Երկրի մարդկությանն ուղղված հանձնարարականներ

Պաշտելի Սուրիա

21 հունիսի, 2007 թիվ

ԵՍ ԵՄ Սուրիան՝ Մեծ Կենտրոնական Արևից կրկին ձեզ մոտ եկածս:

ԵՍ ԵՄ կրկին մերձեցել Երկրի մարդկությանը, որպեսզի խրատներ տամ. որպեսզի աշխարհների միջև կապն ամրանա և կատարելագործվի: Ինչպես միշտ, կուզենայի անդրադառնալ ընթացիկ իրադարձությունների այն նորությունների վրա, որոնք այժմ բացահայտվել են և, կա՛մ արդեն իրականանում են ձեր աշխարհում, կա՛մ էլ ուր որ է կիրականան, քանի որ նուրբ պլանից դրանք արդեն պատրաստ են իջնել ֆիզիկական պլան:

Ձեզ հայտնի է, որ Երկրի մարդկության հետ մենք աշխատանք ենք տանում Աստվածային ողորմածության շնորհիվ՝ այն թողության շնորհի, որը մեզ թույլ է տալիս ճշգրտելու մոլորակի էվոլյուցիայի ընթացքը: Գիտեք և այն մասին, որ Երկրի մարդկությունը միլիոնավոր տարիներ առաջ շեղվել է էվոլյուցիոն զարգացման ուղուց, ինչը հանգեցրել է էվոլյուցիայի ընդհանուր ընթացքի մեջ որոշ խառնաշփոթի  առաջացման: Որոշ կենսահոսքերի համար զարգացումը դանդաղել է, որոշներն էլ, ընդհակառակը՝ զարգացման արագ ընթացք են ստացել, շնորհիվ Աստվածային ողորմածությունների և հնարավորությունների: Ձեզնից ամեն ոք կարող է ընտրություն կատարել՝ արդյո՞ք համաքայլ գնա Աստվածային Օրենքի հետ, թե՞ շարունակի ապրել այն օրենքներով, որոնք ձևավորվել են Երկրի վրա և այնքան էլ չեն համապատասխանում այս պահին մոլորակի համար նախատեսված այն մտահղացմանը, որն առկա է Աստվածային մակարդակում, և որը շատ շուտով պետք է կյանքի կոչվի:

Հասկացե՛ք, խնդրեմ, մենք չենք ուզում ձեզ ցավ ու տառապանք պատճառել: Ողջ Տիեզերքի միլիոնավոր Լույսի էակներ պատրաստ են ձեզ օգնել: Բայց ինքներդ և միայն ինքնե՛րդ եք դանդաղեցնում մոլորակի էվոլյուցիայի ընթացքը: Դուք թույլ եք տալիս այնպիսի արարքներ և ապրում եք գիտակցության այնպիսի անկատար վիճակներ, որոնք էվոլյուցիոն զարգացման ներկա փուլում ուղղակի անթույլատրելի են: Եվ մենք ստիպված ձեռնարկում ենք այնպիսի միջոցներ, որ հենց ձեր աչքի առաջ ձեր բոլոր անկատար արարքները, մտքերն ու զգացմունքները նյութականանան որպես արտաքին հանգամանքներ, ինչպիսիք են՝ անբարենպաստ եղանակային պայմաններ, համաղետներ կամ դժվարություններ, որոնց հետ բախվում եք ձեր կյանքի ընթաքում՝ հիվանդություններ, դառնություններ, դժբախտություններ:

Ձեր շուրջը տեղի ունեցող ամեն ինչի պատճառը հենց դուք եք: Նուրբ աշխարհում մենք բոլորս կապված ենք իրար հետ, և մենք բոլորս պատկանում ենք տիեզերքի էվոլյուցիայի ընդհանուր շղթային: Ձեր և իմ միջև առանձնակի տարբերություն չկա: Ես ձեզնից մի քանի հարյուր աստճան վեր եմ կանգնած, և դա է միայն մեր միջև եղած տարբերությունը: Ուստի հարկ է, որ հնազանդվեք ինձնից ձեզ հասած խորհուրդներին կամ այն խորհուրդներին, որոնք Վեհապետներից ստանում եք Երկրի վրայի մեր ներկայացուցչի՝  մեր դեսպանորդ Տատյանայի միջոցով:

Ներկայումս դուք համարյա թե ուղիղ հաղորդակցության հնարավորություն ունեք: Օգտվե՛ք այդ հնարավորությունից և մեր ուղերձներն ընդունեք ոչ թե որպես հեքիաթներ, ինչպիսիք քնելուց առաջ լսում էիք մանուկ հասակում, այլ դիտարկեք դրանք որպես ղեկավարող ցուցումներ, որոնցից անհրաժեշտ է օգտվել կյանքի ընթացքում: Հավատացե՛ք ինձ, հնարավորությունը, որը ներկայումս ստացել եք, ձեզ հսկայական առավելություն է տալիս: Եվ դրա շնորհիվ մենք մտադիր ենք պատրանքի ցանցերից դուրս կորզել միլիոնավոր կենսահոսքերի, մոլորյալ հոգիների, որոնք մարմնավորումից մարմնավորում դեգերում են պատրանքի ջունգլիներում՝ բախվելով սարսափների, կասկածների, դառնությունների ու հիվանդությունների կատարյալ զորախմբերի հետ:

Մենք հերթական անգամ նետում ենք մեր ցանցերը, որպեսզի աստեղային ոլորտի ջրերի տակից դուրս կորզենք միլիոնավոր մոլորյալ հոգիների:

Մենք գալիս ենք, որ խթանենք ձեզ, տանք այն էներգետիկական խթանը, որով դուք կկարողանաք արթնանալ և ձեր հայացքը հառել դեպի Երկնոլորտները, դեպի Նոր Օրվա պայծառ արևը՝ այն Օրվա արևը, որի լուսաբացն արդեն ցոլքեր է տալիս:

Ես գալիս եմ այս օրով, որպեսզի ապագայի համար անհրաժեշտ ցուցումներ տամ ձեզ: Դուք Լույսի այն էակներն եք, որոնք մոլորվել են նյութականի թավուտներում, ուստի և մենք ձեզ օգնության ձեռք ենք մեկնում: Աղաչու՜մ եմ, մի՛ մերժեք մեր օգնությունը, այլևս մի՛ դրսևորեք դեռահասներին հատուկ ինքնավստահություն, այլ ականջալու՛ր եղեք մեր խորհուրդներին:

Տիեզերքում գործող Ազատ Կամքի Օրենքի շնորհիվ դուք հնարավորություն ունեք ընտրելու ձեր ապագան: Հնարավորություն ունեք հնազանդվելու իմ և մեր խորհուրդներին, նաև հնարավորություն ունեք ետ մղելու մեր օգնության ձեռքը:

Պետք է ձեզ զգուշացնեմ, որ հիմա դուք անդունդի վրա եք կախված, և եթե ձեր շրջապատի մշուշը փակում է ձեր աչքերը, որպեսզի չտեսնեք ձեր ողբալի վիճակը, ապա դրանից չի հետևում, որ դուք ամեն ակնթարթի կանգնած չեք դեպի անդունդ գահավիժելու վտանգի առջև:

Դուք կարող եք ինձ չհավատալ. կարող եք համառորեն մերժել առաջարկվող օգնությունը: Դա ձեր իրավունքն է: Բայց ձեր մեջ կան անհատներ, ովքեր մեզնից օգնություն են խնդրում, և մենք չենք կարող չցուցաբերել այդ օգնությունը, քանի որ կանչը պետք է պատասխանի արժանանա: Մենք ձեզ բռնի կերպով չենք կարող փրկել, սակայն օգնության կարիք ունեցողին ձեռք մեկնելը՝ մեր պարտքն է:

Մատերիայից դեպի Աստտվածային աշխարհ վերադարձի ձեր ամբողջ երկարատև Ուղու ընթացքում մենք մշտապես ձեր կողքին ենք: Եվ շատ շուտով, եթե հետևեք մեր խորհուրդներին, կկարողանաք մեզ ճանաչել և գիտակցորեն ընդունել մեր օգնությունը: Իսկ հիմա դեռևս ստիպված կլինեք ուղղակի հավատ ընծայել մեր ուղերձներին և այն տեղեկատվությանը, որը ձեզ ենք հասցնում մեր դեսպանորդի միջոցով:

Մշտապես բոլոր ժամանակներում եղել են մարդիկ, ովքեր իրենց հռչակել են Երկնային դեսպանորդներ: Խոսել են Աստծո անունից: Ոմանք լսել և հետևել են վերից եկող խորհուրդներին, ոմանք էլ քմծիծաղ են տվել և ընթացել իրենց ճանապարհով:

Դու՛ք եք ընտրողը: Ազատ կամքը ձերն է:

Իմ և մեր գործն այն է, որ ձեզ զգուշացնենք ձեր ընտրության հետևանքների մասին: Եվ ձեզ մատնացույց անենք այն հանգամանքը, որ ժամանակն արագացել է, և ձեր կատարած ընտրության այդ հետևանքներն ի հայտ կգան տառացիորեն մի քանի օր անց՝ հաշված այն պահից, երբ կատարել եք ձեր ընտրությունը: Դա հատուկ է արվում, որպեսզի դուք ձեր արտաքին գիտակցությամբ կարողանաք հետևել այս տիեզերքում գործող Մեծ Տիեզերական Օրենքի գործողությանը, ինչը հին ժամանակներում ձևակերպվում էր այսպես. Ինչ ցանես, այն էլ կհնձես:

Շատ լավ մտածված Օրենք է՝ Օրենք-Ուսուցիչ, որի օգնությամբ կարող եք ինքներդ դաս քաղել անցյալում գործած ձեր սխալներից: Եվ այդ Օրենքը դուք պետք է ուսանեք ձեր դպրոցներում: Այդ Օրենքն իմանալն ուղղակի անհրաժեշտություն է այն սերնդի համար, որն այժմ կյանք է մտնում: Եվ եթե դժվարություններ ծագեն Տիեզերական Օրենքը դպրոց մտցնելու հարցում, ապա միշտ էլ ինքներդ կարող եք այդ Օրենքի գործելու կերպը բացատրել ձեր երեխաներին ու թոռներին: Որքան մեծ քանակի երեխաներ իրազեկ դառնան այդ Օրենքին, այնքան ավելի ու ավելի դյուրին կդառնա Երկիր մոլորակի իրավիճակը, քանի որ այն մարդիկ, ովքեր քաջատեղյակ են այդ Օրենքին, արդեն կխուսափեն զանց առնել այն. ոչ թե վախի ազդեցությամբ, այլ այն ցանկությունից ելնելով, որ խուսափեն իրենց Ուղու ավելորդ դժվարություններից:

Հավատացե՛ք ինձ. երբեմն ավելի ձեռնտու է շրջանցել ճանապարհին հանդիպած ուղղաձիգ ժայռը, քան թե մագլցել՝ առանց որևէ ապահովության:

Մենք գալիս ենք, որպեսզի փոքր-ինչ ձեզ ծանոթացնենք գործելակարգին: Աղաչու՜մ եմ, փոխանցե՛ք ձեր զավակներին ու թոռներին Երկիր մոլորակի վրա ապրելու անվտանգության կանոնները:

Ես անկեղծորեն հույս եմ տածում, որ կստանամ ձեր օգնությունն ու օժանդակությունը:

ԵՍ ԵՄ Սուրիան՝ ձեր նկատմամբ տածվող իմ ողջ Սիրով:

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ