Ուսմունք դարաշրջանների հերթագայման մասին

 

Պաշտելի Հիսուս

3 հուլիսի, 2007 թիվ

 

ԵՍ ԵՄ Հիսուս՝ ձեզ այցի եկածս:

Ես այսօր երջանիկ եմ ձեզ հերթական Ուսմունքը տալուս համար, որը հավանաբար ծանոթ է ձեզ, բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտ է այն ձեզ նորից հիշեցնել:

Մարդկային գիտակցությունն այնքան շարժուն է և այնքան աննկատելիորեն է խույս տալիս մեր խրատներից, որ մենք չենք դադարում ջանքեր գործադրել, որպեսզի ձեզ վերադարձնենք ձեր առաքելությանը և հիշեցնենք ձեր Սկզբնաղբյուրի մասին:

Դուք ձեր աշխարհ եք մուտք գործել միլիոնավոր տարիներ առաջ: Մուտք եք գործել, որպեսզի անցնեք էվոլյուցիայի անհրաժեշտ աստիճանները և անգնահատելի մարդկային փորձ ձեռք բերեք: Եվ երբ ֆիզիկական աշխարհում սկսեցիք ձեր ուղին, նման էիք մանկահասակ երեխաների: Իսկ հիմա հասունացել եք: Եվ ինչպես երեխաներն են նոր աշխարհ գալուց դեռևս հիշում իրենց առաքելության մասին և հասուն դառնալուց հետո մոռանում, այնպես էլ դուք եք մոռացել, թե ինչու էիք մուտք գործել ձեր աշխարհ:

Այս Ճշմարտությունը, որը միլիոնավոր տարիներ ի վեր մենք ուսուցանում ենք, շատ պարզ է: Սակայն դուք մեզնից ինչ որ շատ բարդ բանի ակնկալիք ունեք: Ձեր միտքն անխոնջ կերպով նորանոր անլուծելի խնդիրներ է փնտրում ձեր աշխարհում: Ձեր զգացմունքները փորձում են ձեր աշխարհում փոխարինող փնտրել այն հրաշալի ապրումներին, որոնք հատուկ են Աստվածային աշխարհի հետ հաղորդակցությանը:

Դուք անվերջ շարունակում եք Ճշմարտություն փնտրել ձեր աշխարհում: Սակայն ես եկել եմ և ահա ասում եմ. ձեր աշխարհում Ճշմարտություն չկա՛: Ձեր աշխարհը ստեղծված է որպես մի հսկայական թատերաբեմ, որպեսզի այնտեղ փորձ ձեռք բերեք և ապա լքեք այն:

Երբ մանկապարտեզ եք մտնում, դարակներից խաղալիք եք վերցնում ու խաղում: Բայց երբ հասունանալով լքում եք մանկապարտեզը, երեխա ժամանակվա ձեր խաղալիքներն արդեն ձեզ համար հետաքրքիր չեն լինում:

Այժմ եկել է ձեր երկրային դպրոցը լքելու ժամանակը, և դուք պետք է ելնեք էվոլյուցիոն զարգացման ավեկի բարձր աստիճանի վրա: Այդ աստիճանին այլևս չեն սազի այն անկատարությունները, որոնցով իր զարգացման ընթացքում մարդկությունը հասցրել է ծանրաբեռնել ինքն իրեն: Ուստի այդ աստիճանին կկարողանան հասնել միայն ձեզնից նրանք, ովքեր իրենց կյանքն ամբողջովին կենթարկեն Աստվածային Օրենքին: Դպրոցում ձեր սովորելու որոշակի ժամանակահատվածում ձեզ թույլ է տրվում զանազան չարություններ անել, սակայն մատնանշվում են նաև ճիշտ պահվածքի ձևերը: Մանկավարժության մեջ հայտնի է մի սկզբունք, համաձայն որի անհատը միայն այն ժամանակ է յուրացնում գիտելիքը, երբ ունակ է դառնում կիրառելու այն: Ուստի և ձեզ հնարավորություն է տրվում ստանալու Աստվածային գիտելիքն ու կիրառելու գործնականում:

Կան այնպիսինները, որոնք ավելի հաջող են յուրացնում Աստվածային գիտությունը, և կան այնպիսինները, որոնք դեռ չեն կարողացել հասկանալ դրա հիմնադրույթները: Սակայն բոլորդ էլ պետք է ավարտեք երկրային դպրոցը: Եվ ձեզնից ամեն ոք պետք է ցուցադրի հետագա ուսում ստանալու իր պատրաստակամությունը:

Մենք խոսում ենք ճիշտ կերպերի մասին՝ այն կերպերի մասին, որոնք բնորոշ են այն աշխարհին, որին դուք պետք է անցնեք: Դուք չեք կարող փոխադրվել հաջորդ դասարան, քանի դեռ չեք յուրացրել նախորդ դասարանի ծրագիրը: Ուստի ձեզնից պահանջվում է, որպիսի դրսևորեք այնպիսի որակներ, որոնք բնորոշ են Աստվածային աշխարհին: Աստիճանաբար պետք է հրաժարվեք այն բոլոր բացասական որակներից, որոնք ձեռք եք բերել ձեր երկրային էվոլյուցիայի ընթացքում: Միայն ինքնե՛րդ կարող եք հինն ու իր դարն ապրածը փոխարինել նորով՝ նախընտրանքներ իրականացնելով ձեր կյանքում:

Ամեն ինչ իրար է խառնված ձեր կյանքում՝ լավն ու վատը, Աստվածայինն ու ոչ-աստվածայինը: Միայն ինքնե՛րդ կարող եք կարգ ու կանոն մտցնել ձեր աշխարհում՝ հրաժարվելով անաստված դրսևորումներից և մղվելով դեպի Աստվածայինը: Մենք ձեր փոխարեն դա չենք կարող անել: Մենք կարող ենք տալ հանձնարարականներ, տալ մեր Ուսմունքը, բայց ինքնե՛րդ պետք է գործնական քայլերով ամրապնդեք ստացված տեսական գիտելիքները:

Մի՛ կարծեք, թե շատ ժամանակ ունեք: Օր օրի ձեր աշխարհի վիճակը վատթարանում է: Ֆիզիկական ոլորտի թրթռանքները ստիպողաբար բարձրացվում են, և դուք հայտնվում եք թեստային պայմաններում, երբ ձգտում եք վերադառնալ վարքի սովորական կարծրատիպերին. սակայն այն, ինչ նախկինում ձեզ հաճույք էր պատճառում, այլևս դադարում է ձեզ գրավել: Դուք չեք կարողանում հասկանալ, թե նախկինում ձեզ համար դուրեկան բաներն ինչու՞ այլևս ձեզ չեն բավարարում: Դուք շարունակում եք ձեր կյանքում առաջնորդվել վարքի հին կարծրատիպերով, բայց և գիտակցում եք, որ այդ ամենն այլևս զուրկ է որևէ իմաստից:

Անհրաժեշտ է, որ ձեր վարքը համապատասխանեցնեք ֆիզիկական ոլորտի բարձրացող թրթռանքների հետ, այլապես դուրս կմնաք տարածությունից ու ժամանակից և չեք կարողանա շարունակել ձեր էվոլյուցիան:

Միայն ա՛յն ձեզ հաճույք կպատճառի, ինչն ունակ է բարձրացնելու ձեր գիտակցությունը: Իսկ այն, ինչն իջեցնում է ձեր թրթիռները, ձեզ զզվանք ու տհաճություն կպատճառի:

Իհարկե, ոչ բոլորն են ունակ գիտակցելու, թե ինչ է տեղի ունենում: Սակայն մարդկանց մեծամասնության համար արդեն հասկանալի է դառնում, որ ո՛չ ալկոհոլը, ո՛չ շրջակա տարածքը փլեցնող ծանր ռոք երաժշտությունը, ո՛չ էլ նախկին զբաղմունքներն այլևս բավարարվածություն չեն տալիս: Նորի փնտրտուքն ավելի ու ավելի է շատանում:

Ձեզ տրվում են հանձնարարականներ, թե ինչպես ձեզ պաշտպանեք այն ամենից, ինչը հանգեցնում է թրթիռների անկման: Այնժամ, երբ ունակ կլինեք ձեր կյանքը լցնելու Աստվածային կերպերով, կկարողանաք բավարարվածություն ու ներդաշնակություն զգալ: Իհարկե, ո՛չ բոլոր մարդիկ ունակ կլինեն մղվելու դեպի ճշմարիտ կերպերը: Եվ դա բնական ու օրինաչափ փուլ է, երբ միաժամանակ գոյություն կունենան մարդիկ, որոնք իրարից այնքան կտարբերվեն թրթիռներով, որ փողոցում հանդիպելուց իրար այլամոլորակայինի տեղ կդնեն:

Լավի ու վատի խառնվածությունը Երկրի վրա պետք է աստիճանաբար վերացվի: Աստվածային աղացում տեղի է ունենում հատիկը որոմից ջոկելու գործընթաց:

Եվ հենց ա՛յդ ժամանակ եք դուք ապրում: Ուստի ձեզ համար շատ ծանր է: Սակայն այդ գործընթացն էլ ունի իր սկիզբն ու վերջը, ինչպես ամեն ինչը ֆիզիկական աշխարհում:

Օրինաչափ է և այն գործընթացը, երբ Երկրի վրա սկզբում ձևավորվում են գոտիներ, որտեղ ապրող մարդիկ նոր գիտակցություն ու նոր մտածողություն ունեն. այնուհետև նման գոտիների քանակն ավելի ու ավելի կշատանա: Աստիճանաբար Երկիրը կազատվի այնպիսի վայրերից, որտեղ գերակշռում են ցածր թրթռանքները: Ժամանակի ընթացքում ջուրն ու հուրը երկրի երեսից կսրբեն այն վայրերը, որտեղ կենտրոնացած կլինեն հին մտածողության ու ցածր թրթիռների կրողները:

Երկրագնդի նոր վայրերն իրենց գիրկը կընդունեն նոր ռասայի ներկայացուցիչներին, որոնք արդեն հայտնվում են մոլորակի վրա:

Այժմ այնպիսի բարդ ժամանակ է, երբ բառացիորեն ամեն մարդ իր նախընտրանքով զգալիորեն փոխում է Երկիր մոլորակի իրավիճակը:

Մենք ձեզ տալիս ենք մեր օժանդակությունն ու օգնությունը: Համբարձյալ Վեհապետների աշխարհի և ձեր աշխարհի միջև երբեք այսպիսի սերտ համագործակցություն չի եղել: Մենք սպասում ենք, թե երբ Երկրի իրադրությունն այնքան կփոխվի, որպեսզի վերջապես կարողանանք ձեզ այցի գալ որպես հյուր և տանք մեր խրատներն անմիջականորեն՝ առանց միջնորդների: Եվ դուք ինքներդ եք այդ պայմանները ստեղծում՝ փոխելով ձեր գիտակցությունն ու ձեր վրա փորձելով նոր հագուստ՝ այնպիսի մաքուր հագուստ, որը գործված է ձեր կատարյալ մտքերով ու զգացմունքներով:

Ես եկա և ներկայացա որպես ձեր այն ավագ եղբայրներից մեկն, ովքեր արդեն ավարտել են երկրային դպրոցն ու համբերությամբ սպասում են ձեզ Լինելիության բարձրագույն ոլորտներում:

 

ԵՍ ԵՄ Հիսուս՝ ձեր ավագ եղբայրը

 

Տատյանա Միկուշինա, 2007 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ