոնք մարդկության մեծամասնության աչքին անմիտ են թվում, բայց անշահախնդիր են և լի Եղբայրության նկատմամբ նվիրվածությամբ, ուրեմն ամուր կանգնած եք Ուղու վրա, և մենք մեր ձեռքերով պինդ բռնում ենք ձեր ձեռքը: Բավական է, որ մի փոքր անշահախնդրություն, նպատակամղվածություն և նվիրվածություն ցուցաբերեք, և այդ հատկանիշները դեպի ձեզ կքաշեն այն Աստվածային հնարավորությունները, որոնք ժամանակակից սոդոմներից ու գոմորներից ձեզ կհանեն դեպի Լույսի ու Ցնծության ուղին:

Մտորե՛ք, թե որքա՜ն կշահեք, եթե ընթանաք մեր մատնանշած Ուղով, և թե որքա՜ն քիչ բան պետք է զոհաբերեք դրա համար. ընդամենը ձեր եսակենտրոնությունն ու անձամբ ձեզ համար ինչ որ բան ձեռք բերելու ցանկությունը:

Ձեր գիտակցության մակարդակն անհրաժեշտ է վեր հանել մինչև այն ցուցանիշը, երբ կհասկանաք, որ մերձավորի համար ինչ որ բան անելով դուք փաստորեն ձեր մասին եք հոգում. կամ մարում եք ձեր կարմայական պարտքերը, կամ ստեղծում եք այնպիսի բարի կարմա, որը մի ակնթարթում ձեզ թույլ կտա դուրս պրծնել վտանգավոր իրադրությունից, հենց որ կանչ հղեք:

Մենք այն հույսով ենք խրատներ տալիս, որ ձեզնից շատերն ունակ են ընկալելու մեր խոսքերը: Ո՛չ միայն ընկալելու, այլ նաև գործելու ըստ մեր կողմից տրված Ուսմունքի:

Հատկապես շատ կարևոր է տեսական գիտելիքների ամրապնդումը գործնական հողի վրա: Այն դեպքում, երբ Օրենքը գիտեք, բայց այն չեք կիրառում ձեր կյանքում, ձեր կարման ոչ թե նվազում է, այլ բազմապատկվում: Ձեր կարման բազմակի աճում է, քանի որ կա կարմայի այնպիսի տեսակ, ինչպիսին չգործելու կարման է[1]: Դուք ստացել եք այս Ուսմունքը, ուրեմն ունակ եք այն ընկալելու և գործելու դրան համապատասխան: Եթե ստացված Ուսմունքին  համապատասխան չեք գործում, ապա դրանով հանդերձ շեղվում եք Ուղուց. շեղվում եք նույնիսկ այնժամ, երբ ոչինչ չեք անում: Իսկ մեղքն այն երկդիմի աշխարհինն է, որն ինքներդ եք ստեղծել այն էներգիաներով, որոնք կամեցել եք վատնել ոչ թե Աստվածային կերպերի դրսևորման, այլ անձամբ ձեզ համար ինչ որ բան ստանալու նպատակով:

Հասել է ձեր աշխարհը վերափոխելու ժամանակը: Եվ առաջին բանը, որ պետք է անեք՝ ձեր կյանքում մեր տված Ուսմունքի համապատասխան գործել սկսելն է:

Ես շատ կոշտ եղա ու անհողդողդ: Քանզի ժամանակը փոխվել է, և այլևս սպասելու հնարավորություն չկա:

 

ԵՍ ԵՄ Էլ Մորիա Խանը

 

Տատյանա Միկուշինա, 2007 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը


 

[1] Տես Պաշտելի Կութհումիի 2005 թ.-ի հունիսի 24-ի ուղերձը:

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ