Ձեզնից կպահանջվի ձեր կամքի ողջ լարումը, որպեսզի չընկնեք անցյալի էներգիաների թակարդը և մղվեք դեպի նոր օրվա կողմը

Սանատ Կումարա

20 դեկտեմբերի, 2006 թիվ

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան՝ նորից եկածս, որպեսզի ձեզ ուրախալի նորություն հայտնեմ... Մեր դեսպանորդի միջոցով մենք սկսում ենք թելադրությունների նոր շրջան: Եվ ինչպես միշտ` շատ բան կա ասելու: Իսկ մեր հաղորդակցության այս գործընթացն ու մեր կողմից գործադրված ջանքերն իզուր չեն անցնում: Ամեն անգամվա հետ՝ այս բարդ ժամանակներում մարմնավորման մեջ գտնվող ավելի ու ավելի մեծ թվով մարդկային անհատականությունների գիտակցության մեջ մենք նշմարում ենք նորանոր փոփոխություններ:

Մենք գալիս ենք, որպեսզի հաստատենք ու ամրապնդենք Լույսի մեր կիզակետը, մեր բոցը, որը միլիոնավոր տարիներ ի վեր մենք չենք հոգնում բերել ու հրամցնել մարդկությանը: Եվ այժմ էլ՝ ինչպես երբեք, մենք երջանիկ ենք հայտնելու այն մասին, որ մեր ջանքերն այնքան պարզորոշ են արտացոլվում մարդկանց մտքերում ու ֆիզիկական պլանում սփռված իրականության մեջ, որ մենք չենք դադարում զարմանալ այն հրաշքների վրա, որոնք արդեն տեղի են ունեցել և դեռևս մեր ու ձեր օգնությամբ տեղի կունենան Երկիր մոլորակի վրա. այն մարդկանց օգնությամբ, ովքեր որոշել են իրենց նվիրաբերել Կյանքին, Երկրի մարդկությանը ծառայելուն: Եվ դուք՝ մեր սպասավորներից յուրաքանչյուրդ, պետք է գիտակցեք, որ այս բարդ, ճակատագրական ժամանակներում երբեմն չի հայտնվում այն մարդն, ով իրենով կփակեր ընձեռնված Աստվածային հնարավորության շղթան: Եվ, եթե դուք դեռևս գտնվում եք անվճռականության ու տատանվելու վիճակում, ապա ես խորհուրդ եմ տալիս՝ որքան հնարավոր է արագ վերջ տալ ձեր մանր կենցաղային խնդիրներին ուշադրություն դարձնելուն և ամբողջ էությամբ մղվել դեպի մեզ, դեպի այն խնդիրների իրականացումը, որոնք մենք ամրագրում ենք ձեր գիտակցության մեջ և կոչ անում դրանք իրականություն դարձնել:

Մենք չենք հոգնում նորից ու նորից կրկնելուց, որ մեզ հարկավոր են նվիրված սպասավորներ, ովքեր առաջին իսկ կանչով ոտքի կելնեն ու կգնան այնտեղ, ուր պահանջվում է իրենց ջանքերի և ունակությունների գործադրումը և այն Աստվածային պլանի իրականացումը, հանուն որի իրենք մարմնավորվել են այժմ՝ մոլորակի համար այս բարդ ժամանակներում:

Ես չեմ հոգնում կրկնելուց ձեր պատասխանատվության ու ձեր պարտավորությունների մասին, որոնք դուք ինքնե'րդ եք ձեզ վրա վերցրել մարմնավորվելուց առաջ: Քանզի ամեն անգամ կարդալով մեր ուղերձները՝ դուք ներքին սարսուռ եք զգում և ձեր պարտքը կատարելու պատրաստակամություն: Բայց անցնում է մի փոքր ժամանակ, և դուք մոռանում եք ձեր պարտավորությունների, ձեր մղման մասին և հանձնվում եք կյանքի ունայնությանը, որը ճահճատիղմի պես քաշում է ու ստիպում ձեզ մղվելու կեղծ ուղով՝ րոպեական բարիքների ու զվարճությունների ուղով՝ ի վնաս հավերժականի:

Իսկ այժմ ես կուզենայի մեկ անգամ ևս հիշեցնել ձեզ այն մասին, որ մոտենում է տարվա ամենամռայլ ու բարդ ժամանակը: Դա նոր տարվա, նոր օրվա նախաշեմն է: Հատկապես հենց լուսաբացից առաջ է գիշերը մութ լինում, ինչպես երբեք: Ուստի և' ձեր շուրջը, և' ձեր գիտակցության միջից դուրս կլողան անցյալի ուրվականները՝ անցյալի ձեր վրիպումների ու սխալների ուրվականները՝ չբեռնաթափված էներգիաների տեսքով: Եվ այդ էներգիաները կսկսեն դուրս քաշել ձեզ Ուղուց: Եվ ձեզնից կպահանջվի ձեր կամքի ողջ լարումը, որպեսզի չընկնեք անցյալի էներգիաների թակարդը և մղվեք դեպի նոր օրվա կողմը...

Ձեզ համար շատ դժվար է հավատալ, որ այն, ինչ հիմա ես ասում եմ, ձեզ համար շատ կարևոր ու հրատապ նշանակություն ունի: Հավատացե'ք ինձ: Ոչ թե տոնական ունայնությունն ու իրարանցումը պետք է գրավեն ձեր ուշադրությունը, այլ մոմի լույսի տակ ընթացող ձեր խորհրդածություններն այն մասին, թե ինչ պետք է դուք անեք և ինչպես հաղթահարեք այն խոչընդոտները, որոնք խանգարում են ձեզ իրականացնելու այն, ինչի համար կոչված եք: Մի' փնտրեք այդ խոչընդոտները ձեզնից դուրս: Վերլուծե'ք ձեր անցած կյանքի ուղին և ջանացե'ք հասկանալ, թե հենց ձեր ներսում ի՞նչն է խոչընդոտում Ուղով ձեր առաջընթացին:

Դուք գիտե'ք Ուղին: Այն ձեզ ցու'յց է տրված: Եվ ձեզնից նրանք, ովքեր պատկերացում են ստացել այդ Ուղու մասին և զգացել ներքին խոչընդոտների ու անկատարությունների հաղթահարման համը, այլևս ետ չեն դառնա Ձեռնադրումների այն Ուղուց, դեպի ուր մենք ձեզ կանչում ենք, և որը միակն է, որ կարող ակնթարթորեն դուրս քաշել ձեզ կյանքի ճահճատիղմից և արագընթաց վերելակի նման ձեզ հասցնել Աստվածային գիտակցության գագաթին: Ես ուրախ եմ, որ շատերը մղվել են առաջ: Եվ ուրախ եմ, որ շատերի համար մեր ուղերձներն այն փարոսն են հանդիսանում խավարի մեջ, որը ցույց է տալիս Ուղին: Ես ուրախ եմ, որ արթնացել են հազարներն ու տասնյակ հազարները, բայց մեր խնդիրն է՝ արթնացնել միլիոնավոր քնած հոգիների:

Ուստի մենք գալիս ենք և չենք հոգնում աշխարհի պես հինավուրց Ուսմունքը կրկնելուց: Եվ ձեզնից շատերն սկսում են հիշել իրենց նախորդ մարմնավորումների մասին, այն սխրանքների մասին, որ իրենք կատարել են հանուն հանուր Կյանքի: Եվ դա պատահական չէ, քանի որ այժմ մոլորակի վրա մարմնավորվել են այնքան շատ լուսավոր հոգիներ, որ Երկնոլորտները տառացիորեն ամայացել են. քանզի յուրաքանչյուր ոք, ով գտնվում է վարագույրից այն կողմ, ձեզ օգնության է մղվում իր ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ձգտում է նպաստել նոր մտածողության, նոր գիտակցության ծննդին՝ հիմնված ոչ թե անցյալի դոգմաների, այլ հազարամյա Գիտելիքների և Իմաստության վրա: Դուք մոռացել եք այն Իմաստության մասին, որը մեր մենաստաններում կանխավ ուսուցանվել է ձեզ: Եվ այժմ եկել է Աստվածային Իմաստությանը վերադառնալու և մարմնական խելքի լաբիրինթոսները լքելու ժամանակը: Ձեր մարմնական խելքը փորձում է ձեզ համոզել ու տանել կեղծ տրամաբանության գաղտնի դռներով ու ստորգետնյա լաբիրինթոսներով: Սակայն մոտակա ժամանակներում ձեր անմիջական խնդիրն է հանդիսանում միակ ճշմարիտ տրամաբանությունը՝ Աստվածային տրամաբանությունը, հիշելը: Եվ որքան էլ այդ տրամաբանությունը տարբերվի այն ամենից, ինչի հետ ձեր կյանքում բախվում եք, ձեզ կվիճակվի ընդունել այդ տրամաբանությունն ու այն ուսումնասիրել ոչ թե ձեր արտաքին գիտակցությամբ, այլ ձեր սրտում: Քանզի միայն այնժամ, երբ կբացեք ձեր սիրտը և կցուցաբերեք հարկ եղած մղումը, դուք ունակ կդառնաք հասկանալու Աստվածային Օրենքն ու Աստվածային Իմաստությունը: Միայն նա' կարող է համակվել Աստվածային տրամաբանությամբ, ով հրաժարվում է երկրային տրամաբանությունից: Եվ հենց դա' է ձեր ժամանակի բարդությունը: Քանզի ձեզ վիճակվում է ուղղակի հավատալ մեր խոսքերին և մղվել դեպի ուղղաձիգ ժայռերը՝ երբեմն չունենալով որևէ ապահովության երաշխիք: Եվ միայն այն ժամանակ, երբ ձեր հավատն ամուր է, ձեզ են հանձնվում այն գործիքները, որոնք ձեզ հնարավորություն են տալիս առավելագույն արդյունավետությամբ հաղթահարելու ձեր ուղին: Եվ մի գեղեցիկ պահի դուք կհայտնաբերեք, որ ձեր գիտակցությունն անճանաչելիորեն փոխվել է, և այլևս անցյալին վերադարձ չկա: Եվ ձեր ներսում Աստվածային Բանականությունը հաղթանակ կտոնի մարմնական խելքի տրամաբանության նկատմամբ: Մենք կրկնում ենք այն բաները, որոնք ակնհայտ են թվում: Եվ այնուամենայնիվ՝ որքա՜ն քիչ թվով մարդկային անհատներ են ընդունակ ամբողջությամբ հասկանալու և գիտակցելու մեր Ուսմունքը:

Աստվածային ամեն ինչ շատ պարզ է: Եվ հենց այդ պարզությունն է, որ վախեցնում է ու ստիպում կասկածել նրանց, ովքեր առաջվա պես բարդ ուղիներ են փնտրում և կամավոր կերպով իրենք իրենց խցկում այն ուսմունքների թավուտները, որոնք հոգին կործանելուց բացի ոչ մի ուրիշ տեղ չեն տանում: Մենք չենք ահաբեկում, բայց զգուշացնում ենք, որ տիեզերական ժամկետները մոտեցել են, և որ իր դարն ապրած ոչ մի բան Նոր աշխարհում տեղ չի ունենա: Եվ նոր տարվա նախաշեմին դուք պետք է մանրազննին վերստուգեք ձեր մտքերը, ձեր գիտակցությունը և ձեր ազատ կամքով ձերբազատվեք այն ամենից, ինչն Աստծուց չէ, և ինչը խանգարում է Ուղով ձեր առաջընթացին: Դուք դեռևս ժամանակ ունեք, բայց այդ ժամանակը կարճ է:

Ես այսօր եղա ձեզ հետ: Ես ուրախ եմ մեր նոր հանդիպման համար:

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: Օմ

Տատյանա Միկուշինա, 2006

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ