Այժմ` տարեկան շրջանի հերթափոխության ժամանակ, հատկապես օգտակար է որոշում կայացնել և ձերբազատվել ոչ-պետքական այն ամենից, ինչ առկա է ձեր գիտակցության մեջ

Պաշտելի Սուրիա

21 դեկտեմբերի, 2006 թիվ

ԵՍ ԵՄ Սուրիան` կրկին եկածս, որպեսզի ուղերձ տամ Երկրի մարդկանց: Ես ձեզ մոտ եմ եկել Մեծ Կենտրոնական Արևից` հաղթահարելով հսկայական հեռավորություն: Սակայն ես ձեզ շատ մոտ Տիրակալ եմ, քանզի այն ամենն, ինչ վերաբերում է Երկրին և նրա զարգացումներին, գտնվում է իմ վարույթի և խնամակալության տակ, որովհետև Երկիր մոլորակի էվոլյուցիոն զարգացման յուրաքանչյուր փուլ անմիջականորեն ուղեկցվում և վերահսկվում է իմ կողմից: Ես առաջնորդում և ուղորդում եմ Երկիր մոլորակի էվոլյուցիան: Ես նա եմ, ով պատասխանատու է մոլորակի վրայի զարգացումների ընթացքի համար: Եվ ես այն էակն եմ, ով մշտապես ձեր կողքին է գտնվում` անկախ մեզ իրարից բաժանող տիեզերական տարածությունից: Այժմ ես եկել եմ, որպեսզի ձեզ պատկերացում տամ ձեր զարգացման ընթացքի և այն փուլի մասին, որում Երկրի մարդկությունն այժմ գտնվում է: Ինչպես միշտ` իմ խոսքերը շատ պարզ կլինեն, սակայն շարադրանքի պարզությունն իր տակ թաքցնում է ձեր ֆիզիկական աչքի համար անտեսանելի հազարավոր ու միլիոնավոր Լույսի էակների բարդ աշխատանքն, ովքեր հետևում են ձեր մոլորակի էվոլյուցիային և պատրաստ են օրվա մեջ 24 ժամ ձեզ ցուցաբերել ամբողջ անհրաժեշտ օգնությունը:

Դուք հիշեցնում եք մանկապարտեզի կրտսեր խմբի երեխաների, ովքեր պահանջում են մշտական խնամք և հոգածություն: Եվ դուք կարող եք չտեսնել այն բոլոր մարդկանց, ովքեր հոգում են ձեր մասին` ձեզ համար կերակուր են պատրաստում, լվանում են սպիտակեղենը, մաքրում են շենքը. այդ մարդիկ մշտապես ձեր կողքին են` չնայած ոչ միշտ եք դուք նրանց տեսնում ձեր ֆիզիկական աչքերով: Մեր ներկայությունը դուք կարող եք զգալ նաև այն արդյունքներով, որոնք ձեզ շրջապատում են: Եվ այն հանգամանքը, որ անկախ Երկրի մարդկանց ո'չ միշտ խելամիտ գործողություններից, մեզ հաջողվում է ձեր մոլորակի զարգացման համար բարենպաստ պայմաններ պահպանել, վկայում է բոլոր Համբարձյալ Դասերի ոսկերչական աշխատանքի մասին, որն ուղղված է ի շահ Երկրի էվոլյուցիայի: Մեր աշխատանքը դուք կարող եք գնահատել ոչ միշտ, սակայն մենք մշտապես ձեր կողքին ենք գտնվում: Դժվարություն է ստեղծում այն, որ մեր աշխարհներն իրարից բաժանող վարագույրը դեռևս շատ թանձր է, և շատ ու շատ բաներ, որոնք կարող էին և կանխարգելվել ու վնասազերծվել, մենք ի զորու չենք լինում կանխարգելել հատկապես այն պատճառով, որ մեր աշխարհները չափազանց շատ են տարաբաժանված և գտնվում են իրարից հեռու: Ոչ թե` ըստ տարածության, այլ` ըստ թրթռանքների մակարդակի: Ըստ այդմ` մենք չենք հոգնում կրկնելուց ձեր գիտակցության, ձեր թրթիռների մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին: Այնժամ, երբ ձեր թրթիռները կհասնեն ավելի բարձր մակարդակի, մենք կկարողանանք ավելի մոտենալ ձեզ և ցուցաբերել ձեզ ավելի մեծ օգնություն և օժանդակություն: Ուստի` ձեր թրթիռների բարձրացման նպատակով դուք պետք է օգտագործեք ձեռքի տակ եղած բոլոր միջոցները: Ձեր կյանքում առկա է այն, ինչը ցածրացնում է ձեր թրթիռները, և նաև ձեր կյանքում առկա է այն, ինչը բարձրացնում է ձեր թրթիռները: Եվ դա վերաբերում է ամեն ինչին: Ե'վ սննդին, և' հագուստին, և' այն ամենին, ինչը ձեզ շրջապատում է: Ձեր բնակարաններն ու քաղաքները գտնվում են շատ ցածր էներգետիկական մակարդակի վրա: Ուստի, հոգ տանելով ձեր ապրելու վայրի ու շրջապատի իրադրության մասին, դուք ինքնաբերաբար բարձրացնում եք ձեր թրթիռների մակարդակը և ունակ եք դառնում զանազանելու ձեր գիտակցության վիճակը, լսելու նուրբ աշխարհի ձայներն ու զգալու մեր ներկայությունը:

Տարօրինակ կլիներ հույս կապել այն բանի հետ, որ դուք կկարողանաք լսել մեզ, եթե շարունակում եք ձեր այն ապրելակերպը, որը բնորոշ է մարդկության զանգվածային գիտակցությանը: Այժմ ձեզ անհրաժեշտ է մտորել այն մասին, թե ինչ է ձեզ շրջապատում, և դա ձեր զարգացման հաջորդ փուլն է. դուք ստիպված կլինեք ավելի շատ ուշադրություն դարձնել այն ամենի վրա, ինչը շրջապատում է ձեզ ձեր կյանքում` տանը, աշխատանքի վայրում: Դուք ստիպված կլինեք հոգ տանել ձեր շրջապատի մասին, քանզի այն դեպքում, երբ ոչ մի ջանք չգործադրեք, որպեսզի հեռու մնաք ցածր թրթիռներ ունեցող ամեն ինչից, դրանով իսկ դուք կդանդաղեցնեք ձեր զարգացումը և չեք կարողանա հայտնվել տիեզերական հնարավորության այն միջանցքում, որը մոտենում է, և որն արդեն վրա է հասել:

Մենք խոսում ենք անցում կատարելու մասին, իսկ այդ անցումը պետք է ի կատար ածվի ձեր գիտակցության մեջ: Դուք ինքնե'րդ պետք է նախապատրաստեք ձեր սեփական անցումը: Քանզի այն դեպքում, երբ դուք ունակ չեք լինի դա անել բնական, էվոլյուցիոն ճանապարհով, մենք ստիպված կլինենք ավելի կոշտ միջոցների դիմել` նման գոտիով ծեծելուն կամ անկյուն կանգնացնելուն, որոնք անհնազանդ երեխաներին պատժելու ամենատարածված պատիժներն են հանդիսանում: Մի' համառեք: Եկել է հասունանալու և այն Օրենքին հնազանդվել սովորելու ժամանակը, որը գործում է համայն տիեզերքում: Այլապես չեք կարողանա լքել մանկապարտեզը և շարունակել ձեր զարգացումը դպրոցում, համալսարանում, ինչպես և չեք կարողանա կատարել այն աշխատանքը, որը ձեր կենսահոսքի նպատակն է հանդիսանում:

Ըստ այդմ` մի' հետաձգեք և ուղղակի հենց հիմա սկսեք վերլուծության ենթարկել այն, ինչը ձեր կյանքում շրջապատում է ձեզ և ձգտեք ձերբազատվել այն բոլորից, ինչի կարիքը չեք ունենա ձեր էվոլյուցիոն զարգացման հաջորդ փուլում: Դադարե'ք խաղալ երեկվա խաղերը, մղվե'ք դեպի բերկրալից արևով և բարեփոխումների թարմ քամով լեցուն նոր օրվա կողմը:

Ձեր գիտակցությունը օդափոխության և արևի տակ չորացման կարիքն ունի: Հեռացրե'ք ձեր գիտակցությունից բոլոր անպետք մտաձևերն ու պատկերները, հեռացրե'ք այն ամենն, ինչն Աստծուց չէ, և ձեր կյանքը կսկսի փոխվել` ինչպես կախարդական փայտիկի մի շարժումով: Թու'յլ տվեք ինքներդ ձեզ վերածվելու մարմին առած աստվածների: Թու'յլ տվեք ինքներդ ձեզ` գիտակցության բերկրալից վիճակներ ունենալ, թու'յլ տվեք ինքներդ ձեզ` հոգ տանել մերձավորների համար, թու'յլ տվեք ինքներդ ձեզ` ուղղակի ԼԻՆԵԼ և ուրախանալ կյանքով: Եվ միայն այնժամ, երբ կփոխեք ձեզ շրջապատող ամեն ինչի նկատմամբ ձեր մոտեցումը, կփոխվեն նաև ձեր կյանքի բոլոր հանգամանքները:

Այժմ` տարեկան շրջանի հերթափոխության ժամանակ, հատկապես օգտակար է որոշում կայացնել և ձերբազատվել ոչ-պետքական այն ամենից, ինչն առկա է ձեր գիտակցության մեջ: Մի' մոռացեք Կարմայական Վարչությանն ուղղված նամակների թողության շնորհի մասին: Գրե'ք նամակներ: Դուք այդ հնարավորությունն ունեք մինչև այս տարվա վերջը: Կարմայական Վարչությանը խնդրեք ազատել ձեզ այն ամենից, ինչից ուզում եք ձերբազատվել: Ի՞նչ հատկանիշներ ու վնասակար սովորություններ են ձեզ ծանրաբեռնում և խանգարում ձեր զարգացմանը: Մոտակա կես տարվա ընթացքում ձեր աղոթքի մոմենտումն ուղղեք այն բանին, որպեսզի ձերբազատվեք ձեր սրտին այդքան մոտ թերություններից: Եվ կես տարի հետո դուք չեք ճանաչի ինքներդ ձեզ: Որքան ավելի մեծ քանակի աղոթքի էներգիա հանձն առնեք առաքել Կարմայական Վարչության առջև, այնքան ավելի արագ կազատվեք ձեր բոլոր անհաջող կապվածություններից ու կարմայական խնդիրներից:

Եվ այսպես, որպեսզի օգտվեք թողության շնորհից և նամակ հղեք Կարմայական Վարչությանը, դուք պետք է ուշադրությամբ վերլուծեք, թե ինչից կուզենայիք ձերբազատվել առաջին հերթին: Դիմե'ք Կարմայական Վարչության անդամներին, թվարկե'ք ձեր խնդրանքներն ու ցանկությունները: Վերցրե'ք աղոթքային կամ այլ պարտավորություններ, որոնք մոտակա կես տարվա ընթացքում պետք է կանոնավորապես ի կատար ածեք: Շարադրե'ք ձեր խնդրանքներն ու պարտավորությունները թղթի վրա, խնդրե'ք Միքայել Հրեշտակապետին և պահապան հրեշտակներին, որպեսզի ձեր ուղերձը տանեն ըստ հասցեի` ուղիղ Կարմայական Վարչությանը, և վառե'ք նամակը: Կարող եք ձեզ մոտ պահել այդ նամակի պատճեն, և կես տարի հետո` պայմանով, որ կկատարեք ձեզ վրա վերցրած պարտավորությունները, տեսեք, թե ինչն է փոխվել: Ես վստահ եմ, որ դուք ազատված կլինեք ձեր մեկ կամ մի քանի գլխավոր թերություններից: Մի' մոռացեք երախտագիտության մասին: Հենց որ ազատվեք ձեր պրոբլեմներից` շնորհակալական նամակ հղեք Կարմայական Վարչությանը:

Ես ափսոսանքով եմ բաժանվում ձեզնից: Քանզի մեծ է ձեզ ամբողջ հնարավոր օգնությունը ցուցաբերելու և այն ամենակարևոր խորհուրդը տալու ցանկությունը, որը շատ օգտակար կլինի ձեզ համար: Հուսով եմ, որ, թեկուզ մասնակիորեն, ես կարողացա տալ մի քանի շատ կարևոր խորհուրդներ:

Ես հրաժեշտ եմ տալիս ձեզ, և մինչ նոր հանդիպումներ:

ԵՍ ԵՄ Սուրիան

Տատյանա Միկուշինա, 2006

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ