Ուսմունք ձեր ստորին մարմինները մաքուր պահելու անհրաժեշտության մասին

 

Պաշտելի Կութհումի

4 հուլիսի, 2007 թիվ

 

ԵՍ ԵՄ Կութհումին՝ Երկրի մարդկանց հերթական ուղերձ տալու նպատակով կրկին եկածս:

Ես այսօր եկել եմ, որպեսզի ձեզ հիշեցնեմ ձեր պարտքի մասին: Ձեզնից շատերը նախքան մարմնավորվելը նուրբ ոլորտի մեր դպրոցներում ու աշրամներում հատուկ ուսուցում են անցել:

Դուք հաճախել եք մեր պարապմունքներին և պատրաստվել ձեր առաքելությանը: Ձեզնից շատերը պատանեկության տարիներին դեռևս աղոտ հիշողություններ էին պահպանում աշխարհի համար ինչ որ բան անելու անհրաժեշտության մասին: Ձեր սրտերը վառվում էին Սպասավորության բոցով, սակայն շրջապատում ոչինչ ձեզ չէր հիշեցնում ձեր պարտքի մասին:

Եվ ահա ես եկել եմ, որպեսզի ձեզ հիշեցնեմ ձեր մարմնավորման նպատակը: Կենսական ողջ ունայնությունը պետք է մղվի երկրորդ պլան: Պետք է կարողանաք ձեր կյանքում ճիշտ դասավորել գերապատվությունները: Կա գլխավորը, և կա երկրորդականը: Կան հավերժի խնդիրներ, կան տվյալ մարմնավորմանը վերաբերող խնդիրներ, և կա օրվա ունայնությունը: Այնժամ, երբ օր օրի, տարեցտարի թույլ եք տալիս, որ օրվա ունայնությունը տիրի ձեզ, ապա ձեր զգայարանները կորցնում են նուրբ աշխարհն ընկալելու կարողությունը, դուք ձեր գիտակցությունը լցնում եք այնքան մեծ քանակի անպետք տեղեկություններով, որ այլևս ունակ չեք լինում առանձնանալու և հայտնվելու մեր աշխարհի անդորրության մեջ:

Դուք չափազանց զգայուն էակներ եք: Ձեր նուրբ մարմինները, երբ համալարված են Բարձրագույն աշխարհների հետ, նման են Ստրադիվարիուսի ջութակի: Սակայն ձեզնից շատերը գերադասում են այդ ջութակն օգտագործել մեխ խփելու համար: Մի պահ պատկերացրե՛ք Ստրադիվարիուսի ջութակը: Մարդկանց շատ սերունդներ են զմայլվել դրա կախարդիչ հնչյուններով: Ձեզ սովորեցնում են գնահատել այդ, հիրավի, արվեստի ստեղծագործության արժեքը: Բայց ինչու՞ եք ինքներդ ձեզ ավելի ցածրարժեք համարում , քան ջութակն է: Դուք նուրբ աշխարհի էներգիաների անհամեմատ ավելի լավ փոխանցիչ եք: Դուք ունակ եք Բարձրագույն աշխարհների էներգիաները փոխանցելու ձեր աշխարհ: Սակայն անհամեմատ ավելի մեծ հարգանքով ու ակնածանքով եք վերաբերվում ձեր աշխարհի անշունչ իրեղենին, քան ինքներդ ձեզ:

Ինքզինք լսելու և մաքուր պահելու չկամությունը կապված է ձեր հոգեբանական խնդիրների հետ, որոնց հիմքում ընկած է ինքզինք չսիրելը: Դուք պետք է սիրեք ինքզինք, բայց ոչ թե ձեր ֆիզիկական մարմինը, այլ՝ որպես Երկրի վրա Աստծո դրսևորում: Դուք Աստծո մի մասնիկն եք, ուստի պետք է խնամք տածեք ձեր բոլոր մարմինների նկատմամբ և մաքուր վիճակում պահեք Աստվածային դրսևորումը:

Ձեր բոլոր մարմինները ճիշտ խնամքի կարիք են զգում: Ձեր ֆիզիկական մարմինը պետք է ստանա ճիշտ և լիարժեք սնունդ: Եվ, որքան բարձր են սննդի թրթռիռները, այնքան քիչ սնունդ է ձեզ պետք:

Ձեր զգայական մարմինը պետք է սնվի Բարձրագույն աշխարհներից ստացված նուրբ էներգիաներով: Այն մշտապես նուրբ էներգիաներով սնուցվելու կարիքն ունի: Դուք ձեր զգայական  մարմնի քաղցը փորձում եք հագեցնել այնպիսի սուռոգատներով, ինչպիսիք են անորակ երաժշտությունն ու հեռուստահաղորդումները: Դուք աղտոտում եք ձեր զգայական մարմինը՝ անընդհատ պահելով այն ձեր աշխարհում գոյություն ունեցող անբարենպաստ պայմանների ազդեցության տակ: Ջանացե՛ք պաշտպանվել ամեն կողմից ձեզ հասնող ձայներից: Բավական է, որ օրվա մեջ մեկ ժամ ռադիո ունկնդրեք կամ հեռուստացույց դիտեք, որպեսզի ամբողջ մի ամիս ինքներդ ձեզ զրկեք Բարձրագույն աշխարհների հետ հաղորդակցվելու հնարավորությունից:

Մտորե՛ք այն մասին, թե ինչո՞վ եք ինքներդ ձեզ շրջապատում կյանքում: Որքա՜ն հեռու են այդ ամենի թրթիռները մեր աշխարհից:

Ձեր ըմպած մեկ փոքրիկ բաժակ սպիրտային խմիչքը կամ ծխած մեկ գլանակը մի քանի օրով ձեզ զրկում են բարձրագույն եթերային օկտավաներ հասնելու հնարավորությունից: Դուք ստիպված եք լինում մշտապես գտնվելու աստեղային ոլորտի մակարդակներում, քանի որ, ինչպես ճոպաններով, ձեր կործանարար սովորություններով ինքներդ ձեզ կապում եք դրանց հետ:

Ուշադիր վերլուծե՛ք, թե ինչո՞վ եք ծանրաբեռնում ձեր մենտալային մարմինը: Որքա՞ն ժամանակ եք ծախսում անվերջանալի դատարկ օպերաների ու մարդկանց հետ զրուցելու վրա: Մի՛ երկյուղեք ինքներդ ձեզ հետ դեմ առ դեմ մնալուց: Սովորե՛ք լսել լռությունն ու զմայլվել միայնությամբ:

Անհրաժեշտ է օրենսդրական միջոցներ ձեռնարկել նրանց դեմ, ովքեր փորձում են խլացնել աշխարհը ծվատյալ ռիթմի հնչյուններով: Ռոք երաժշտության կամ ոչ-ճիշտ կառուցված ռիթմով երաժշտության ամեն մի սիրահար իր շրջապատի շատ մղոնների տարածքում իջեցնում է միջավայրի թրթռանքները: Նման խուլիգանությանը պետք է վերջ տրվի:

Եթե ձեր խմած մեկ բաժակ սպիրտային խմիչքը կամ ծխած մեկ գլանակը միայն ձեր ու ձեզ հետ ապրող մարդկանց թրթիռներն են իջեցնում, ապա դղրդացող երաժշտությունն ազդում է հազարավոր մարդկանց վրա: Եվ եթե իմանայիք, թե այդ խուլիգանությունն ինչպիսի հետևանքներ է թողնում ձեր նուրբ մարմինների վրա, ապա առաջին բանը, որ կանեիք՝ ձեր զավակներին ընդմիշտ կարգելեիք նման երաժշտություն լսելը:

Շատ պարզ միջոցներ կան, որոնք թույլ են տալիս արագորեն բարձրացնելու ֆիզիկական ոլորտի թրթռանքները, և դրանցից մեկը բարձր հնչող երաժշտության արգելումն է:

Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե ինչպիսի ազդեցություն է գործում երաժշտություն ձեզ վրա: Ամեն գիշեր ես մոտենում եմ իմ երգեհոնին և, Աստծով ոգեկոչված, նվագում հոգեզմայլ մեղեդիներ: Շատ քիչ է քանակն այն մարդկանց, որոնք գալիս են իմ մենաստանը, որպեսզի լսեն այդ երաժշտությունը: Եվ է՛լ ավելի քիչ է քանակն այն մարդկանց, որոնք կարող են արթմնի վիճակում վերարտադրել այդ երաժշտությունը, նոտագրել ու նվիրել աշխարհին:

Ա՜խ, որքա՜ն կուզենայի, որ Բարձրագույն աշխարհի հետ համահնչունությունը ձեզ մատչելի դառնար այն երաժշտության միջոցով, որը ես նվագում եմ իմ երգեհոնով:

Եվ եթե օրվա ընթացքում դուք ձեզ վրա կրել եք ձեր ահավոր երաժշտության ազդեցությունը, եթե նույնիսկ ականջի ծայրով լսել եք այն տրանսպորտում կամ խանութում, ապա այդ օրվա գիշերը դուք չեք կարողանա բարձրանալ այն օկտավաները, որտեղ լսվում է իմ երգեհոնի ձայնը:

Դուք ինքնե՛րդ եք ձեզ սահմանափակում: Հարկ է, որ հիշեք ձեր առաքելությունը և միջոցներ ձեռնարկեք, որպեսզի ինքներդ ձեզ մաքրեք այնքան, որ հնարավոր դառնա այն առաքելության իրագործումը, որի համար մարմնավորվել եք: Դուք ամեն ինչ մոռացել եք, և ձեր այդ մոռացկոտության մեղավորը հենց ինքներդ եք, քանի որ հարկ եղած խնամքը չեք տածում ձեր ստորին չորս մարմինների նկատմամբ:

Մտորե՛ք, թե որքա՜ն ավելի հեշտ կլինի հաջորդ սերնդի համար, որ իրագործի իր առաքելությունը, եթե հենց հիմա մտահոգվեք Երկրի վրա այն վայրերը ստեղծելու մասին, որտեղ նոր սերունդը կկարողանար մարմնավորվել և կյանքի առաջին տարիներն անցկացնել անդորրության մեջ ու բնության գրկում: Եթե նման վայրերը երկրագնդի վրա հիմա ստեղծված լինեին, ապա նոր ռասայի մարդիկ կսկսեին արդեն մարմնավորվել: Հավատացե՛ք ինձ, զարգացած շատ հոգիներ պատրաստ են մարմնավորվելու, որպեսզի մատուցեն աշխարհին իրենց Սպասավորությունը: Եվ միայն ֆիզիկական ոլորտի անպատրաստ լինելու պատճառով է, որ տարիներով ու տասնամյակներով հետաձգում են իրենց մարմնավորվելը:

Շատ բարձրագույն հոգիներ ռիսկի են գնում և մարմնավորվում անպատրաստ պայմաններում: Եվ, ի՞նչ եք կարծում, ի՞նչ է տեղի ունենում: Նրանք ստիպված են լինում ծնվելուց անմիջապես հետո իրենց ծանրաբեռնել ու իրենց աուրայի մեջ ներառել շրջապատի մարդկանց պատկանող կարմայի այնպիսի քանակություն, որ չորս տարեկանից սկսած այդ արտառոց երեխաներն այլևս ի վիճակի չեն լինում մինչև իրենց մարմնավորման ավարտը բացելու իրենց ողջ ընդունակություններն ու ծառայելու աշխարհին:

Մեզ համար ցավալի է դիտելը, թե ինչպես են մարդկության լավագույն ուստրերն ու դուստրերը կործանվում ձեր միջավայրում՝ կրելով ձեր բեռն ու մահանալով դրա ծանրության տակ:

Մի՞թե իմ այսօրվա ասածները դուք երբևէ չեք լսել կամ չեք կարդացել: Ի վերջո, քանի՞ անգամ պետք է լսեք այս պարզ ճշմարտությունները, որ հետո իրականացնեք դրանք գործնականում:

Ես պատրաստ եմ այցի գալու ևս այնքան անգամ, որքանի կարիքը ունեք, որպեսզի յուրացնեք իմ Ուսմունքը: Սակայն ձեր հաջողությունն ավելի նշանակալից կլինի, եթե քնելուց առաջ ցանկանաք հայտնվել եթերային ոլորտի այն դահլիճում, որտեղ ես նվագում եմ իմ երգեհոնը. Սակայն օրվա ընթացքում ջանացեք ձեզ տարանջատել այն ամենից, ինչը կարող է արգելք հանդիսանալ իմ երգեհոնի ձայնը լսելուն:

 

ԵՍ ԵՄ Կութհումին՝ ձեզ միշտ սիրող

 

Տատյանա Միկուշինա, 2007 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ