Որքան արագ փոխեք ձեր վարքն ու երեկվա ձեր սովորություններն, նույնքան արագ էլ ողջ աշխարհը կթևակոխի Նոր Դարաշրջան

 

Պաշտելի Զրադաշտ

31 դեկտեմբերի, 2006 թիվ

 

ԵՍ ԵՄ Զրադաշտը. ձեզ մոտ եմ եկել տարեկան շրջանի փոխման այս օրով, որն ընդունված է ժամանակի հաշվանքի ձեր համակարգում:

Այն ժամանակ, երբ ես մարմին էի առել Երկրի վրա, օրերի ու տարիների այլ հաշիվ էր ընդունված: Սակայն դա խանգարիչ հանգամանք չէ, որ դուք նշեք ձեր տոները՝ հարմարեցնելով դրանք որոշակի ամսաթվերի:

Ձեր աշխարհում ամեն ինչ հարաբերական է, և այն, ինչն ընդամենը մի քանի հազար տարի առաջ այլ կերպ էր, հիմա լրիվ փոխվել է: Եվ լիովին նշանակալից կլիներ, եթե մարդկային բնու՛յթն էլ փոխվեր այնպես արագ, ինչպես մնացյալ ամեն ինչն է փոխվում ձեր աշխարհում: Սակայն հատկապես դանդաղ է փոխվում հենց այն, ինչը կապված է մարդկային գիտակցության ու շրջապատի աշխարհի ընկալման հետ: Եվ իմ օրոք էլ էին մարդիկ նախանձում, ատում, հայհոյում. փառաբանում Աստծուն և անմիջապես մոռանում Նրան: Ուստի մենք անկեղծորեն հույս ենք կապում, որ ձեր ժամանակներն ունակ կլինեն փոխելու մարդկային բնույթը, հանելու մարդկային գիտակցությունն արմատապես այլ մակարդակի վրա՝ մի մակարդակի, որը համապատասխանում է բանական մարդու գիտակցությանը, այլ ոչ թե մարդ-կենդանու, ինչպիսին այժմ մարդկանց մեծամասնությունն է:

Որքան էլ ցավալի է ձեզ համար այս մասին լսելը տարվա ավարտին, այնուամենայնիվ ես հանդգնում եմ դա ձեզ մատնացույց անել: Ե'վ ձեր տոները տոնելու համառ սովորույթը, և այդ սովորույթը պահպանելու ձեր համառությունը կարող էին անհամեմատ ավելի լավ կիրառություն գտնել: Ի՜նչ արած, դուք դեռևս ժամանակ ունեք, որպեսզի համառություն դրսևորեք ձեր սովորույթներով: Սակայն անհամեմատ ավելի լավ կլիներ, եթե դուք ձեր մեջ ուժ գտնեիք արմատախիլ անելու ձեր հին կարծրատիպերը և ականջալուր լինեիք մեզ՝ Համբարձյալ Դասերիս:

Շատ և շատ սովորույթներ, որոնք դուք սրբորեն պահպանում եք, վերանայման են արժանի: Իսկ դա շատ էական է, քանի որ նոր սերունդն անգիտակցաբար՝ ենթագիտակցական մակարդակով, ներծծում է իր մեջ ձեր վարվելակերպը, հիշարժան տարեթվեր տոնելու ձեր սովորույթը: Եվ այդքանից հետո դուք տարակուսանքով ակնկալում եք, որ ձեր երեխաները ձեզանից ավելի խելացի՞ լինեն, ավելի վեհ և ավելի նրբակի՞րթ... Ո՜չ, դուք ինքներդ ձեր ամենօրյա գործողություններով ձեր երեխաների գիտակցության մեջ ամրապնդում եք վարվելակերպի այն կարծրատիպերն ու կենսակերպը, որոնցից նրանք չեն կարողանում ձերբազատվել երբեմն մինչև իրենց կյանքի վերջը:

Խորհեցե'ք. մի՞թե ավելի հեշտ չէր լինի, եթե ինքներդ ազատվեիք ձեր թերություններից, փոխանակ ձեր զավակների մեջ դրանք բազմացնելու՝ ի հավելումն այն կարմայական բեռի, որոնցով նրանք կյանք են մտնում: Եթե դուք իրոք հոգ եք տանում ձեր երեխաների նկատմամբ՝ ցանկանալով նրանց ամենալավ բաները, ապա ձեզ համար կանոն դարձրեք վերահսկելու ձեր վարվելակերպը տանը, աշխատանքի վայրում և փողոցում: Կանոն դարձրեք վերահսկելու ոչ միայն ձեր գործողություններն, այլ նաև ձեր մտքերն ու զգացմունքները: Քանզի այնժամ, երբ ձեր վարվեցողությունն Աստվածային գծեր ձեռք կբերի, ձեր զավակներն իրապես կկարողանան ձեզանից շատ բաներ սովորել և հարյուրապատիկ փոխհատուցել ձեզ այն ժամանակ, երբ այլևս չեք կարողանա հոգալ նրանց մասին, այլ ինքներդ կզգաք նրանց հոգածության ու խնամքի կարիքը:

Դուք ձեր զավակների մեջ ներդնում եք վարվեցողության բոլոր ճիշտ և ոչ ճիշտ նմուշները, սկսած նրանց ծննդյան օրից և նույնիսկ՝ նախքան ծնվելը, երբ մի գեղեցիկ օր հանկարծ ձեզ համար պարզ է դառնում, որ երեխա եք ունենալու:

Այսօր հենց այն օրն է, որը ձեզ հնարավորություն է տալիս հրաժեշտ տալու հնին և ձեռնամուխ լինելու նոր վարվեցողության: Փորձե՛ք ցանկություն դրսևորել նոր տարուն այնքան փոխվել, որ ձեր վարվեցողությունը համապատասխանի Աստվածային այն ամենալավ նմուշներին, մինչև որոնց կարող է հասու դառնալ ձեր գիտակցությունը: Փորձե՛ք նոր կյանք սկսել և կտեսնեք, թե որքա՜ն դժվար կլինի դա. ո՛չ միայն որոշում կայացնել, այլ նաև այն կիրառել կյանքում՝ թեկուզ նոր տարվա մի քանի օրերի ընթացքում:

Ես ձեզ չափից դուրս շատ հոգնեցրի ձեր ինքնադաստիարակության թեմայի շուրջ իմ խորհրդածություններով: Այնուհանդերձ, որքան ավելի շուտ մտածեք այն մասին, թե ինչը կարող եք փոխել ձեր մեջ՝ ձեր վարքում, այնքան ավելի շուտ կկարողանաք վերափոխել և ձեր մերձավորներին՝ նրանց, ում հետ շփվում եք: Մի՛ փորձեք վերափոխել ձեր շրջապատը, այլ փորձեք վերափոխել ինքներդ ձեզ, և ձեր շրջապատը ստիպողաբար կհամակերպվի ձեր որդեգրած վարվեցողության նոր նմուշներին: Երբևէ ինչ-որ մեկը պետք է սկսի՛: Եվ աստիճանաբար ոչ մոդայիկ կդառնան հեռուստացույց դիտելը, ծխախոտով և գարեջրի գավաթով երեկոն անցկացնելը: Կչքվեն սխալ կարծրատիպերը, նրանց փոխարեն ի հայտ կգան վարքի նոր նմուշօրինակներ:

Ձեր կյանքում կարգ սահմանողը դուք ինքներդ եք: Եվ վաղ թե ուշ պետք է սկսեք փոխել ձեր կյանքն ըստ ժամանակի պահանջի: Փորձե՛ք և կզգաք, որ ձեր ինքնազգացողությունը լավանում է, քանի որ դրանով ձեր վարքը կհամապատասխանի ժամանակի պահանջին և այն նոր թրթռանքներին, որոնք մուտք են գործում Երկիր:

Բոլորաշրջանը փոխվել է, և ժամանակը շարունակում է արագանալ: Ուստի, որքան արագ փոխեք ձեր վարքն ու երեկվա ձեր սովորություններն, նույնքան արագ էլ ողջ աշխարհը կթևակոխի Նոր Դարաշրջան:

Դուք կարիք չունեք որևէ մեկին մեղադրելու կամ ցուցումներ տալու այն մասին, թե ինչպես վարվի: Դուք պարզապես պետք է փոխեք ձեր սեփական վարքի կարծրատիպերը և ձեր օրինակով ցույց տաք ուրիշներին, թե դա ինչպես պետք է արվի: Եկել է ձեր գիտակցության մեջ հեղափոխություն անելու ժամանակը: Եվ վարքի կարծրատիպերի այն փոփոխությունները, որոնք մոտակա ժամանակում տեղի կունենան, ընդամենը մի քանի տարի հետո կդադարեն զարմացնել մարդկանց, քանի որ նոր ժամանակների համար գործեր վարելու նոր կարգեր ի հայտ կգան, ա՛յլ կլինեն ընտանեկան փոխհարաբերություներն ու ամբողջ ընտանեկան դրվածքը: Նոր ընտանիքը կհիմնվի Աստվածային սկզբունքների վրա՝ ո՛չ ջերմեռանդ աղոթքների և անվերջ ինքնաչարչարանքի վրա: Նոր ժամանակը կտարբերվի նրանով, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամի վարքի մեջ կենսականորեն կներդրվեն Աստվածային սկզբունքներ: Եվ դուք զարմանքով կնկատեք, որ ուրիշ մարդկանց հետ ունեցած ձեր հարաբերությունները շատ քիչ են տարբերվում այն հարաբերություններից, որոնք ընդունված են ձեր ընտանիքի կազմում: Զի բոլորդ ազգակիցներ եք և պատկանում եք մեկ մեծ մարդկային ընտանիքի, որի համար երկրագունդը միասնական տուն է հանդիսանում:

Եվ ճիշտ այնպես, ինչպես մարդկային հասարակությունը բաժանում եք առանձին ընտանիքների, հետո զարմանքով ձեզ գտնում ավելի մեծ ընտանիքի կազմում, այնպես էլ զարմանքով կպարզեք, որ ոչ մի հակասություն գոյություն չունի տարբեր երկրներում բնակվող ժողովուրդների և ազգերի միջև: Եվ ազգերի միջև տարբերություններն ավելի շատ չեն, քան ձեր և ձեզանից հազարավոր կիլոմետրեր հեռու ապրող ձեր ազգականների միջև եղած տարբերությունները:

Համաձա՛յն եմ, որ ամեն ինչ իր ժամանակն ունի, և այն ամենն, ինչի մասին այստեղ խոսք գնաց, ի կատար չի՛ ածվի հենց եկող տարում: Բայց հաջորդ հազարամյակի որևէ մի տարում դա լիովին կարող է ի կատար ածվել:

Ամեն դեպքում, ես այդ դրական տեսլականը պահում եմ իմ գիտակցության մեջ և ձեզ ջանադիր խորհուրդ են տալիս ձեր գիտակցության մեջ պահել հնարավորինս շատ դրական տեսլականներ՝ հատկապես զանգվածային տոների շրջանում:

Որևէ մեկը պե՞տք է պաշտպանի հավասարակշռությունն այն պայմաններում, երբ մնացած բոլոր մարդիկ դեռ իրենց գիտակցությամբ չեն յուրացրել Աստվածային վարվեցողության տարրական նորմերը:

 

ԵՍ ԵՄ Զրադաշտը, ձեզ հաջողություններ եմ մաղթում Նոր տարում...

 

Տատյանա Միկուշինա, 2006 թ.

 

թարգմանեց Խ. Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ