Ուսմունք՝ Աստվածային էներգիայով վախը փոխարինելու մասին

Սուրբ Միքայել Հրեշտակապետ

5 հունվարի, 2007 թիվ

ԵՍ ԵՄ Սուրբ Միքայել Հրեշտակապետը՝ այս օրով ձեզ մոտ եկածս...

ԵՍ ԵՄ եկել... Եկել եմ, որպեսզի ձեզ ծանուցեմ Նոր Օրվա սկզբի մասին... Ձեր մոլորակը թևակոխում է Նոր Օրվա մեջ: Եվ Նոր Օրը մուտք է գործում նաև ձեր գիտակցության մեջ: Աղջամուղջներն ավարտվում են, և ձեր գիտակցությունը մաքրվում է բոլոր այն գիշերային սարսափներից, որոնցում այն գտնվում էր երկար հազարամյակների ընթացքում: Ձեր անկատար գիտակցությամբ դուք ծնունդ եք տվել վախերի մի ողջ հրոսակախմբի, և այդ հրոսակախումբն, անկախ ձեզանից, թափառում է աստրալային ու մենտալային պլաններում: Եվ այնժամ, երբ դուք բախվում եք ձե'ր իսկ գիտակցության արգասիքներին, ապրում եք վախի ու սարսափի պահեր, որոնք, թվում է՝ ոչ սահման ունեն, ոչ էլ կառավարում:

Ես եկել եմ, որպեսզի վերջ տամ ձեր վախերին... Ես եկել եմ, որպեսզի ծանուցեմ այն մասին, որ Նոր Օրվա գալով ձեր բոլոր վախերը խամրում են և կորցնում իրենց ուժը: Դուք և ձեր գիտակցությունն եք հանդիսանում վախի աղբյուրն ու նրան ուժ տվողը: Ուստի՝ այնժամ, երբ ձեր գիտակցությունից կհեռացնեք վախերը, դրանք կդադարեն գոյություն ունենալ ձեզ շրջապատող աշխարհում, քանի որ կզրկվեն այն էներգիայից, որով դուք նրանց սնուցում եք:

Չափազանց շատ մարդիկ են վախեր ապրում: Եվ փաստորեն՝ վախերը հանդիսանում են ձեր ժամանակի մարտահրավերը: Վախն առկա է այնտեղ, ուր պակաս է Աստվածային Սերը, իսկ ձեր աշխարհում ամենուրեք Սիրո պակաս է զգացվում:

Դուք չեք կարող պայքարել ձեր վախերի դեմ: Այն էներգիան, որը դուք կգործադրեք այդ պայքարում, միայն ավելի կուժեղացնի ձեր վախերը: Բայց դուք կարող եք լուծել ձեր վախերն այն տիեզերական համապիտանի լուծիչով, որը ձեր սրտերի Սերն է հանդիսանում: Ըստ այդմ՝ այն ամենն, ինչ ձեզ անհրաժեշտ է անել մոտակա ժամանակներում՝ դա ձեր սրտերը բացելն է Սիրո՝ Աստվածային Սիրո հանդեպ: Եվ այնժամ, երբ ձեր աշխարհը կլցվի Աստվածային Սիրով, ձեր վախերը կցրվեն այնպես, ինչպես աղջամուղջն է ցրվում բացվող օրվա դեմ:

Ձեր վիճակը որոշվում է այն բանով, թե որքանով եք ունակ ընդունելու Աստվածային էներգիան: Եվ այնժամ, երբ ձեզ չի բավականացնում Աստվածային էներգիան, դուք ապրում եք զանազան բացասական վիճակներ, այդ թվում՝ նաև վախեր:

Մահվան նկատմաբ վախը ձեր աշխարհում գերակա վախ է հանդիսանում: Դուք հատկապես վախենում եք մի բանից, որը գոյություն չունի բնության մեջ: Վախենում եք մի բանից, որն ստեղծել եք ձեր անկատար գիտակցությամբ: Վախենում եք մահից, իսկ մահ՝ չկա: Մահը միայն ձեր գիտակցության մեջ գոյություն ունի: Աստվածային աշխարհում գոյություն ունի միայն հավերժական կյանք և հավերժական Աստվածային երջանկություն: Իսկ մահը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձեր հոգու անցումը գոյության մի ձևից մյուսին:

Դուք հիվանդագին ձևով եք ընկալում մահվան հետ կապված վիճակը՝ միայն այն պատճառով, որ վախենում եք մահից: Եվ այնժամ, երբ դուք կլուծեք այդ վախի հարցը, մահվան գործընթացը ձեզ ավելի քիչ կանհանգստացնի: Դեռ ավելին՝ ծնվելու վիճակն ու անցման վիճակը չեն լինի այնպես հիվանդագին ու սարսափելի, ինչպիսին այժմ են ձեր աշխարհում: Փոխեցե'ք ձեր գիտակցությունը, և ձեր աշխարհի շատ պրոբլեմներ նախ կդառնան ո'չ այդքան սուր, այնուհետև կչքվեն, ինչպես ստվերը՝ կեսօրին: Կմնան միայն անցյալի ստվերները, բայց դրանք արդեն ավելի ու ավելի քիչ կզբաղացնեն ձեր ուշադրությունը:

Ես եկել եմ ասելու, որ մահ չկա, և նաև եկել եմ ասելու, որ բոլոր վախերը ծնունդ են առել ձեր գիտակցության միջոցով: Եվ այնժամ, երբ ձեր գիտակցության մեջ կներառեք Սերը, այն կլուծի ձեր բոլոր վախերը, այդ թվում նաև՝ վախը մահվան նկատմամբ:

Ինչպե՞ս սրտի մեջ ներառել Սերը: Իրականում՝ դա շատ հեշտ է: Պարզապես պետք է սիրտն ազատագրել այն բոլոր բաներից, որոնք ծանրաբեռնում են նրան: Դրանք են՝ անհանգստությունը, ատելությունը, չարակամությունը, նախանձը... Հատկապես՝ ձեզ խանգարում է ատելությունը: Այն տգիտության հարազատ քույրն է: Եվ հենց ատելությունն է, որ ձեր սրտում փոխարինում է Աստվածային Սիրուն և թույլ չի տալիս նրան դրսևորվելու: Ուստի այնժամ, երբ գիտեք այն թշնամիներին, որոնք բռնազավթել են ձեր սիրտը, դուք կարող եք աստիճանաբար՝ քայլ առ քայլ, ձերբազատվել այդ թշնամիներից:

Ես կտամ ձեզ համապիտանի մեթոդիկա, որը կօգնի ձեզ մաքրելու ձեր սրտերը այն ամեն ոչ-աստվածայինից՝ բոլոր այն որակներից, որոնք կանգնած են ձեր ուղու վրա և խանգարում են ձեզ:

Եվ այսպես՝ այն պահին, երբ ազատ ժամանակ եք ունենում, պատկերցրեք, որ վերցնում եք մաքուր գործվածքի մի կտոր և թրջում ցոլցլացող բացարձակ մաքուր ջրի մեջ, որը խայտում է ուղիղ ձեր ոտքերի առջև: Կռացեք և ջուր լցրեք ձեր բռի մեջ: Թրջե'ք այդ ջրով գործվածքը և պատկերացրեք, որ ձեր սիրտն առել եք ձեր ձեռքերի մեջ: Ձեր սիրտը նման է բյուրեղապակյա անոթի: Բայց Երկրի վրա ունեցած ձեր մարմնավորումների ընթացքում այդ անոթը մթագնել է և այլևս իր միջով բաց չի թողնում Աստվածային Լույսը: Վերցրե'ք ձեր անոթը՝ ձեր սիրտը, և պատկերացրեք, թե ինչպես եք շերտ առ շերտ նրա վրայից մաքրում կուտակված բացասական հատկություններն ու զգացմունքները: Ատելություն, հակակրանք, վախ, չարակամություն, տգիտություն, ծուլություն, նախանձ: Ձեզնից յուրաքանչյուրը կունենա մի քանի հատկանիշներ, որոնցից նա պետք է ձերբազատվի առաջին հերթին: Լվացե'ք ձեր սիրտն այդ բացասական հատկանիշների ու դրսևորումների շերտանստվածքից:

Կրկնեցե'ք այդ գործընթացն ամեն օր: Մի' կարծեք, թե մեկ անգամով դուք գլուխ կհանեք այդ գործից և ձեր սիրտը կմաքրեք բացասական էներգիաների բազմադարյան նստվածքից:

Ձգտեցե'ք ձեր գիտակցության մեջ մշտապես պահել այն բանի պատկերացումը, թե ինչպես եք հրաժեշտ տալիս ձեր բացասական հատկանիշներին: Պատկերացրեք, թե ամեն անգամվա հետ ձեր սիրտն ինչպես է ունակ դառնում իր միջով անցկացնելու ավելի ու ավելի շատ Աստվածային էներգիա:

Կանցնի որոշակի ժամանակ, և ձեր սիրտն ամբողջությամբ կմաքրվի անցյալի կուտակումներից, իսկ դուք կկարողանաք լրիվ չափով յուրացնել Աստվածային էներգիայի այն թրթիռները, որոնցով լեցուն է ողջ աշխարհը՝ամբողջ Արարչությունը, բայց դուք պարզապես չեք կարողանում ընկալել այդ թրթռանքը՝ ձեր սեփական անկատարության և այդ անկատարությունից ձեր հրաժարվել չկամենալու պատճառով:

Բայց ես վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը կմտորի, կորոշի փոխել իր մոտեցումը կյանքի նկատմամբ և կդադարի մռայլ տեսք ընդունել՝ բերկրանքով Նոր Օրվա դեմ բացելով իր ժպտացող դեմքը:

Պատկերացրեք, որ նստած եք գետի, լճի կամ առվակի մոտ, և պայծառ արևի շողերն ընկնում են ուղիղ ձեր դեմքին: Ձեզ համար հաճելի է արևի քնքուշ ճառագայթների հպումը: Օրեցօր արևն ավելի ու ավելի շատ է թափանցում ձեր մեջ, և մի գեղեցիկ օր արդեն դուք ինքներդ եք վերածվում արևի և նվիրաբերում եք ձեր Լույսը, ձեր Սերը բոլոր նրանց, ովքեր Լույսի ու Սիրո կարիքն ունեն:

Կգա օրը, և ձեր Աստվածային գիտակցության արևը կճառագի ձեր միջից և կնվիրի իր ջերմությունը շատ մարդկանց, ովքեր դեռևս չեն կարողացել ձերբազատվել այն ամենից, ինչը խանգարում է նրանց՝ մերձենալու իրենց ներսում գտնվող Աստվածային ներկայության արևին:

Դուք արևակե'րպ եք: Եվ դուք պարզապես պետք է մաքրե'ք բազմադարյա ցեխի նստվածքը ձեր անոթի վրայից, որպեսզի այն նորից ձեռք բերի իր մաքրությունն ու թափանցիկությունը: Այնժամ դուք կլցնեք ձեր անոթը Աստվածային էներգիայով և յուրաքանչյուրին՝ ով ծարավ է, հնարավորություն կտաք ըմպելու ձեր անոթից:

Աստվածային էներգիան երբեք չի սպառվում: Աստվածային էներգիայի հոսքը ձեր աշխարհում սահմանափակվում է միայն մարդկային գիտակցության պատճառով:

Վրա է հասնում Նոր Օրը, իսկ այդ Օրվան բնորոշ է սահմանափակումների բացակայությունը, Աստվածային Ազատությունը և Աստվածային Սերը:

ԵՍ ԵՄ Սուրբ Միքայել Հրեշտակապետը՝ ձեր նկատմամբ անսահման Սիրով լի

Տատյանա Միկուշինա, 2007

Թարգմանեց Խաչիկ Մանասելյանը

 

Գլխավոր էջ   Հաջորդ էջ   Նախորդ էջ