Ուսմունք ճշմարիտ Հավատի մասին

 

Պաշտելի Հիսուս

8 հունվարի, 2007 թիվ

 

ԵՍ ԵՄ Հիսուս՝ այս օրով ձեզ այցի եկածս:

Որպեսզի ձեզ հասկանալի լինի իմ գալստյան նպատակը, կկամենայի կենտրոնանալ այն հանրահայտ բաների վրա, որոնք ընդունված են ձեր հասարակության մեջ՝ իր զարգացման ներկա աստիճանին համապատասխան:

Եվ այսպես, դուք ապրում եք ձեր աշխարհում և հազվադեպ եք առնչվում այնպիսի բաների հետ, որոնց մասին հարկ է, որ մտորեք առաջնահերթ կերպով: Դուք մտահոգված եք այն ամենով, ինչով ձեր կյանքում շրջապատված եք: Մտածում եք այն մասին, թե ինչպես ապահով դարձնեք ձեր ընտանիքը, այն մասին, թե ինչ հագնեք և ինչ ուտեք: Ունայնը շա՜տ է ձեր կյանքում: Եվ ձեզ թվում է, թե ձեր այդպես վարած կյանքն էլ է արդարացված, ինչպես մյուսներինը:

Սակայն, եթե մտորեք այն մասին, թե ինչով եք զբաղված ձեր կյանքում և, թե որքանով է դա արդարացված այն Ուսմունքի տեսանկյունից, որը ես տվեցի 2000 տարի առաջ, ապա կտեսնեք, որ ոչինչ չի փոխվել: Մնում է, որ նորից մարմնավորվեմ և ձեզ հետ զրուցեմ հենց այն նույն բաների մասին, որոնց մասին ժամանակին խոսել եմ:

Հիշու՞մ եք, ես ասում էի, որ հարկ չկա անհանգստանալու ձեր հանապազօրյա հացի համար, որ հովտաշուշանը ձեզնից ավելի լավ  պահվածք ունի: Երկնքի թռչունները չե՛ն վարում, չե՛ն ցանում, բայց կուշտ են: Եվ Տերը նույն կերպ կարող է հոգալ նաև ձե՛ր մասին*:

Ինչպե՞ս է, որ դուք՝ գտնվելով երկրային կենսահոսքերի էվոլյուցիոն զարգացման ամենավերին աստիճանին, այդքա՜ն շատ եք ուշադրություն դարձնում ձեր ամենասովորական պահանջմունքների բավարարմանը: Դուք տառացիորեն կուռք եք դարձնում հագուստը, ուտելիքը, համբավաբեր իրերը:

Ոչինչ չի փոխվել այն ժամանակներից ի վեր, երբ՝ 2000 տարի առաջ,  ես մարմին առա Երկրի վրա: Դուք շատ ժամանակակից բաներ եք արդեն յուրացրել. ձեր կյանքը հագեցած է ժամանակակից տեխնիկայով՝ մեքենաներով, համակարգիչներով. սակայն ձեր գիտակցությունը մնացել է այն նույն մակարդակի վրա, ինչպիսին կար 2000 տարի առաջ: Ողբալի՜ բան է դա:

Հասկանու՞մ եք, թե ուր եմ ծռում: Դուք տարված եք ձեր աշխարհում գոյություն ունեցող անթիվ ոչ-պետքական բաներով և ձեր ժամանակի 99 տոկոսը ծախսում եք դրանց վրա: Մտորե՛ք այն մասին, թե ի՞նչ երեսով եք մոտենալու ձեր Երկնավոր Հորը, եթե մշտապես աշխարհիկ խնդիրներով եք զբաղված:

Նույնիսկ այնժամ, երբ ձեզ թվում է, թե ձեզ նվիրաբերում եք Աստծուն՝ եկեղեցի եք գնում, աղոթում եք, պահպանում եք եկեղեցական կանոնները, այդ ընթացքում ավելի շատ ոչ թե Աստծո մասին եք մտածում, այլ մտահոգված եք լինում այն բանով, թե ձեր մասին ուրիշ մարդիկ ինչ են մտածում. ինչպիսի՞ տեսք ունեք դուք և ձեզ նման մյուս մարդիկ՝ տաճարում գտնվելով: Երբ ես հնարավորություն եմ ունենում ներկա լինելու որևէ տաճարի եկեղեցական արարողությանը, ապա զարմանում եմ, լսելով ձեր մտքերը և որսալով ձեր զգացմունքները: Եվ գիտե՞ ք. շա՜տ հազվադեպ է լինում, որ մարդկանց մոտ ի հայտ գան ճշմարիտ Աստվածային զգացմունքներ: Որպես կանոն՝ դուք տաճար եք մուտք գործում այն բանի համար, որպեսզի լուծեք ձեր աշխարհիկ խնդիրները. որ է՛լ ավելի լավ ապրեք, որ առողջ լինեք դուք և ձեր ազգականները: Լինում է և հակառակը՝ չարիք եք կամենում այն մարդկանց, որոնց ճանաչում եք:

Եկեղեցում դուք, ըստ էության, շարունակում եք լուծել ձեր երկրայի՛ն հարցերը: Դուք չե՛ք մտածում Աստծո մասին: Եվ եթե մոտենում է՛լ եք իմ պատկերին, ապա միայն այն բանի համար, որ խնդրեք մի բան, ինչը ձեզ չի բավականացնում ձեր երկրային կյանքում:

Մտորե՛ք խոսքերիս մասին: Ձեզ թվում է, թե ես հանելուկներով եմ խոսում, և հայտնի չէ, թե ո՞ր կողմ եմ ծռում:

Ես ասում եմ այն, ինչ ասել եմ 2000 տարի առաջ: Ես փորձում եմ ձեզ գլխի գցել, որ անհրաժեշտ է մտածել հոգու մասին, այն փոխհարաբերությունների մասին, որ ունեք Աստծո հետ, և առաջին հերթին՝ ձեր ներսի Աստծո հետ: Ես ուսուցանել եմ մեկուսանալ Աստծո հետ աղոթքի ընթացքում, և ես պախարակել եմ երկերեսանիությունը**: Ես ընդվզել եմ օրենքի մեռած տառի դեմ, և ես ստիպել եմ մտորել հոգու մասին: Եվ հիմա՛ էլ նույն բաներն եմ ասում: Աստծո հետ ունեցած ձեր փոխհարաբերությունից զատ ձեզ ոչինչ չպե՛տք է հետաքրքրի: Եվ այնժամ, երբ դուք փնտրում եք Աստծուն, որպեսզի ձեր կյանքն իմաստ ձեռք բերի, և հետո էլ սկսեք այդ իմաստն ուսուցանել ուրիշներին, ապա ո՛չ թե մոտենում եք Աստծուն, այլ հեռանում եք Նրանից:

Միայն այնժամ, երբ լրիվ բավարարվածություն եք ստանում Աստծո հետ հաղորդակցվելուց հենց ձեր ներսում և կարիք չեք զգում ձեր խաղաղ հրճվանքը կիսել ուրիշների հետ, քանզի լրիվ բավարարված եք արդեն ու երջանիկ, ահա ա՛յդ ժամանակ եք դուք գտնում ճշմարիտ Աստծուն: Եվ ես հնարավորություն եմ ստանում հիացմունքով դիտել ձեզ, իսկ դուք՝ զգալ իմ ներկայությունը:

Ես միշտ ձեր կողքին եմ: Բայց ձեր գիտակցության վիճակն ու աշխարհիկ հոգսերով տարված լինելը մեզ իրարից բաժանում ու հեռացնում են:

Այնքա՜ն եմ ուզում հաղորդակցվել ձեզ հետ... Որքա՜ն հազվադեպ են այն պահերը, երբ ինձ հաջողվում է անմիջականորեն հաղորդակցվել ձեզնից որևէ մեկի հետ: Որքա՜ն են ինձ երջանկացնում նման պահերը... Ես շատ լավ գիտակցում եմ, որ ամեն ոք, ով ինձ հետ անմիջական հաղորդակցության փորձ է ունենում, այլևս չի կարող ապրել այնպես, ինչպես մնացած բոլորը: Նա կսկսի առանձնանալ և ներքնապես հաղորդակցվել ինձ հետ: Եվ առանց այդ հաղորդակցության նա այլևս չի պատկերացնի իր հետագա կյանքն ու ինքն իրեն:

Այն խաղաղ հրճվանքն ու խաղաղվածությունը, որ կյանքում սփռում է նման մարդն իր շուրջը, ավելի գերադասելի է, քան ցանկացած քարոզն ու խրատը: Նա ինձ հետ և իր ներսի Աստծո հետ միասնության կենդանի օրինակ է ծառայում:

Ամենալավ և ամենանվիրված քրիստոնյաները եղել են նրանք, ովքեր իրենց սրտի անդորրում հասել են այդ միասնությանը: Սակայն եղել են և այնպիսինները, որոնք ընդամենը խաղացե՛լ են խաղաղվածություն, սեր, երանություն: Բայց նրանց վրա նետված իմ մի կարճ հայացքը բավարար է եղել, որպեսզի բացահայտեմ նրանց երկերեսանիությունն ու հեռանամ:

Ես կուզենայի, որ դուք ձեր սրտերում ձեռք բերեք զանազանելու շնորհ և կարողանաք ճանաչել գառան դիմակով գայլերին՝ անկախ այն բանից, թե ինչ խոսքերով են ծպտվում և ինչեր են անում: Շատերը կարծես թե ճիշտ բաներ են անում. խոսում են Աստծո մասին, եկեղեցի են գնում, բայց իրենց սրտերով անհամեմատ հեռու են ինձնից, քան շատերը նրանցից, ովքեր ի ցույց չեն դնում իրենց հավատը, բայց և իրենց սրտերում կատարում են Հոր պատվիրանները:

Ես այսօր եկա, որպեսզի հիշեցնեմ ձեզ իմ այն Ուսմունքը, որը տվել եմ 2000 տարի առաջ, և որը մինչև այսօր էլ հրատապ է մնացել: Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ինձ խաչեցին հենց իմ բերած Ուսմունքի համար: Եվ հիմա՛ էլ եթե գայի և սկսեի տարածել իմ Ուսմունքը, ապա նույն կերպ կհալածվեի այն գրքապաշտների ու փարիսեցիների կողմից, որոնք նստած են եկեղեցիներում:

Ճշմարիտ սպասավորներ կա՛ն իհարկե, բայց կեղծերն ավելի շատ են: Ուստի կուզենայի, որ ձեր գիտակցությամբ տարբերակում մտցնեիք և անխտիր աջ ու ձախ չհայհոյեիք այս կամ այն եկեղեցին և այս կամ այն ուսմունքը:

Ճշմարիտ ուսմունքը կարող է և սխալ ընկալվել անմաքուր սրտերով մարդկանց կողմից: Դրանից սակայն չի՛ հետևում թե տվյալ ուսմունքը սխալ է: Աստծուն փնտրեք նախ և առաջ ձեր մեջ՝ ձեր սրտերում: Եվ այնժամ, երբ Աստծո հետ ներքին համահնչունություն ձեռք կբերեք, ձեզ համար այլևս սարսափելի չեն լինի ո՛չ գառան դիմակով գայլերը, ո՛չ էլ կեղծ հովիվները:

Ես ուրա՛խ եղա այսօր գալ և ձեզ հիշեցնել իմ նախկինում տված Ուսմունքը, որով այժմ կրկին եկա այս դեսպանորդի միջոցով:

 

ԵՍ ԵՄ Հիսուս

 

*Մտթ. 6:25-33

**Մտթ. 6:5-6

 

Տատյանա Միկուշինա, 2007 թ.

 

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Նախորդ էջ   Հաջորդ էջ